Month: Հունվարի 2025

  • «ՎԱՆԱ ՏԱՌԵԽԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐԻՑ»…

    «ՎԱՆԱ ՏԱՌԵԽԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐԻՑ»…

    «ՎԱՆԱ ՏԱՌԵԽԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐԻՑ»…

    «Այս ժամանակ ուշիմ և խոհեմ հսկան, խիստ գանգուր մազերով, վառվռուն աչքերով, շտապով հավաքում է իր որդիներին և թոռներին, քաջ և աղեղնավոր այրերին, թվով շատ նվազ, և ուրիշ մարդկանց, որ ձեռքի տակ ուներ, գնում հասնում է մի ծովակի ափ, որի ջրերն աղի են և մանր ձկներ են պարունակում»…
    (Բնագրով՝ «Աստ ուշիմ եւ խոհեմ սկայն, քաջագանգուրն եւ խայտակնն, աճապարեալ հաւաքէ զորդիս իւր եւ զթոռունս, արս քաջս եւ աղեղնաւորս, թուով յոյժ նուազունս, եւ զայլսն եւս որ ընդ իւրով ձեռամբ․ հասանէ յեզր ծովակի միոյ, որոյ աղի են ջուրքն, մանունս ունելով յինքեան ձկունս»)։
    Պատմում է 5-րդ դարի պատմիչ Մ. Խորենացին՝ Հայկի և Բելի ճակատամարտը նկարագրելիս:
    «Աղի ջրերով ծովակն իր մանր ձկներով»՝ Վանա լիճն է՝ իր հռչակավոր տառեխներով, որոնք գարնանը, ապրիլին, ձվադրման համար մեծ քանակությամբ դուրս են գալիս գետերը։
    Ծածանազգիների ընտանիքին պատկանող տառեխն օգտագործվում է սննդում՝ գլխավորապես ապխտած, աղած (որտեղից էլ՝ «աղձուկն») և չորացրած, ինչպես նաև թարմ վիճակում։

    Հայոց Աշխարհի մշակույթի, տնտեսական կյանքի մասին ուշագրավ տեղեկություններ են պահպանվել տարբեր ժամանակաշրջաններից հայտնի գրավոր օտար աղբյուրներում՝ աշխարհագիրների, պատմագիրների աշխատություններում:
    Միջնադարյան սկզբնաղբյուրներից Տաբարիին (ծնված Պարսկաստանում՝ 839 թվականին, մահացած Բաղդադում՝ 923 թվականին) հիշատակելով՝ Հ. Մանանդյանը գրում է.
    «Տաբարիի պատմական աշխատության մեջ կա տեղեկություն, որ Հայաստանը իր հացը արտահանում էր և ուղարկում Բաղդադ»…
    «… Իբրև արտահանության կարևոր ապրանք, արաբական հեղինակների մոտ հատկապես հաճախ հիշվում են Վանա և Սևանա լճերի և Արաքս ու Կուր գետերի ձկները:
    Միջին դարերում չորացրած և աղը դրած ձուկը եղել է լայն սպառման նյութ ոչ միայն Արևմտյան Եվրոպայում, այլև Արևելքում»:

    «Տառեխ կամ Տարեխ — Ազգ ձկան՝ առաւել ’ի ծովն Վանայ, որ և ապխտեալ վաճառի»:
    «Յաւուրս Բարեկենդանին եկեալ կարաւան ’ ի յարևելից ’ի քաղաքն Անտիոքայ՝ բարձեալ բերէին տառեխ ձուկն» (Ստեփանոս Օրբելեանից հիշեցնում է «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի» բառարանը):

    Բաբկեն Առաքելյանն իր՝ «Քաղաքները և արհեստները հին Հայաստանում» ուսումնասիրության մեջ (էջ 23) անդրադառնում է միջնադարյան աղբյուրներում տառեխի մասին հիշատակումներին:

    «Վաճառքի առարկա էր ձկնեղենը:
    Վանա լճի տառեխը, Սևանի, ինչպես և Արաքս ու Կուր գետերի ձկները թարմ, աղ դրած և ապխտած վիճակում վաճառվում էին Անդրկովկասի շատ վայրերում:
    Վանա լիճը այն աստիճան ձկնառատ էր և տնտեսական այնպիսի խոշոր նշանակություն ուներ, որ դա արաբների մոտ առասպել էր դարձել:

    Իբն-ալ-Աթիրը՝ խոսելով Վանա լճի մասին, ասում է.
    «Այս Թարիխը աշխարհի հրաշալիքներից մեկն է, որովհետև նրա միջի մանր ձկները ամեն տարի տոնավաճառի ժամանակ անցնում են այս ծովից նորա մեջ թափվող գետերը և նոցա մեծ բազմությամբ բռնում են ձեռքերով, իսկ տոնավաճառը վերջանում է՝ այլևս ոչինչ չեն գտնում»: («Արաբացի մատենագիրներ Հայաստանի մասին. հավաքեց և թարգմանեց Բ. Խալաթեանց» Վիեննա, 1919, էջ 139):

    Այստեղ, իհարկե, ոչ մի հրաշք չկա, բայց կարևորն այն է, թե լճի ափին տոնավաճառ է եղել, որը հարմարեցվել է այն ժամանակամիջոցին, երբ ձկները ձկնկիթ նետելու համար դուրս էին գալիս լճից դեպի նրա մեջ թափվող գետերը:

    Իբն-ալ-Ֆակիհը նույնպես զարմանքով է խոսում Վանա լճի ձկնորսության մասին:
    Նա ասում է՝ «Խլաթի լճում տասն ամիս չի լինում ո՜չ ձուկ, ո՜չ գորտ, ո՜չ էլ խեցգետին, իսկ երկու ամիս ձուկը շատ առատ է և ասես քնած, թմրած լինի»:

    Համարյա նույնն է ասում և Յակուտը:
    Վանա լիճը համարելով Արճիշի լիճ, նա գրում է.
    «Նույնն է, ինչ որ Խլաթի լիճը, որի մեջ գտնվում է թարիխը:
    Իբն-ալ Բալբին ասել է, թե Խլաթի լիճը Հայաստանի հրաշալիքներից է:
    Տասն ամիս նրա մեջ չեն երևում ո՜չ գորտ, ո՜չ էլ ձկներ, իսկ տարվա երկու ամիսը նրա մեջ այնքան լիքն են (ձկները), որ կարելի է ձեռքով բռնել»
    (Յակուտ, գիրք 1-ին, էջ 513)»:

    Միջնադարում հարևան պետություններ ու հեռավոր, բազմամարդ վայրեր ուղևորվող Հայ վաճառականները մշտապես ավազակային հարձակման վտանգի ներքո էին։ Հետևաբար նրանք միաժամանակ զինված, վարժ կռվողներ էին՝ պատրաստ պաշտպանելու իրենց անձն ու շահը, ապրանքը:

