«ՄԵԽԸ ԵՎ ՊԱՅՏԸ»…

Մեխի և պայտի մասին մի առակ սերնդէսերունդ պատմվում է տարբեր մշակույթներում և խրատում՝ շեշտելով աշխատանքի հանդեպ բարեխղճությունը և յուրաքանչյուրի պատասխանատվությունն ընդհանուր ծրագրի հաջողության գործում:
«Մի անգամ մի ձիավոր պատրաստվում էր ճանապարհ ընկնել։ Նրա ձին ուժեղ էր ու արագ, բայց պայտերից մեկի մեխը թուլացել էր։ Ձիավորը նկատեց դա, բայց մտածեց․
«Մի մեխից ի՞նչ կլինի, հետո կկարգեմ»։
Ճանապարհին մեխը դուրս ընկավ։ Քիչ անց պայտը թուլացավ ու պոկվեց։ Առանց պայտի ձին սկսեց կաղալ, իսկ հետո՝ կանգ առավ։ Այդ պահին ձիավորը չկարողացավ շարունակել իր ճանապարհը, չհասավ իր նպատակին և կորցրեց կարևոր գործը։
Եվ մարդիկ ասում են․
Մի մեխի պատճառով կորավ պայտը,
պայտի պատճառով՝ ձին,
ձիու պատճառով՝ ճանապարհը,
իսկ ճանապարհի պատճառով՝ ամբողջ գործը։
Խրատը — «Թվացյալ մանրուքները» երբեք մի՛ անտեսիր․ երբեմն հենց փոքր բացթողումն է մեծ կորստի պատճառ դառնում»:

Դարերով կրկնվում է այս իմաստուն միտքը և հիշեցնում, որ «աննշան» թվացող անփութությունը կարող է դառնալ մեծ աղետի սկիզբ, «փոքր խնդիրը կարող է մեծ հետևանքներ ունենալ»…
«Մի մեխի պատճառով մի պայտ ընկավ։
Մի պայտի պատճառով մի ձի ընկավ։
Մի ձիու պատճառով մի ձիավոր ընկավ։
Մի ձիավորի պատճառով մի ճակատամարտ տանուլ տրվեց։
Մի ճակատամարտի պատճառով մի պատերազմ տանուլ տրվեց։
Մի պատերազմի պատճառով մի հայրենիք ոչնչացավ։
Եվ այս բոլորը՝ ա՛յն մարդու պատճառով,
որ պայտը լավ չէր ամրացրել մեխով»…
Խորհուրդը՝ յուրաքանչյուր մանրուք պատասխանատվություն է, քանզի աշխարհը հաճախ կառուցվում է հենց «մեխերի՛» վրա։

«Մեր ժողովրդի գլուխը որ հաստ է, իրան իրավունքն ու պարտականությունը չի՛ ճանաչում, լավն ու վատը չի՛ հասկանում, սուտը ճշմարտի՛ տեղ է ընդունում, ճշմարիտը՝ սուտի՛ տեղ, էլ ի՞նչ ասես, էլ ու՞մ խոսք հասկացնես…
Գլուխ գովալով ապրում են ներքուստ վախկոտ ու ստրուկ խղճուկ հոգիները, անցնում մութ ճամփեն՝ հասկացողին արհամարհելով ու ոտնատակ տալով, անհասկացողին՝ քծնելով, գովաբանելով, շվաքի առաջը խոնարհվելով ու նրանից փրկություն աղերսելով»,- 1890 թվականին մտահոգված գրում էր Ղազարոս Աղայանը:

Նույն թվականին Հովհաննես Թումանյանը «Միամիտներին» էր հեգնանքով «երանի տալիս».
ՄԻԱՄԻՏՆԵՐԻՆ
Երանի՜ է ձեզ, որ չեք հասկանում,
Թե մարդիկ ինչու՞ ինչե՜ր են անում,
Երանի՜ ձեզ, որ մարդու չեք զրկում
Եվ ոչ ձեզ հասած հարվածն եք զգում.
Երանի՜ ձեզ, որ ոչինչ չըգիտեք,
Որ հոգով անդորր, սրտով հանգիստ եք։
«Հռոմը գնում է դեպի կործանման, որովհետև երգիչները դադարել են դաստիարակելուց և միայն զվարճացնում են»,- մոտ 2000 տարի առաջ զգուշացնում էր հույն գրող Լուկիանոսը (120թ.-180թ.):

Դարձյալ 1890 -ին՝ «Պոետին» էր ուղղում իր իմաստուն խրատը Հ. Թումանյանը.
ՊՈԵՏԻՆ
Թաքցրու՛, պոե՛տ, վշտերդ ամբարված
Մեծ գաղտնարանում ալետանջ հոգուդ,
Ամբոխի առաջ մի՛ երգիր նրանց,
Եվ ինչո՞ւ համար ողբալ անօգուտ։
Եվ դուն չե՛ս կոչված, որ փոքրոգության
Արտասուքներով քո վշտերն երգես,
Դուն պիտի ճնշված մարդկության առաջ
Սև ճակատագրի գոյությո՛ւնն հերքես։
Թեկուզ կեղծ լինի ժպիտը դեմքիդ,
Թեև դժվար է քեզ համար կեղծել,
Պետք է մոլորված, անկիրթ ու նեղսիրտ
Ամբոխի համար հավա՛տ ստեղծել։
Գուրգուրի՛ր նրան ինչպես չար մանկան,
Պատժի ժամանակ անողո՛րմ եղիր,
Զեռքումդ ունեցիր փայլուն խարազա՛ն,
Հարվածի՛ր նրան և հառա՛ջ մղիր։
Հառա՛ջ տար նրան և ձեռքդ մեկնի՛ր,
Ցու՛յց տուր փրկության արյունոտ ուղին,
Կռվից փախչողին ծաղրանքով հեգնի՛ր,
Փառագոչ երգով գովի՛ր կռվողին։
Սի՛րտ տուր ընկածին, գետնից վե՛ր քաշիր.
Մի՛ թողնիր երբեք, որ մնա նա ցած.
Կենդանի երգով զարթեցրու՛, շարժի՛ր
Զգացմունքները նրա վհատած։
Բարկության հրո՛վ շնչիր չարի դեմ,
Որ թույնով, փողով գա՛հ է բարձրացել,
Եվ լուսավորի՛ր, ցու՛յց տուր ամբոխին,
Թե ի՛նչ ընթացքով չարիք է գործել։
Թող որ ճանաչե՛ և պատուհասե՛
Նրա չարությունն ամենակատար,
Եվ այնուհետև կուրորեն չասե՛.
«Մեծ» կամ «մարդասեր, ազգի բարերար»…



