«ՀԵԹԱՆՈՍ» ԵՒ «ԿՌԱՊԱՇՏ» ԲԱՌԵՐԻ ՇՈՒՐՋ

Հայկեան ուսմունքում Մարդը Տիեզերքի նյութական և կենսաբանական պատմության արդյունքն է, որն ունի Արարչական որակներ — գիտակցություն, գաղափարներ և ստեղծում է արժեքներ:
Վաղնջական ժամանակներից ի վեր Մարդը կերտում է՝ կառուցում, քանդակում, պատկերում՝ մարմնավորելով իր պատկերացումները, արժեքները, բարոյական բարձր չափանիշները, գեղեցիկի ընկալումը…
Մարդն ստեղծում է արվեստը, փոխադարձաբար՝ արվեստը ձևավորում է Մարդուն՝ կրթում և կռում է նրա աշխարհայացքը:
Արվեստը, ինչպես լեզուն, հաղորդակցության միջոց է՝ իր խորհրդանիշներով, արտահայտչական միջոցներով:
Եվ հնագույն պատկերները, զանազան նյութերից պատրաստված՝ կռած կամ կոփված քանդակները գաղափարների փոխանցողներն էին՝ սերունդների դաստիարակիչը, որը Դիցերի կերպարների միջոցով սերմանում էր կատարելության ձգտումը, արտահայտում էր ուժի, գեղեցկության և բարության ներդաշնակությունը…
Քրիստոնեության տարածումից հետո՝ նախորդող շրջանի մշակույթի հերքումը, մերժումը, բացասումը, ժխտումը շարունակվեց դարեդար և մինչ օրս շատերը թյուր ըմբռնումներ ունեն Հայոց ազգային մշակույթի մասին, թեև շարունակաբար նշվող տոների և ծեսերի հիմքում հենց ազգային աշխարհայացքն է:

«ՀԵԹԱՆՈՍ, ԿՈՒՌՔ ԵՎ ԿՌԱՊԱՇՏ» բառերի շուրջ մի փոքրիկ բացատրություն՝ Քուրմ Միհր Հայկազունու մեկնաբանմամբ՝ ներկայացնում ենք ստորև:

«ՀԵԹԱՆՈՍ» ԵՒ «ԿՌԱՊԱՇՏ» ԲԱՌԵՐԻ ՇՈՒՐՋ
Լեզուն ոչ միայն հաղորդակցութեան միջոց է, այլեւ՝ մտածողութիւն, աշխարհայացք: Ըստ այդմ՝ ձեռագիր մատեանների գրուածքների քննութեան ժամանակ հաշուի է առնուում դարաշրջանը, հեղինակը, բնագրի լեզուն, ողջ աւարտուն խօսքը, ամբողջական բովանդակութիւնը…
Բազմաթիւ բառեր դարերի ընթացքում անցնում են «երկար ճանապարհ». փոխուում է աշխարհը, եւ «պատմական գործընթացների» ազդեցութեամբ երբեմն իմաստային փոփոխութիւն են կրում եւ բառերը:
Նրանք կորցնում են իրենց նախնական նշանակութիւնը, արժեքային փոփոխութեան ենթարկուում, վերաիմաստաւորուում…
Ուստի՝ անհրաժեշտ է իմանալ խնդրոյ առարկայ բառի ստուգաբանութիւնը, հնագոյն իմաստը՝ սկզբնաղբիւրներում նրա գրուածքային գործածութիւնը, միջնադարեան վերաիմաստաւորումը, հետագայի իմաստափոխութիւնը:
Այդպիսի բառերից են «հեթանոս», «կուռք», «կռապաշտ» բառերը:

Ժամանակակից հայերէնում յաճախ կիրառուող այս բառերի նախնական իմաստը խիստ տարբերուում է ներկայիս կրօնական՝ քրիստոնէական «բացասական», վարկաբեկիչ ընկալումից:
Ստուգաբանօրէն՝ «հեթանոս» բառը ծագում է յունարէն «ethnos» (ἔθνος) — «ժողովուրդ», «ազգ», «ցեղ» բառից (լատիներէնում՝ «ethnicus» — «հեթանոս, «հեթանոսական»):
Այդ «էթնօս» բառն է արդի գիտական բազմաթիւ եզրոյթների հիմքում, որոնք բնորոշում են պատմականօրէն ձեւաւորուած՝ ընդհանուր մշակութային, լեզուական կամ ինքնութեան հատկանիշներով մարդկային խումբը: Ասորերէնում այն հանդիպում է «htnos / hetnos / hetanos» ձեւերով:
«Էթնօս» բառի նոյն արմատից է կազմուած «էթնիկօս» ἐθνικός (ethnikos) ածականը՝ «ազգային», «ժողովրդին պատկանող» իմաստով, իսկ հետագայում՝ քրիստոնէական գրականութեան մէջ այն ստանում է «ոչ եբրայական», «ոչ քրիստոնէական» իմաստը՝ «այլակրօն», յաճախ խիստ բացասական՝ «պիղծ», «գարշելի» նշանակութեամբ:
Հին Կտակարանի գրքերից՝ «Էօթանասնից»-ի յունարէն թարգմանութեան մէջ, որը կատարուել է հռոմեական թուարկութիւնից առաջ՝ 3-2-րդ դարերում Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, եւ որից հետագայում կատարուել է հայերէն գրաբարով թարգմանութիւնը, «էթնօս» բառը գործածուում է Իսրայելի ժողովրդից զատ՝ միւս ազգերին նշելու համար՝ «օտարազգի» իմաստով՝ իբրեւ այլ ազգի պատկանող մարդ — որպէս համարժէք եբրայերէն «գոյ» բառի, որն, ի սկզբանէ հենց «ազգ» իմաստն է ունեցել, ընդհանրապէս՝ «ցանկացած ազգ» առումով, սակայն այնուհետեւ կիրառուել է որպէս վիրաւորանքի, անարգանքի արտայայտութիւն՝ քամահրական, խիստ արհամարհական երանգով:
Այսինքն՝ Արարումը, Իմաստութիւնն ու Լոյսը, սեփական Նախնիներին փառաբանող Հայկեան ուսմունքը «հեթանոս», «հեթանոսական» անուանողները պղծում, պարսաւում, ստորացնում եւ անարգում են Հայի սրբութիւնները, Հայկականութիւնը, Հայի ինքնութիւնը…

«Կուռք», «կռապաշտ» բառերի դէպքում եւս բառի նշանակութեան, իմաստային փոփոխութիւն է եղել պատմական հանգամանքների բերմամբ: Նրանց հիմքում «կուռն, կուռ»-ն է՝ «հոծ, խիտ, կարծր, պինդ, ամուր» իմաստով, բայը — կռել՝ ամրացնել, կռանահարել, ձուլել, փոխաբերական իմաստով՝ կոփել, պատրաստել, ստեղծել:
«Կուռ — արմատ կռելոյ եւ կռանի՝ իբր «կռեալ, ծեծեալ, կռածոյ եւ կոխոտեալ, հոծ, խուռն, խիտ, պինդ, հաստատուն, խիստ կարծր, դիմացկուն: …(«Մի՛ խոտորեսջիք յարքունական ’ի կուռ պողոտայէն»):
Հնագոյն ժամանակներում քարէ, փայտէ կամ մետաղից ձուլածոյ՝ կռուած — կոփուած քանդակները, արձանները Դիցերի ներկայութեան, նրանց Արարչական ուժի յիշեցման, նրանց որակների, առաքինութիւնների «մարմնաւորման» խորհրդանիշն էին:
Քրիստոնէութեան տարածումից յետոյ, որպէս նրա աշխարհայացքի արտայայտութիւն, նախկին հաւատալիքները, քրիստոնէութիւնից տարբեր ուսմունքները մերժուեցին, նրանց բացասաբար վերաբերուեցին, ներկայացրեցին որպէս «սխալ», «չար», «անբարոյ», «խաւարի եւ մոլորութեան» խորհրդանիշ: Ուստի նաեւ՝ այդ ձուլածոյ՝ կռուած, կոփուած քանդակները, ինչպէս եւ փայտից կամ քարից պատրաստուած պատկերները «կռապաշտութիւն» որակեցին, թեեւ մինչ օրս քրիստոնէութեան մէջ առաւել մեծ դրսեւորումներով կիրառուեցին այդ նոյն քանդակներն ու պատկերները, որմնանկարները որպէս անգիտակների համար քրիստոնէական թեմաների մատչելի «պատկերազարդ պատմութիւն», որոնք անգրագետ, կարդալ չգիտցող հաւատացեալներին պատմում էին կրօնական «պատմութիւնները», հաղորդում էին «կրօնական գրուածքների» բովանդակութիւնը»…

Իր Նախնիների ուսմունքին հաւատարիմ Հայը ձգտեց միշտ կառչած մնալ Արեւապաշտութեան լուսաւոր գաղափարներին, շարունակեց իր ազգային տօները, ծէսերը՝ ի հեճուկս օտարների միջոցով մեծ բռնութեամբ պարտադրուած կրօնի:
Նա գիտակցաբար մերժեց այլ ազգի կողմից տրուած «հեթանոս» հորջորջումը, որը ժխտում, դատապարտում, արժեզրկում էր ազգայինը՝ Հայկեան ուսմունքը՝ դէպի Իմացութիւն եւ Լոյս, Բարձր գիտակցութիւն տանող ճանապարհը, եւ ժխտում էր ազգային ինքնութիւնը՝ Հայոց ազգային մշակոյթը համարում էր «խաւար», «սխալ», «գռեհիկ», «չար», վերացնում էր Հայոց Նախահայրերի յիշատակը, քաջագործութիւնները յաւէրժացնող երգերն ու պատմութիւնները…
Լինե՛նք գիտակից եւ արժանապատիւ Հայկազունիներ՝ բարձր պահելով Հայկեան արժեհամակարգը, ազգային ինքնութիւնը։ Հակառակ դարէդար շարունակուող կիրառութեանը, չհանդուրժե՛նք Հայի կերտած բարձրարժեք մշակոյթին տրուող «հեթանոս», «հեթանոսական» նուաստացուցիչ որակումները եւ Լոյսի, Իմացութեան դէմ մղուած գաղափարական պայքարը, որը պարտադրուել է 4-րդ դարից ի վեր…



