ՈՒԽՏԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ՝ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ՀՆԱԳՈՒՅՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ…

Համայն Հայության համար ամենամեծ ու ամենանվիրական սրբավայրն էր «Իննակնեան լեռան» մեհենատեղին՝ Մեծ Հայքի Տուրուբերան Աշխարհի Տարոն գավառում՝ Քարքե լեռան վրա, ուր Վահագնի Վահէվահեան մեհյանն էր (նաև՝ Անահիտինն ու Աստղիկինը, «Երից բագանց մեհեանը»):
Ու թեև հետագայում, քրիստոնեության տարածումից հետո, այստեղ էլ, ինչպես այլուր, հնագույն տաճարներին՝ մեհյաններին, բագիններին ու արձաններին փոխարինեցին նոր կրոնի խորհրդանիշները, այնուամենայնիվ, անվանափոխված ուխտատեղին մնաց որպես ժողովրդի համար կարևորագույն պաշտամունքային կենտրոն՝ հայտնի «Իննակնյան վանք», «Սուրբ Կարապետ» անուններով:
Դեպի Մուշ ձգվող ճանապարհներով անցած ուխտավորների որոշ վկայություններ՝ Հայկ Ավագյանի՝ «Մշոյ Ս.Կարապետ վանքի մշակութային ժառանգությունը…» ուսումնասիրությունից՝ տպագրված Կահիրեում՝ 2019 թվականին:

«Հին ատեններն ալ, Քրիստոսական թուականէն շատ դարեր առաջ, ամէն տարի Նաւասարդ ամսու սկիզբները զանազան կողմերէն աշխարհախումբ բազմութիւն մը կը հաւաքուէր Տարօնի Քարքէ լեռներու բարձունքին վրայ կառուցուած մարմարեայ հրաշակերտ մեհեաններու շուրջը։ Տարին եօթն անգամ ու մէն մի անգամին եօթն օր ժողովուրդը կը մոռնար իր դաշտային ու տնային աշխատութիւնները, ու կը փութար իր նուիրական պարտքը կատարել։
Ան ատեններ շէն էր վանքը, ունէր շատ մը քուրմեր ու քրմապետներ, իրենց ծառաներով ու զաւկըներով, ունէր տասներկու մեծ աւաններ իբր թեմ, որոնց իւրաքանչիւրն ունէր երկու հազարէն աւելի տուն եւ ամէն մէկ տունը տասնէն աւելի բնակիչ կը պարունակէր:

Աւանդոյթը նոյն թափով պիտի շարունակուէր քրիստոնէական շրջանին, Նաւասարդը փոխարինելով Քրիստոսի Պայծառակերպութեան տօնին, որ ժողովուրդին կողմէ հանրածանօթ է Վարդավառ անունով։
Համբարձումէն ետք, երկրորդ կարեւոր ուխտագնացութիւնը վերապահուած էր Վարդավառին։ …

…Արդարեւ, Վարդավառի ուխտագնացութիւնը դէպի Սբ. Կարապետ կը հանդիսանար դէպի այդ վանքը կատարուող ամենէն աւելի զանգուածայինը եւ տօնականը։

«Ամէն կողմ ուրախութիւն եւ ցնծութիւն» է, ուր անպակաս են մատաղն ու տօնավաճառութիւնը, կը հաստատէ Հ. Սուքիաս Էփրիկեան.

Սբ. Կարապետի վանքը ամէն օր 180 հոգւոյ կերակուր կու տայ։
Ախոռ մը ունի որ 400-500 ձի կը պարունակէ. խուցերն 70-ի չափ են։
Ուխտական ամենամեծ հանդէսը կը կատարուի Վարդավառի կամ Այլակերպութեան տօնին օրը։ Այլեւայլ երկիրներէ, նոյնիսկ Ռուսահայաստանէն եւ Կովկասէն հազարաւոր Հայեր կը համախմբին, խուցերը անբաւական լինելով` շատերը բացօթեայ կամ վրաններու ներքեւ կը բնակին:
Նոյն օրը կ’ըլլայ նաեւ մեծ տօնավաճառ, խոտերով ու կանանչներով հարիւրաւոր խանութներ կը շինուին, եւ ուտելիք, խմելիք, կտաւեղէնք… կը վաճառուին. ամէն կողմ ուրախութիւն եւ ցնծութիւն։

Վանքը նոյն օրերը ուխտաւորաց անթիւ բազմութեան ձրի հաց եւ ապուր կը բաշխէ, եւ հարիւրաւոր ձիերու` գարի։ Երբ իրիկուն կ’ըլլայ, ամէն ուխտաւոր կը սկսի մատաղի պատրաստութիւն տեսնել, ոչխարներ մորթել, կրակ վառել եւ աստ-անդ կաթսաներ պատրաստել մատաղներն եփելու համար: Սքանչելի է այն գիշերային տեսարանը՝ ուխտաւորներու եռանդը, երգերը, կրակներու բոցերը խաւարին մէջ հեթանոսական հանդիսի աւուրց գաղափարը կամ յիշատակը կը զարթուցանեն։

Բուն Վարդավառի օրը վանահայրը Ս. Պատարագը կը մատուցանէ, եկեղեցիէն զգեստաւորուած դուրս ելնելով առաջնորդարան գնացած ատենը ժողովրդեան բազմութիւնը ուրախութեան աղաղակներ կը բարձրացընէ եւ անդադար կը պարպուին հրացաններ։
Այնուհետեւ կը հաւաքուի դարպասն` այսինքն ուխտաւորներու նուէրն («Դարպաս»-ը «մեծ դուռ», «պալատ» իմաստից բացի ունի նաև «թագավորին կամ իշխանին ներկայանալիս տրվող նվեր» իմաստը, ինչպես և՝ «ուխտավորների նվերը՝ վանքին», Կ.Ա.):
Նոյն հանդիսական օրերուն մէջ բազմաթիւ օտարազգիներ ալ կը տեսնուին, յոյն, ասորի, քուրդ, մահմետական։ Զանազան պատճառներով վերջին տարիներուս մէջ, Սբ. Կարապետի ուխտական հանդէսները, նոյնչափ մեծ շքով չեն կատարուիր, ինչպէս երբեմն:

Հայերու միացու՛մ մըն է ան,- կը շեշտէ Վահան վրդ. Տէր Մինասեան.
Հայք ամէն ատեն եւ ամէն տեղ տօնեցին Վարդավառը, մանաւանդ՝ ի Տարօն։
Հոն մուրատատուր Սբ. Կարապետի հռչակաւոր վանքի մէջ շքեղ կը տօնուի Վարդավառը։ Մատաղցու եզներ, նշխուն եւ գոյնզգոյն, կը մորթուին. Հայք կը խայտան, կը ցնծան, զի Վարդավառ է։ Հոն ուխտաւորք ծունր կը դնեն այն շիրիմին վրայ, ուր հանգչած կան առիւծն Վահան, գոռն Սմբատ եւ աղու աղաւնին Տիրան։
Հոն ուխտաւորն Սուրբ Կարապետէն կ’առնու իւր սրտին մուրատը։
Հոն հեռաւոր եւ մերձաւոր Հայք իրարու կը փարին, իրար կ’ողջագուրեն մրմնջելով.
«Լուսաղբար ենք»…

Վարդավառի ուխտագնացութեան ամենավառ ու ամենէն ամբողջական նկարագրութիւնները կու գան ականատեսներէ։
Շնորհիւ իրենց բովանդակած կենդանի փորձառութեան, այս նկարագրութիւնները անկարելի է փոխարինել «գիտական» չափագրումներով։
Անոնց ակադեմականացումը ինչպէս երբեմն փորձուած է կատարել, պիտի վերացնէ ապրուած իրականութիւնը: Արդ, ստորեւ կը նախընտրեմ նոյնութեամբ արտագրելով համախմբել նկարագրութիւնները ամբողջութեամբ։

1887-1889-ին՝ տակաւին 22-24 տարեկան, ճանապարհորդելով Արեւմտեան Հայաստան, Վրթանէս Փափազեան կը մասնակցի Սբ. Կարապետի Վարդավառի ուխտագնացութեան եւ տպաւորութիւնները կը յանձնէ Մշակին.

Ս. Կարապետին ուխտի են գնում Հայ բարեպաշտները բոլոր երկիրներից եւ նոյն իսկ ասորիները, որոնց համար մի ասորի քահանայ յատկապէս պատարագում է Սբ. Կարապետի Սբ. Ստեփաննոս կոչուող տաճարում։
Ուխտագնացութեան օրը Վարդավառի օրն է։
Ամեն երկիրներից ուխտաւորները 10-20 օր առաջ լցւում են Էրզրում, որտեղից եւ գնում է Սբ. Կարապետի ուխտաւորների գլխաւոր եւ մեծ կարավանը։

Ռուսահայերը Կարսի ճանապարհով մտնում են Էրզրում. նրանց համար արդէն կան պատրաստ պանդոկներ, միայն թէ եկողը պիտի ունենայ կանոնաւոր անցագիր եւ, եթէ կամենում է զինուած լինել (այդ պէտք է, որովհետեւ քիչ չէ պատահում որ կարավանը թալանւում է), պէտք է կա՛մ Զիվինում եւ կա՛մ Էրզրումում մաքսատնից արտօնագիր առնէ՝ մի հրացան, մի րէվօլվեր եւ մի սուր կրելու համար. մի անգամ այդ հրամանագիր ծոցդ` (դժուար չէ առնել) ազատ եւ զինուած կարելի է չափչփել ամբողջ Մուշի դաշտը…

Վարդավառին 10 օր մնացած ամենքը առաւօտեան շուտով հաւաքւում են Էրզրումից կէս ժամ հեռու հարաւ-արեւմտեան կողմը Փալան-թէօքէն (Այծպտկունք, Կ.Ա.) լեռների ստորոտում եւ թիւրքաց Աբդիւլրահման Ղազի կոչուող ուխտատեղիի մօտ սփռուող ընդարձակ դաշտի մէջ. այդտեղ են գալիս նաեւ իրանց ծնողներից գաղտնի փախած պատանի ղաչաղները` հետիոտն եւ մի-մի ջուր խմելու պղնձեայ թաս՝ գօտիներից քաշ արած:
Այդտեղ են գալիս հարուստ ուխտաւորները՝ իրանց ընկերացող «սուարի» զինուորներով, եւ, երբ երեկոյեան հովերը սկսւում են, կարավանը յուղարկաւորների հետ երկար քէֆ անելուց յետոյ բաժանւում եւ սկսում է բարձրանալ Փալան-թէօքէնի լեռն ի վեր։
Սբ. Կարապետ գնալու գլխաւոր ճանապարհները երկուս են. առաջինն անցնում է Փալան-թէօքէն լեռներից, հանդիպում է Ղարահամզա ղզլբաշ քիւրդերի գիւղը, իջեւանում է Լահուզար հանքային ջրերով քիւրդի գիւղը եւ հինգ օրուայ մէջ հասնում է Սբ. Կարապետ։

Իսկ երկրորդը, որտեղից միշտ անցնում է Էրզրումի կարավանը` նոյնպէս հինգ օրուայ մէջ տանում է մինչեւ Սբ. Կարապետ, սակայն անցնում է աւելի մարդաբնակ վայրերով։
Առաջին գիշեր կարավանը իջեւանում է Թէքիյէ Դէրէսի կոչուող Փալան-թէօքէնի լեռնադաշտում. երկրորդ գիշերը թիւգլաներում (աղահանքեր), որոնք գտնւում են մի Հայոց եւ մի թիւրքաց գիւղերի միջավայրում. այդ աղահանքից է աղ մատակարարւում ամբողջ Էրզրումի վիլայէթին։

Երրորդ գիշերը` Ղարաշէյխ քիւրդաց գիւղում, չորրորդ օրը Բաղլի քրդաց գիւղում եւ վերջապէս հինգերորդ օրը՝ Սբ. Կարապետից ո՛չ շատ հեռու Բաշչիֆտլիք 200 տնով հայկական գիւղի մէջ կարավանը հանգստանում է։
Միւս օր առաւօտեան կարավանը հասնում է վանքից ¾ ժամ հեռաւորութեամբ Հաւատամք բլրակին, որի ետեւը ծածկուած է վանքը։ Այդտեղ բոլոր ձիաւորները պարտաւոր են ցած իջնել եւ ոտքով կտրել մնացած ճանապարհը։

Երիտասարդները եւ պատանիները սկսում են վազել դէպի առաջ՝ լեռն ի վեր, որովհետեւ նրանցից ո՛վ որ առաջին անգամ կը տեսնէ վանքի գմբէթները` նա բաղդաւոր կը լինի։
Մի ժամից յետոյ կարավանը հասնում է եւ մտնում վանքը։
Վանքը կառուցուած է Բինկէօլ (Բյուրակն, Կ.Ա.) լեռնաշղթայի մի պորտի վրայ. բնութիւնը սքանչելի է այդտեղ, ջուրը առատ, կլիման առողջարար, պտուղ եւ պարէն՝ էժան։

1890-ին, Յովհաննէս վարդ. Բախչեան (Ավէռօէս) կը նկարագրէ ուխտագնացութեան մթնոլորտը` երգ, նուագ, պար, լարախաղացութիւն, զինախաղութիւն, հրացանաձգութիւն։
Այնտեղ են նաեւ ապրանքի, մրգեղէնի եւ ուտեստեղէնի վաճառականները:

Վարդավառին, Պայծառակերպութեան տօնին, շուքով եւ փառաւոր կերպով կատարւում է վանքի տօնախմբութեան հանդէսը։
Կովկասից այդ օրը գալիս են ուխտադրութեամբ բազմաթիւ ձիաւոր երիտասարդներ:
Մշեցիք, դաշտեցիք մի շաբաթ առաջ են ուղեւորւում վանքը, որպէսզի ներկայ լինին հանդիսին եւ տեսնուեն եկողի հայերի հետ, իմանան զանազան լուրեր, հետաքրքրուեն նրանց կեանքով, պատմեն իրանց վիշտերը, շարժեն եղբայրակիցների կարեկցութիւնը։
Մանրավաճառները, մրգավաճառները, խոհարարները շտապում են տանել վանքը ապրանք, մրգեղէն, ուտելեղէն, որովհետեւ այդ շաբաթուայ մէջ լինում է վանքի շուրջը շահաւէտ առեւտուր եւ տօնավաճառ։
Ամեն տեսակ զուարճութիւններ անպակաս են այս հանդիսաւոր օրերին։
Մէկ տեղ տեսնում ես քէֆ են անում, երգում, միւս տեղ՝ նուագուածուների ներդաշնակութեամբ մի մեծ խումբ երիտասարդների եւ օրիորդների շրջան են կազմում եւ պարում, փոքր ինչ հեռու լարախաղացը զբաղեցնում է ամբոխին, դուրսը զինախաղութիւն է, շատերը երիտասարդներից ցոյց են տալիս իրանց հունարը հրացանաձգութեան մէջ։
Այս հանդէսներում հաւասարապէս Հայերի հետ ուրախանում են այլազգիները, որք չափազանց անպատկառ կերպով են վերաբերւում դէպի սրբատեղիները. ամեն մի չնչին թուրք թոյլ է տալիս իրան լկտի անկարգութիւններ անել, վանահայրի խնդիրքները ոչինչ նշանակութիւն չունեն:
Այդպիսի անկարգութիւններ պատահում են եւ միւս վանքերում տօնախմբութիւնների ժամանակ. շատ անգամ դորա պատճառով Հայերի եւ այլազգիների մէջ պատահում է իրարանցում։

Ինչպէս ասացինք, Սբ. Կարապետ եկող ուխտաւորների թիւը Ռուսիայից շատ է:
Առաջին տեղը դրանց մէջ բռնում են Նոր-Նախիջեւանցիք, որոնք իրարու գերազանցում են նուիրատուութիւնների մէջ, եթէ փոքր ինչ դրանք ուշանում են եւ հասնում են Զատկից յետոյ կամ սովորականից սակաւ են գալիս, վանքի միաբանութիւնը տրտմում է թէ՛ վանքի եկամուտների եւ թէ՛ սեփական արդիւնքի պակսելու համար։

Ինչպէս Վարդավառի 1892 թուականի ուխտագնաց մը կը նկարագրէ` երգերը, պարերը, խաղերը, աշուղական մրցոյթները, լարախաղացութիւնը (փահլեւանութիւն), ուրախութիւնն ու խմիչքը հանդէս կու գան միաժամանակ, միեւնոյն մթնոլորտին մէջ.

Երեկոյեան ամէն կողմերէն ձայներ կը լսուին. տեղ մը աշակերտները հաւաքուած ազգային երգեր կ’երգեն, հոնտեղ ծառերի տակ՝ աշուղները իրար հետ կը մրցին, տեղ մը Տիարպէքիրցիք քէֆ կ’անեն. ուրիշ տեղ մը Մշեցիք հաւաքուած՝ կը դատարկեն օղին ինչպէս ջուր…
Եւ ադ ուրախութեանց մէջ ամենէն հետաքրքրական ու զարմանալին սա է. տաճիկ մը քաջ տեղեակ կ’երգէ հայերէն երգեր եւ ահագին բազմութիւն մը անով կը հետաքրքրուի։ Տեղ մը Մշեցիք հաւաքուած` եարղուշտա կոչուած խաղը կը խաղան, դա ֆիզիքական ոյժ ունեցողի համար է սահմանուած։
Անոնց մօտ ամենէն հետաքրքրական եւ գրաւիչ է տեսնել գիւղացի կանանց, հարսների, ազապ աղջկանց եւ երիտասարդաց պարը կամ «գովընտը»։
Մօտ 50-60 հոգի այդպէս իրար ձեռք բռնած ազատ համարձակ, երեսները բաց (Մշոյ մէջ գիւղացի կինը աւելի ազատ է, քան քաղաքացին), կը խաղան ու պարերգը փոխ առ փոխ կ’երգեն։
Պարերգերը մեծ մասամբ հայերէն են (քրդերէն ալ կայ), որոց մէջ շատ իմաստալի եւ գեղեցիկ կտորներ կան։
Այդ երգերը, եթէ հաւաքուեն եւ տպագրուին՝ մեծ լոյս կարող են սփռել Մշոյ ժողովրդի բանաստեղծական հանճարին վրայ։
Հարսները երեսնին կը ծածկին զանազան գոյնի եազմաներ, կը հագնին կարմիր կամ ուրիշ գոյնի շուբա, առջեւէն կը կապեն գոգնոց, ոտքերին կը կրեն մխսեր, իսկ աղջկունք գլխին կը ծածկեն արծաթեայ կամ պղնձեայ փափաթ իւր զարդերով, կարծէք սաղաւարտ լինի, բայց տափակ. պարանոցէն կը կախեն երկայն յոլունքներով զարդարած ապարանջաններ, խառն զանազան ձեւի դրամներով, ձեռները կը զարդարեն ապակեայ կամ արծաթեայ եւ կամ պղնձեայ բշաղութերով, որը օղակաձեւ է եւ կ’անցկանցնեն դաստակի վրայ, իսկ գօտիէն դէպի ետեւ ու մինչեւ գետին կը ծածանեն պխով զարդարած երկայն կապեր։
Իսկ երիտասարդները մինչեւ ծնկները կը հագնին երկայն գուլպաներ, ապա տեղական գործած կարճ շալվարը, գլուխնին կը ծածկեն զանազան գոյնի արաղչիներով, կամ քրդական քօլոզ, փաթթած զանազան գոյնի եազմաներով։
Ուշադրութեան արժանի են փահլէվանները, որք իրենց ձիրքը Սբ. Կարապետէն կը ստանան։

Անգամ մը 2 տ. փահլէվան մը տեսանք, որ լաւ կը խաղար, երբ կը հարցնէինք թէ ո՞վ տուեց քեզ այդ շնորհը, կ’ըսէր թէ երազիս մէջ տեսայ ծերունի մը, որ գետի վրայ պարան մը կապեց եւ խաղացրեց ինձ, եւ ամէն անգամ երբ ջրի մէջ կ’իյնայի, կրկին վեր կը բարձրացնէր եւ ադպիսով սորվեցայ, ապա կ’աւելացնէր թէ այժմ ալ խաղալու ժամանակ միշտ աչքիս առաջ կը տեսնամ, որ ինձ սիրտ կուտայ։
Եւ երբ կը սկսի խաղալ, երեսը խաչակնքելով, նախ Սբ. Կարապետը օգնութեան կը կանչէ։
Ո՛չ միայն սուրը կապած ոտքերի տակ կը խաղան, այլ եւ աչքերը կապած:

Վարդավառի ուխտագնացութեան ականատես մըն է Անդրանիկ Սայըեան։
Զուռնան եւ սրինգը կ’ուղեկցին Մշեցի, Սասունցի եւ Էրզրումցի կիներու, աղջիկներու եւ տղամարդոց պարերուն, իրենց վարպետութիւնը կը ցուցադրեն լարախաղացները (փէհլիվաններ):
Ծով է կը զըրըմփայ վանքը։
Խաչերով բակէն դուրս եօթ ձեռք դահուլ զուռնան կը գմռտայ. հսկայ պարը Մուշի կողմի բակը շրջապատեր իր մէջն առեր է. մէկ կողմէն կանաչ-կարմիր եազմաներով խորոտ-մորոտ հայ հարսնուկները քաղաքի եւ գիւղացի խայտաբղէտ տարազներով քօքվորուկ համեստօրէն կը պարեն քաջ ու կտրիճ երիտասարդներու հետ։

Միւս կողմէ՝ փոքրահասակ փէհլիվաններ ուրուճիկներով եւ համայիլներով զարդարուն արխալուղները հովին տուած՝ շրտի վրայ կը թռվռկան, խաղեր կ’ընեն իրենց սկլուրդ բաբաեօղուրդներու հետ պոռալով.

-Եա՜, Մշու Սուլթան Սուրբ Կարապետ, եա՜, պառւու տղայ։
Կը խաղայ ու կը խաղայ` գերեզմանէն առած իր բոլոր հունարները ու աստուածատուր շնորհները հիացումով զինք դիտող ուխտաւորներուն ձայնելով։
Մշեցի, Դաշտեցի, Քղեցի, Տիգրանակերտցի, Վանեցի, Բաղէշցի, Խարբերդցի, Կարնեցի եւ կովկասցի ուխտաւորներու եղբայրակցութեան հզօր կապը, Հայութեան գերազանց ոգին, Մշոյ Սուլթան Սբ. Կարապետը ցնծութեան մէջ է։

Հոս՝ Մուշ քաղաքի պարահմուտ կարմիր ճզմայաւոր, ճերմակ դեղլիկաւոր եւ գունագեղ Թրամպուլիսի գօտիաւոր էրիկ մարդոց եւ կանաչ-կարմիր եազմայաւոր խորոտ-մորոտ կանանց նազանի Շորորը, Եարմգորանին, նղնղուն Հօյնարը եւ շըրըխկան Եարղուշտանէ կը պարուի, կը խաղցուի հետաքրքիր նոր սերունդի հիասքանչ աչքերուն տակ։

