«ԳՈՀԱՐ ՎԱՐԴՆ ՎԱՌ ԱՌԵԱԼ
Ի ՎԵՀԻՑ ՎԱՐՍԻՑՆ ԱՐՓԵՆԻՑ»…
(Գ. Նարեկացի «Տաղ Վարդավառի»)
Կամ՝
«…Ծագի՛ր, ծագի՛ր,
Զարկի՛ր, զարկի՛ր,
Չարի, չարքի
Մութն հալածի՛ր
Արուսյա՛կ,
Լույս ցերեկի
Դուռը բացիր,
Արուսյա՛կ…» (Հ. Թումանյան)
Եվ կամ՝
«Երբ Սայլը տեղից շարժվում է…»
Նարեկացու գրչով մեզ փոխանցված տաղերում ազգային մտածողության վաղնջական շերտերն են արտացոլված:
Քրիստոնեության տարածումով հնագույն ծեսերն ու տոնակատարությունները «հարմարեցվեցին» նոր ուսմունքին և Կենսատու Արեգակի ծագումը՝ Այգաբացն ու իր Այգաստղը խորհրդանշող դիցուհուն՝ Արուսյակին (Արշալույսին, Աստղիկին) փառաբանող տոնը փոխակերպվեց, դարձավ «Քրիստոսի պայծառակերպություն»:
Թեև Վարդավառի կենսախինդ տոնախմբությունը շարունակվեց՝ Կենաց Աղբյուրը՝ Ջուրը (Շաղը) միմյանց վրա ցողելով, դիցուհու Վարդերի տարածմամբ ու աղավնիների թռիչքով զմայլմամբ…
Տիեզերածին պատումներում (նաև՝ գիտականորեն), Խավարից հետո Լույսի հաստատումով է Կյանքն արարվում Երկրի վրա:
«Եղիցի՛ Լույս և եղեւ Լույս»…
Բնականաբար, Լույսի գալուստը, նրա սփռման պահը՝ Այգանալը, Արշալույսը, պիտի փառաբանվեր մի առանձնահատուկ դրսևորմամբ և՝ ամե՛ն օր (ու պետք էր զգա՛լ, ապրե՛լ այդ պահը)…
Հազարամյակների խորքից, բարեբախտաբար, գրավոր սկզբնաղբյուրներում պահպանվել ու մեզ են հասել Արևի դերի կարևորության, Արեգակի առաջին ճաճանչների լուսավորման նկարագրությունը:
Եզնիկ Կողբացին, 5-րդ դարում, քննադատելով հին հավատալիքները՝ «աղանդներն» ու նրանց մտածողությունը, գրում է՝
«…Նրանցից ոմանք աշխարհի գոյացությունը կրակի էությունից են կարծում ՝ արեգակն առավել զարմանալի համարելու, կրակի էությունն էլ ավելի սաստիկ ընդունելու պատճառով…»:
«Աշխարհը կազմող բնության չորս տարրերի» մասին խոսելիս, Եզնիկը նշում է, որ «առանձնակի միմյանց խաթարող են, բայց զուգակցի հետ համադրված՝ օգտակար ու շահավետ են դառնում»:
Այսինքն՝ Արևի ջերմությունը կայրեր՝ առանց ցողի խոնավության…
«…Եվ օդը՝ առանց ցողի խոնավության ու (արեգակի) ջերմության խառնուրդի՝ վնասակար ու փչացնող է…» («Եղծ աղանդոց, էջ 11):
Ցողի խորհրդանիշն արծարծելու առիթն ունեցել ենք Զարմայրի (և Եգիպտոսում՝ Մեմնոնի «հսկաների»՝ սֆինքսների առիթով …Հիշենք, որ ցողը նաև Էոսի հղած արցունքների իմաստն ուներ (Բնության բեղունությունն ապահովող «Ջուրը» ևս), և հատուկ սրվակներում էր հավաքվում՝ գործածվում ծիսական նպատակով):
Հույն իմաստասերներին և հին հավատալիքներին անդրադառնալով, Եզնիկը գրում է՝
Մինչև վերջերս, Հայաստանի տարբեր շրջաններում, Արևին ողջունելու և փառաբանելու զանազան ապացույցներն են առկա:
«Անլույս խավարից» հետո «Լուսաբեր ճաճանչների» իմաստին անդրադարձել էինք նախորդ գրառումներից մեկում:
Այգալույսի ավետաբերն էր Այգաստղը՝ Արուսյակը, Այգաբերը՝ Արևից ու Լուսնից հետո ամենապայծառ ցոլացող Աստղը, որին նաև Լուսաբեր էին անվանում:
Նարեկացին իր «Մատեանում» («Ի խորոց սրտի խոսք՝ առ Աստուած», Բան.Ծ) ասում է՝
«Ինչպես առանց աչքի տեսության՝ լույսի զվարճանք չկա,Ոչ էլ արևի քաղցրություն՝ առանց Արևածագի»…
(«Կամ առանց «արուսեկին նշուլից՝ արևու երբեք քաղցրութիւն»…):
Հայկական Լեռնաշխարհում ու նրա հարակից շրջաններում, նաև՝ Եգիպտոսում և այլուր հայտնաբերված հնագիտական հարուստ նյութերը փաստում են վաղնջական ժամանակներից ի վեր՝ Արարչական զորության՝ Կենարար Արևի, Երկնքի Հուրի, Լույսի պաշտամունքի առկայությունը:
Նաև՝ Արևի անմիջական կապը ճառագայթաձև (շրջանաձև) անիվի հետ:
Հուրիական մշակույթի կարևոր կենտրոններից մեկում՝ Ուգարիթում (ներկայիս Սիրիայում, Ռաս Շամրա, Ras Shamra) հայտնաբերված բազմաթիվ սեպագիր տեքստերից է 1930-ին պեղված դիցաբանական մի պոեմ՝ «Արշալույսի ծնունդը», որը վերծանել ու ներկայացրել է René Largement-ը 1949 թվականին տպագրված գրքում («La naissance de l’Aurore»):
Հին Աշխարհի (Միջագետքի, Եգիպտոսի, Հունաստանի…) գրավոր աղբյուրների, առասպելների շնորհիվ մեկնաբանվում է պեղված զանազան իրերի, գոտիների վրա եղած պատկերների իմաստը (հիմնվելով գունեղ նկարագրությունների ու համեմատությունների վրա):
Հոմերոսի պոեմներում բազմիցս պատկերվում է Արշալույսը.
«Եվ վարդամատն առավոտը երբ որ ծագեց ծիրանավառ»…
կամ՝
«…Քըրքմազգեստ այգն էր տարածվում տիեզերքի վրա համայն…»:
Այգաբացին երկնքից սփռվող վարդագույն ճառագայթները ձեռքերի մատներին նմանեցնելով՝ պատկերվում էին ծայրերին ձեռքի տեսքով (ստորև՝ եգիպտական մի բարձրաքանդակ)…
17-րդ դարի ֆրանսիացի աստվածաբան ու գրող Ֆենելոնի՝ «Ոդիսևսի (Ուլիսի) որդի Տելեմաքի արկածները» գրքում ևս, լուսաբացի տեսարանում, դիցուհու վաղորդյան սլացքի նկարագրությունն է, երբ Վարդածղի (Վարդաձեռն) Արշալույսը բացում է Արևելքի կիսաբաց ոսկեձույլ դռները, և Արեգակի նժույգները ծավալվում են տվնջական բոցանշույլ ճառագայթների կոհակների վրա…
Վենետիկում (Սբ.Ղազարում) 1826-ին տպագրված հայերեն թարգմանության մեջ կարդում ենք՝ «Արկածք Տելեմաքայ որդիոյն Ոդիսեայ», Գիրք Դ).
«…Առ վաղիվ յորժամ Արշալոյս վարդածղի՝ բացցե կիսաբաց զոսկեձոյլ դրունս Արևելից, և նժոյգք Արեգականն ելեալ յաղտաղտին կոհակացն ծաւալեսցեն զբոցանշոյլ Ճառագայս տունջեանն…»:
Հին զրույցներում, դիցաբանության մեջ Երկնակամարում իր պտույտը Հրեղեն ձիերով կառքով կամ Եզներով լծված սայլով էր կատարում Արևը (Արուսյակը):
Սայլի ճառագայթաձև (շրջանաձև) անիվների և Արեգակի բազմաթիվ ճառագայթների հետ համեմատությունը հիշենք՝ Եզնիկ Կողբացու՝ վերոնշյալ երկից (ինչպես մի Արեգակն ունի բազմաթիվ ճառագայթներ, այնպես էլ՝ «մի անիվ՝ բազում ճառագայթք»):
Սերնդեսերունդ փոխանցված բանահյուսության մեջ Լուսածագի պահի նկարագրությունը (որոշ ժամանակ հետո են «Երկնքի Դռները բացվում» և, ի վերջո, «Սայլը տեղից շարժվում է»՝ Լուսավորելով Աշխարհը), ճշգրիտ համապատասխանում է գիտական տեսակետին (Արևածագի հերթական 3 փուլերի գծագիր պատկերը՝ վերելքի համապատասխան անկյուններով՝ ստորև):
Քիչ շեղվելով հավելենք միայն Այգաբացի երեք փուլերն՝ իրենց ժամանակակից անվանումներով ու բնորոշմամբ:
1. Աստղագիտական այգը (լուսաբացը) այն պահն է, երբ երկինքն այլևս ամբողջությամբ մութ չէ (սկսվում է այն պահից, երբ Արևը հորիզոնից ցած՝ 18°-ի վրա է):
Անզեն աչքով չեն երևում առաջին ցոլքերը, աստղագետների համար հեռավոր մարմիններն այլևս տեսանելի չեն:
2. Ծովային այգաբացն այն պահն է, երբ հորիզոնն է նշմարվում (հորիզոնից ցած՝ մոտ 12°-ի վրա է Արևը):
3. Քաղաքացիական այգաբացը՝ երբ բավականին լուսավորություն կա շրջապատի տեսանելիության համար:
Աստղերն ու ամենից փայլուն մոլորակները դեռևս տեսանելի են, բայց աստիճանաբար անհետանում են…
Ն.թ.ա 5-րդ դարի պատմիչ Քսենոփոնի վկայության համաձայն՝ Հայաստանում հայերն Արևին ձիեր էին զոհաբերում…
Հունական դիցաբանությունից հայտնի Արշալույսի դիցուհին՝ Էոսը՝ Ավրորան, Արուսյակը՝ Աստղիկի համարժեքը, ն.թ.ա 8-րդ դարի հույն քերթող (գրող) Հեսիոդոսի մոտ նկարագրվում է «Ոսկեմատն (հունարենով՝ (ῥοδοδάκτυλος / rhododáktulos), Քրքմազգեստ ( հունարենով՝ κροκόπεπλος / krokópeplos) և Ոսկեծղի (հունարենով՝ ῥοδόπηχυς / rhodópêkhus)» (Ոսկեձեռ) մակդիրներով, ինչպիսին բնութագրվում է և Աստղիկը (Անահիտը՝ նույնպես, նաև Հերան՝ Արշալույսի «Վարդամատն, սպիտակածղի» դիցուհին)…
Հոմերոսը նրան հիշատակում է իր թևավոր երկու ձիերով (Ֆաետոնով ու Լամպոսով) լծված կառքով ուղևորությամբ…
Տրոյայի պատերազմին Եթովպական զինվորներին գլխավորած Զարմայրը՝ Մեմնոնը, Էոսի որդին է համարվում և Վաղորդյան Ցողը՝ որդու համար՝ աստվածուհու թափած արցունքները…
Եգիպտական երկու Հսկաներին՝ Այգաբացին «երգող» սֆինքսներին առանձին գրառմամբ անդրադարձել էինք ամիսներ առաջ…
Էոսը՝ Երկրի վրա Շաղ ցողելիս
Արծարծվող թեմայի առիթով նշեմ, որ «Վարդավառի» տաղի աշխարհաբար տարբերակում «Գոհար Վարդն վառ առեալ»-ի թարգմանությունը «շղարշ» բառով ինձ հանդիպեց, հիմնված, թերևս, «Վառի» մի այլ իմաստի վրա:
«Վառ» էր կոչվում թագավորական «ոսկեհուռ հանդերձը», արքայական դրոշը, ծիրանին ու դշխոյական քողը (Դշխո, Դշխոյ՝ թագավորի կինն էր կամ մայրը, թագուհին), «Վառն մեծ արքայական», «Վառն կտավեայ՝ յորում կայցէ նկարեալ Վիշապ» («Նոր բառգիրք Հայկազեան լեզուի»)…
Մինչդեռ վերոհիշյալ տաղում «Գոհար վարդի» «Վառը» (Վառ առեալ) «վառել» արմատն է՝ Հուր, Այրել իմաստով, պայծառ, լուսափայլ նշանակությամբ:
«Արշալույսին արևելքում վարդի հրդեհ մը տարածվեց»…
Հոմերոսը «Ոդիսականում» բնութագրում է վաղ առավոտյան օվկիանոսից կառքով դուրս եկող «Վարդամատն» դիցուհուն՝ Էոսին, զաֆրանագույն (կարմրադեղին, ծիրանի) զգեստով (պեպլոսով):(Զաֆրանը քրքումի ծաղկի առէջներից ստացվող նարնջագույն, չափազանց օգտավետ հումքն է):
Մեր եռագույնի երեք գույները կրակի գույներն են հենց…
Վարդագույնը «Կարմրերփեան, ծիրանափայլ» նշանակությունն ուներ հնում:
«Ծոցն լուսափայլ, կարմիր վարդով լցված, դաստակներին՝ ծիրանի մանուշակի փնջեր»…
…«Գեղեցիկ, կապույտ, ծիրանի, բեհեզյա և որդան կարմիր ոսկեշող գույներով…»(Նարեկացու՝ «Տաղ ծննդեան»):
«Վարդագույն վառեալ ծաղիկ», «Վարդագույն ծայրակարմիր արեգակն» («Նոր բառգիրք Հայկազեան լեզուի»):
Արուսյակ (Վեներա) մոլորակ անվան տարբերակներից է «Լուսաստղը» ևս, այլուր՝ Աստարտեն ու Իշտարն են նշվում նաև որպես նրա համարժեք…
Հավելենք, որ, ի տարբերություն մյուս մոլորակների՝ Վեներան ժամսլաքի հակառակ ուղղությամբ է պտտվում… Երբեմն երևում է նաև երեկոյան ու կոչվում՝ Գիշերավար…
Հետագայում, Խավարը ցրող և Աշխարհի վրա սփռվող Լույսն ազդարարող Լուսաբերը բացասական կերպարի վերածվեց (բացատրությունը՝ ստորև, Ս.Մալխասյանի՝ «Հայերէնի բացատրական բառարանից», ինչպես որ Կյանքն արարող Էնկին՝ իր Քաղ խորհրդանիշով, դարձավ «Քավության նոխազ» (ըստ բառարանի՝ «Քաղը» խոյն է) :
Ռ. Պատկանյանի՝ «Արաքսի արտասուքը» բանաստեղծության մեջ վշտակեզ գետը կարոտով է հիշում իր ջրում արտացոլված Լուսաբերին…
Աքենաթոնն ու Նեֆերտիտին՝ Աթոնին (Արևին) երկրպագության պահին (ձեռքերի տեսքով ավարտվող ճառագայթներով)