Day: 16.06.2019

  • Բալահովիտ, Բաղաբերդ, Պալու, Բալավիտենե, Խոզան…

    Բալահովիտ, Բաղաբերդ, Պալու, Բալավիտենե, Խոզան…

    Բալահովիտ, Բաղաբերդ, Պալու, Բալավիտենե, Խոզան…

    …«Բերդն Բալուայ, եւ յանուն նորին կոչեցեալ անուն գավառին՝ իբր Բալուայ հովիտ», «…Բերդ Վալուիս, կամ լատին հնչմամբ Պալուես», «Բերդն Բալու», «Լեառն Բալուայ», ուր համարի Վարդան տեսեալ սրբոյն Մեսրոպայ զնշանագիրս»:

    (Բալուի բերդը, որի անվամբ գավառը կոչվեց Բալահովիտ,…

    Բալուի լեռը, ուր ըստ Վարդանի (պատմիչ)՝ Մեսրոպը նշանագրերը տեսավ…):

    Ղ.Ինճիճեան «Ստորագրություն հին Հայաստանեայց»

    Եվ, Բալահովիտին սահմանակից՝ Պաղնատուն, Բաղնատուն, Պաղին…(Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան):

    Հետևելով «Ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել» իմաստնությանը, ծանոթանանք մի փոքրիկ տեսանյութի  (ստորև):

    Նմանատիպ, առավել հանգամանալից մի այլ ֆիլմ այս օրերին ներկայացվում է Փարիզի Լուվրի թանգարանի այցելուներին՝ Խեթական կայսրությանն ու Արամեացիներին նվիրված մի ցուցահանդեսի առիթով, որից հատվածներ (կամ՝ ամբողջությամբ, եթե կհետաքրքրի) կտեղադրենք հետագայում:

    Նախորդ գրառումներից մեկում հիշատակված ցուցադրության կապակցությամբ հիշել էինք այսօրվա Սիրիայի հյուսիսում գտնվող Բիթ-Բախիանի թագավորությունը, որը հայերեն թարգմանությամբ «Բաղաց Տունն» է՝ Բալահովիտը, գուցե և՝ Պաղնատունը:

    Բաղք, Բաղաց աշխարհ կա նաև Մեծ Հայքի Սյունիք աշխարհում (համապատասխանում է այժմյան Ղափանի շրջանի մի մասին):

    Ն.թ.ա 11-9-րդ դարերում նրա մայրաքաղաքն էր Խուզանը (օտար լեզուներով գրականության մեջ՝ Գուզանա, Էբլայի արձանագրություններում՝ Հուզան):

    Համաշխարհային մշակույթի պատմության մեջ այս տարածաշրջանը հայտնի է որպես «Հալաֆի մշակույթի» կենտրոն:

    Այս անվանումը պայմանավորված է այստեղ հայտնաբերված՝ Նեոլիթյան (Նոր քարեդարյան) հիանալի խեցեգործության նմուշներով, որոնք թվագրվում են մոտ ն.թ.ա 6.000-5.300թվականներով:

    Եվ, ամենակարևորը, որ այն Հուրիական մշակույթի փառահեղ՝ Մայր Տունի (Միտանիի) թագավորության ծաղկուն կենտրոններից էր:

    Որոշ մասնագետներ նույնիսկ այստեղ են տեղակայում նրա Վաչագան (գրականության մեջ՝ Վաչուկանի) մայրաքաղաքը:

    Խուզան բերդաքաղաքի մասին հիշատակություններ կան ուրարտական սեպագիր արձանագրություններում՝ Մենուա արքայի տարեգրություններում՝ Խուզանում, Ծոփքում իր հաղթարշավների առիթով:

    Հին Կտակարանից Գուզան անունով հայտնի այս շրջանը հատկապես հռչակվեց 19-րդ դարի վերջին ու 20-րդ դարի սկզբներին, երբ գերմանացի Մաքս Օպենհեյմի (Max Von Oppenheim) կատարած պեղումների շնորհիվ հայտնաբերվեցին ն.թ.ա 9-րդ դարում թագավորած արամեացի արքա Կուպարայի պալատն ու ժամանակի այլ կառույցները:

    Հազարամյակների ընթացքում լինելով ասպատակողների նվաճումների խաչմերուկում, այս տարածքը հայտնվել է զանազան տիրակալների տիրույթում (ասորեստանցիներ, բյուզանդացիներ, արաբական արշավանքներ, խաչակիրներ…):

    3-4րդ դարերում այն Արևելքի նշանավոր մշակութային կենտրոններից էր:

    Այբուբենի ձևավորման փնտրտուքները Մաշտոցին ևս այս կողմերն էին բերել՝ Մեծ Հայքի Չորրորդ Հայք աշխարհ…(հայտնի Արշամշատը, որը ոմանք նույնացնում են Վերին Միջագետքի Սամոսատ քաղաքի հետ): Ինչպես Ղ.Ինճիճեանն է հիշում՝ պատմիչ Վարդանի վկայությամբ՝ Բալուի լեռան վրա էր Մաշտոցի՝ տառերի տեսիլքը (ավանդազրույցը):

    Խուզանը Մեծ Հայքի Ծոփք աշխարհի գավառներից էր:

    Հ.գ. Պալատի պարսպապատի ներքին մասը հարդարող բազալտե սալիկների և մյուս պատկերների պատկերագրությունն առանձին առիթով…