Հոն՝ ժրաջան դաշտեցիներու, բազմահարիւր հայ կիներու եւ աղջկանց ու տղայոց քաղցրահնչուն Հայ բարբառով գողտրիկ Պարկոթն է, որ կը պարուի համեստութեան եւ սրբութեան գիրկ ընդ խառն եղբօր նման։ Մէջտեղ՝ քաջամարտիկ եւ լեռնական Սասունցիներու Սլիվանին, Փափօէն, Խլփանին, Լուրքէն եւ Ասպրեցուկն է, որ կը դղրդայ Գաբրիէլեան սրինգի գլգլուն նուագով։ Կարծես Վահագնի քաջամարտիկ զօրաց քայլերգն է, որ կը հասնի ականջիդ հին դարերէն։
Ընկուզի ծառերու շուքին ներքեւ Էրզրումցի ծկւայաւոր եւ թեթեւաշարժ Հայ տատալներու Տըրընկին եւ Թամզարան է, որ նղնղուն կը խաղցուի Տկզարկին հետ:

Ինչպէս նկարագրողները քանիցս նշեցին՝ ուխտագնացութեան գրաւիչ երեւոյթներէն մէկն է լարախաղացութիւնը։
Լարախաղացները այնտեղ են ո՛չ միայն իրենց հմտութիւնները ցուցադրելու եւ դրամ վաստակելու համար, այլեւ՝ «մուրազ» խնդրելու Սբ. Կարապետէն, ինչպէս կը պատմագրէ Վարդ Բդոյեան.

Լարախաղացները հնում նախապաշարուած էին հաւատալու, թէ իբր լարախաղացութիւնը վերուստ արուած «տուրք էր Մշու Սուլթան սուրբ Կարապետի», կամ, ինչպէս ասում են, «օխան անունի» — Յովհաննէսի, Մկրտիչի, Կարապետի, Մարտիրոսի, Աւետիսի, Մարգարի, Առաքեալի կողմից։ Այդ պատճառով էլ բոլոր վայրերից, ի թիւս որոնց եւ Ջաւախքից, ձի նստում, կամ ոտքով գնում էին նրա դուռը ուխտի, մուրազ խնդրելու։
Բայց հէնց 1900-ական թուականներին արդէն նախապաշարումներն սկսել էին վերանալ, ըմբռնելով, որ դա լոկ ճարպկութեան եւ սովորելու արդիւնք լինելով որեւէ կապ չունէր սրբերի հետ:

Բաց աստի, նոյն ինքը Մուշը յայտնի էր իր լարախաղացներով:
Մշոյ գաւառը յայտնի էր իր ընտիր լարախաղացներով։
Ժողովուրդն այս արուեստը համարում էր Սբ. Կարապետի ընծայ` երազի միջոցով:

Մուշի զաւակ՝ Գեղամ Տէր-Կարապետեան, կը նկարագրէ Մուշի լարախաղացներուն (փէհլէվան) ձգտումը օրհնութիւն ստանալու հռչակաւոր վանքէն.

Լարախաղացին պաշտպանն է Մշու Ս. Կարապետը։ […] Մեր լարախաղացները շատ կանուխէն կը սկսին։ Մանկական ի՛նչ հասակի մէջ կ’ուզէ թող լինի, սովորաբար ութը-տասը տարեկան, այն վայրկեանէն, որ Հայ տղան` երազի մէջ տեսնէ ճերմակ ձիաւոր Սբ. Կարապետը եւ փէհլէվանութեան շնորհն ընդունի, այո՛, այն օրուընէ փէհլէվան կը հռչակուի։
Տղուն ծնողք, կամ պաշտպանք անմիջապէս պատրաստելով այս արհեստին վերաբերեալ լարը, կազմածները եւ այլն, տղան ալ հետերնին առած կը տանին Սբ. Կարապետի վանքը, մատաղ կը կտրեն, Սբ. գերեզմանով օրհնել կուտան, այնուհետեւ երազատեսը կը սկսի ուշիկ փորձեր ընել լարին վրայ, մինչեւ որ վարպետ լարախաղացի մը ընկերանալով՝ կատարելագործէ:

Ձիարշաւութիւնը եւս տարածուած էր ուխտագնացութեան ընթացքին, ինչպէս կը բացատրէ Վ. Բդոյեան.

Տարօնի հայութեան մէջ զարգացած էր ձիարշաւներ կազմակերպելու սովորոյթը, որին իբրեւ շարժառիթ հանգամանքներ էին հանդիսանում հարսանեկան հանդէսները, ժողովրդական տօներից յատկապէս Համբարձումն ու Վարդավառը։ Ձիարշաւներն առաւել մասսայական բնոյթ էին ստանում Սբ. Կարապետի մօտ, նրա տօներին։

Այստեղ հաւաքւում էին, բացի տեղացիներից, նաեւ Կարնոյ, Վասպուրականի, Բաղէշի, Խնուսի եւ այլ հեռաւոր շրջանների հեծեալ կտրիչները:
Ձիարշաւների ժամանակ դաւուլ-զուռնան նուագում էր այդ մրցման յատուկ եղանակը։ Նուագից ոգեւորուած ձիերը ելման կէտերից սլանում էին դէպի նշանակուած սահմանները եւ վերադառնում էին։ Սուրբ Կարապետում նշանաւոր ձիարշաւները կազմակերպւում էին յատկապէս Վարդավառին, որը յաճախ տեղի էր ունենում արգելքների յաղթահարումով, նիզակախաղով եւ այլն։ Այս բոլորը լուրջ նախապատրաստութիւն էին պահանջում։ Խարս գիւղում ձիարշաւների մէջ իր հմտութեամբ ու համարձակութեամբ երեւելի էր Իրիցու Գրիգորը։ Սա ձիու ընթացքի բոլոր ժամանակներում զոյգ ոտքով կամ գլուխկոնծի կանգնում էր ձիու մէջքին, անցնում էր ձիու պարանոցի տակով, իջնում էր, բարձրանում, ցանկացած առարկան վերցնում էր գետնից, կամ որեւէ իր նետում էր ու բարձրացնում:

Գործնական գետինի վրայ, Մշեցիները կը վայելէին փոքր առաւելութիւններ։ Օրինակ, ոչ-Մշեցիները պարտաւոր էին պարգեւ մը նուիրել վանքի դարպասէն ներս մտնելու համար. Ուխտաւորաց բազմութիւնն հաւաքին անդ ի տօնի Վարդավառին, եւ լինի տօնավաճառ մեծ ամենայն կարեւոր վաճառաց: Հասոյթ վանացն, թող զսեփական կալուածս իւր, գիւղորէք դաշտավայրին են մեծաւ մասամբ թեմ նորա. թող եւ զոր նուիրակքն բերեն ի հեռաւոր աշխարհաց։ Մենաստանս կերակրէ զօր ամենայն ոգիս աւելի քան զհարիւր յիսուն. թող զորս ի բազմութեան ուխտաւորաց, որք ոչ միայն ի Վարդավառին, այլ եւ ի Վերափոխման հաւաքին, եւս եւ յայլ եղանակս տարւոյն չպակասեն։ Իւրաքանչիւր յուխտաւորաց որ չէ ի դաշտէն Մշոյ, պարտի հատուցանել դարպասս վանացն՝ այն է՝ ձեռաձիրս. զի Մշեցիք եւեթ ազատ են յայդմ պարտուց»…

Ուխտավորների մի խումբ՝ լուսանկարված Երզնկայի շրջանում, Կամախի բարձրավանդակում, Սեպուհ լեռան բլուրներից մեկի վրա՝ Մանեա այրքում (Սեպուհի վանք)՝ հայտնի նաև վանքի մոտակա հորդառատ աղբյուրով՝ Լուսաղբյուրով, (վանքի շրջակայքում պահպանված ավերակները համարվում են Տրդատ թագավորի ճգնարանը):
Կամախը՝ Դարանաղին, Հայոց հնագույն պաշտամունքային, մշակութային կարևոր կենտրոններից էր:
Լուսանկարը՝ Թեոդիկ-ից (1906 թվական)