Day: 30.12.2021

  • «ՈԳՈՒ ԶԵՆՔԸ»

    «ՈԳՈՒ ԶԵՆՔԸ»

    «ՈԳՈՒ ԶԵՆՔԸ»

    «Ամէն մի առաջնորդ այնքա՛ն է պահանջում իր զինուորներից, որքանի ընդունակ է ի՛նքը։ Միայն այնքա՛ն անվեհերութիւն եւ անձնազոհութիւն, որքանի ընդունակ է ի՛նքը, եւ ոչ աւելին։
    Եւ ու՛ր վերջանում է լաւ առաջնորդը, այնտե՛ղ սկսում է վատ զինուորը»։

    «Առաջնորդը կենդանի խորհրդանշանն է յաղթանակի եւ պարտութեան, փառքի եւ անփառունակութեան, աղբիւրը խանդավառութեան, հոգեբանական գինովութեան, ինչպէս եւ՝ յուսալքումի»։

    «Մա՛րդն է իր յաղթութիւնների եւ պարտութիւնների պատճառը։
    Եւ յաղթում է նա, որն արդէն յաղթել է իր կենդանական բնազդը, իր եսը, իր վախը, երբ արդէն յաղթել է ինքն իրեն։
    Պարտւում է նա, որ արդէն պարտւած է ինքն իրենից, իր վախից, իր բնազդից, իր եսից»։

    «Ոչի՛նչ այնքան հանգստացուցիչ, գօտեպնդիչ չէ կռուի ժամանակ, որքան ղեկավարի խրոխտ ձայնը»։

    «Յաղթում է այն կողմը, որը վստահ է ո՛չ թէ իր սպառազէն բռունցքի, այլ՝ իր ներազէն ոգու՛ գերազանցութեան։ Երկաթէ զէնքերի դէմ հեշտ է վահան գտնել, բայց ո՛չ նաեւ ոգու զէնքերի դէմ, որ քո՛նը պիտի լինի, Հա՛յ զօրական» (Նժդեհ, «Հիշի՛ր պատերազմը», 1930թ.):

    Լեզուն, արտահայտված խոսքը մարդու բարոյական կերպարն է («արտա-հայտել»՝ «ներքուստ՝ իր ներսում եղածն ի հայտ հանել» իմաստն ունի):
    Հայրենասիրությունը նաև սե՛րն է Մայրենի լեզվի հանդեպ:
    Միաբանող, ժողովրդին սխրանքի՛ կոչող ուժ ունի Խոսքը:
    Բախտորոշ իրավիճակներում Խոսքի վճռորոշ ներգործությամբ զանգվածներն ի գործ են մղվել՝ կերտելով հաղթանակներ:

    Նման մի ժամանակաշրջանում՝ 1917 թվականի դեկտեմբերի 22-ին իր հայրենակիցներին էր դիմում Զորավար Անդրանիկը:

    …«Մենք կեցած ենք, Հայ տառապա՛ծ ժողովուրդ, Հայկական պատմության այնպիսի փոթորկուն էջի վրա, ուր մեր ժողովուրդը կապրի կա՛մ իր վերջին օրերը և կա՛մ կգտնվի վաղվան ազատության նախօրյակին:

    Վայրկյանը, ներկա օրերը մեզ չե՛ն ցուցեր միջին ճանապարհ: Վաղվան պատասխանը Հայ ժողովրդին պիտի ըլլա՝ «այո՛« կամ՝ «ո՛չ»:

    Դարեր ի վեր բռնեցինք հավաքական Ազատության ճանապարհը, որ պսակեցավ մեր արյունով և Հայ երիտասարդության անասելի ոգևորումներով:

    Հասա՛ծ է ժամը վերջին մարտնչումի»:

    1918 թվականի փետրվարի 3-ին Թիֆլիսից Անդրանիկը կրկին իր համախմբման կոչն էր հղում Հայորդիներին.

    «Ձե՛զ, Հա՛յ պատանիներ, ուսանողնե՛ր, գիտաշխատողնե՛ր և ինտելիգե՛նտ երիտասարդություն, դիմում ենք այս կոչով՝ արձագանք տալ ժողովրդական գործին:
    Այս պատմական րոպեին, երբ ամեն ինչ տրված է մեզ, և հարկավոր է միայն, որ կարողանանք մեր ձեռքին պահել մեր Հայրենի հողը և ապահովե՛նք մեր տանջված ժողովրդի ֆիզիկական գոյությունը, դուք, անբի՛ծ երիտասարդություն, մեր ժողովրդի խի՛ղճը, լցվեցե՛ք կազմակերպվող Հայ զորքերի փառապանծ շարքերը և օգնեցե՛ք, որ ուժեղ բանակ ստեղծենք:
    Ընկերնե՛ր, ֆրոնտը դատարկված է, ռուս զորքը հեռացել է, Հայաստանը ներսում ենթարկված է բարբարոսական ոհմակների ասպատակությանը և միայն ուժե՛ղ, կազմակերպվա՛ծ բանակը կարող է ապահովել մեր ժողովրդի կյանքը և գոյությունը:
    Երիտասարդնե՛ր, եկե՛ք մեզ մոտ, եղե՛ք նրանց ոգին և աշխատեցե՛ք նրանց հետ ընդհանուր ժողովրդական գործի համար»:

    Տարիներ անց, ազգովի, համընդհանուր ճիգերով մեր Հայրենիքն ազատագրելու էր կոչում և Ավետիս Ահարոնյանը (նրա ուղերձի տեսանյութը՝ ստորև):

    Դարեր շարունակ, Հայրենիքի ու Հայ ազգի Ազատության ջատագով Հայորդիք Ազգայի՛ն գաղափարախոսությունն են նշել որպես օտար, խաթարիչ ազդեցություններից ազատագրման միջոց ու դեպի Անկախությունն ուղղորդող ճանապարհ:

    Հայրենապաշտության հիմքում ճշմարի՛տ Հայրենաճանաչությամբ զորացած Հայրենասիրությունն է, որի առկայությամբ օտար հողմերին անսասան կդիմագրավեն Հայկազուններն՝ ամուր կառչած իրենց Հայրենի Հողին:

    «Ճշմարտությունը… դա աստվածային այն Լույսն ու Ջերմությունն է, որով կսնվի ու կհզորանա Հոգին` անհատի և ժողովրդի…
    Եղի՛ր Ճշմարտության քարոզիչը, առավել՝ Ճշմարտության Ուսուցի՛չը մեր կյանքում» (Նժդեհ):