Day: 06.05.2021

  • «ԲՌՈՒՆՑՔՎԵ՛ԼՆ Է ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ»…

    «ԲՌՈՒՆՑՔՎԵ՛ԼՆ Է ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ»…

    «ԲՌՈՒՆՑՔՎԵ՛ԼՆ Է ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ»…

    Հայկական Լեռնաշխարհի բնական սահմաններն ըստ Lynch-ի (1901թ.)

    Հայրենիքը Նախնիների Հո՛ղն է ու նրան կառչա՛ծ, նրանով զորացո՛ղ Հայորդին:

    Տնտեսական զանազան խնդիրների լուծման տարբեր եղանակներ կան, Հայրենիքը առևտրական ճանապարհներ կամ օտարազգիների զբոսավայր չէ:

    Բախտորոշ իրավիճակում գտնվող այսօրվա Հայաստանում կրկի՛ն վճռականություն ու կամքի դրսևորում է հարկավոր՝ Ազգովի՛ հարթելու մեր առջև ծառացած խնդիրները…

    Իր բազմահազարամյա պատմության ընթացքում Հայ ազգը բազմաթիվ փորձություններ է հաղթահարել:

    Ահավասիկ 1919 թվականի հունվարին Հ. Քաջազնունու՝ իր կնոջը գրած նամակից որոշ դրվագներ, որոնք պատկերացում են տալիս Հայոց նորաստեղծ պետության ու նրա նվիրյալների՝ այդ օրերի վիճակի մասին:

    «Լինում են ժամեր, երբ հուսահատությունը կլանում է ինձ ամբողջովին:
    Լինում են ժամեր, երբ ուզում եմ բղավել՝ այլևս չեմ կարող… բայց՝ իսկույն սթափվում եմ»:

    «Չգիտեմ, արդյոք երբևիցե, որևէ ժողովուրդ եղե՞լ է այն օրհասական, այն անելանելի կացության մեջ, որ ապրում է այսօր Հայ ժողովուրդը, տեղեկություն չունեմ, թե ի՞նչ դրության մեջ են մեր փախստականները Հյուսիսային Կովկասում, Վրաստանում, Ազրբեյջանում, բայց մեր հանրապետության սահմաններում ժողովուրդը հասել է ծայր աստիճան թշվառության, ժողովուրդը հոգեվարքի մեջ է»…

    «Այդ է մեր կացությունը:
    Միայն Հայի անսահման տոկունությու՛նն է, որ կարող է դեռևս դիմանալ»:

    «Մեծ սիմվոլը արդեն իրականացել է, դարավոր անեծքը վերացել, մնացածը կգա իր կարգին: Երկու-երեք ամիս առաջ հաղթանակող Տաճկաստանը չոքել էր մեր կրծքին ու խեղդում էր:
    Մեր երկրի մեծ մասը տաճկի ոտի տակն էր:
    Ամբողջ Ախալքալակը, Ալեքսանդրապոլի, Էջմիածնի ու Երևանի գավառների մի մասը, ամբողջ Սուրմալուն, Ղարսը, Կաղզվանը, Կողբը թուրքական էին:
    Թուրքը նստած էր Լոռի, Ջալալօղլի և Ղարաքիլիսա, ծածանվում էր տաճկական նզովյալ դրոշակը: Երեւանից 6 -7 վերստ հեռավորության վրա կանգնած էր տաճկական բանակը իր թնդանոթներով:

    Ո՞ւր է այժմ տաճիկը:
    Չքացա՛վ, ինչպես չքանում է ջուրը՝ անապատի ավազների մեջ:
    Արագությամբ եկան ու հեղեղեցին մեր երկիրը, այսօր ավելի մեծ արագությամբ քաշվում են իրենց բնական սահմանները»…

