«ԿՈՒՅՐԵՐԻ ԿԱՐԾԻՔԸ»…

«ԿՈՒՅՐԵՐԻ ԿԱՐԾԻՔԸ»…

Աշխարհի, իրականության ճանաչման խնդիրը յուրաքանչյուր սերնդի համար կենսական անհրաժեշտություն է։
Այսօրվա տեղեկատվական անսահման, բազմաբնույթ հոսքի մեջ և Հայաստանի ներկայիս պայմաններում՝ առավել ևս և, հատկապես, կարևորվում է ազգային ինքնաճանաչումը…
Թվում էր, թե նույնիսկ վերջին տասնամյակների իրադարձությունները պետք է շատերի «աչքերը բացեին», նպաստելով այսօրվա բազմաշերտ իրականության մեջ դիմակավորված դեմքերը դիմակազերծելուն, ճշմարիտը կեղծիքից զանազանելուն…
Սակայն համատարած խավարում է խարխափում մարդկանց զգալի մեծամասնությունը։
Դարերի խորքից եկող արևելյան առակներից մեկը հիշատակելու առիթ եղել էր նախկին գրառումներիցս մեկում։
Առակի բովանդակությունը համառոտ հետևյալն է.
Մի խումբ կույր մարդկանց բերում են մի փղի մոտ և ասում, որ փորձեն գուշակել, հասկանալ՝ ի՛նչ է իրենց առջև։
Մեկը շոշափում է փղի ոտքը և ասում՝ «Սյու՛ն է»։
Մյուսը բռնում է պոչը և ասում՝ «Պարա՛ն է»։
Երրորդը շոշափում է կնճիթը և ասում՝ «Օ՛ձ է»։
Մեկ ուրիշը դիպչում է ականջին և ասում՝ «Հովհա՛ր է»։
Նրանցից յուրաքանչյուրը համոզված է, որ ճիշտ է, բայց իրականում բոլորը տեսնում են միայն մասը, ոչ ամբողջը։


Առակի հիմնական իմաստը —

  • Մասնակի գիտելիքը ամբողջ ճշմարտությունը չէ:
    Մարդը հաճախ ընկալում է իրականության միայն մի հատվածը և կարծում է, թե դա ամբողջ ճշմարտությունն է։
  • Ճշմարտությունը բազմակողմանի է:
    Իրականությունը կարելի է հասկանալ միայն տարբեր դիտակետերը համադրելով։
  • Վեճերի անիմաստությունը, երբ ոչ ոք չի ընդունում իր գիտելիքների սահմանափակությունը:
    Մարդիկ հաճախ վիճում են, որովհետև յուրաքանչյուրն ունի իր սահմանափակ փորձը և չի տեսնում ընդհանուր պատկերը (ինչպես ներկայիս քաղաքական ասպարեզն է՝ իր «գործիչներով» և նրանց գործունեության շուրջ ծավալվող գնահատանքներով, քննարկումներով)…

Ահավասիկ նույն առակը՝ Հովհաննես Թումանյանի մշակմամբ…

ԿՈՒՅՐԵՐԻ ԿԱՐԾԻՔԸ
(Արևելքի առակներից)

Օրը ցերեկով
Երեք-չորս հոգով
Կույրերը եկան
Փըղին դեմ ընկան։

Մինը, որ մարմնին դիպավ հաստ, ահեղ,
— Հե՛յ, զգո՛ւյշ,- կանչեց,- մի պա՛տ կա էստեղ։
Մյուսը, որ ոտն էր շոշափել իր դեմ՝
— Ի՜նչ պատ,- ծիծաղեց,- էս կո՛ճղ է կարծեմ։
Երրորդի ձեռը կընճիթն էր ընկել.
— Օ՛ձ է, օ՜ձ,- գոռաց,- էլ ի՜նչ եք կանգնել։
Մինչդեռ չորրորդը պոչիցը բըռնած
Քահ-քահ խնդալով ծաղրում էր նրանց.
— Վա՜հ, ճիշտ որ կույր եք. չիմացավ ոչ ոք։
Ոչ է՛ս է, ոչ է՛ն, այլ կախած մի թո՛կ։
Չէ՛, պա՛տ է,— չէ՛, կո՛ճղ— չէ՛, օ՛ձ է,— չէ՛, թո՛կ…
Ու աղմըկելով ամեն մինը ջոկ,
Ինչպես որ եկել
Դեմ էին ընկել,
Էնպես էլ կույր-կույր ետ դարձան կըրկին —
Սարի պես փիղը պարզ լուսի տակին։

1909 թվական

Հ. Թումանյան

Գրանցվեք մեր էլեկտրոնային լրատվական նամակներին, որպեսզի էլեկտրոնային փոստով տեղեկացված լինեք, երբ նոր հոդվածներ կհրապարակվեն: