«ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴԸ»՝ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՃԱՄՓՈՐԴՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ

«Ո՞վ ես դու, Ճամփո՛րդ»,- իր հնչեցրած՝ խորհրդանշական այս հարցին Գևորգ Էմինը պատասխանում էր.
«Ես նա՛ եմ, ում տանջանքը տասնյակ դարերով է չափվում, իսկ կյանքը՝ տասնյակ տարիներով միայն…
Նա՛, ով դարեր շարունակ տառապել է պատերազմներից ու նախճիրներից և նոր է միայն զգում խաղաղ կյանքի քաղցրությունն ու հմայքը։
Այն արդար ցորենի ա՛րտն եմ ես, որ դարեր շարունակ տրորվել է օտար այրուձիերի սմբակների տակ, այրվել հրդեհից ու երաշտից, և որից փրկված մի բուռ ցորենը հասել է գալիքի ցանքին և շռայլ բերք է տալիս…
Խաղողի այն համա՛ռ ու տոկու՛ն որթն եմ ես, որի արմատները հասնում են մինչև Հայասա և Նաիրի, իսկ պտուղն ու տերևը թարմանում են այսօրվա ցողից ու լցվում-հասունանում վաղվա Արևի շողից…
Ես՝ ինքը՝ Կյա՛նքն եմ, Հարատևումը, Անմահությունը…
Ես նա՛ եմ, ով միշտ մահվան մեջ է ապրել, բայց մահ չունի…
Ի՜նչ կարող էին ինձ անել իմ անհամար դահիճները, երբ նրանք ընդամենը… սպանել գիտեին, իսկ ես գիտեի ապրելո՛ւ և հարատևելո՛ւ աստվածային գաղտնիքը…
Նրանց զենքը տեգն ու յաթաղանն էր, իսկ իմը՝ մուրճն ու գրիչը… իսկ ի՜նչ կարող է անել ամենից զորեղ տեգը՝ մուրճի առաջ, և ամենասուր յաթաղանը՝ գրչի դեմ…
Իմ դահիճները,— որքան էլ բազմաթիվ,— հոգնո՜ւմ էին սպանելուց ու ավերելուց, իսկ իմ՝ կառուցելու և ստեղծելու տենչը զորանում էր օրեցօր ու ժամ առ ժամ…»։

«Նաիրի՛ Երկրից եմ ես գալիս, անսանձ գետերի ինքնիշխան երկրից, և Բիայնա՛ Երկրից, որտեղ բերդեր էի կառուցում և փորագրում Երևանի ծննդյան սեպագիր վկայականը»…(Գ. Էմինի՝ «Հավերժի ճամփորդը» ստեղծագործությունից մի հատված):

Հայկական Լեռնաշխարհն ու Հայաստանն՝ իր բացառիկ կարևոր նշանակության աշխարհագրական դիրքով ու բարձր քաղաքակրթությամբ՝ հիշատակվում են հազարամյակների ընթացքում, հնագույն շրջանից ի վեր, տարբեր ազգերի թագավորների թողած արձանագրություններում, աշխարհագրագետների ուսումնասիրություններում, ճամփորդների ուղեգրություններում…

Պատմաբանի ու արվեստաբանի՝ արվեստի պատմաբանի համար չափազանց արժեքավոր են այս սկզբնաղբյուրներն իրենց գրավոր նկարագրություններով, որոնք երբեմն ուղեկցվում են նաև տեղանքի, մշակութային զանազան հուշարձանների ու կոթողների գծանկարներով, գրաֆիկական պատկերներով, վերջին ժամանակներում նաև՝ լուսանկարներով:

Ժամանակաշրջանի ընդհանուր պատկերը համալրող այս հարուստ շտեմարանը մասնագետների հետազոտության հիմնական աղբյուրները հավելում է բնապատկերների, ճարտարապետության, տարազի, ազգագրության, բուսական աշխարհի, ավանդույթների շուրջ մանրակրկիտ տեղեկություններով…
Հին Աշխարհի՝ Ասորեստանի թագավորների տարեգրությունների, հույն պատմիչների (Ստրաբոն, Հ. Փլավիոս, Դիոն Կասիոս…), միջնադարի՝ բյուզանդական ու արաբական աղբյուրների հիշատակությունների թարգմանությանն ու ուսումնասիրությանը նվիրված բազմահատոր աշխատություններ կան՝ Հայ գիտնականների ջանքերով տասնամյակների ընթացքում ամբարված:

Հույն պատմիչ, փիլիսոփա ու զորավար Քսենոփոնի (մոտ ն.թ.ա 430-355թթ.) «Կյուրոպեդիա»-ի և «Անաբասիս»-ի էջերում եզակի տեղեկություններ կան Հայաստանի՝ ն.թ.ա 6-4-րդ դարերի պատմությանը վերաբերող:
10.000 հույների մասնակցությամբ Կյուրոս Կրտսերի արշավանքի և Հայաստանի վրայով նահանջի նկարագրության առիթով՝ «Անաբասիս»-ում նա զարմանքով հիշատակել է Հայերի՝ գարու հատիկներով փրփրուն գինու տակառների մասին.

«Այնտեղ (Հայաստանում) կային նաև ցորեն ու գարի և ընդեղեն և կրատերների (կավե մեծ սափորների, Կ.Ա.) մեջ գարուց պատրաստված գինի, որի երեսին լողում էին գարու հատիկներ. կրատերների մեջ կային նաև եղեգներ՝ մեծ ու փոքր, առանց ծնկի։
Ծարավելու դեպքում մարդ պետք է այդ եղեգի ծայրը բերանին դներ ու խմեր։ Եվ այն շատ թունդ էր, եթե ջուր չխառնեին, իսկ սովոր մարդու համար շատ ախորժելի ըմպելիք էր» ( Քսենոփոն, «Անաբասիս»):

Շ.Տեքսիե «Նկարագրություններ Հայաստանից, Պարսկաստանից և Միջագետքից», 1842, Փարիզ։

19-րդ դարում Հայաստանում շրջագայած ու իրենց ուղեգրությունները մանրամասն շարադրած օտարերկրյա ճանապարհորդներից են շվեյցարացի հնագետ, պատմաբան, բուսաբան Ֆրեդերիկ Դյուբուա դը Մոնպերյոն (Frédéric Dubois de Montpereux), ֆրանսիացի ճարտարապետ ու հնագետ Շարլ Տեքսիեն (Charles Félix Marie Texier), իռլանդացի հայտնի տոհմի ներկայացուցիչներից՝ Հենրի Ֆինիս Բլոս Լինչը, որի ազգականների մեջ հիշատակվում են իր՝ մորական կողմից՝ Հայուհի տատը, մյուս Հայ ազգականները՝ իրենց տան մոտ բնակվող՝ տատի քույրը՝ Խաթունը, վերջինիս որդին՝ Ղազարը…

Երկու անգամ՝ 1893 թվականի օգոստոսից մինչև 1894 թվականի մարտ և 1858 թվականի մայիսից մինչև սեպտեմբեր Արևմտյան և Արևելյան Հայաստանի տարբեր շրջաններում իր ճամփորդության մանրակրկիտ, արժեքավոր նկարագրությունները՝ աշխարհագրության, ազգագրության, բանահյուսության վերաբերյալ, ինչպես նաև վիճակագրական որոշ տվյալներ, լուսանկարներով ուղեկցված, հրատարակվեցին 2 հատորով, 1901 թվականին՝ Լոնդոնում՝ վերնագրված՝
1.«Հայաստան. ճամփորդություններ և ուսումնասիրություններ. Ռուսական նահանգներ» (Armenia, travels and studies. Volume I: The Russian Provinces) և
2.«Հայաստան. ճամփորդություններ և ուսումնասիրություններ. Թուրքական նահանգներ» (Armenia, travels and studies. Volume II: The Turkish Provinces):

Խաչատուր Դադայանի՝ «Մանրալուրք հայ համայնքներից» հոդվածում կարդում ենք՝

«Հեղինակը խիստ ունևոր մարդ էր՝ «Լինչ» առևտրային բանկի սեփականատեր, Պարսկաստանի հարավային ճանապարհների նորակառույց երկաթուղու, Պարսից ծոցի, Տիգրիս ու Եփրատ գետերի նավագնացության արտոնատեր: Տեղեկանալով Լինչի մահվան մասին, Կ.Պոլսո Զավեն պատրարքը հայտնել է հետևյալը.

«Լինչի հայրը՝ անգլիացի, շոգենաւային ընկերութեան մը հիմնադիր, Պաղտատ եղած միջոցին ամուսնացած է տեղւոյն անգլիական հիւպատոս, հնդկաստանցի Հայազգի աղա Խաչիկի Օվսաննա անուն դստեր հետ: Հետևաբար, Լինչին մայրը հարազատ՝ Հայ մըն է: Աղա Խաչիկի զաւակն ալ Պաղտատի անգղիական հիւպատոս եղած է. հայր ու որդի թաղուած են Պաղտատի Ս. Երրորդութիւն եկեղեցիին բակը: Լինչի մայրը՝ տիկին Օվսաննա ամէն տարի նպաստ կը ղրկէ այդ եկեղեցիին, ի յիշատակ իր հօրն ու եղբօրը»:

«Շամիրամի թունելը» (Լինչի լուսանկարներից)
Հայկավանքի ներսի պատկերը՝ Լինչի գրքից

Հայաստանի ու Հայերի մասին տեղեկություններ են թողել նաև ժամանակի օտարերկրյա պաշտոնյաները, որոնցից է 1915 թվականին Վանում գործող՝ վենեսուելացի զինվորական՝ Ռաֆայել դե Նոգալեսը:
Նաիրա Պողոսյանն իր՝ «Ռաֆայել դե Նոգալեսի հուշերը իբրև պատմական սկզբնաղբյուր» ուշագրավ ուսումնասիրության մեջ, գրում է.

«Վենեսուելացի զինվորականը շեշտում է, որ Վանի նահանգապետ Ջևդեթ բեյի նպատակը մեկն էր՝ ստիպել հայերին հեռանալ և նրանց կոտորել ճանապարհին։ Ուստի մինչ հայերը դիմադրում էին, թուրքերը յուրաքանչյուր հարմար առիթ օգտագործում էին՝ նրանց սպանելու համար։ Վանի ինքնապաշտպանության յուրօրինակ քրոնիկոն կազմելով՝ Նոգալեսը օր առ օր ներկայացնում է իր իսկ խոսքերով «մարտական գործողությունները», որոնք իրականում պարզապես կոտորածի դեմ Հայերի անհավասար, բայց խիզախ պայքարն են։
Նոգալեսը նշում է. «Արամ փաշան իր հայերի հետ, որոնք, ըստ միսս. Քնափի և պարոն Ռուշմոնդիի տվյալների, շուրջ 30.000 են կազմում, զբաղեցնում էին գրեթե ամբողջ քաղաքը ամրոցի պատերից ներս ու Այգեստանում:
Իսկ մենք պահում էինք ամրոցն ու արվարձանները՝ ամեն հաջող հարձակումից հետո ավելի ու ավելի սեղմելով շրջապատման երկաթե օղակը» (էջ 61)։

Նոգալեսն ընդգծում է, որ հայերը հնարամտորեն օգտագործել էին ձեռքի տակ եղած միջոցները` հնարավորինս ուժեղ պաշտպանության գիծ ստեղծելու համար, և ոչ մեծ քանակի զենքով կարողանում էին բավական վնաս հասցնել թուրքական բանակին։
Նոգալեսն այսպես է նկարագրում հայերի դիմադրությունը.
«Ես հազվադեպ եմ տեսել, որ մարդիկ այնպես կատաղի կռվեն, ինչպես Վանի պաշարման ժամանակ:
Դա անվերջանալի մարտ էր, որ երբեմն վերածվում էր ձեռնամարտի:
Այստեղ ոչ ոք գթություն չէր խնդրում, և ոչ ոք ուրիշին չէր գթում: Ո՛չ քրիստոնյան և ո՛չ մուսուլմանը գերությունից չէին վերադառնում:
…Այսպես վառված մազերով, վառոդից ու ծխից կեղտոտ դեմքերով, հրետանու արկերի պայթյուններից ու անդադար կրակոցներից կիսախլացած՝ մենք կարող էինք չլսված զոհերի գնով դանդաղ առաջանալ այս համառ քաղաքի կենտրոն, որտեղ հայերը շարունակում էին իրենց տների վառվող ավերակների վրա պաշտպանվել՝ մինչև վերջին շունչը կռվելով ազատ Հայաստանի ու
քրիստոնյա հավատքի հաղթանակի համար:
Իսկ ես անիծում էի այն ժամը, որ չար ճակատագիրն ինձ դարձրեց իմ հավատակիցների դահիճ» (էջ 61)։
Դե Նոգալեսը հիանում է Հայերի համարձակությամբ ու անձնազոհությամբ՝ ապրիլի 24-ին նշելով. «Հայերը հուսահատաբար դիմադրում են, նրանց խիզախությունն ամենաբարձր գովեստի է արժանի:
Յուրաքանչյուր տուն վերածվում է ամրոցի, որը պետք է առանձին գրավել:
Հայերը վայրկենական հայտնվում էին այն շինության մոտ, որը ես ուզում էի գրավել:
…Ես նույնիսկ սկսեցի կարծել, թե նրանք կարդում են իմ մտքերը» (էջ 67, 68)։

