ՏՐՆԴԵԶ — «ՄԵԾ ԳՈԼՆ ԸՆԿԱՎ, ՁՆՀԱԼՆ ԸՆԿԱՎ»…

ՏՐՆԴԵԶ — «ՄԵԾ ԳՈԼՆ ԸՆԿԱՎ, ՁՆՀԱԼՆ ԸՆԿԱՎ»…

Հնագույն տոների ու ծեսերի ակունքներում Բնությունն է, Տիեզերական կարգի խորհուրդը, տարվա շրջափուլերը, որոնցով պայմանավորված է Մարդու կենսագործունեությունը, Կյանքի հարատևումը:
Հետևաբար՝ ծիսական օրացույցը խիստ կանոնակարգված է և ցանկացած փոփոխություն խախտում է տրամաբանական շղթան:
Հայկեան ուսմունքի՝ Արևապաշտության հիման վրա ձևավորված Հայոց օրացույցն ասվածի վկայությունն է:
Նոր տարվա սկիզբը Հայկազունիները հազարամյակներ շարունակ նշել և ցարդ նշում են գարնանամուտին՝ փառաբանելով մշտանորոգ Բնության հերթական Վերազարթոնքը, երբ ձմեռային «նինջից» հետո կրկին փթթում է բուսականությունը, հողը պտղաբերում է և կրկին կյանքի կոչում ողջ կենդանական աշխարհը…

«Մեծ գոլն ընկավ, ձընհալն ընկավ,
Հողը շընչեց, զեփյուռն եկավ,
Արևն ելավ վառ ճառագած,
Հարցմունք արավ հողին հակված.
Արևը
— Սիրու՛ն աղջիկ, ի՞նչ ղըրկեմ քեզ։
Աղջիկը
— Ես ծաղիկներ կուզեմ պես-պես։
Արևը
— Ա՛յ աղբյուրներ, ա՛յ գետակներ,
Սառցի ներքև քընա՞ծ եք դեռ.
Դո՛ւրս եկեք, դո՛ւրս,
Շո՜ւտ, դեպի լուս,
Նոր աշխուժով
Ու նոր ուժով
Կարկաչեցե՛ք
Ու կանչեցե՛ք
Հողում քընած սիրուններին՝
Ծաղիկներին ու ծիլերին»…

Հովհաննես Թումանյանի՝ 1913 թվականին գրած այս բանաստեղծության մեջ ձնհալի բերած ուրախությունն է՝ Բնության Վերազարթոնքի՝ Հողի «նոր շունչի» ավետիսը…
Այս խորհուրդն են նշում Հայոց ազգային ավանդույթներին հավատարիմ մնացած Հայերը՝ Տրնդեզի, Բարեկենդանի տոներով՝ փառաբանելով կենսատու Արեգակի բաշխած կրակն ու լույսը…

Տրնդեզն եկավ՝
Մեծ գոլն ընկավ…

Անցնող տարվան զուգընթաց՝ մարդիկ հրաժեշտ են տալիս «հնին»՝ հատուկ ծեսերով մաքրագործում իրենց միտքը, մարմինը և շրջապատող աշխարհը (տունը, բնակարանը, փողոցները…):

Բնության արբունքը նշանավորելու համար և գալիք պտղաբերումը խթանելու նպատակով կազմակերպում են հատուկ ծիսական տոնախմբություններ, որոնցից են Տրնդեզը, Բարեկենդանը։
Տրնդեզի ծիսական խարույկից վերցված խանձողները՝ կիսայրված փայտերը, պտտեցնում են իրենց տան շուրջը, սենյակների և գոմի մութ անկյունները լուսավորում, այդ խանձողներով վառում տան ճրագը, նորոգում թոնրի կրակը, վառվող փայտերով հրավառության հանդեսներ անում այգիներում, հանդերում ու դաշտերում՝ առատ բերքատվության միտումով:

Խստաշունչ ձմեռվա «դառնությունից», հողմերի, սառնամանիքների պատճառած «նեղություններից» հետո ձնհալքը մոտալուտ գարնանամուտի ավետումն է բերում՝ տներում փակված մարդկանց, որջերում ձմեռած կենդանիների, հողի տակ քուն մտած բուսական աշխարհի՝ «ձմերոցից՝ ձմեռնահանգստից» արթնացումը:
Երբ անցնում են «տարափը ձեան» և «բուքը հողմակոծ ձմերայնոյ», ձնհալքն ավետում է գարնանամուտը՝ ձմեռային հանդարտությանը փոխարինող խլրտումը, երբ սառույցը ճեղքվում է և նրա ներքո լսվում է գետի խոխոջքը — Երկրի Բարի Կենդանությունը…

«Հնագոյն ժամանակներից մինչ օրս տարուայ տարբեր ժամանակներում նշուող տօներն ու ծէսերը պարզապէս օրացուցային իրադարձութիւններ չեն, այլ խորախորհուրդ ծիսակարգեր, որոնք միջոց են վերականգնելու Մարդու կապը Տիեզերքի, Բնութեան ընդհանուր կարգի, Նախնիների արժեհամակարգի հետ»,- բացատրում են Հայկեան Միաբանութեան Քրմերը:

«Տօները ձեւաւորուել են ի նշանաւորումն Կեանքի յարատեւման, Կենսական անսպառ ուժի փառաբանման, Երկրի վրայ եղանակների հերթափոխութեան՝ անցումային պահերի հաստատման՝ հողի, կենդանիների, մարդկանց պտղաբերումը խթանելու եւ սերունդների յիշողութեան՝ Նախահայրերի հետ մշակութային կապի ամրապնդման:
Յետեւաբար՝ չափազանց մեծ խորհուրդ է կրում ծիսակարգի իւրաքանչիւր գործողութիւն եւ կարեւոր է ողջ ծէսը ճշգրիտ իմաստով ներկայացնելը»,- գրում է Քուրմ Միհր Հայկազունին և շարունակում.

«Հայկեան օրացուցային գլխաւոր տօներից է Տրնդէզը, որը չորս օժանդակ տօներից մէկն է՝ Արարչական խորհրդով, նաեւ՝ սիրոյ տօնը: Այն նշում ենք տարին եզրափակող ամսին՝ Հրոտից ամսուայ Հրանդ օրը (փետրուարի 15-ին) եւ խորհրդանշում է անցումը դէպի գարնանամուտ:
Հրոտից — հուրը ոտիցն՝ ի օգնութիւն, ի օժանդակութիւն վերին Հուրին Արեգական:

Տօնի հովանաւորներն են Յաղթաբազուկ Վահագն եւ Բարեփառ Միհր Դիցերը՝ որպէս ռազմական քաջութիւնը, կամքը խորհրդանշող Հուր տարրի խորհրդակիրներ, քանզի տօնի խորհուրդը Հուրն է, Կրակի շուրջ են ծաւալուում ծիսական արարողութիւնները:

«Տրնդէզ» բառի ստուգաբանութիւնը — «ատր ընդ դէզ»՝ կրակը դէզի՝ փայտի կոյտի ներքոյ…
Տօնը նուիրուած է Հուրին, որը չորս տարրերից «նրբագոյնը եւ թեթեւագոյնն է՝ այրեցօղ եւ լուսատու»: Տօնի խորհրդանշական գոյնը դեղինն է:
Բոցավառ խարոյկի տեսքով կրակը Հրով խորհրդանշական օժանդակումն է մարդու ոտքին՝ արմատին, խարսխին, նաեւ՝ մարմնին, հողին, ողջ Բնութեանը՝ արագացնելով խստաշունչ ամիսներից յետոյ սկսուող ձնհալը եւ արեւավառ օրերի վերադարձը:

Տրնդէզի տօնին բլրաձեւ դիզուած բոցակէզ խարոյկի վրայից մարդիկ ցատկում են, որպէսզի «կրակը մարդու մարմնին առնի», հուրն իր ճաճանչների լոյսով ու ջերմութեամբ ողողի մարդկանց մարմինը եւ միտքը՝ գիտակցութիւնը:

Կրակը մարդկանց համար միայն ջերմութեան կամ լոյսի աղբիւր չէ, այլ նաեւ՝ կենդանի կապի միջոց՝ Մարդու եւ Տիեզերքի միջեւ:
Այն Արարչական Նախասկզբի խորհուրդն ունի եւ ընկալուում է որպէս Կենսատու Արեւի խորհրդանիշ՝ Երկրի վրայ: Այստեղից էլ՝ Արեւապաշտութեան հիմնական խորհուրդներից մէկը՝ տաճարում վառուող Մշտաբորբ Հուրը՝ Տիեզերական կարգի յարատեւման իմաստով:

Մաքրող, վերափոխող ուժ ունի կրակը եւ այդ առումով մեծապէս կիրառուում է զանազան ծիսակարգերում (կրակի շուրջ պտոյտը, կրակի վրայից ցատկելը, զէնքերը կրակով «օծելը»՝ մաքրելը)…

Տրնդէզի տօնի գլխաւոր ծէսը խարոյկի բորբոքումն է՝ կրակարանից բերուած կրակով: Նրա թեժ բոցերը խորհրդանշական իմաստով «ուժեղացնում են Արեւի ջերմութիւնը Երկրի վրայ»: Խարոյկի վրայով ցատկում են նորապսակները, երիտասարդները, ընտանիքները՝ ի նշան Վերածննդի, բերքառատութեան, հիւանդութիւնները վանելու, առատ պտղաբերում ապահովելու…

Տրնդէզի ծիսական խարոյկը բոցավառուում է նախօրոք ընտրուած, յատուկ՝ մաքուր փայտով պատրաստուած դէզի ներքոյ տեղադրուած՝ ընծայաբերուած հատիկների օգնութեամբ, վարդաիւղի, անուշաբոյր բոյսերի յաւելմամբ: Այդ սրբազան կրակից մի կայծ՝ մի մասնիկ մարդիկ իրենց տուն են տանում՝ ի նշան Կենաց լոյսի յարատեւման, բարօրութեան… Այն բաժանում-ընծայում են մտերիմներին, ազգականներին:
Աւարտին ջրով չեն հանգցնում, այլ խարոյկի մոխրով են մարում կրակի վէրջին առկայծումները (կամ ծածկում հողով):

Գարնանամուտին՝ Արեգ ամսուայ Արեգ օրուան՝ Հայոց Ամանորին նախորդող Տրնդէզի տօնը կրակով «հնից» ձերբազատման իմաստն ունի նաեւ: Անցնող ձմռանը յաջորդող Գարնանամուտը նոր սկիզբ է ազդարարում՝ նոր ծրագրեր, նոր պտղաբերում…

Ծիսական խարոյկի շուրջ ծաւալուող շուրջպարերով Հայկազուն Արեւորդիները ճանապարհում են ձմռան ցուրտը եւ ողջունում են ձմեռային «նիրհից» Բնութեան արթնացումը, երբ Մեհեկան ամսուայ Միհր օրը «ծնուած» Արեւն արդէն 54 օրեկան է եւ եղանակի ջերմութեան վերադարձով Բնութեան գալիք արբունքի, պտղաբերման շրջանն է սկսուում՝ Հողի «մայրութեան» սպասումով:
Բնութեան հետ ներդաշնակ՝ մարդիկ եւս նախապատրաստուում են կենսական ուժերի վերափթթմանը՝ սիրոյ եւ պտղածնութեան երջանիկ ակնկալիքով:

Տրնդէզի ծիսական կրակով Հայկազունիները ջերմացնում, մաքրում են նորապսակների, սիրահարների մարմինը, սիրտն ու գիտակցութիւնը, մեծարում են սէրը՝ փոխադարձաբար միմեանց ընծայելով խորհրդանշական նուերներ, քաղցրաւենիք…

Բնութեան վերազարթօնքի՝ Բարի կենդանութեան, բարեկեցութեան՝ բարեկեցիկ օրերի գալուստն աւետող զուարթ խրախճանքներով, ծիսական կերակուրներով, ազգային ճաշատեսակներով, ընդեղենով, աղանձով, փոխինձով, մրգաչրերով հարուստ սեղաններով աւարտուող տօնախմբութիւններից յետոյ սկսուում է պահքի շրջանը՝ սննդի սահմանափակմամբ, պահեցողութեամբ մարդու մարմնի՝ «ներքին տաճարի» եւ մտքի մաքրումը եւ Բնութեան հերթական ծաղկման դիմաւորման նախապատրաստումը…
Ձմռանը հրաժեշտ են տալիս անցնող տարում իրականացրած գործերի հանրագումարով եւ կազմում են գալիք տարուայ ծրագրերը»:

Գրանցվեք մեր էլեկտրոնային լրատվական նամակներին, որպեսզի էլեկտրոնային փոստով տեղեկացված լինեք, երբ նոր հոդվածներ կհրապարակվեն: