«ՅԱՂԱԳՍ ՀԱՐՑՄԱՆ ԵՒ ԼՈՒԾՄԱՆ» (ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ)

«ՅԱՂԱԳՍ ՀԱՐՑՄԱՆ ԵՒ ԼՈՒԾՄԱՆ» (ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ)

Ուսումնասեր, ողջամիտ և «իմաստություն սիրող»՝ իմաստասեր սերունդներ կրթելու հմուտ միջոցներ են կիրառել Հայոց Նախնիք հազարամյակներ շարունակ:
Նրանք կարևորել են առաքինի, արդար և առողջ վարքուբարքը, զավակներին դրդել են համառ աշխատանքով, հատուկ վարժանքով իրենց մարմինը զորացնելու և միտքը լուսավորելու: Ինչպես Հին աշխարհում հայտնի՝ «Յաղագս առաքինութեանց եւ չարութեանց» գրվածքը, (որը վերագրվում է Արիստոտելին), իմաստասիրական բազմաթիվ գործեր ևս փաստում են, որ գովեստ են ընծայել գեղեցիկին, ազնվությանը, խոհեմությանն ու քաջությանը և պարսավել տգեղը՝ գարշելին, արատավորը…

Շարունակելով հնուց եկող ավանդույթները՝ 7-րդ դարի նշանավոր համարող («մաթեմատիկոս») Անանիա Շիրակացին նույնպես իր աշակերտներին խրախուսում էր դժվարություններից չերկնչել, ջանասիրաբար և անկոտրում կամքով առաջադիմել:
Որպես հայրենանվեր գործիչ և հմուտ դաստիարակ, նա քաջալերում էր պատանիներին, երիտասարդներին հանուն գիտելիքի հաղթահարել ամեն դժվարություն և խոչընդոտ:

Օգտագործելով զվարճալի բովանդակությամբ խրախճանական խնդիրներ և զանազան «հարցումներ»՝ նա հիանալի միջոցներով ուղղորդում էր աշակերտներին գիտելիքի աշխարհում՝ ուսուցանելով պարզից դեպի բարդը:
Ուսուցողական՝ «Յաղագս հարցման եւ լուծման» թվաբանական փոքրիկ ձեռնարկում Շիրակացին կարևոր տեղեկություններ է թողել իր ժամանակի պատմական դրվագներից՝ խնդիրների նյութ ընտրելով, օրինակ, Զօրակի ապստամբությունից, որի մասին պատմում է՝ իբրև «լսած իւր հօրից»։
«Այսպես լսեցի հորիցս, թե պարսից դեմ Հայոց մղած պատերազմի ժամանակ մեծ քաջագործություններ կատարեց Զօրակ Կամսարականը՝ մեկ ամսվա ընթացքում երեք անգամ հարձակվելով պարսից զորքերի վրա:
Առաջին անգամ նա կոտորեց զորքի կեսը:
Հետապնդելով՝ երկրորդ հարձակմամբ կոտորեց քառորդ մասը, և երրորդի ժամանակ՝ տասնմեկերորդը:
Մնացյալը՝ թվով 280, փախուստ տվեցին Նախիջևան:
Արդ՝ մնացածների հաշվով պետք է իմանանք, թե կոտորումից առաջ որչա՞փ էր պարսկական զորքը:


(Գրաբարով- Ա հարցումն ։
Այսպէս լուայ ի հաւրէն իմմէ, եթե ի ժամանակի պատերազմացն հայոց ընդ պարսս, սաստիկ քաջութիւնք լինէին ի Կամսարականէն Զաւրակայ. որպէս թէ ամսաւրեայ աւուրբք երիցս յարձակեալ ի վերայ զաւրացն պարսից՝ եւ հարկանէր յառաջնումն զկէս զաւրուն. եւ ի հետ մտեալ հարկանէր յերկրորդումն զչորրորդ մասն զաւրուն. եւ յերրորդումն զմետասաներորդն։ Եւ մնացեալքն անկանէին փախստեայ ի Նախճաւան թուով ՄՁ։
Արդ պարտիմք եւ մեք իմանալ մնացելովքս, եթէ յառաջ քան զկոտորումն ո՞րչափ էին)։

Հարցումներում տեղեկություններ կան նաև միջնադարյան քաղաքի կյանքից, անցուդարձից, ինչպես, օրինակ, պահանջվում է հաշվել տարբեր քաղաքներով անցնող վաճառականից գանձվող տուրքերի (բաժի) չափը: Այսպես, ԺԱ (11-րդ) հարցումից տեղեկանում ենք, որ երեք քաղաքի զանազան «բաժերի» վճարումից հետո վաճառականի մոտ եղած նախնական 2376 դահեկանից մնում է 11 դահեկան։
(Գրաբարով — ԺԱ հարցումն.
Այր մի վաճառական էանց ընդ երիս քաղաքս եւ բաժ արարին յառաջնումն եւ հանին զկէս եւ զերեւոր իրացն։ Եւ յերկրորդ քաղաքին թուեցին զոր ինչ ունէրն եւ հանին զկէս եւ զերեւորն. եւ յերրորդ քաղաքին անդրէն այլ թուեցին եւ հանին զկէս եւ զերեւորն։ Եւ մինչ ի տուն եկն, մնացեալ էին դահեկանք ԺԱ։
Արդ գիտեա՛, թէ ընդ ամենայն քանի՞ դահեկան ունէր։

Լուծումն ԺԱ հարցմանն։
Ունէր վաճառականն դահեկանս ՍՅՀԶ)։

Հարցումներից մեկում հարկավոր է գտնել, թե մեկ ազնիվ նժույգի գնով քանի՞ կով, եզ, ոչխար և այծ կարելի է գնել (ըստ հարցի լուծման ձիու գինը 616 դահեկան էր)։
(Գրաբարով — ԺԵ հարցումն։
Ձի մի կայր ինձ ազնիւ, վաճառեցի եւ գնոցն Դ մասինն կովեան գնեցի, եւ Է մասինն այծեան, եւ Ժ մասին եզնի, եւ ՅԺԸ դահեկանի ոչխարս առի։
Արդ գիտեա՛, թէ ընդ ամենայն քանի՞ դահեկան լինի։

Լուծումն ԺԵ հարցմանն։
Լեալ էր գինք ձիոյն վեց հարեւր եւ տասն եւ վեց դահեկան)։

Իններորդ հարցումը —
Գէնում Կամսարականների որսի ժամանակ որսել էին բազում երեներ և ինձ որպես որսաբաժին բերեցին մի վարազ: Քանզի այն վիթխարի էր տեսքով, կշռեցի և պարզվեց, որ փորոտիքը նրա ողջ կշռի քառորդ մասն է, գլուխը՝ տասներորդ մասը, ոտքերը՝ քսաներորդ, ժանիքները՝ իննսուներորդ, իսկ մարմինը՝ 212 լիտր:
Արդ՝ իմացի՛ր, թե ամբողջ վարազը քանի՞ լիտր էր:

(Գրաբարով՝ Թ հարցումն։
Որս էր Կամսարականացն ի Գէն եւ կալեալ էր երէ բազում. եւ ինձ որսամասն ետուն բերել վարազ մի։ Եւ վասն զի անարի էր տեսլեամբ, կշռեցի եւ գտաւ փորոտին Դ մասն ամենայն կշռոյն. եւ գլուխն Ժ մասն, ոտքն՝ Ի, ժանիքն՝ Ղ, անձն՝ Մ եւ ԺԲ լիտր։
Արդ գիտեա՛, թէ ընդ ամենայն քանի՞ լիտր էր վարազն)։

Մաղթենք «հմտութիւն գիտութեանց և արհեստի»՝ ներկա և գալիք սրամիտ, պայծառախոհ Հայորդիներին…

Գրանցվեք մեր էլեկտրոնային լրատվական նամակներին, որպեսզի էլեկտրոնային փոստով տեղեկացված լինեք, երբ նոր հոդվածներ կհրապարակվեն: