Month: Փետրվարի 2025

  • «… ԸՍՏ ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ՕՐԻՆԱՑՆ ԱՐՔՈՒՆԻ ԱՐԿԱՆԷՐ ԶՊԱՏՈՒԱԿԱՆ ՀԱՆԴԵՐՁՆ»…

    «… ԸՍՏ ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ՕՐԻՆԱՑՆ ԱՐՔՈՒՆԻ ԱՐԿԱՆԷՐ ԶՊԱՏՈՒԱԿԱՆ ՀԱՆԴԵՐՁՆ»…

    «… ԸՍՏ ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ՕՐԻՆԱՑՆ ԱՐՔՈՒՆԻ ԱՐԿԱՆԷՐ ԶՊԱՏՈՒԱԿԱՆ ՀԱՆԴԵՐՁՆ»…

    Հնագույն ժամանակներից ի վեր՝ «ի փառս և ի պատիւ»՝ արքունական նշաններ՝ հագուստի, զարդի բազում տարբերանշաններ են կիրառվել՝ որպես ցուցիչ այն կրող անձի «բարձի և աստիճանի» կարգի:
    «Իբրև զմարգարիտն կամ զականք պատուական», որ վայելչագեղ զարդարում են թագավորների՝ փողփողացող վերջավորությամբ արտախույրը և շքեղաշուք թագը՝ «ինչպէս ճաճանչ լուսոյ»…

    Բաբկեն Առաքելյանն իր՝ «Հայկական պատկերաքանդակները 4-7-րդ դարերում», (Երևան, 1949թ.) արժեքավոր ուսումնասիրության մեջ գրում է.

    «4-7-րդ դարերի կիրառական արվեստներից մեզ համարյա ոչինչ չի հասել, թեև նրանց վերաբերյալ պահպանվել են բավական ընդարձակ մատենագրական վկայություններ ժամանակակից և հետագա հեղինակների մոտ:
    Իշխանական ոսկեհուռ, ոսկեճամուկ զգեստներ, թագեր, ու խույրեր, զարդեր, զարդարուն զենքեր, զինանշաններ, եկեղեցական սպասներ, սեղանի գործածության իրեր — գավաթներ, թասեր, ափսեներ, տնային գործածության մանր իրեր, տան և եկեղեցու գեղեցիկ դրվագավոր կահկարասի, ջահեր, կանթեղներ, գրքերի փղոսկրյա և մետաղե կազմեր. այս ամենի պատրաստումը կիրառական արվեստների ճյուղին է պատկանում:
    Հայկական արքայական և իշխանական թագերն ու խույրերը պատրաստվում էին ազնիվ մետաղներից և ընդելուզվում էին մարգարիտներով և այլ ակներով: Ագաթանգեղոսը վկայում է, թե բազմաթիվ «մեծագնաց թանգարք»՝ կտրելով ծով և ցամաք, իրենց կյանքը վտանգի ենթարկելով՝ վաճառականությամբ էին պարապում և անգամ Հնդկաստանից բերում էին մարգարիտներ և զանազան պատվական ակներ, գույնզգույն կերպասներ, որոնցով զարդարում էին թագավորներին, նրանց խույրերը. «ականք պատուականք ի Հնդկային աշխարհէն, որ ի վայելչութիւն զարդու ի խոյր պսակի զարդարիցեն զթագաւորս» (Ագաթանգեղայ «Պատմութիւն Հայոց», Տփղիս, 1909, էջ 6): Կամ թագերը զարդարող ականց լուսո ճաճանչը «զթագաւորս շքեղացուցանէ ի նմանութիւն արտախոյրն պսակի ի վերջաւորն փողփողելոյ» (Ագաթանգեղայ Պատմութիւն Հայոց, Տփղիս, էջ 7):

    Տիգրանի դրամների վրա մեզ հասած հայկական թագը, որը պահպանված է եղել նաև հետագայում, զարդարված է մարգարիտներով և խույրի վերին ճառագայթների ծայրերին հագցված են խոշոր գոհարներ:
    Դրանով հասկանալի է դառնում «արտախոյրն պսակի ի վերջաւորն փողփողելոյ» արտահայտությունը:

    Ղազար Փարպեցին մեծ համակրանքով է խոսում քարերի և մետաղների հանույթով, նրանց մշակմամբ պարապող և գեղարվեստական իրեր պատրաստող արվեստավորների աշխատանքի մասին:
    «Որք (արուեստաւորք) ոչ միայն երևելութեամբն ցուցանեն, վերաբերեալ զշահաւորութիւն օգտից մարդկան, այլ առաւել հորդախոյզ աշխատողացն՝ զառ ընդ երկրաւ ծածկեալ օգուտս ուսուցանեն, գանձել անձանց շահս և զվայելս այսր աշխարհիս ի մեծութիւն թագաւորաց և ի հարստութիւն հարկահանաց, զոսկի և զպղինձ և զերկաթ և զպատուական քարինս. զոր ընկալեալ արուեստող ձեռաց՝ զարդարեն զթագաւորս մեծատեսիլ զարդեօքն յորինուածովքն, զոր ի խոյրսն և ի թագսն և ի հանդերձսն յոսկեհուռս պաճուճեալս ընդելուզանեն» (Ղազարայ Փարպեցւոյ «Պատմութիւն Հայոց», Տփղիս, 1904 թ., էջ 10):

    Այս վկայության մեջ մեծ արժեք է ներկայացնում այն, որ արհեստները թագավորների շքեղության ու վայելքի և հարկահանների հարստացման աղբյուր էին հանդիսանում:

    Ըստ հայկական սովորության՝ թագավորը՝ իշխաններին գործակալական պաշտոնների նշանակելիս կամ նախարարական տան ավագ տանուտեր հաստատելիս նրանց տալիս էր «պատիվներ», որոնք դիադեմայի ձև ունեին, և այդ «պատիվները» իշխանները կրում էին իրենց գլխին:
    Դրանցից հնագույնը, որ մեզ հայտնի է գրականությունից՝ Բագարատ թագակապ ասպետի պատիվն է, որը կազմված էր երեք շարք մանր մարգարիտներից, առանց ոսկու և այլ ակների, որ Բագարատը կրում էր արքունիքում շրջելիս: (Մովսիսի Խորենացւոյ «Պատմութիւն Հայոց», Տփղիս, 1913 թ., էջ 110):

    Հետագայում իշխաններն էլ երբեմն ճառագայթավոր խույրեր էին ունենում ոսկուց և պատվական քարերով ընդելուզված, ինչպիսին էր Վասակ Սյունու խույրը, որ դնում էր գլխին պատիվը կապելուց հետո: (Եղիշէի «Պատմութիւն Վարդանանց», Թիֆլիս, 1904, էջ 197-198):

    Պատմիչները երբեմն նկարագրում են արքունական էթիկետի համապատասխան արքայական կամ իշխանական զգեստներն ու զարդերը, որոնք «ոսկեհուռ էին պաճուճեալ, ընդելուզեալ»՝ արվեստող ձեռքերի շնորհիվ:
    Պարթևական Արշակ թագավորն իր որդի փոքր Արշակին նշանակում է Հայոց թագավոր, որին թագադրում է Բագարատ ասպետը:
    Պատմիչը նկարագրում է թագադրվողի մի քանի զարդերը:
    Երբ Արշակը Հայաստան է գալիս, ապա «սմա ընդ առաջ ելանէ,- ասում է Սեբեոսը,- Բագարատն Փառազեան յորդոցն Արամենակայ, նախարար մեծ հանդերձ զաւրու: Մատուցանէ նմա պատարագ ոսկի և արծաթ. և զարդարէ զնա ի սնդր («սնդր» նշանակում է սաղավարտ, վակաս՝ սաղավարտի ետևից ուսերի վրա կախվող մասը, հեղինակի ծանոթագրությամբ), և ի վակաս. պսակէ զնա ի վերայ ոսկիապատ ականակուռ գահոյիցն. և տայ նմա զդուստր իւր ի կնութեան» (Սեբէոսի եպիսկոպոսի «Պատմութիւն», 1939թ., Երևան, էջ 9):

    Պալատական էթիկետի համապատասխան զարդերի և զգեստների առավել լրիվ նկարագրություն գտնում ենք Եղիշեի մոտ:

    451 թվին Հայերն ապստամբում են սասանյան Պարսկաստանի տիրապետության դեմ, ապստամբության ճնշումից հետո շատ նախարարներ գերի են տարվում, իսկ Վասակ Սյունին՝ ժամանակի մարզպանը, թագավոր դառնալու ակնկալությամբ պարսից արքունիքն է մտնում՝ կրելով զգեստներ ու արդուզարդ, որ նա ստացել էր նույն պարսկական արքունիքից:
    Բերում ենք այդ հետաքրքրական նկարագիրը.

    «Եւ նա (Վասակը), ըստ առաջին կարգի օրինացն արքունի արկանէր զպատուական հանդերձն զոր ուներ ի թագաւորէն, կապէր և զպատիւ վարսին և զխոյրն ոսկեղէն դնէր ի վերայ, և կռանակուռ ձոյլ ոսկի կամարն ընդելուզեալ մարգարտով և ակամբք պատուականօք ընդ մէջ իւր ածէր, և զգինդսն յականջսն, և զգումարտակն ի պարանոցին, զսամոյրսն զթիկամբն, և զամենայն օրէնս պատւոյն զանձամբ արկեալ՝ երթայր յարքունիս, շքեղ և երևելի քան զամենեսեան երևէր բազմութեանն» (Եղիշէի «Պատմութիւն Վարդանանց», Տփղիս, 1904, էջ 197-198)»:
    (Աշխարհաբարով՝ «Եվ նա (Վասակը)՝ արքունի նախկին կարգերի համաձայն՝ հագավ թագավորից ստացած պատվական հագուստը, կապեց նաև վարսակալը և գլխին դրեց ոսկեղեն խույրը և մարգարտով ու թանկագին ակներով հյուսված կռանակուռ ոսկեձույլ կամարը կապեց մեջքին, գինդերը կախեց ականջներից, և մանեակը՝ պարանոցից, սամույրի մուշտակը գցեց ուսերին և գնաց արքունիք։ Նա բոլորից ավելի շքեղ և երանելի էր երևում բազմության աչքին», Կ. Ա.)։

    «Այստեղ մենք գտնում ենք արքունական էթիկետի առաջին կարգի զգեստների և արդուզարդի նկարագիրը, որ ընդունված էր Սասանյան արքունիքում:
    Նույնպիսի առաջին կարգի պատիվների արժանացել են նաև Սմբատ Բագրատունի իշխանը, որը 6-րդ դարի վերջերին և 7-րդ դարի սկզբներին Խոսրով Անուշիրվանի մոտ պետական խոշոր պաշտոնյա էր և մեծամեծ քաջություններ ու պետական խոշոր գործչի շնորհքներ էր ցույց տվել, ինչպես և աղվանից նշանավոր իշխան Ջեվանշիրը, որը նույն Խոսրովի ժամանակ Աղվանից աշխարհի կառավարիչն էր:

    Խոսրով Անուշիրվանը Սմբատ Բագրատունուն տալիս է ոսկի, թագավորական հանդերձներ, ոսկեզօծ արտախուրակ և զանգապանակ՝ զարդարված ակներով և մարգարիտներով:
    Երկրորդ անգամ ևս պատիվներ է շնորհում նրան, որի առթիվ Սեբեոսը գրում է. «… տայ նմա (Սմբատայ) արքայ զտանուտէրութիւնն՝ որ անուանեալ կոչէր Խոսրով Շում, զարդարէ ի չքնաղս, ի գտակ և ի պատմուճան բեհեզեայս ոսկւոյ աւծեալ, մեծացուցանէ ահագին պատուաւք, ի ճամբար ականակապ ի գումարտակ, և ի գահս արծաթիս»: (Սեբէոսի «Պատմութիւն», Երևան, 1939թ., էջ 66):

    «…Պատմիչները վկայություններ են պահպանել նաև տեղական գեղարվեստական իրերի և զգեստների վերաբերյալ. Հայ իշխանները հագնում էին կերպասյա ոսկեհուռ հանդերձներ։ Իր կերպասների արտադրությամբ նշանավոր և ոսկու, արծաթի հանքեր ունեցող Հայաստանը, որն իր կերպասները արտահանում էր հարևան երկրները, գեղարվեստական զգեստներ և արդուզարդ արտադրում էր տեղում»…

    «… Գահավորակներ (դեսպակ, պատգարակ) և մանավանդ գահերն ու գահույքները Հայկական արքունիքում մեծապես հարգի էին, որքանով բարձր դասի տիկիններին և տիկնանց տիկիններին դեսպակներով փոխադրելը սահմանված էթիկետի մեջ էր մտնում:
    Ինչ վերաբերում է գահերին և գահույքներին, ապա նրանց նշանակությունը հայտնի է Հայկական Գահնամակից: Նրանք լինում էին ավելի կամ նվազ բարձր ու շքեղ, ազնիվ մետաղներից պատրաստված և ակնեղենով ընդելուզված, արքայի գահին ավելի մոտ կամ նրանից հեռու՝ ըստ պաշտոնապես սահմանված կարգի և պետության գործակալների ու իշխանների դիրքին ու աստիճանին համապատասխան:
    Անգամ պատերազմի երթի մեջ էլ այդ էթիկետը խիստ պահպանվում էր»…

    Լուսանկարը՝ Գիյոմ Արալի էջից՝ շնորհակալությամբ:

    Տիգրան Մեծի դիմաքանդակով մի բարձրարժեք նմուշ՝ Guillaume Aral-ի անձնական հավաքածուից:

  • «ԻԲՐԵՎ ԱՐԾԻՎ ՍԱՎԱՌՆՈՒՄ ԵՍ ԼԵՌ ՈՒ ԺԱՅՌ»…

    «ԻԲՐԵՎ ԱՐԾԻՎ ՍԱՎԱՌՆՈՒՄ ԵՍ ԼԵՌ ՈՒ ԺԱՅՌ»…

    «ԻԲՐԵՎ ԱՐԾԻՎ ՍԱՎԱՌՆՈՒՄ ԵՍ ԼԵՌ ՈՒ ԺԱՅՌ»…

    …«Թե ուզում ես երգդ լսեն՝
    Ժամանակիդ շո՛ւնչը դարձիր։
    Կապվի՛ր նյարդով յուրաքանչյուր
    Քո օրերին ու քո դարին»… (Չարենց)

    Ժամանակը խամրեցնում, անխնա ջնջում է անցյալի բազմաթիվ իրադարձությունները՝ խնայելով միայն հազվագյուտ էջերը՝ մռայլ կամ պայծառ։
    Ժամանակի հերոսների, գործող անձանց գնահատանքի, զանազան պատմությունների վերաիմաստավորման շուրջ հետագայում գրվում են հուշեր՝ փորձելով ըմբռնել փոթորկալից ժամանակաշրջանի «անցուդարձը», արտահայտելով սեփական վերաբերմունքը կատարվածի նկատմամբ…
    Հայ ժողովրդի համար օրհասական շրջանում ազգի լավագույն զավակները ներքին պոռթկումով ընդվզում էին՝ մերժելով բռնությունը, պայքարում էին հանուն ազգային բարօրության:
    Այդպես, ժամանակի հրամանով՝ Շապին Գարահիսարցի հյուսնը ինքնաբուխ մղումով դառնում է Զորավար Անդրանիկ, որն իրեն ծնող ժողովրդի փրկության գործին է լծվում՝ խիզախորեն անտեսելով դժվարությունները և, ընդվզելով, անձնվիրաբար մարտնչում է թշնամու բազմահազար զորքերի դեմ՝ իր քաջությամբ ոգեշնչելով, հուսավառելով իր ազգակիցներին։


    Սասունից մինչև Վան և Հայոց աշխարհի այլ շրջաններում ազատագրական ոգով համակված իր զինակիցների հետ Անդրանիկի վարած անհավասար մարտերի, կռիվների որոշ դրվագներ նկարագրել է Վահան Թոթովենցը՝ ուղենշային համարելով չորս գլխավոր իրադարձությունները՝ Խալիլ փաշայի սպանությունը, Առաքելոց վանքի կռիվը, Ծովասարի կռիվը և Աղթամարի շրջապատման հաղթահարումը: 1915 թվականին Կովկասում Թոթովենցն Անդրանիկի հրամանատարությամբ գործող կամավորական գնդերում էր և մի քանի տարի մշտապես շփվել է Զորավարի հետ՝ քաջատեղյակ նրա շրջապատին։
    Թոթովենցն իր շարադրանքում անդրադարձել է նաև Թիֆլիսում՝ Հովհաննես Թումանյանի տանն Անդրանիկի հյուրընկալությանը՝ «որպես ազգական»։

    «Հովհաննես Թումանյանն իր մանուկները կբերե, կկանգնեցնե Անդրանիկի առաջ և երգել կուտա Անդրանիկի երգերը։ Մանուկները ոչինչ տեղեկություն չեն ունենար հայրիկին անծանոթ ազգականի մասին, որ եկեր էր գյուղեն և շուտով պիտի երթար»,- գրում է Թոթովենցը՝ «Արսեն Մարմարյան» ստորագրությամբ հրատարակված իր հուշերում (Ա. Մարմարյան «Զորավար Անդրանիկ և իր պատերազմները», էջ 173)։
    «Հաճախ ես հանդիպել եմ Թումանյանի տանը Անդրանիկին ու Թումանյանին միասին։
    Նրանք իրար շատ էին սիրում՝ բարքերի, ըմբռնումների խիստ նմանություն կար երկուսի միջև։ Անդրանիկը ևս անզուգական պատմող էր։ Նրան լսելիս պատմության, անձնավորությունների, տեղի, ժամանակի ընդհանուր մթնոլորտի ամենաիրական, կենդանի պատկերացում էինք ստանում», — գրել է Թոթովենցը
    (Ե. Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարան, Թոթովենցի ֆոնդ, թ. 7, էջ 10):

    Հանգամանքների բերմամբ օտար երկրներում հայտնված, կյանքի հորձանուտում թրծված, իր տարակարծություններով, հաստատ համոզումներով Զորավարը սթափ մտածողությամբ անդրադարձել է իր ժողովրդի համար վճռորոշ դրվագներին, թեև հիասթափված, ցրված պատրանքներով, սակայն մնալով իրատես, իր սկզբունքներին հավատարիմ…

    Հայ արձակագիր Ալեքսանդր Շիրվանզադեն (1858-1935) «Կյանքի բովից» վերնագրած իր հուշերում գրում է.
    «…Խոսելով Փարիզի այն ժամանակվա Հայ գաղութի մասին, ես չեմ կարող մոռացության տալ իմ այն հայրենակիցներին, որոնք ժամանակավորապես այցելուներ էին, գալիս էին մեկ կամ մի քանի ամսով որպես ճամփորդներ կամ գործավորներ: Այդ տեսակետից առաջին տեղն էին գրավում դարձյալ, այսպես որակված, ազգային գործիչները, ուզում եմ ասել դաշնակցականները, հնչակյանները և այլ կուսակցություններ, մանավանդ առաջինները: Դրանց համար Փարիզը Ժնևից հետո երկրորդ ուխտատեղին էր: Յուրաքանչյուրն ուզում էր անձամբ բախել Ժոռեսի կամ Պրեսանսեի դռները, մի բան, որ նրանց աչքում հավասար էր բարձրագույն քաղաքական գործունեության:

    Հիշում եմ 1907-1908 թվականները, մանավանդ Թուրքիայի հեղափոխության նախօրյակը, հեղափոխության օրերը և հետհեղափոխության ամիսները: Դաշնակցականների և հնչակյանների շարքերում տիրում էր մի արտասովոր իրարանցում: Թվում էր, որ այդ մարդիկ ինչ-որ խոշոր գործ են կատարում կամ երևակայում են, թե կատարում են: Հաճախ աչքի էին ընկնում Ավետիք Ահարոնյանը, Խաչատուր Մալումյանը, Միքայել Հովհաննիսյանը և մի շարք ուրիշներ, որոնց չէի ճանաչում:
    Հիշում եմ մի օր, նստած էի Մինաս Չերազի հետ «Սուֆլե» սրճարանի վարի հարկում: Հանկարծ աղմկալի խոսակցությամբ ներս խուժեցին մի քանի դաշնակցականներ, որոնց թվում էր և Խաչատուր Մալումյանը: Նրանց հետ էր և հայտնի թուրք հեղափոխական Ահմեդ Ռիզան: Նրանք շտապ քայլերով բարձրացան սրճարանի վերին հարկը և այնտեղ փակվեցին մի առանձին սենյակում:

    — Եկել են Թուրքիայի ճակատագիրը որոշելու,- ասաց Մինաս Չերազը կծու հեգնությամբ:

    Խե՛ղճ մարդ: Ես նկատեցի, որ նա իր հոգու խորքում վիրավորված և վշտացած է, որ ինքը մոռացության է տրված այդ մարդկանց կողմից:

    Ճիշտ այդ օրերին էր, որ մի անգամ նույն սրճարանում ինձ մոտեցավ մոտ քառասունհինգ տարեկան մի սևահեր տղամարդ հաստ բեղերով, առնական, կարող եմ ասել, գեղեցիկ դեմքով ու թուրքահայ բարբառով հարցրեց.

    — Դուք պարոն Շիրվանզադե՞ն եք:
    — Այո,- պատասխանեցի ես:
    — Թույլ տվեք ծանոթանալ — Անդրանիկ:
    — Մեր անվանի հերո՞սը,- հարցրի ես ամենայն լրջությամբ:
    — Ա՛հ, վազ անցեք,- գոչեց Անդրանիկն առանց կեղծ համեստության,- ես մի պարզ մահկանացու եմ:

    Այսպես թե այնպես, ես ուրախ էի ծանոթանալ այն մարդու հետ, որի մասին այնքան լսել էի ու կարդացել: Ապագայում ես անախորժություն ունեցա այդ մարդու հետ ընդհարվելու, իմ մի սխալ հասկացված դարձվածքի պատճառով: Այդ մասին ես կխոսեմ առանձին, երբ ժամանակը կգա:

    — Ինչո՞վ կարող եմ ծառայել ձեզ, պարո՛ն Անդրանիկ,- հարցրի ես, հրավիրելով նրան մի բաժակ սուրճի:
    — Ծառայության խնդիր չկա,- ասաց նա,- ես կփափագեի միայն, որ դուք որպես մեկն իմ հայտնի հայրենակիցներից, լսեիք իմ գանգատը դաշնակցության դեմ: Ես չափազանց վրդովված եմ:
    — Ի՞նչ է պատահել,- հետաքրքրվեցի ես խորապես, որովհետև մինչև այդ ես Անդրանիկին համարում էի մոլեռանդ դաշնակցական:
    — Մի գարշելի տրամադրություն, մի զազրելի ապերախտություն, չգիտեմ ինչպես որակել,- գոչեց նա, իր երկաթյա բռունցքը զարնելով մարմարյա սեղանին այնպես ուժգին, որ իր սուրճի դատարկ գավաթը վար ընկավ և փշրվեց:

    Նա բացատրեց: Պարզվեց, որ դաշնակցությունը նրան Փարիզ է ուղարկել հարյուր հրացան գնելու, տալով նրան մի զինագործարանի հասցեն: Անդրանիկն այդ գործարանի հրացանները չի հավանել և ընտրել է մի ուրիշ գործարան և նրանից է գնել հրացաններ, կանխավ որոշված արժեքից մի քիչ ավելի ծախսելով: Այժմ դաշնակցության Ժնևի բյուրոն մերժում է տալ նրան գների տարբերությունը, և մարդն ընկել է նեղ դրության մեջ:

    — Բայց գլխավորն այդ չէ,- շարունակեց Անդրանիկն ավելի ու ավելի հուզվելով,- Փույթ չէ, որ այսօր ես նույնիսկ հյուրանոցին վճարելու միջոց չունեմ, փույթ չէ, որ ստիպված եղա դիմել Վռամշապուհ քահանայի օգնությանը: Խնդիրն այլ է և ավելի կարևոր:

    Նա պատմեց, որ ինքը եղել է մի հասարակ արհեստավոր — տոկար, (այսպես էլ ասաց՝ «տոկար»), սիրել է իր հայրենիքը, տառապել է թուրքահայ ժողովրդի տառապանքներով, զգացել է, որ մի բանով պետք է նրան օգտակար լիներ, բայց չի գիտցել ինչպես: Ինքն իրանց հեղափոխական «հորջորջողները» մի օր նրան համոզել են ապստամբվել թուրք կառավարության դեմ և զենք բարձրացնել: Եվ նա ապստամբել է՝ ժողովելով իր շուրջը մի խումբ անձնվերներ:

    «Իհարկե, ես խենթ չէի, որ չգիտնայի, թե Հայ ազգն իր բոլոր ուժերով ու կարողությամբ չի կրնար տապալել սուլթան Համիդին հզոր կայսրությունը,- ավելացրեց Անդրանիկը դառն հեգնությամբ,- բայց դաշնակցականներն ինձ հավաստիացրել էին, թե եվրոպական պետությունները, տեսնելով մեր ազատագրական շարժումը, կշտապեն մեզի օգնելու: Այս տեսակետից առանձին ջանքեր էին գործադրում մանավանդ Ժնևում պատսպարված շեֆերը:
    Նրանք շարունակ թելադրում էին ինձ կռվել, կոտորել, աղմկել, կրկնելով՝ «Մեր ազգի փրկությունը մոտենում է, մի՜ հուսահատվիր»: Եվ ես կռվում էի, կոտորում, սակայն ավաղ, եթե ես մի տեղ կոտորում էի մի քանի տասնյակ ժանդարմներ, անդին, մի ուրիշ տեղ թրքական զորքերն ու համիդականները թալանում ու այրում էին տասնյակ գյուղեր ու կոտորում էին հարյուրավոր-հազարավոր խաղաղ գյուղացիներ: Իսկ օգնությունը Եվրոպայից հապաղում էր ու չէր գալիս»…

    Ես բերեցի Անդրանիկի ասածների ընդհանուր բովանդակությունն առանց մանրամասների, մի կողմ թողնելով նրա մի շարք ինքնուրույն որակումները դաշնակցության մասին: Երբ նա լռեց, ես առանց հեգնանքի և անկեղծորեն ասացի.

    — Եվ դուք, այնուամենայնիվ շարունակում էիք հավատալ, որ Եվրոպան պիտի գա մի օր, այո՞:
    — Այո, հավատում էի, որովհետև այնտեղ՝ հայրենիքում չկար մեկը, որ ինձ բացատրեր ճշմարտությունը: Ես մթության մեջ էի, ես մոլորված էի… ճշմարտությունն ինձնից թաքցնում էին:
    — Իսկ ա՞յժմ:
    — Այժմ: Ա՜հ այդ է, որ ես փափագ զգացի ձեզի ըսելու: Այժմ իմ աչքերը բացվել են հոս գալուցս հետո: Այժմ պարզ տեսնում եմ, որ այդ բոլորը սուտ է եղել, խաբեբայություն: Այժմ ինձ համար կասկածից դուրս է, որ ոչ մի եվրոպական պետություն անկեղծորեն շահագրգռված չէ մեզի իրական օգնություն ցույց տալու, ուր մնաց Թուրքիայի հետ կռվելու:
    — Բայց ինչո՞վ եք բացատրում դաշնակցականների վարմունքը, ի՞նչ շահ ունեին նրանք ձեզ մոլորեցնելու:
    — Շա՞հ,- կրկնեց Անդրանիկն այն կծու ու կսկծալի ծիծաղով, որ խորապես դառնացած ու վշտացած հոգու խորքից է գալիս: — Դաշնակցությանը գործ էր հարկավոր, իրական, շոշափելի գործ, թող այդ գործը լիներ մի ամբողջ ժողովրդի կործանումը: Նրա ջերմ ցանկությունն էր աղմկել, աղմկել, փոթորիկ բարձրացնել՝ թեկուզ այդ փոթորիկը լիներ մի փոքրիկ, մի խաղաղ լճի մեջ: Նրան հարկավոր էր մի որևէ շարժում, մի որևէ դղրդոց այնտեղ, Թուրքիայում, որպեսզի թե՜ Կովկասում և թե՜ այստեղ՝ Եվրոպայում գոռա ու աղաղակի. «Ահա տեսե՜ք, տեսե՜ք, ես գործ եմ կատարում, դրա՜մ տվեք: Տվե՜ք, որ իմ շեֆերն ապրեն խաղաղ Եվրոպայի ամենագեղեցիկ վայրերում, և որպես դիպլոմատներ զորավորների դռները մաշեն ու ազգի ինքնասիրությունը ոտնատակ անեն»:

    Ինձ համար նորություն չէին Անդրանիկի ասածները դաշնակցության հոռի գործունեության մասին: Նորությունն այդ մարդու հուսախաբությունն էր. մի մարդու, որ իր ամբողջ կյանքը նվիրել էր մի անհուսալի գործի և այժմ տեսնում էր, որ ինքը խաբված է եղել: Պարզ է, որ մարդ հոգով տառապում էր:

    Մեր խոսակցությունը երկար չտևեց: Անդրանիկը վրդովված էր անսահման և երբեմն իր որակումների մեջ դաշնակցության դեմ հասնում էր ծայրահեղության, չխնայելով ոչ մի ածական, իսկ ես չէի ուզում կրակի վրա յուղ թափել: Ահա ինչու, ես զգացի մի տեսակ հոգեկան թեթևություն, երբ այդ պահին սրճարան մտավ դաշնակցության նախկին շեֆ, բժիշկ Հովհաննես Լոռիս-Մելիքյանը, նա, որ դառնացած բաժանվել էր իր նախկին ընկերներից ու գաղափարներից, թեև բավականաչափ խուսափում էր նրանց մասին վատ խոսելուց: Ես Անդրանիկին ծանոթացրի նրա հետ և ինքս շտապեցի հեռանալ: Պարզ էր, որ նրանք իրարու լավ կհասկանային, քան ես…

    Շուտով վրա հասավ թուրքական հեղափոխությունը»…

    «Իբրև արծիվ սավառնում ես լեռ ու ժայռ,
    Թնդացնում ես երկինք, գետինք տենչավառ,
    Սուրբ անունդ պետք է հիշվի դարեդար.
    Հսկա լերինք քեզ ապաստան, Անդրանի՛կ:

    Թշնամիներ երբ լսեն քո անունը,
    Օձերի պես պիտ սողան իրանց բույնը,
    Երակներիդ ազնիվ քաջի արյունը
    Չցամաքի մինչ հավիտյան, Անդրանի՛կ»… ( Գուսան Շերամ, 1904 թ.)