    Վերջին ամիսներին Հայաստանում ստեղծված իրավիճակի շուրջ օրերս իր գնահատականն է հնչեցրել Եվրոպական Խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր՝ փիլիսոփայության դասախոս, էսսեիստ՝ Ֆրանսուա-Քսավիե Բելամին (François-Xavier Bellamy):
    Նրա հարցազրույցը՝ հայերենով (իմ մոտավոր թարգմանությամբ)՝ ստորև՝

    «Նախ և առաջ կարծում եմ, որ դա պատերազմ չէր Հայաստանի ու Ադրբեջանի միջև, այլ՝ Թուրքիայի օգնությամբ Ադրբեջանի կողմից զինված հարձակում՝ ագրեսիա Հայաստանի դեմ:

    Ուստի և՝ այդ հարձակումը տարածքների վերանվաճման նպատակով չէր, այլ՝ ազգային զտում էր հետապնդում, և, մանրամասն փաստված՝ Հայկական կրոնական ու մշակութային ժառանգության ոչնչացումն Արցախում ակներև է դարձնում այդ նպատակը՝ տվյալ տարածքում հայկական ներկայության հերքումը:
    Ոչ թե նոր տարածքներն իրենց բնակչությամբ վերանվաճելու ցանկությունն է, այլ՝ այդտեղից բնակչության դուրս մղումը:

    Եվ, ի միջի այլոց, Բաքվում Ալիևի ծրագրած հրեշավոր ցուցադրությունը պարզորոշ է դարձնում, թե ի՛նչ աստիճանի է նա բորբոքում ատելությունը Հայ ժողովրդի հանդեպ:

    Ոգեկոչելով Հայոց ցեղասպանությունը, մենք հավաստում ենք, որ ոչ միայն հարկ է հիշատակել պատմության այդ ողբերգական դրվագը, այլ, որ՝ անհրաժե՛շտ է այդ ցեղասպանության ճանաչումը, որպեսզի հաղթահարվի այդ ատելությունը, ներառյալ Ադրբեջանի ու Թուրքիայի ողջ բնակչության մեջ եղած այդ ատելությունը դուրս մղվի, որպեսզի ըմբռնեն, թե ի՛նչ հրեշավորություն է կատարվել մեկ դար առաջ, որպեսզի այդ տրամաբանությունն արմատախիլ արվի՝ կասեցվի, այլևս նման բնույթի ոճիր չիրագործվելու նպատակով:

    Այսօր չափազանց հրատապ է Ադրբեջանի կողմից պահվող՝ տասնյակ, գուցե հարյուրավոր Հայ գերիների հարցը, հակառակ միջազգային բոլոր օրենքներին ու պայմանագրերին, հակառակ Ադրբեջանի ընդունած պարտավորությանը՝ բոլոր գերիների ազատագրման վերաբերյալ, մինչդեռ Հայաստանն ազատել է իր մոտ գտնվող բոլոր գերիներին:

    Եվրոպան պետք է միահամուռ բարձրաձայնի -դատապարտի այս աղետալի իրավիճակը:
    Մտքով ու հոգով՝ իրենց հարազատներին, զավակներին սպասող ընտանիքների հետ եմ, նրանց առաջ՝ իրավունք չունենք լռելու այս՝ դեռևս անպատիժ մնացած հանցանքի վերաբերյալ:

    Այն իսկական պատերազմական ոճիր է՝ անպատիժ մնացած:
    Ժամանակն է, որ Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ առավելագույն ճնշման կիրառմամբ գերիների ազատագրման հարցն, ի վերջո, լուծվի»:

    Հարցազրույցի տեսագրությունը՝

    https://www.facebook.com/watch/?v=325999838862289

    Ինչպես հորդորում է «Հայ ցասումի» պոետը՝
    «Յոթերորդ Ծուռն Հայ Սասունի»՝

    …«Շիրազն ասաց` Մասի՛սն է սյունն Հայաստանի,
    Ազգն հավաքող մագնի՛ս է ձյունն Հայաստանի,
    Բա՛վ է, Հայե´ր, ցրված մնաք, մատներիս պես,-
    Բռունցքվե՛լն է Հավերժությունն Հայաստանի»: