
Հրաչյա Աճառյանի՝ «Հայերենից փոխառյալ բառեր պարսկերենում» բառաքննական հոդվածը հրատարակիչներն ուղեկցել են հետևյալ ծանոթագրությամբ.
«Ակադեմիկոս Աճառյանի այս հոդվածը գտնվում էր տպագրության ընթացքի մեջ, երբ անողոք մահը կտրեց նրա կյանքի թելը»… (1953 թվականի ապրիլի 16-ն էր)…
Հիշյալ հոդվածից մի հատված՝ որոշ կրճատումներով՝ ստորև:
«Լեզվաբանական հանրածանոթ երևույթ է այն, որ նվաճող ազգի լեզուն ազդում է նվաճված ազգի լեզվի վրա ավելի կամ պակաս չափով, նայած նվաճող ազգի թվական առավելության, ուժի և, մանավանդ, մշակույթի մակարդակի:
Այդ երևույթը կարող է այնքան առաջանալ, որ մինչև իսկ կարող է կլանել նվաճված ազգի լեզուն:
Մեր շրջապատից մի օրինակ վերցնելու համար հիշենք արաբերենը, որ 7-րդ դարում դուրս գալով Արաբիայից, նվաճեց Արևելքն ու Արևմուտքը և ջնջեց Եգիպտոսի, Սուդանի, Պաղեստինի, Ասորիքի և Միջագետքի տեղական լեզուները:
Բայց կա նաև սրա հակառակ երևույթը:
Եթե նվաճող ազգը, չնայած իր զորության, կրթական տեսակետից ավելի ցածր է, քան նվաճված ազգը, կարող է ավելի կամ պակաս չափով ազդվել նվաճյալ ազգի լեզվից:
Այսպես, հռոմայեցիք տիրեցին հույներին, բայց շատ կողմերով ավելի քաղաքակիրթ հույներից, ոչ միայն փոխ առին նրանց գիտությունը, այլև՝ բազմաթիվ բառեր:
Նմանապես թյուրքերը, թեև նվաճեցին հույներին, բայց իրենք էլ որոշ չափով ազդվեցին հունարեն լեզվից: Կոստանդնուպոլսի գրական և ժողովրդական թյուրքերենում կան մի խումբ հունարեն բառեր, ինչպես արհեստների, հատկապես նավարկության, ձկների տեսակների, նույնիսկ մրգերի անուններ, որոնք փոխառված են հունարենից»…
…«Թյուրքերենը հայերենից էլ փոխառություններ ունի»…
…«Հայերենի մեջ պարսկերենից փոխառյալ բառերի թիվը մեծ է: Սակայն պարսկերենն էլ փոխառություններ ունի հայերենից, թեև շատ փոքր քանակությամբ»…

ԲԱՐԵԿԵՆԴԱՆ
Այսպես է կոչվում ամեն մի շաբաթապասին նախորդող ուտյաց օրը: Բայց նշանավոր է Բուն Բարեկենդանը, որ Մեծ կամ Քառասնորդական պահոց նախորդող կիրակին է: Այդ օրը հավատացյալների մեծագույն ուրախության և ցնծության օրն է:
Ամբողջ տարվա մեջ նրանք այնքան ուրախ չեն անցկացնում, որքան այդ օրը: Զատիկն անգամ չի հասնում նրան: Կարծես վրեժը հանելու համար գալիք 7 շաբաթ պասի, այդ օրը հավատացյալները մեջտեղ են դուրս բերում ուտելեղենի իրենց ամբողջ պաշարը և ուտելով ու խմելով ամբողջ օրը անցկացնում, այնքան, որ, իբրև առած՝ ասվում է.
«Բարեկենդան չէ, փորի կենդան է»:
Այդ օրը թույլատրվում է նաև ցուցադրել ամեն տեսակի հասարակական խեղկատակություններ, նույնիսկ դիմակով ծպտված: Սա եվրոպացոց հայտնի կառնավալն է, որ գոյություն է ունեցել մեզ մոտ եվրոպականից շատ առաջ: Աբովյանը իր «Վերք Հայաստանի» գրքի սկզբում տալիս է գյուղական Բարեկենդանի ընդարձակ նկարագիրը 19-րդ դարի սկզբում:
Այդ օրը նաև Աբեղաթող է, այսինքն՝ ճգնազգյաց աբեղաներն անգամ թողնում են կրոնական ժուժկալությունը և ապրում են աշխարհիկ զբոսանքով:

Բարեկենդանին հաջորդող երկուշաբթի օրը կոչվում է «բակլախորան». այդ օրվանից սկսվում է պասը և ավանդապահ հայ ժողովուրդը ձեռք է քաշում ամեն տեսակ կենդանական ուտելեղենից (միս, յուղ, ձու, կաթ, մածուն, սեր, ձկնկիթ, ձուկ և այլն): Այս բոլորը արգելված է մինչև թաթախման երեկոն: Հավատացյալ մարդու տանը այլևս այդպիսի որևէ ուտելեղեն չպիտի գտնվի: Կոստանդնուպոլսում մահմեդական գնչուները երկուշաբթի առավոտ դուրս են գալիս՝ կանչելով. «Եմեքլերե սյուփյուրկե՜» («Ուտելիքներին ցախավե՜լ»), և բոլորը իրենց տան ավելորդ կենդանական ուտելեղենը տալիս են նրանց՝ տունը մաքրելու համար:
«Բարեկենդան» բառը հին գործածություն չունի. չի ավանդված 5-րդ դարից, բայց նրանից ունենք «բարեկենդանանալ», «բարեկենդանացուցանել», «բարեկենդանի» և «բարեկենդանութիւն». սրանցից վերջինը գործածված է արդեն Սբ. Գրքում: «Համաբարբառը» տալիս է 6 վկայություն, որոնցից հիշենք Սաղմոս ԻԹ 7. «Ես ասացի ի բարեկենդանութեան իմում, թէ ոչ սասանեցայց յաւիտեան»:
Այդ վկայության գոյությունը ոչ միայն հաստատում է բառի գոյությունը 5-րդ դարի առաջին կիսում, այլև ճշտում է բառի ստուգաբանությունը: Այլևս ոչ մի կասկած չկա, որ «բարեկենդան» բառը կազմված է «բարի + կենդանի» բառերից և հարազատ հայերեն բառ է:
Պարսկերենում կա bargandan, որ գրվում է նաև barqandan և որ Գեորգ Դպրի բառարանում բացատրվում է հետևյալ ձևով. «Տօն ուրախութեան և ցնծութեան և զբօսանաց, որ լինի յելս Շապան ամսեանն»: Այս բառը հայերենից է փոխառյալ պարսկերենում:

Բայց ի՞նչ գործ ունի քրիստոնեական մի բառ պարսկերենում:Պարսիկ հավատացյալ ժողովուրդը ամբողջ տարին սգում, ողբում է Ալիի, Հասանի և Հուսեինի նահատակության հիշատակով: Ամեն մի մոլլա կամ դերվիշ, դերասանների մի շրջիկ խմբի գլուխն անցած, ման է գալիս գյուղից — գյուղ և գյուղի հրապարակում հավաքելով գյուղացի ժողովրդին, ողբերգական սգահանդեսներ է ներկայացնում նրանց առաջ: Ժողովուրդը՝ հողի վրա պպզած, գլուխը ձեռքերի մեջ ծածկած, լաց է լինում, սգում, հեկեկում է՝ վճարելով մի քանի շահի: Այդպիսի տեսարանները վերջ չունեն Պարսկաստանում, մինչև Մուհառռեմի 10-ը, որ գլուխ ճղելու օրն է:

Հայերի Բարեկենդանը՝ իր ցնծության և ուրախության հանդեսներով, նույնիսկ դիմակահանդեսներով, նախանձն է շարժել սգավոր պարսիկների, որոնք գոնե տարեկան մի ուրախ օր անցկացնելու համար փոխ են առել Հայերից այդ տոնն ու նրա անունը:
Հայոց Բարեկենդանը մեծ պահոց սգո օրերի նախորդող օրն է. մահմեդականների շաբան ամսի վերջին օրն էլ ամբողջ ռազմական ամսի խիստ ծոմապահության նախորդող օրն է:
Այսպիսով, «Բարեկենդան» և «bargandan» իմաստով բոլորովին նույնանում են:
Բառի ձևի կողմից ոչ մի տարբերություն չկա: Հայ ժողովրդի մեջ «բարեկենդան» բառը հնչվում է «բարկենդան» ձևով: Բառի առաջին բաղաձայնը, ինչպես և վերջին վանկի «դ» ձայնը բոլորովին նույն են և ներկայացնում են արևելյան ճիշտ արտասանությունը:
Երկրորդ ձայնավոր «ե» ձայնը ջնջված է երկուսի մեջ էլ:
Պարսկերեն «g» տառը համապատասխանում է արդի պարսկերենի «ղ» հնչման (արդի պարսիկները արաբական «q» տառը հնչում են «g»՝ ինչպես «aga»:
Հայերեն «բարեկենդան» բառի ծագման մասին ոչ մի կասկած չկա, իսկ պարսկերեն «bargandan» ձևը ոչ մի բացատրության չի դիմանում: Եթե պարսիկները մտածած լինեին ժողովրդական ստուգաբանությամբ «g» կամ «q« տառը դարձնել «x» և ասեին «barxandan», անշուշտ, ամեն ինչ կփոխվեր և բոլոր Հայ լեզվաբանները այդ հայ բառը կմեկնեին պարսկերեն «xandan» — «ուրախ, ծիծաղելով» բառից:
Ահա թե ինչու՛ և ինչպե՛ս հայերեն մի բառ մտավ պարսկերենի մեջ:
Այս բառը չկա հին զրադաշտական կրոնի մեջ, ուստի և՝ զրադաշտական լեզվի ու գրականության մեջ: «Q» ձայնը ցույց է տալիս, որ բառը օտար է: «Q» տառով գրված բառերը մեծագույն մասամբ արաբերեն են, բայց այս բառը չի կարող արաբերեն լինել՝ 6 բաղաձայն ունենալու պատճառով (հայտնի է, որ բնիկ արաբերեն բառերը ունեն ընդհանրապես 3 բաղաձայն)»…