    12-րդ դարի սկզբներին, Բարեկենդանի օրերին «Տառեխ ձուկը» Անտիոք հասցրած 80 հոգանոց Հայ երիտասարդների խմբի հետ կատարված մի միջադեպի հիշատակությունը կա նույն դարի Հայ ժամանակագիր Մատթեոս Ուռհայեցու «Ժամանակագրության» էջերում։ Հեղինակը պատմում է «յառաջ քան զքսան ամ», այսինքն՝ 1120-ական թվականներին տեղի ունեցած մի շատ կարևոր դեպք։
    Նա նկարագրում է, որ իրենց քարավանով Անտիոքի շուկայում գտնվող առևտրականների կազմակերպած խնջույքի ու պարի ձայնի վրա ողջ քաղաքի տղամարդիկ են եկել՝ նրանց ծեծելով դուրս հանել, սակայն խմբի «Մանկտավագի» կոչով Հայերը հավաքվել են ու բազմաթիվ տղամարդկանց «ոտնակոտոր» ու «կառափնաբեկ» արել («գլուխը ջարդել»), այնուհետև՝ «խաղաղություն հաստատել» ու իրենց տեղը վերադարձել (Անտիոքը Կիլիկյան Տլուք գավառում էր, Մուսա լեռան մոտ, «Մետաքսի ճանապարհի» կարևոր հանգույցներից մեկը, Վանից մոտավորապես 872 կիլոմետր հեռավորության վրա, այսօր հայտնի Անթակիա անվամբ. համանուն այլ քաղաքներ էլ կային):
    Հիշյալ դրվագին անդրադարձել է Լ. Խաչիկյանն իր՝ «1280 թ. Երզնկայում կազմակերպված «Եղբայրությունը» » ուսումնասիրության մեջ, որտեղից մեջբերում ենք.

    «… Անտիոք եկած վաճառականների բերած ապրանքը Վանա լճի ապխտած ձուկն է՝ տառեխը, ուստի առևտրականներն էլ Վասպուրականից են՝ ամենայն հավանականությամբ հենց Վան քաղաքից։
    Կերուխում, երգ ու կին՝ ահա նրանց առօրյան օտար շուկաների եռուզեռի մեջ»…

    Այսօր էլ «աւանդական ճոխ սեղաններու շուրջ պատիւ կ’ ընեն տառեխին»:
    «…Վանայ ծովակին վրայ կը շրջէին ձկնորսանաւեր:
    Ուռկանները լիքն էին տառեխով:
    Ըսին, որ այդ ձուկը կը հասնէր Անգարայի եւ Պոլսոյ սեղանները»,- ինչպես բազմաթիվ այլ զբոսաշրջիկներ՝ շրջագայության իր հիշողություններում գրում է Հ. Պալյանը՝ «մոռցողին յիշեցնելով, չգիտցողին տեղեկութիւն տալով» ոչ հեռավոր անցյալի պատմական իրադարձություններն Արևմտյան Հայաստանի բնակչության հանդեպ կատարված ցեղասպանության մասին՝ պահանջատիրության հրամայականով…

  • «ՎԱՅՐ ԸՆԿՆՈՂ ԱՍՏՂԵՐ»  (Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆ — Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆ)

    «ՎԱՅՐ ԸՆԿՆՈՂ ԱՍՏՂԵՐ» (Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆ — Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆ)

    «ՎԱՅՐ ԸՆԿՆՈՂ ԱՍՏՂԵՐ» (Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆ — Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆ)

    Հազարամյակների խորքից հարատևող հնագույն բազմաթիվ հավատալիքներից է Նախնիների պաշտամունքը, որի հետքերը գտնում ենք մերօրյա կենցաղում և մշակույթում:
    Տոհմի, գերդաստանի հոր և մեծ մոր գրեթե անսահման իշխանությունն ընտանիքների վրա Հայոց մեջ պահպանվել է մինչև 20-րդ դարի կեսերը (որոշ վայրերում թերևս հետագայում նույնպես):

    Կենսական դժվարին պայմաններում քաջարի Նախնիներից նրանց կենդանության օրոք ստացած անձնվեր պաշտպանությունը, անխոնջ խնամակալությունը, փութեռանդ հոգածությունը շարունակվում էր ակնկալվել նրանց մահից հետո ևս (թեկուզ և խորհրդանշական իմաստով): Հատկապես, որ նախնական պատկերացումներում ոգիների, հոգիների շուրջ երկար պատմություններ էին հյուսվում: Մերօրյա բազմաթիվ ծեսերում ասվածի բազմաթիվ վերապրուկներ կան դեռևս:
    Հնագույն աշխարհընկալումներում իրենց կարևոր դերն ու տեղն ունեին երկինքն ու ողջ Տիեզերքը: Եվ մարդկանց հոգիների հետ, անշուշտ, աստղերի կապը…

    «Հավատում էին և մինչև հիմա էլ «Սասնա Ծռերի» ասացողները հավատում են, թե ամեն մարդ ունի մի աստղ, որ խավարում է, երբ մարդ վտանգի մեջ է ընկնում»,- նշում է Մ. Աբեղյանը:
    Հոգիների՝ որպես «լույս» երևակայման փայլուն դրսևորումներից են մահացածի համար ասվող՝ «Հոգին լույս դառնա» մաղթանքը, «հոր գերեզմանը» կամ աստղերը վկայելով երդումը («Էն մեծ ու պստիկ աստղերը վկա»), ինչպես և «աստղունքին» ուղղված օգնության, պահպանության աղոթքը («Ձետ-Պետ (մեծ-փոքր) աստղունք, օգնական պահապան կայնեք»)…

    «Ա՜խ, շռայլ է լինում ոգին — լոկ մի՛ անգամ իր կյանքում․
    Երբ վառվելով, մոխրանալով՝ իր վախճանին է հանգում․
    Լինում է միշտ դա լույս, անվիշտ և երջանիկ այն ժամին,
    Երբ իր մահով՝ խինդով, ահով՝ ծնում է աստղ իր հանգույն»…

    Եղիշե Չարենցի խորախորհուրդ քառյակից հետո՝ Մ. Նալբանդյանի և վերջինիս բանաստեղծության նմանությամբ գրված՝ Հ. Թումանյանի բանաստեղծությունները՝ ստորև…

    Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
    «ՎԱՅՐ ԸՆԿՆՈՂ ԱՍՏՂԵՐ»
    «Հյուսիսափայլ», 1858 թ.

    «Հայրի՜կ,- ասաց դուստրը հորը,-
    Կապույտ երկնքի վերա
    Ո՞րքան աստղեր փայլում են վառ,
    Ասես համար, թիվ չըկա․
    Ասում են որ ամենայն մարդ
    Աստղիկ ունի երկնքում․
    Ճշմարի՞տ է, ասա՛, հայրի՛կ,
    Իմը ո՞րտեղ է փայլում»։

    — Այո՛, դստրի՜կ, այդ աստղերը
    Ունին հաշիվ ու համար,
    Եվ մեզանից յուրաքանչյուր
    Մի աստղ ունի յուր համար։

    «Հայրիկ, տե՜ս, տե՜ս, աստղը թռավ
    Հետքից պայծառ, գիծ թողեց․
    Աստղիկն ընկավ երկնքիցը,
    Մյուս անգամ այլ չերևեց»։

    ― Ո՛հ, ի՜մ դստրիկ, հանգի՜ստ կացիր,
    Դա մեծատան մի աստղ էր,
    Որ յուր օրում, յուր կյանքումը
    Խիղճ ասածը չը գիտեր․
    Աղքատները նորա դռնից
    Գիշեր ցերեկ հալածված․
    Մի մարդ չը կար նորան ծանոթ,
    Որ չը լիներ վշտացած։

    «Հայրի՜կ, տե՜ս, տե՜ս, աստղ թռավ,
    Հետքից պայծառ գիծ թողեց,
    Աստղիկն ընկավ երկնքիցը,
    Մյուս անգամ այլ չերևեց»։

    — Ո՜վ իմ զավակ, մի՛ վրդովվիր,
    Դա աղջկա մի աստղ էր,
    Որ յուր հոր ու մորը խոսքը
    Յուր կյանքումը հարգած չէր․
    Նա փախել էր յուրյանց տնից․․․
    Մուր էր քսել տան վերա․․․
    Յուր ծնողքը լացուցել էր,
    Ինչքը վատնել անխնա։