Միևնույն ժամանակ պարզ է, որ թուրքական ու քրդական ավազակախմբերի դեմ Հայերի դիմադրությունն ուշ թե շուտ դատապարտված է պարտության։ Մինչ հայերը պաշտպանվում են, թուրքերն օգտագործում են ցանկացած հնարավորություն անզեն կանանց ու երեխաներին, Վանի շրջակայքի գյուղերում դեռևս մնացող Հայերին կոտորելու համար։
Ապրիլի 25-ի գրառման մեջ Նոգալեսը նկարագրում է Լազիստան գումարտակի 300 ձիավոր քրդերի հարձակումը Շաբաղ գյուղի վրա և 400-500 Հայերի սպանությունը, իսկ ապրիլի 28-ի գրառումից տեղեկանում ենք, որ Ջևդեթի հրամանով այդ օրը Չերքեզ Ահմեդը հարձակվել է մոտակա հայկական գյուղերում դեռևս գտնվող կանանց ու երեխաների վրա:
«Ավելորդ է ասել, թե ինչ արեց Ահմեդը նրանց հետ,– գրում է Նոգալեսը,– եթե նույնիսկ Ջևդեթն էր նրան մեղադրում դաժանության մեջ։
Նույնիսկ քրդերն էին ցնցված նրա գործողություններից» (էջ 71)։

Վանի ինքնապաշտպանության մասին գրառումներում անդրադարձ կա նաև պատմական հուշարձանների ոչնչացմանը։
Օրինակ, հեղինակը մանրամասն նկարագրում է Վանի Պողոս-Պետրոս եկեղեցու, Յեդի Քիլիսեի, ինչպես նաև քաղաքի գլխավոր մզկիթի ավիրումը։
Վենեսուելացին նշում է, որ երբ Ջևդեթ բեյի հրամանով Վանի Պողոս-Պետրոս եկեղեցու գմբեթը, որից
Հայերը կրակ էին բացում, ավերվեց, ու Հայերն ամրացան մզկիթի մինարեթում, ինքը, գեներալ-նահանգապետի բողոքներին հակառակ, հրամայեց ոչնչացնել այն.
«Պատերազմը պատերազմ է» (էջ 69)»։

Նույն օրերի իրադարձությունների մասին ականատեսի իր հուշերն է շարադրել նաև Վանի Այգեստան թաղամասում 1865 թվականին ծնված, հետագայում հայտնի գեղանկարիչ Փանոս Թերլեմեզյանը:
«Կյանքիս հուշերը» վերնագրված գրքում «Վանի դյուցազնամարտի» և այլ դրվագների շուրջ՝ այլ առիթով…

…«Ո՞վ ես դու, Ճամփո՛րդ»…
«Հավերժի Ճամփորդն եմ ես, որը, դարերի խորքից եկած՝ դեպի դարե՛րն է գնում, և որի երթը վերջ ու վախճան չունի»…

Հայն ու Հայաստանը՝ Գևորգ Էմինի՝ «Հավերժի Ճամփորդը»…🇦🇲🇦🇲🇦🇲