«ՎԱՅՐ ԸՆԿՆՈՂ ԱՍՏՂԵՐ» (Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆ — Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆ)
Հազարամյակների խորքից հարատևող հնագույն բազմաթիվ հավատալիքներից է Նախնիների պաշտամունքը, որի հետքերը գտնում ենք մերօրյա կենցաղում և մշակույթում:
Տոհմի, գերդաստանի հոր և մեծ մոր գրեթե անսահման իշխանությունն ընտանիքների վրա Հայոց մեջ պահպանվել է մինչև 20-րդ դարի կեսերը (որոշ վայրերում թերևս հետագայում նույնպես):
Կենսական դժվարին պայմաններում քաջարի Նախնիներից նրանց կենդանության օրոք ստացած անձնվեր պաշտպանությունը, անխոնջ խնամակալությունը, փութեռանդ հոգածությունը շարունակվում էր ակնկալվել նրանց մահից հետո ևս (թեկուզ և խորհրդանշական իմաստով): Հատկապես, որ նախնական պատկերացումներում ոգիների, հոգիների շուրջ երկար պատմություններ էին հյուսվում: Մերօրյա բազմաթիվ ծեսերում ասվածի բազմաթիվ վերապրուկներ կան դեռևս:
Հնագույն աշխարհընկալումներում իրենց կարևոր դերն ու տեղն ունեին երկինքն ու ողջ Տիեզերքը: Եվ մարդկանց հոգիների հետ, անշուշտ, աստղերի կապը…
«Հավատում էին և մինչև հիմա էլ «Սասնա Ծռերի» ասացողները հավատում են, թե ամեն մարդ ունի մի աստղ, որ խավարում է, երբ մարդ վտանգի մեջ է ընկնում»,- նշում է Մ. Աբեղյանը:
Հոգիների՝ որպես «լույս» երևակայման փայլուն դրսևորումներից են մահացածի համար ասվող՝ «Հոգին լույս դառնա» մաղթանքը, «հոր գերեզմանը» կամ աստղերը վկայելով երդումը («Էն մեծ ու պստիկ աստղերը վկա»), ինչպես և «աստղունքին» ուղղված օգնության, պահպանության աղոթքը («Ձետ-Պետ (մեծ-փոքր) աստղունք, օգնական պահապան կայնեք»)…
«Ա՜խ, շռայլ է լինում ոգին — լոկ մի՛ անգամ իր կյանքում․
Երբ վառվելով, մոխրանալով՝ իր վախճանին է հանգում․
Լինում է միշտ դա լույս, անվիշտ և երջանիկ այն ժամին,
Երբ իր մահով՝ խինդով, ահով՝ ծնում է աստղ իր հանգույն»…
Եղիշե Չարենցի խորախորհուրդ քառյակից հետո՝ Մ. Նալբանդյանի և վերջինիս բանաստեղծության նմանությամբ գրված՝ Հ. Թումանյանի բանաստեղծությունները՝ ստորև…
Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
«ՎԱՅՐ ԸՆԿՆՈՂ ԱՍՏՂԵՐ»
«Հյուսիսափայլ», 1858 թ.
«Հայրի՜կ,- ասաց դուստրը հորը,-
Կապույտ երկնքի վերա
Ո՞րքան աստղեր փայլում են վառ,
Ասես համար, թիվ չըկա․
Ասում են որ ամենայն մարդ
Աստղիկ ունի երկնքում․
Ճշմարի՞տ է, ասա՛, հայրի՛կ,
Իմը ո՞րտեղ է փայլում»։
— Այո՛, դստրի՜կ, այդ աստղերը
Ունին հաշիվ ու համար,
Եվ մեզանից յուրաքանչյուր
Մի աստղ ունի յուր համար։
«Հայրիկ, տե՜ս, տե՜ս, աստղը թռավ
Հետքից պայծառ, գիծ թողեց․
Աստղիկն ընկավ երկնքիցը,
Մյուս անգամ այլ չերևեց»։
― Ո՛հ, ի՜մ դստրիկ, հանգի՜ստ կացիր,
Դա մեծատան մի աստղ էր,
Որ յուր օրում, յուր կյանքումը
Խիղճ ասածը չը գիտեր․
Աղքատները նորա դռնից
Գիշեր ցերեկ հալածված․
Մի մարդ չը կար նորան ծանոթ,
Որ չը լիներ վշտացած։
«Հայրի՜կ, տե՜ս, տե՜ս, աստղ թռավ,
Հետքից պայծառ գիծ թողեց,
Աստղիկն ընկավ երկնքիցը,
Մյուս անգամ այլ չերևեց»։
— Ո՜վ իմ զավակ, մի՛ վրդովվիր,
Դա աղջկա մի աստղ էր,
Որ յուր հոր ու մորը խոսքը
Յուր կյանքումը հարգած չէր․
Նա փախել էր յուրյանց տնից․․․
Մուր էր քսել տան վերա․․․
Յուր ծնողքը լացուցել էր,
Ինչքը վատնել անխնա։
«Հայրի՜կ, դարձյալ թռավ մի աստղ,
Վայր ընկավ նա երկնքից․
Հայրի՜կ, ովի՞ աստղն էր արդյոք,
Որ զրկվեցավ յուր տեղից»։
— Ո՛հ, դստրի՜կս, հանգի՜ստ կացիր,
Կեղծավորի դա աստղ էր,
Որ յուր օրում ուղիղ մի խոսք
Մարդու երբեք ասած չէր․
Փարիսական յուր ձևերով
Աշխարհք խաբեց, զարմացուց,
Այդ պատճառով աստված նորա
Աստղի լույսը խավարցուց։
«Հայրի՜կ, տե՜ս, տե՜ս, մյուս աստղ թռավ
Եվ գիծ անգամ չը թողեց,
Աստղիկն ընկավ երկնքիցը,
Մյուս անգամ այլ չերևեց»։
— Ո՛հ, սիրական, խաղա՜ղ մնա,
Բռնակալի դա աստղ էր,
Որ աշխարհը յուրյան գերի
Ծնած օրից կարծել էր,
Շատ հալածանք, շատ նեղություն
Պատճառեց նա յուր կյանքում․
Շատ տուն քանդեց, շատ մարդ զրկեց,
Գութ չունեցավ յուր սրտում։
«Ապա այն ի՞նչ աստղ է, հայրի՜կ,
Որ այնպես պարզ վառվում է,
Նորա մաքուր պայծառ լույսը
Չորս կողմը բակ բռնել է»։
— Ո՛հ, ի՜մ դստրիկ, աղո՛թք արա,
Դա ծերունու մի աստղ է,
Որ յուր կյանքում ոչինչ մարդու
Ոչինչ վնաս տված չէ․
Այն լուսավոր բակն է նորա
Առաքինի գործքերը․
Աղոթք արա, որ երկարվին
Նորա կյանքի թելերը։
Շատ օր չանցավ, երկնքիցը
Մի այլ վառ աստղ պակասեց․
Ովի՞ աստղիկն էր, որ ընկավ,
Բան հարցանող չերևեց։
Մինչ դեռ լուսինն արծաթափայլ
Լույս էր տալիս գիշերին,
Խորհրդավոր մինչ տիրել էր
Անվրդով խոր լռություն․
Մի սրտաթափ, մազերն արձակ
Վազեց աղջիկ սգավոր
Դեպի գեղի գերեզմանքը,
Ծունկ չոքեց մի շիրմի մոտ։
«Հայրի՛կ, աստղիկդ չէ փայլում,
Դու հավիտյան քնեցիր․
Ա՛ռ ինձ քո մոտ, քո ծոց, քո գիրկ,
Ինչո՛ւ անտեր թողեցիր»։
Իմ աստղիկին ասա՛ նույնպես,
Որ չըփայլի․ հերի՛ք է․
Այս աշխարհը ինձ առանց քեզ
Մութն ու խավար մի բանտ է»։
Մի մարդ չըկար, որ նկատեր,
Որ հետևյալ գիշերին
Պակասեցավ երկնքիցը
Մի պայծառ աստղ խնդագին։
Երրորդ օրը շատ սգավորք
Փորեցին մի գերեզման,
Ուր թաղվեցավ յուր հոր մոտին
Մարմինը խեղճ աղջկան։
«Հայրի՜կ, տե՜ս, տե՜ս, աստղը թռավ,
Հետքից պայծառ գիծ թողեց,
Աստղիկն ընկավ երկնքիցը,
Մյուս անգամ այլ չերևեց․․․»:
Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆ
«ՎԱՅՐ ԸՆԿՆՈՂ ԱՍՏՂԵՐ» (Նմանություն, 1899թ.)
– Հայրի՛կ, տե՛ս, տե՛ս, աստղը թռավ,
Անհետ կորավ երկընքից,
Ո՞վ էր արդյոք, որ զրկվեցավ
Կես գիշերին իր կյանքից։
– Ո՜հ, ի՜մ դստրիկ, հանգի՜ստ եղիր,
Մի հոգևոր հայր էր նա,
Գիշեր-ցերեկ մի հոգս ուներ,
Որ մեզանից փող ստանա։
Փարիսական իր գործերով
Աշխարհ խաբեց, զըզվեցրուց,
Այդ պատճառավ աստված նրա
Աստղի լույսը խավարցուց։
Նա ամեն բան ծախեց փողով,
Ոտքեց ամեն սըրբություն…
Այժմ այնտեղ ահ ու դողով
Հաշիվ կըտա աստըծուն։
– Հայրի՛կ, տե՛ս, տե՛ս, մեկն էլ ընկավ,
Եվ չըթողեց ոչ մի գիծ,
Ասա՜, հայրիկ, էլ ո՞վ հանգավ
Ու պակասեց մեր կյանքից:
– Ո՜հ, ի՜մ դստրիկ, խաղա՜ղ մնա
Կեղծավորի մի աստղ էր,
Որ ձևացավ ամբողջ կյանքում
Առաքինի, ազգասեր։
Ամեն անգամ նա խնջույքում
Բախտ էր մաղթում խեղճերին,
Ազգի կենացն առաջարկում,
Արտասուքը աչքերին։
Բայց խեղճերը նրա ձեռքից
Գիշեր-ցերեկ հալածված,
Ազգին չեղավ նա կարեկից,
Ո՜չ ազգ գիտեր, ո՜չ աստված։
– Հայրի՛կ, տե՛ս, տե՛ս, աստղը թռավ,
Հետքից մի կարճ գիծ թողեց,
Աստղը թռավ դեպի Բաքու,
Էլ մյուս անգամ չերևեց։
– Ո՛հ, ի՜մ դստրիկ, հանգի՜ստ եղիր,
Այն գործիչի մի աստղ էր,
Որ իր սրտում ծնված օրից
Չուներ անկեղծ գործի սեր։
Նա աղմըկեց, անուն հանեց,
Սանդուղք շինեց իր ազգին…
Եվ ողջ ծաղրեց, երբ ապրում էր
Գըրպանները լի ոսկին։
– Հայրի՛կ, տե՛ս, տե՛ս, մեկն էլ ընկավ,
Հետքից թողեց մի ծուռ գիծ,
Ասա՜, հայրի՜կ, էլ ո՞վ հանգավ,
Աստղը պակսեց երկընքից։
– Ո՜հ, ի՜մ դստրիկ, մի՛ վրդովվիր,
Մի խըմբագրի աստղ էր այն,
Որ իր թերթը տըպագրում էր
Անձի համար միմիայն։
Նա կուրացած իր ցած կրքից
Հայհոյում էր անամոթ,
Եվ դորա տեղ միշտ իր ազգից
Պահանջում էր բաժանորդ:
Գրողները նորա թերթից
Հիշոցներով հալածված,
Չուներ մի տեղ մի թղթակից,
Որ չըլիներ վշտացած:
– Հայրի՛կ, հայրի՛կ, ինչ լավ եղավ`
Այդ աստղերը վայր ընկան,
Հայրի՛կ, հայրի՛կ, այդպես մարդիկ
Մեր աշխարհքումն էլ չըկա՞ն:
– Ո՜հ, ի՜մ դստրիկ, մի մասն են լոկ
Այդ աստղերը, որ ընկան,
Մեր երկնքում, գիտե՞ս արդյոք,
Որքան այդպես աստղեր կան: