«ՀՈՒՅՍ»…

Հ. ՓՈՒՇՄԱՆԻ «ՀՈՒՅՍ» ԿՏԱՎԸ

20-րդ դարի առաջին կեսի Ամերիկայի Միացյալ Նահանգների արվեստում նշանակալի տեղ ունի ազգությամբ Հայ գեղանկարիչ Հովսեփ Փուշմանը, որը, ճակատագրի բերումով, խուսափելով Մայր Հայրենիքում օսմանյան կայսրության կողմից իրականացվող ցեղասպանությունից, հայտնվել էր հեռավոր, օտար ափերում և, « ներգաղթված Նվեր դարձել»՝ ինչպես իրեն բնութագրում են ժամանակի ամերիկյան ամսագրերից մեկում («Immigrant Gifts to American Life», The illuminator, Allen E.Eaten, New York, Russell Sage Foundation, 1932):

1877-ին Տիգրանակերտում (Դիարբեքիրում) ծնված Հովսեփ Փուշմանյանը 11 տարեկանում արդեն Կոստանդնուպոլսի Գեղարվեստի դպրոցում էր և Ակադեմիա ընդունված ամենաերիտասարդ նկարիչը:

Սակայն, Հայերի նկատմամբ իրականացվող համիդյան կոտորածների պատճառով, 1896 թվականին նա ընտանիքով՝ Հայկական գորգերի վաճառքով զբաղվող ծնողների, եղբայրների ու քույրերի հետ, արտագաղթում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ հաստատվելով Չիկագոյում:

Ուսումը շարունակել է նաև Փարիզում՝ Ժուլիանի հայտնի Ակադեմիայում:
Փարիզում նա գործուն մասնակցությամբ նպաստել է Հայ արվեստագետների «Անի» միության հիմնման աշխատանքներին, որի առաջին նախագահն էր:

Իր վրձնած կտավներն ուղեկցել է նաև իր բանաստեղծական նկարագրություններով՝ պատկերված առարկաների ծագման, նրանց իմաստի մեկնաբանություններով՝ նպաստելով նրանց խորհրդանիշների վերծանմանը…

Փուշմանի կտավներն իր կենդանության օրոք անգամ մեծ հաջողությամբ վաճառվել են ցուցահանդեսների առաջին օրն իսկ:
Հետագայում, իր ստեղծագործությունների վաճառքի առիթով, ի լրումն արդեն գործող օրենքի, ի պաշտպանություն հեղինակային առավել համապարփակ իրավունքի, ԱՄՆ-ում կիրառվում է նոր՝ «Փուշմանի օրենքը»…

Նրա գործերն այսօր պահվում են հանրային ու մասնավոր հավաքածուներում, զանազան երկրների թանգարաններում (Նյու-Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում, Բոստոնի, Մինիապոլիսի ու բազմաթիվ այլ թանգարաններում):
Հայաստանի Ազգային Պատկերասրահի հավաքածուն տասնամյակներ առաջ համալրվել է նկարչի որդիների կողմից նվիրված չորս գեղանկարով:

Հավելենք, որ 1917 թվականի նոյեմբերի 17-ին Հովսեփ Փուշմանի կինը՝ Հայերի մի փոքրիկ խմբի ուղեկցությամբ ԱՄՆ-ի նախագահ Վ.Վիլսոնի հետ հանդիպման ժամանակ հանձնել է Փուշմանի հայտնի կտավը՝ «Հույս» վերնագրով՝ ի նշան այդ դժվարին շրջանում ԱՄՆ-ի կողմից Հայերին ցուցաբերած աջակցության:
Հիշյալ կտավը, ուր պատկերված է արվեստագետի 14-ամյա ազգականուհին՝ Դորան՝ որպես ցեղասպանության ժամանակ զոհ գնացած բազմահազար Հայուհիների խորհրդանիշ, ներկայացրել է օրիորդ Ա. Քյուրքչյանը:

«ՀՈՒՅՍԸ»՝ Վ.Վիլսոնի առանձնասենյակի պատին

1989 թվականին, որպես ուսումնական 5 տարիների ավարտական (դիպլոմային) աշխատանք, ներկայացրել էի Հայ հանրությանը քիչ հայտնի գեղանկարչի՝ Հովսեփ Փուշմանի ստեղծագործական ուղին, որից մի փոքրիկ պատառիկ հրատարակվեց այդ դժվարին տարիներին գոյատևող՝ «Արվեստ» ամսագրում:
Ստորև՝ այդ հակիրճ հատվածը…

«Հովսեփ Փուշմանն այն սերնդի արվեստագետներից է, որն ականատեսը եղավ իր ազգի կոտորածին, և որը վրեժխնդիր եղավ իր հանճարով:
Հայրենակիցներից շատերի նման՝ անցյալ դարի վերջերին Փուշմանյան ընտանիքը ևս լքեց իր ծննդավայրը՝ հինավուրց կոթողներով ու գեղարվեստական արժեքներով հարուստ Տիգրանակերտն ու բռնեց գաղթի ճամփան: Ամերիկայի հեռավոր եզերքներում հանգրվանած և արվեստների օրենսդիր քաղաքում՝ Փարիզում ուսանած երփնագրողը հետագայում կասի.
«Եթե իմ արվեստս նշանակություն մը ունի՝ կը պարտիմ ա՛յն ազգին, որ ծնավ զիս, և ո՛չ այն երկրին, որ զիս դաստիարակեց»:
Գեղարվեստական այլազան ուղղություններով հարուստ մի մեծ փուլի՝ 20-րդ դարի առաջին կեսի հետ համընկավ Փուշմանի գործունեության շրջանը:
«Նորարարությունների տենդով բռնված» երկրում՝ ԱՄՆ-ում ուշագրավ լինելու համար ուրույն նկարագիր էր պետք: Եվ Հովսեփ Փուշմանն արվեստի աշխարհ է մտնում՝ որպես խիստ յուրահատուկ մի երևույթ. բնավ ոչ այն պատճառով, որ նախաիմպրեսիոնիստական դասական գեղանկարին բնորոշ միջոցով նա հաղորդում էր Արևելքի խորհուրդները:
Արևելապաշտ նկարիչների մի ողջ հոսանք Եվրոպայում երևան եկավ դեռևս 19-րդ դարում (Էնգր, Ֆրոմանտեն, Բենժամեն Կոստան և այլք): Արևելքի պատկերումը նորություն չէր նաև Հայկական արվեստի համար (Վ. Սուրենյանց, Մ. Սարյան, Ս. Խաչատրյան):
Արվեստագետներից յուրաքանչյուրն իր որոշակի խնդիրներն էր հետապնդում արևելյան պատկերներում:
Փուշմանը ոչ թե ճանապարհորդի հետաքրքրությամբ է ներկայացնում Արևելքը, այլ փորձում է բացահայտել Արևելքի ոգին, նրա փիլիսոփայությունը:
Իսկ դա հայտնություն էր Եվրոպայի, առավել ևս՝ Ամերիկայի համար:
Փուշմանն արվեստի քառուղիներում ընթացավ դեռևս անկոխ արահետով՝ չցանկանալով հետևել ոչ մի դպրոցի և օրենքի, որը կկաշկանդեր ստեղծագործական իր ազատությունը, մտքի թռիչքը:

Լինելով Արևելքի զավակ, զինված ու սնված Արևելքով, նա, ավելի, քան որևէ եվրոպացի նկարիչ, կարողացավ թափանցել այդ խորհրդավոր աշխարհի գանձարանն ու իր արվեստում արտաբերել նրա խորհուրդը:
Արևելքն է Փուշմանի ներշնչման աղբյուրը, և դա ակնհայտ է նրա թե՛ դիմապատկերներում, թե՛ նատյուրմորտներում…
Տարբեր երկրների գեղուհիներին ներկայացնող դիմանկարների շարքում առանձնահատուկ տեղ ունի Հայուհու կերպարը («Հայաստանի ծաղիկը», «Հայուհին», «Հույս», «Հուլիանեի դիմանկարը», «Անցած օրերուս անուշ բույրը», «Հարսնուկը»…):
Այս կտավներից ամեն մեկն ընկալվում է որպես բողոք՝ ընդդեմ աննախադեպ ոճրագործության՝ Հայոց ցեղասպանության:
«Հայաստանի ծաղիկը» կտավում ծիրանագույն գլխաշորով սևաչյա Հայուհին է՝ իր թովիչ հմայքով:
Հայ կնոջն է պատկերում «Անցած օրերուս անուշ բույրը» աշխատանքը: Մայրության քնքուշ արտահայտությունն է դրոշմված նրա դեմքին: Իսկ ձեռքում բռնած ծիրանագույն մեկոնը, որ Հայաստանն է խորհրդանշում, նաև վշտի արտահայտությունն է: Այն հիշեցնում է հինավուրց զրույցը, ըստ որի՝ հինգերորդ դարում Հայերի ու պարսիկների միջև մղված պատերազմից հետո ռաղմադաշտի նորընձյուղ մեկոնները ծիրանի գույնով փթթեցին:

Հայուհիներին պատկերող կտավներից բացառիկ է «Հույսը»:
«Թերևս պիտի նշմարենք տխրության շուք մը անոր աչքերուն վրայ: Այդ տխրությունը ավելի վաղնջական է, քան՝ աղջիկը ինք, այդ տխրությունը գրված է անոր ցեղին դարավոր չարչարանքով»,- նկատել է ամերիկացի քննադատը՝ Էնտոնի Անդերսոնը 1917 թվականին: Այսուհանդերձ, պատկերը վերնագրված է՝ «Հույս»:
Դա ապագայի նկատմամբ ոչ միայն նկարչի, այլև իր ողջ աշխարհասփյուռ ազգի Հույսն է, որը չի լքում նրան նույնիսկ տառապանքի պահին:
Աղջնակի ձեռքում Հայաստանի լեռներում այնքա՜ն առատ աճող ձնծաղիկն է՝ գարնան ավետաբերը: Դա նաև խորհրդանիշն է Հայ կնոջ չընկճվող Ոգու:

Փուշմանի վրձնած հիշյալ պատկերները մեկ անգամ ևս վկայում են, որ «Հայկական աչքերն ավելի շուտ են խոսում, քան շուրթերը և դեռ շարունակում են խոսել, երբ շուրթերն արդեն դադարել են խոսելուց» (Արշիլ Գորկի):
Երփնագրողն իր արվեստով մարդկությանն էր ներկայացնում այն գեղեցիկ աշխարհը՝ անօգնական ու փխրուն էակներին, որոնք անպատմելի խոշտանգումների զոհ դարձան:

Թեև Փուշմանի ստեղծած դիմապատկերներն ամենաջերմ ընդունելության արժանացան, սակայն Վարպետին իսկական փառք բերեցին նրա վրձնին պատկանող նատյուրմորտները:
Այս ժանրում նա իր գործունեությունն սկսեց առաջին աշխարհամարտի տարիներին, Փարիզից ԱՄՆ վերադառնալուց հետո, երբ արդեն հասուն մտածողության տեր արվեստագետ էր:
Փուշմանը հետևում էր այն գաղափարին, որը դեռևս Արիստոտելը ձևակերպել էր այսպես.
«Արվեստի նպատակը ոչ թե իրերի արտաքին տեսքը Ներկայացնելու, այլ՝ նրանց ներքին իմաստի մեջ է»:
Փուշմանի արվեստը նրա մտածողության արտացոլումն է՝ տեսանելի կերպարների միջոցով: Եվ դա է պատճառը, որ, չբավարարվելով դիմապատկերներում մարմնավորած գաղափարներով, նա որոնում է ավելի լայն ասպարեզ, որպեսզի կարողանա արտահայտել իր իմաստասիրական խորը մտորումները: Իսկ դրա լավագույն հնարավորությունն էր ընձեռում նատյուրմորտը:

Փուշմանի կտավներում գեղարվեստական առարկաները ոգեղեն են ու կենդանի: Նրանց մեղեդիով է հյուսվում նատյուրմորտի հարուստ բովանդակությունը:
19-րդ դարի վերջին — 20-րդ դարի սկզբին, Փուշմանի արվեստի ձևավորման շրջանում, լայն տարածված էր սիմվոլիզմի փիլիսոփայական-գեղագիտական սկզբունքը:
Այդ ժամանակահատվածում տարածված բազմաթիվ գեղագիտական ուղղություններից, թերևս, դա միակն էր, որի հետ ընդհանուր եզերքներ ունի Փուշմանի երփնագիրը:
Խորհրդանշական տարրերի առկայությունը Հ. Փուշմանի արվեստում նախապատրաստված էր դեռևս ստեղծագործության վաղ շրջանից. դա ակնհայտ է նրա յուրաքանչյուր դիմանկարում:
Նկարչի վրձնած աշխատանքներում ոչ միայն հին արձանիկներն են վերստին կյանք առնում, ոգի դառնում, այլև՝ խեցեղենը, ձեռագրի մի էջը, թորշոմած վարդը…

Գերազանց գիտենալով Արևելքի փիլիսոփայության, կրոնի, մշակույթի մասին գրեթե ամեն բան՝ Փուշմանը հաճախ է իր արվեստի նյութ դարձրել խորհրդապաշտությամբ առլեցուն լեգենդներն ու զրույցները («Հավերժական գարնան աստվածը», «Զարթումի պահը», «Սուրբ ձին»…):

«Զարթումի պահը»

Յուրօրինակ նկարագրով ու նուրբ դաշնավորված երանգներով այս կտավները միշտ համահունչ են ժամանակի ոգուն:
«Շատ ուրախ եմ գիտնալու, որ քննադատներ կը դրվատեն գործս, որովհետև Հայ մ’ եմ, ներկայացուցիչը ցեղի մը, որ տարիներով հեծած է թուրք բարբարոսութեան լուծին տակ: Փառասիրություն է ցուցանել, թե ազգիս մեկ հատիկ անհատը ի՛նչ կրնայ գլուխ հանել: Ու եթե կարենամ ցուցնել, թե Հայ ազգը կրնայ բան մը ընել, և այդպիսով գեթ կարող ըլլամ մեկ Հայ փրկել թուրքի հալածանքներեն ու կոտորածեն՝ հավիտենապես վարձատրված պիտի զգամ ինքզինքս»:

Սրանք Փուշմանի խոսքերն են՝ տպված ամերիկյան թերթերից մեկում՝ 1916 -ին»…

Հ. Փուշմանի դիմանկարը

Հոդվածի առաջին տպագրությունը՝ «ԱՐՎԵՍՏ», 1993, թիվ 1-2-ում…

http://www.hovseppushman.net/

Նշված հղմամբ՝ Փուշմանի ստեղծագործություններին առցանց ծանոթանալու մի փոքրիկ հնարավորություն…