ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՀՌՈՄԻ ԴԷՄ (ՄԱՍ Դ)

ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՀՌՈՄԻ ԴԷՄ
(ՄԱՍ Դ)

«Հռոմը հսկաների գործերի եւ խորտակումների մի շարան է, որ մարդուս շշմեցնում է: Մարդկային ամենահզօր եւ ամենաամբողջական կրքերն են այստեղ բախուել իրար:
Մարդը, այդ ինքն իր համար իսկ յաւիտենական առեղծուածը, փոթորիկի պէս մի օր թեւակոխել է այստեղ պատմութեան բոլոր այն հանգրուանները, որոնց ձգտել են յետագայ սերունդները՝ առաջնորդ ու մղիչ ունենալով փառքի ծարաւ, անխորտակելի զօրութիւն, իշխելու անսահման տենչ, որ հասնում է մինչեւ աստուածուցումի խենթութիւնը»… (Ավետիս Ահարոնյան)

Ստորև՝ Ավետիս ԱՀԱՐՈՆՅԱՆԻ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՀՌՈՄԻ ԴԷՄ» հոդվածի շարունակությունը, որը տպագրվել է «ՀԱՅՐԵՆԻՔ» ամսագրում՝ 1929 թվականի մայիսին (թիւ 7, էջ 50)։
Սկիզբը՝ նախորդող գրառումներում…

Դ.
ՄԵԾՆ ՏԻԳՐԱՆ ԵՒ ՓՈՔՐ ԱՍԻՈՅ ԲԱԽՏԸ

ՏԱՐԱԲԱԽՏԱԲԱՐ, Հայաստանի եւ Հռոմի այս առաջին կռիւների իրական եւ ճշգրիտ բնոյթն ու նկարագիրը մեզ պակասում է: Մեր ազգային պատմիչները՝ նոյնիսկ Խորենացին, կամ համր են, կամ՝ շատ հակիրճ ու խառնակ: Յոյն եւ հռոմայեցի պատմիչները աչառու են եւ յաճախ՝ անծանօթ Արեւելքի անցուդարձերին եւ ինքնայատուկ պայմաններին:
Նրանց պատմածները մեծ մասամբ յարմարեցուցած են իրենց երկրի շահերին եւ ձգտումներին:
Մասնաւորապէս Պլուտարքոս, որ ամենից շատ է գրում Տիգրանի շրջանի մասին, բացայայտապէս կողմնակալ է եւ պէտք ունի զգուշաւոր եւ հիմնական քննադատութեան:
Նրա պատմութիւնը շատ տեղ կասկածելի է եւ երբեմն էլ՝ յերիւրած առասպել: Մասնաւորապէս այն տեսարանը, ուր իբր թէ Տիգրան Մեծ պարտուած Պոմպէոսի կայանն է գնում եւ հռոմայեցի զօրավարի ոտների առջեւ դնում իր թագը, այն էլ իր ըմբոստացած որդու՝ Տիգրան Կրտսերի ներկայութեան: Այս բոլորը մեզ թւում է ճշմարտութիւնից հեռու պարզ հեքեաթ:


Նոյնը կարելի է ասել եւ Միհրդատի ու Տիգրանի հանդիպումի մասին՝ վերջինիս պարտութիւնից յետոյ: Պլուտարքոսի գրչի տակ Տիգրան եւ փոքրոգի է, եւ անարի, ազնուական զգացումներից զուրկ, մինչդեռ Միհրդատ կարեկից է, առաքինի ու ազնիւ:
Տիգրանի բարոյական անձնաւորութիւնը շատ էլ պարզուած չէ: Բայց, անկասկած է, որ նա լաւ պիտի ճանաչէր հռոմայեցիներին Միհրդատի կռիւներով եւ, անշուշտ, հաղորդակից եւ սիրող էր արեւմտեան քաղաքակրթութեան:
Հայաստանի նոր մայրաքաղաքի՝ Տիգրանակերտի կառուցումն իսկ ապացոյց է Հայ արքայի բարձր ճաշակին, քաղաքակրթական ձգտումներին ու քաղաքական իմաստութեան:
Այս շքեղ ոստանը, որ Տիգրանի կամքով ասես ժայթքեց գետնից, իրօք մի հրաշակերտ էր, որ միացնում էր իր մէջ Արեւելքի եւ Արեւմուտքի բոլոր պերճութիւնն ու արուեստը:

Յոյն քանդակագործներ կանչուեցին քաղաքը զարդարելու ու թատրոնը հազիւ շինուած աւարտած՝ յույն դերասաններ հրաւիրուեցին խաղալու հելլէնական լաւագոյն երկերը: Բազմաթիւ արձաններ եւ արուեստի այլ գլուխ-գործոցներ Տիգրան յոյն քաղաքներից Տիգրանակերտ փոխադրեց՝ իր մայրաքաղաքը գեղեցկացնելու համար:
Արդէն իսկ, իր արքունիքում իշխում էր յունօ-հռոմէական քաղաքակրթութիւնը:
Ամէնքը խօսում էին ու գրում յոյն լեզուով, եւ իր որդին ու գահաժառանգը՝ Արտաւազդ, նոյնիսկ յունարէն լեզուով ողբերգութիւններ եւ ճառեր էր գրում, որոնց մասին անգամ Պլուտարքոս գովեստով է խօսում:

Տիգրանակերտը միակը չէր:
Բազմաթիւ այլ քաղաքներ Մեծ արքայի հրամանով բարձրանում էին Հայոց աշխարհի զանազան մասերում՝ առեւտրական կամ քաղաքական նպատակներով:
Ամբողջ գաւառներ էին տեղահան լինում եւ ուրիշ տեղ հաստատւում: Անգամ վաչկատուն արաբները Տիգրանի հրամանով թողնում էին իրենց բարբարոս կենցաղը եւ նստակեցութեան վարժւում առեւտուրի եւ քաղաքակրթութեան համար:
Չնայած իր բազմաթիւ պատերազմներին, այս մեծ թագաւորը այսպիսով ժամանակ էր գտնում իր հսկայ կայսրութեան բազմազան ցեղերին քաղաքակրթական ճամբին դնել:
Ամբողջ երկիրն ասես մի կախարդական ձեռքով եռուզեռի մէջ էր՝ ստեղծագործելու եւ շէնցնելու համար:
Հպատակ ազգերը վերջապէս խաղաղութիւն էին գտել Մեծ Միապետի իշխանութեան տակ: Դադար էին առել մանր-մունր ցեղերի եւ իշխանների փոխադարձ արիւնահեղութիւնները: Միշտ թշուառ եւ ալեկոծ Սիւրիան վերջնապէս հանգիստ էր առել, եւ Հայկական ուշիմ, բարերար եւ շինարար ոգին իր հզօր եւ իմաստուն թագաւորի ղեկավարութեամբ ամբողջ Փոքր Ասիան մղում էր դէպի մի լուսաւոր ու բարգաւաճ ապագայ:
Եւ այս բոլորը՝ հազիւ մի քսանհինգ տարում:
Ահա այս է, որ Պլուտարքոս քինախնդիր եւ անիրաւ լեզուով անուանում է «քսանհինգ տարուայ բռնութիւն» եւ Փոքր Ասիայի մեծագոյն միապետին՝ անարժանապէս կոչում է «բարբարոս»:

Տիգրանի պարտութիւնը եւ նրա հիմնած պետութեան բեկումը զուտ Հայ ազգային խնդիր չէ: Դա տիեզերական արժէք ունեցող խոշոր պատմական իրողութիւն է, որի հետեւանքները ծանրացան ոչ միայն Հայաստանի, այլ եւ համակ Ասիոյ բախտի վրայ: Դարերից ի վեր չարչարուած եւ ոտնակոխ եղած Փոքր Ասիան՝ յանձին Տիգրանի վերջապէս գտել էր քաղաքական միութեան ուղիղ ճամբան՝ քայլելու համար դէպի քաղաքակրթական միութիւնը:

Արեւելքն ու Արեւմուտքը իրենց Կիւրոսներով, Դարեհներով եւ Ալեքսանդրներով (Մակեդոնացի) մեծ ու բանուկ բուլվարի էին վերածել ամբողջ Փոքր Ասիան, որտեղից աշխարհակալ ազգերը անցնում էին փոթորիկների պէս՝ տրորելով ու արիւնոտելով իրենց բիրտ կրունկների տակ տեղական ցեղերը: Եւ առաջին անգամն էր, որ Փոքր Ասիայի ժողովուրդների ծոցից՝ Հայաստանից բարձրանում էր մի մեծազօր արքայ եւ գիտակից այս տառապած ու անիրաւուած ժողովուրդների շահերին փակում էր երկու կողմից շարժուող աշխարհակալների ճամբան՝ «Փոքր Ասիան՝ տեղացիներին» բարձր նշանաբանով:
Եւ յատկապէս Հայաստանն էր կոչուած ամբողջ Փոքր Ասիայում այս մեծ քաղաքական առաքելութիւնը կատարելու իր աշխարհագրական բացառիկ դիրքով:
Հայկական բարձրաւանդակը իր երկնաբերձ, ահարկու լեռներով ու մթին կիրճերով, ամբողջ մեր աշխարհի կեդրոնական սարահարթը, որ մի բնական միջնաբերդի պէս իշխում էր իր շրջապատի բոլոր երկիրներին եւ իջնում էր մէկ կողմից դէպի Կասպից ծով, Պարսկաստան եւ Միջագետք, ու միւս կողմից՝ դէպի Սեւ ծով ու Միջերկրական:

Համակ Արեւելքի մեծ դարպասն էր Հայաստանը, եւ Տիգրանն էր, որ առաջինն ըմբռնեց իր հայրենիքի առաջնակարգ քաղաքական ու զինուորական արժէքը ու հանճարեղ
մտածումով եւ կուռ կամքով վճռեց այդ դրան բանալին իր ստեղծագործ ձեռքերում պահել՝ ի փառս Հայաստանի եւ ի բարօրութիւն ամբողջ Փոքր Ասիայի:

Եւ հրաշք կատարեց Մեծ թագաւորը:
Մշտապէս հակամարտ եւ անվերջ արիւնահեղ բախումներով իրար բզքտող մանր-մունր բազմաթիւ ցեղեր վերջապէս միանում էին ու հանդարտւում Հայոց Արքայից Արքայի գայիսոնի տակ: Երեւոյթը նոր էր, եւ իր բարերար հետեւանքները պէտք է լինէին անհաշիւ ու բազմազան:
Փոքր Ասիան դադարում էր աշխարհակալների բուլվարը լինելուց եւ ձգտում էր դէպի իր ինքնուրոյն զարգացման եւ պետական կեանքը:
Հռոմի տիրապետութեան հետ կապուած քաղաքակրթական առաւելութիւնները անհնար է ժխտել, բայց ներկայ դէպքում Փոքր Ասիայում նոր բարձրացող Հայ կայսրութեան վրայ քալելով՝ Հռոմ անթիւ գեղեցիկ կարելիութիւններ ի դերեւ հանեց եւ անհնարին ու անդարմանելի վնասներ հասցրեց Արեւելքի ժողովրդներին:

Խորտակելով Փոքր Ասիական նորակազմ ու խոստմնալից միութիւնը, որ Հայ քաղաքական հանճարի գործն էր, եւ կիրառելով «բաժանեա՛, զի տիրեսցես»-ի քաջածանօթ մեթոտը, Հռոմը մի հարուածով վերականգնում էր այս դժբախտ երկրներում նախկին ստորադաս, անջիղ, անողնաշար վիճակը եւ թշուառ փոքր Ասիան վերստին դառնում էր Արեւելքի եւ Արեւմուտքի անվերջ ու արիւնոտ պայքարների համար մի արտասուելի թատերաբեմ:

Տիգրանի հիմնած զօրաւոր պետութիւնը, որ բնական եւ անփոխարինելի գաղափարական եւ քաղաքակրթական միջնորդ պիտի լինէր Արեւելքի եւ Արեւմուտքի մէջ, բարձւում էր մէջտեղից, ազատ ասպարէզ թողնելով չորս կողմից վերստին արշաւող ժողովուրդներին:
Փոքր Ասիան, այնուհետեւ, այլեւս երբեք իր ինքնուրոյնութիւնը, միութիւնը եւ
խաղաղութիւնը չգտաւ եւ միշտ էլ մնաց ոտնատակ, ալեկոծ ու աւեր՝ մինչեւ մեր օրերը:

Շարունակությունը՝ հաջորդիվ…