    «Հայրի՜կ, դարձյալ թռավ մի աստղ,
    Վայր ընկավ նա երկնքից․
    Հայրի՜կ, ովի՞ աստղն էր արդյոք,
    Որ զրկվեցավ յուր տեղից»։

    — Ո՛հ, դստրի՜կս, հանգի՜ստ կացիր,
    Կեղծավորի դա աստղ էր,
    Որ յուր օրում ուղիղ մի խոսք
    Մարդու երբեք ասած չէր․
    Փարիսական յուր ձևերով
    Աշխարհք խաբեց, զարմացուց,
    Այդ պատճառով աստված նորա
    Աստղի լույսը խավարցուց։

    «Հայրի՜կ, տե՜ս, տե՜ս, մյուս աստղ թռավ
    Եվ գիծ անգամ չը թողեց,
    Աստղիկն ընկավ երկնքիցը,
    Մյուս անգամ այլ չերևեց»։

    — Ո՛հ, սիրական, խաղա՜ղ մնա,
    Բռնակալի դա աստղ էր,
    Որ աշխարհը յուրյան գերի
    Ծնած օրից կարծել էր,
    Շատ հալածանք, շատ նեղություն
    Պատճառեց նա յուր կյանքում․
    Շատ տուն քանդեց, շատ մարդ զրկեց,
    Գութ չունեցավ յուր սրտում։

    «Ապա այն ի՞նչ աստղ է, հայրի՜կ,
    Որ այնպես պարզ վառվում է,
    Նորա մաքուր պայծառ լույսը
    Չորս կողմը բակ բռնել է»։

    — Ո՛հ, ի՜մ դստրիկ, աղո՛թք արա,
    Դա ծերունու մի աստղ է,
    Որ յուր կյանքում ոչինչ մարդու
    Ոչինչ վնաս տված չէ․
    Այն լուսավոր բակն է նորա
    Առաքինի գործքերը․
    Աղոթք արա, որ երկարվին
    Նորա կյանքի թելերը։

    Շատ օր չանցավ, երկնքիցը
    Մի այլ վառ աստղ պակասեց․
    Ովի՞ աստղիկն էր, որ ընկավ,
    Բան հարցանող չերևեց։
    Մինչ դեռ լուսինն արծաթափայլ
    Լույս էր տալիս գիշերին,
    Խորհրդավոր մինչ տիրել էր
    Անվրդով խոր լռություն․
    Մի սրտաթափ, մազերն արձակ
    Վազեց աղջիկ սգավոր
    Դեպի գեղի գերեզմանքը,
    Ծունկ չոքեց մի շիրմի մոտ։
    «Հայրի՛կ, աստղիկդ չէ փայլում,
    Դու հավիտյան քնեցիր․
    Ա՛ռ ինձ քո մոտ, քո ծոց, քո գիրկ,
    Ինչո՛ւ անտեր թողեցիր»։
    Իմ աստղիկին ասա՛ նույնպես,
    Որ չըփայլի․ հերի՛ք է․
    Այս աշխարհը ինձ առանց քեզ
    Մութն ու խավար մի բանտ է»։

    Մի մարդ չըկար, որ նկատեր,
    Որ հետևյալ գիշերին
    Պակասեցավ երկնքիցը
    Մի պայծառ աստղ խնդագին։
    Երրորդ օրը շատ սգավորք
    Փորեցին մի գերեզման,
    Ուր թաղվեցավ յուր հոր մոտին
    Մարմինը խեղճ աղջկան։

    «Հայրի՜կ, տե՜ս, տե՜ս, աստղը թռավ,
    Հետքից պայծառ գիծ թողեց,
    Աստղիկն ընկավ երկնքիցը,
    Մյուս անգամ այլ չերևեց․․․»:

    Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆ

    «ՎԱՅՐ ԸՆԿՆՈՂ ԱՍՏՂԵՐ» (Նմանություն, 1899թ.)

    – Հայրի՛կ, տե՛ս, տե՛ս, աստղը թռավ,
    Անհետ կորավ երկընքից,
    Ո՞վ էր արդյոք, որ զրկվեցավ
    Կես գիշերին իր կյանքից։

    – Ո՜հ, ի՜մ դստրիկ, հանգի՜ստ եղիր,
    Մի հոգևոր հայր էր նա,
    Գիշեր-ցերեկ մի հոգս ուներ,
    Որ մեզանից փող ստանա։

    Փարիսական իր գործերով
    Աշխարհ խաբեց, զըզվեցրուց,
    Այդ պատճառավ աստված նրա
    Աստղի լույսը խավարցուց։

    Նա ամեն բան ծախեց փողով,
    Ոտքեց ամեն սըրբություն…
    Այժմ այնտեղ ահ ու դողով
    Հաշիվ կըտա աստըծուն։

    – Հայրի՛կ, տե՛ս, տե՛ս, մեկն էլ ընկավ,
    Եվ չըթողեց ոչ մի գիծ,
    Ասա՜, հայրիկ, էլ ո՞վ հանգավ
    Ու պակասեց մեր կյանքից:

    – Ո՜հ, ի՜մ դստրիկ, խաղա՜ղ մնա
    Կեղծավորի մի աստղ էր,
    Որ ձևացավ ամբողջ կյանքում
    Առաքինի, ազգասեր։

    Ամեն անգամ նա խնջույքում
    Բախտ էր մաղթում խեղճերին,
    Ազգի կենացն առաջարկում,
    Արտասուքը աչքերին։

    Բայց խեղճերը նրա ձեռքից
    Գիշեր-ցերեկ հալածված,
    Ազգին չեղավ նա կարեկից,
    Ո՜չ ազգ գիտեր, ո՜չ աստված։

    – Հայրի՛կ, տե՛ս, տե՛ս, աստղը թռավ,
    Հետքից մի կարճ գիծ թողեց,
    Աստղը թռավ դեպի Բաքու,
    Էլ մյուս անգամ չերևեց։

    – Ո՛հ, ի՜մ դստրիկ, հանգի՜ստ եղիր,
    Այն գործիչի մի աստղ էր,
    Որ իր սրտում ծնված օրից
    Չուներ անկեղծ գործի սեր։

    Նա աղմըկեց, անուն հանեց,
    Սանդուղք շինեց իր ազգին…
    Եվ ողջ ծաղրեց, երբ ապրում էր
    Գըրպանները լի ոսկին։

    – Հայրի՛կ, տե՛ս, տե՛ս, մեկն էլ ընկավ,
    Հետքից թողեց մի ծուռ գիծ,
    Ասա՜, հայրի՜կ, էլ ո՞վ հանգավ,
    Աստղը պակսեց երկընքից։

    – Ո՜հ, ի՜մ դստրիկ, մի՛ վրդովվիր,
    Մի խըմբագրի աստղ էր այն,
    Որ իր թերթը տըպագրում էր
    Անձի համար միմիայն։

    Նա կուրացած իր ցած կրքից
    Հայհոյում էր անամոթ,
    Եվ դորա տեղ միշտ իր ազգից
    Պահանջում էր բաժանորդ:

    Գրողները նորա թերթից
    Հիշոցներով հալածված,
    Չուներ մի տեղ մի թղթակից,
    Որ չըլիներ վշտացած:

    – Հայրի՛կ, հայրի՛կ, ինչ լավ եղավ`
    Այդ աստղերը վայր ընկան,
    Հայրի՛կ, հայրի՛կ, այդպես մարդիկ
    Մեր աշխարհքումն էլ չըկա՞ն:

    – Ո՜հ, ի՜մ դստրիկ, մի մասն են լոկ
    Այդ աստղերը, որ ընկան,
    Մեր երկնքում, գիտե՞ս արդյոք,
    Որքան այդպես աստղեր կան: