ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՀՌՈՄԻ ԴԷՄ
(ՄԱՍ Բ)

«Իգդիրմաւա, 1866:
Հայ գրականութեան մասին ամէնէն տարրական եւ խեղճ ծանօթութիւն ունեցող մարդն անգամ գիտէ, թէ այդ հեռաւոր դաշտագետիններու մէջ կորած — կորսուած յատուկ անունն ու հարիւր տարի առաջուան թուականը քով-քովի դրուած՝ կը նշանակեն միայն ու միշտ Հայ գրականութեան Թուխ Արամազդ, այսինքն՝ Հայաստանի սրտին մէջ իսկ
ծնունդ առած Աւետիս Ահարոնեան»…
Ավետիս Ահարոնյանի ծննդյան հարյուրամյակի առիթով գրել է Հայ բանաստեղծ, արձակագիր, հրապարակագիր, քննադատ, խմբագիր և ուսուցիչ Էդուարդ Պօյաճեանը, որը ծնվել էր 1915 թվականի ապրիլի 9-ին և երեք ամսական էր, երբ Մուսա լեռան հերոսամարտի մյուս մասնակիցների հետ լեռան վրա պատսպարվեց՝ հետո տեղափոխվեց Եգիպտոս:
Ավետիս Ահարոնյանի՝ «Իտալական էսքիզներ»-ի շարունակությունը՝ ստորև. (սկիզբը՝ նախորդ հրապարակման մեջ):

Բ.
ԿԱՆԽԱԺԱՄ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Արդարեւ, Հայաստանը հեշտութեամբ չծռեց իր գլուխը Հռոմի առջեւ: Այս «գերագոյն պատերազմը» ամենից աւելի պատշաճ էր Հայաստանի յանդուգն ու յամառ դիմադրութեանը: Հակառակ այն միանգամայն բացառիկ եւ անհաւասար պայմաններին, որոնց մէջ կատարուեց այդ բախումը՝ հէնց սկիզբից ի վեր:
Հռոմը դէպի Մերձաւոր Արեւելք ու Հայաստան շարժուեց իր պետական, ռազմական ու քաղաքական զարգացման լիակատար հասունութեան շրջանին, երբ այսօրուայ գրեթէ ողջ քաղաքակիրթ Արեւմուտքը, ինչպէս ասացինք, վաղուց հետէ կորացել էր նրա սրի եւ օրէնքի տակ: Նա հազար տարուայ ռազմական փառք ու փորձ ունէր: Հելլադայի զինուորական եւ քաղաքական օրինակելի մեթոտները իւրացրել եւ սքանչելիօրէն կիրառել գիտէր:
Այդ օրերի զինուորական արուեստի վերջին խօսքը գիտէր եւ իր բանակը՝ թէկուզ վարձկան, սիրում էր իր պատերազմի գործը, ուր փառքից աւելի շահ ու թալանի, հեշտ հարստանալու յոյսը շատ յաճախ էր արդարանում:

Այսպիսով, Ա դարում (Ն. Ք.) Հռոմի թիկունքը շատ հանգիստ էր դէպի Արեւելք արշաւանքի համար, քանի որ Արեւմուտքը բազմաթիւ ցնցումներից յետոյ արդէն հանդարտուել էր: Եւ Արեւելքի բանակի հրամանատարութեան շուրջն ամէն անգամ ահագին պայքար կար միշտ յայտնի զօրավարների մէջ:
Այսպէս, Լուկուլլոս, Պոմպէոս, Կրասոս, Մարկոս Անտոնիոս՝ իւրաքանչիւրն իր հերթին ստիպուած էին Հռոմում մեծ խոչընդոտների յաղթել, շատ մեքենայութիւնների դիմել, դաւերից անցնել՝ Արեւելքի բանակի հրամանատարութիւնը ձեռք ձգելու համար: Յաղթանակն այնտեղ թւում էր հեշտ ու փառքն՝ ապահով:
Եւ յետոյ, ողջ Փոքր Ասիան՝ իր հարստութեամբ ու ճոխութեամբ, աւետեաց երկրի պէս գրաւիչ էր:
Արդէն Հռոմի բոլոր արշաւանքների մէջ առաջնակարգ տեղ էր բռնում ոսկու ծարաւը: Մասնաւորապէս՝ Արեւելքից վերադարձող զօրավարները անբաւ հարստութեամբ էին մուտք գործում Հռոմ, ու նրանց յաղթական թափորների մէջ Հռոմի ընչաքաղց ու զուարճասէր ամբոխին ամենից աւելի հրապուրողը հերոսի բերած աւարի բազմազանութիւնն ու առատութիւնն էր: Անշուշտ, այս բախտաւոր հրամանատարներն իրենց անձը նոյնպէս չէին մոռանում: Լուկուլլոս ու Պոմպէոս այս տեսակէտից շատ հետաքրքիր օրինակներ են:

Ահա այս հազարամեայ Հռոմն էր՝ գայլի ստինքները ծծած, կատաղի ախորժակով անագորոյն, որ ռազմապէս, քաղաքականապէս ու պետականօրէն կուռ կազմով շարժուեց մեր Տիգրան Մեծի վրայ՝ առաջին դարի առաջին կէսին (Ն.Ք.):
Ճշմարիտ է. Հայաստան այդ ժամանակ հզօր աշխարհակալ պետութիւն էր, եւ Տիգրան Բ կայսր էր Հայոց կամ Արքայից Արքայ, ինչպէս կոչւում էր նա այդ ժամանակ:
Եւ նա կարողացել էր արդէն զինու զoրութեամբ իր կայսերական գայիսոնի տակ առնել իր չորս կողմի բազմաթիւ ազգերը: Շորթել էր Պարթեւներից «արքայից-արքայ» տիտղոսը, հնազանդեցրել էր յոյն, հրեայ, սելեւկացի, արաբ եւ մետացի, ինչպէս եւ կովկասեան բազմաթիւ խաժամուժներ: Կովկասեան լեռնաշղթայից եւ Կասպից ծովից մինչեւ Եկբատան (Համադան), Միջագետք, Սիւրիա, Պաղեստին եւ Կապադովկիա ձգուող բոլոր երկիրները միացած էին Հայաստանին՝ Մեծն Տիգրանի միահեծան իշխանութեան տակ:

«Այս Արքայից-Արքան,- ասում է Պլուտարքոս,- որ այնպէս հզօր է, որ խլել է Ասիան Պարթեւներից, որ ամբողջ յոյն քաղաքներ փոխադրել է մինչեւ Մեդիա, որ հպատակեցրել է Պաղեստինն ու Սիւրիան, բնաջնջել է սելեւկիացիների յաջորդներին եւ նրանց կին ու աղջիկներին գերի է տարել» (Պլուտարքոս, հատոր Բ, էջ 516)։
«Նա՝ Տիգրանը,- շարունակում է Պլուտարքոս,- շատ չնչին միջոցներով կարողացաւ հնազանդեցնել բազմաթիւ ազգեր եւ նւաստացնել Պարթեւների պետութիւնը, ինչպէս երբեք մինչեւ այդ որեւէ այլ իշխան չէր կարողացել անել:
Տիգրան բնակեցրեց Միջագետքը յոյներով՝ տեղահան անելով նրանց Կիլիկիայից, Կապադովկիայից եւ վաչկատուն արաբներին հանեց իրենց բնակավայրերից ու հաստատեց իր սահմաններում՝ առեւտուրին ծառայեցնելու համար» (Պլուտարքոս, հատոր Բ, էջ 526)։
Այնուհետեւ, ինչ որ ասում է Պլուտարքոս Տիգրանի պալատական կեանքի եւ գերի թագաւորների մասին, որոնցից չորսը իբր թէ ստրուկի պէս ծառայում էին նրան, թւում է հէքեաթ, որի նպատակն է Հայ կայսրը ներկայացնել մի արեւելեան կատաղի բռնակալ:
Այստեղ, ինչպէս եւ ուրիշ շատ դէպքերում, խօսողը պատմաբանը չէ, այլ աչառոտ մէկը, որ իբրեւ յոյն հանդուրժել չի կարողանում Տիգրանի տիրապետութեան՝ մանաւանդ յոյների վրայ:
Ակներեւ է նաեւ, որ Պլուտարքոս՝ չափազանցելով Տիգրանի զօրութիւնը, ճգնում է աւելի շշմեցնող դարձնել նրա պարտութիւնը ու աւելի կիզիչ՝ կրած նուաստացումի կսկիծը եւ աւելի մեծ՝ տարած յաղթութեան արժէքը: Փաստն այն է, սակայն, որ որչափ եւ իրապէս հզօր լինէր Տիգրան Արեւելքում Պարթեւների եւ Փոքր Ասիոյ վրայ, նրա հիմնած կայսրութիւնը տակաւին մանուկ էր Հռոմի հետ համեմատած: Նրա ընկճած եւ հպատակեցրած ազգերը՝ մեծ մասամբ բարբարոս խաժամուժներ, իսպառ զուրկ էին պետական ըմբռնումներից: Իսկ աւելի քաղաքակրթւած յունական եւ հրէական տարրերը՝ նրան քօղարկուած թշնամի:

Հռոմը երեւի վաղուց էր աշխատել ներքուստ քանդել Տիգրանի պետութիւնը, քանի որ Պլուտարքոս որոշակի խօսում է հռոմէական կուսակցութեան մասին Հայաստանում: Այսպէս, Ապպիուս, որ պատգամաւոր էր գնում Լուկուլլոսից դէպի Տիգրան՝ Միհրդատին պահանջելու, կարողացաւ իր ճամբին շատ հեշտութեամբ գրաւել հռովմայասէրների կողմը շատ թագաւորներ, որոնք դժկամակ էին Տիգրանի իշխանութիւնից:
«Բազմաթիւ նոր տիրապետած քաղաքներ,- ասում է Պլուտարքոս,- ծածկաբար պատգամաւորներ ճամբեցին Ապպիուսի մօտ, որ նրանց խոստացաւ Լուկուլլոսի օգնութիւնը. պատուիրելով, սակայն, առժամապէս հանդարտ մնալ մինչեւ ժամը հասնի»:
Եւ յետոյ, Պլուտարքոս անցողակի որպէս աննշան փաստ աւելացնում է՝ «Տիգրանի տիրապետութիւնը անտանելի էր յոյներին» (Պլուտարքոս, հատոր Բ, էջ 525):
Եւ անշուշտ, Ապպիուսի առաքելութեան իրական ու գաղտնի նպատակը հէնց այս էր՝ դաւեր նիւթել Տիգրանի դէմ:
Բոլոր գաղտնիքը Տիգրանի պատմութեան այստեղ է:
Իր տիրապետութեան տակ գտնուող յոյն բազմաթիւ քաղաքներն արդէն իսկ փորել էին Հայ կայսրութեան հիմքերը դեռ Լուկուլլոսի գալուց առաջ: Հռոմէական բանակների երեւալը սոսկ ազդանշան եղաւ՝ վերջին հարուածը տալու նորակազմ պետութեան:
Կայսրութեան նոր մայրաքաղաքը՝ Տիգրանակերտ, որ Տիգրան ափ յափոյ հիմնեց իր գայսոնի ոյժով իր պետութեան կեդրոնը համապատասխան տեղ դնելու համար, ազատ չէր այս հակահայ քաղաքականութեան ախտից: Յոյն բնակիչները սպասում էին հռովմայեցիների հասնելուն՝ ապստամբելու համար:
Հայաստանը իր այս աշխարհակալութեան ճամբին՝ տակաւին ոչ ռազմական, ոչ պետական եւ ոչ մանաւանդ քաղաքացիական աւանդութիւններ ունէր, որոնցով այնպէս հզօր էր Հռոմը: Ամէն ինչ նոր էր ու խախուտ, եւ պէտք ունէր ժամանակի՝ ամրապնդուելու համար:
Եւ այդ ժամանակը ճակատագրօրէն պակասեց նրան: Հայաստանի եւ Հռոմի այս բախումը նման է մի ուժեղ, սպառազինուած տղամարդի եւ մի խոստումնալից, հարուստ ապագայով, արիասիրտ, կայտառ պատանու պայքարին, որի ելքը դժուար չէր նախատեսել:
Մեր համակ ազգային գոյութեան ու մեր ցեղական բախտի մեծագոյն թշուառութիւնն եղաւ Հայաստանի կանխաժամ բախումը Հռոմի անպարտելի զօրութեան հետ: Մեր յետագայ ողջ պատմութիւնը այդ բախումի աղէտալի հետեւանքները կրեց եւ կրում է մինչեւ այսօր:
Շարունակությունը՝ հաջորդիվ…



