ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՀՌՈՄԻ ԴԷՄ (ՄԱՍ Ե)

ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՀՌՈՄԻ ԴԷՄ
(ՄԱՍ Ե)

Իտալիայում՝ Հռոմում Մարկոս Ավրելիոսի սյան առջև կանգնած՝ Ավետիս Ահարոնյանը մտաբերում է Հայոց անցյալի փոթորկալից պատմությունը:
Այդ դրվագների շուրջ իր խորհրդածության շարադրանքից վերցված հատվածի շարունակությունը՝ ստորև:

Սկիզբը՝ նախորդող հրապարակումներում…

Ե
BELLO MAXIMO — ԳԵՐԱԳՈՅՆ ՊԱՏԵՐԱԶՄ

«Գերագոյն պատերազմ», այսպէս է որակում Մարկոս Աւրելիոսի սիւնի արձանագրութիւնը, ի միջի այլոց, եւ Հայաստանի դէմ մղուած կռիւները:
Հայ ժողովուրդի ռազմական, քաղաքական կորովի, նրա աննկուն ու յամառ ազատական ձգտումների տեսակէտից գերազանցապէս ուշագրաւ ու խրատական են այս արձանագրութեան մէջ այս “Bello Maximo” (գերագոյն պատերազմ), որ փոխադրուած է այստեղ 176 թուին: Ասել է, որ Տիգրանի մահից (54 կամ 56 թ. Ն. Ք.) շուրջ 220 տարի յետոյ Լուկուլլոսի եւ Պոմպէոսի «ընկճած» Հայաստանը տակաւին մարտնչում էր ամեհի կերպով իր անկախութեան համար եւ այնուհետեւ էլ քանի՜ դարեր…
Թւում է, որ Հայ ժողովուրդը, իր մեծագոյն թագաւորի ոգուն ու լուսաւոր ձգտումներին հաւատարիմ, իր մեծ ճակատագրի անհանգստութիւնն ունեցաւ միշտ, ինչպէս մի անօրինակ երկունքով բռնուած: Ի զուր չէր, որ իր հինաւուրց գուսանները երգում էին՝
«Երկնէր երկին եւ երկիր,
Երկնէր եւ ծիրանի ծով»…
Լոյսի եւ ազատութեան յաւիտենապէս ծարաւ ժողովուրդ…

Բայց շարունակենք:
Արդէն իսկ Մեծն Տիգրանի անմիջական յաջորդները Հայ ազգի ծանր եւ սքանչելի առաքելութեան գիտակցութիւնն ունին եւ, հակառակ իրենց մեծ հօր կրած ողբերգական ձախողանքին, չեն ուզում հրաժարուել ո՛չ նրա հսկայ ծրագրից, ո՛չ իրենց «Արքայից արքայ» տիտղոսից եւ ո՛չ իրենց քաղաքական անկախութիւնից:
Տիգրանի որդին՝ Արտաւազդ, ատամների կրճտոցով ու կսկիծով է համակերպւում իր պետութեան եւ իր իրաւունքների սահմանափակումներին: Մարկոս Անտոնիոս անառակի պէս մէկի հետ գործ ունի եւ դժուարաւ է գլուխ թափում այդ փառամոլ, արկածախնդիր, կնամոլ հռովմայեցուն հետ, որ Արեւելքն է ընտրել ասպարէզ իր սանձարձակ քմահաճոյքներին ու վայրագ բնազդների համար:

Վատ զօրավար, անտաղանդ քաղաքագէտ, վաւաշոտ ու անհոգ՝ նա շատ հեշտ է ընկնում Պարթեւների ծուղակը, իր ամբողջ բանակը կորցնում, չանսալով Արտաւազգի զգուշաւոր խորհուրդներին: Եւ այնուհետեւ Հայ թագաւորը, հակառակ իր բոլոր զգաստութեան, անկարող է լինում իր երկիրը ազատել Մ. Անտոնիոսի ոտնձգութիւններից, որ նրան մեղադրում է դաւի մէջ իր դէմ:
Պարթեւներից կրած իր պարտութիւնը որեւէ կերպով փոխարինելու համար, Մ. Անտոնիոս իր հայեացքը Հայաստանին է ուղղում եւ, երբ իր նենգ որոգայթները չեն յաջողում Հայ թագաւորին իր ձեռքը ձգել, նա առանց պատերազմ յայտարարելու յանկարծուստ յարձակում է Արտաշատի վրայ եւ, Արտաւազդին գերի վերցնելով՝ Եգիպտոս է տանում իր յաղթական թափորին զարդ կազմելու՝ ի հաճոյս իր ախտակէզ սիրուհուն՝ Կլէոպատրայի:

Եւ այստեղ իսկ, այս շղթայակապ եւ անարգ վիճակում՝ Արտաւազդ վայրկեան իսկ չմոռացաւ, որ ինքը Արքայից արքայ է եւ Մեծն Տիգրանի զաւակ: Ու երբ Մարկոս Անտոնիոս բռնադատեց նրան՝ գլուխ խոնարհել Կլէոպատրայի առաջ, նա՝ հակառակ մահու սպառնալիքին, զայրոյթով ու արհամարհանքով մերժեց այդ նուաստացումը մի անառակ կնոջ առջեւն:
Եւ ազնիւ հոգի Հայ թագաւորը մահն ընդունեց, բայց ո՛չ նուաստացումը իր եւ իր հայրենիքի:
Հռոմայեցի կոնսուլի կատարած այս զզուելի ու տմարդի ոճիրը ցնցեց համայն Հայոց աշխարհը: Երկրի մեծ սուգը սիրուած թագաւորի եղերական վախճանի համար հաւասար է կրած անարգանքին: «Հռոմ» ու «հռոմայեցի» անունը, առանց այս էլ գրաւչութիւնից զուրկ, դարձաւ նողկալի Հայ ժողովուրդին: Եւ երբ, ի պատասխան իր ծնողի այս եղկելի վախճանի, իր որդին ու գահաժառանգը՝ Արտաշէս հրամայեց Հայաստանում եղած բոլոր հռոմայեցիները կոտորել, զարհուրելի նախճիրներ տեղի ունեցան մեր աշխարհի մի ծայրից միւսը:
Զայրոյթից խելայեղ ժողովուրդը անգութ եղաւ, ինչ որ բացատրելի է միմիայն այդ ժաւմանակներում իշխող դաժան բարքերով:

Սա արդէն բացարձակ պատերազմ էր Հռոմի դէմ, որ Հայ ժողովուրդը ընդունում
էր միահամուռ կամքով: Ու հասկանալի է, որ Տակիտոս գրում է այս մասին.
«Արտաւազգի որդին Արտաքսիաս (Արտաշէս), որին իր հօր ողբերգական մահը դարձրեց մեզ անհաշտ թշնամի, Արշակունիների օգնութեամբ կարողացաւ պաշտպանել ե՛ւ իր անձը, ե՛ւ իր տիրապետութիւնը»:
Տակիտոսի այս վկայութեան մէջ կարեւոր են երկու կէտեր:
Առաջին, որ Մեծն Տիգրանի թոռը՝ Արտաշէս, տակաւին ուժգնօրէն շարունակում է իր պապի սկսած կռիւները Հռոմի դէմ, եւ երկրորդ, որ Հայաստանը ինքզինքը պաշապանելու համար Արեւմուտքի ոտնձգութիւնների դէմ ստիպուած է ձեռք մեկնել պարթեւական Արշակունիներին:
Ուրիշ խօսքով՝ Փոքր Ասիական հաւասարակշռութիւնը, որ հաստատել էր Մեծն Տիգրան, խախտուած է արդէն շնորհիւ հռոմայեցիների, եւ Հայաստանը Արեւելքում իր գոյութեան համար իսկ իրեն զօրավիգ է փնտռում: Ասել է, Մեծն Տիգրանի թոռան օրօք իսկ, ի յայտ են գալիս Հայաստանի նուազումի եւ բեկումի արտասուալի հետեւանքները:
Արեւելքի եւ Արեւմուտքի մէջ ամրակուռ Հայկական թումբը արդէն աւերուել է, Հայաստանը՝ թուլացած ու նկուն հռոմայեցիների երեսից աջ ու ձախ է նայում եւ իրենից դուրս յենարան է փնտռում:

Հռոմը այնուհետեւ աշխատի, Հայ եւ պարթեւ հնարաւոր զինակցութիւնը անկարելի դարձնելու համար, իրեն հաճոյակատար թագաւորներ նշանակել Հայաստանում եւ ազատուել Հայոց Արտաշէսեան տոհմի անվերջ ըմբոստացումներից: Ուրիշ խօսքով՝ վերացնել բուն Հայկազեան Տան հարստութիւնը:
Բայց Հռոմի այդ կարգի փորձերը միշտ էլ կը մնան առանց որեւէ լուրջ հետեւանքի:
Հայ ժողովուրդը շատ սերտօրէն էր կապել իր անկախութիւնը իրեն մտերիմ ու հարազատ այդ արքայական տանը: Նա շարունակ ու յամառօրէն մերժում է օտար եւ իրեն խորթ իշխաններին, որոնք իր աչքում միշտ էլ մնում են որպէս մարմնացումը՝ աւելի Հռոմի ատելի գերիշխանութեան, քան ազգային անկախութեան:

Ըստ երեւոյթին, Մեծն Տիգրանի եւ իր նախնեաց ստեղծած Հայ ազգային ազատ, կուռ ու գիտակից ինքնուրոյնութիւնը տուել է արդէն իր պտուղները: Մեծն Տիգրանի հպարտ եւ աննկուն ոգին ապրում է սերունդների սրտում, նրա հսկայ բազուկով ստեղծուած մեծ ազգային շարժումը այլեւս չի կանգ առնում:
Եւ Հռոմի համար Հայաստանը շարունակում է մնալ իբրեւ ամենէն ըմբոստ եւ ամենէն անընկճելի, յամառօրէն ոգորող մէկ երկիր:
Եւ ամէն անգամ, որ Հռոմը որեւէ թէկուզ վաղանցուկ տիրապետութեան համար յաղթանակ է տանում Հայաստանի վրայ, դա համարւում է խոշորագոյն յաջողութիւն այս կամ այն զօրավարի կեանքում եւ անհուն ցնծութիւն է պատճառում սենադի, որի հաճութեամբ եւ հրամանով անմիջապէս շրջաբերութեան մէջ են դրւում նոր դրամներ՝ ի յիշատակ Հռոմի համար այդքան բախտաւոր մի անցքի:

Մերթ սնապարծ Մարկոս Անտոնիոսն է դրամ զարկում իր եւ իր հոմանուհու նկարով՝ շուրջը գրուած՝ «Armenia devieta», «Հայաստան պարտուած», ուրիշ դէպքում, ինչպէս Օգոստոսի ժամանակ, Հայաստանի պարտութիւնը խորհրդանշող մի նոր դրամի վրայ տեսնում ես աւանդական «Յաղթութիւնը» (Victoire), որ զսպում է մի ամեհի ցուլ՝ Հայաստանը, այսպիսի խորագրով՝ «Armenia capta», այսինքն՝ «Հայաստան գերեալ»:
Եւ վերջապէս ահա այս առջեւիս սիւնի արձանագրութիւնը, ուր գերմանների ու պարթեւների հետ յիշատակուած է Հայաստանը՝ իբր ըմբոստ ու պայքարող, որ ընկճւում է կատաղի կռուից յետոյ «Bello maximo Armenia devietis», «Հայերը յաղթուած»:
Եւ այս առթիւ Մ. Աւրելիոս եւ Լուցիուս Վէրուս զօրավարը, որ կռուեց Արեւելքում, կոչուում են՝ «Արմենիքուս»:

Փաստն այն է սակայն, որ բոլոր այս կռիւները եւ այս յաղթութիւնները անզօր են եղել վերջնականապէս զսպել Հայաստանը: Բնորոշ է, այդ տեսակէտից, որ Օգոստոսի նշանաւոր ու քաջածանօթ տախտակի վրայ Հայաստանը, հակառակ Հռոմի պատմիչների այս տարփողած յաղթութիւններին, չէ նշանակուած կայսրութեան միացած նահանգների մէջ. նա դարձեալ անկախ է եւ լաւագոյն դէպքում՝ միայն դաշնակից:
Եւ մեր աշխարհի այս մշտայոյզ, բարձրագլուխ, անհանգիստ ու ըմբոստ վիճակն էր, որ Վերգիլիոս ամփոփեց իր խորհրդանշական եւ նշանաւոր տողերի մէջ՝ «Եւ կամրջընկէց Արաքսը եռում է իր ափերի մէջ»:
Սա մեծագոյն վկայութիւնն է, որ այդքան պատկերաւոր ձեւով հաստատում է Հայ ժողովուրդի ազատասէր խառնուածքը եւ մարտական ոգին:

Կամրջընկէց եւ անհանգիստ Արաքսը հանդարտացնելու համար բազմաթիւ ռազմական ձեռնարկներից յետոյ, Հռոմը դիմում էր վերջապէս իր իսկ շահերի տեսակէտից լաւագոյն եղանակին: Նա ճանաչում էր Հայաստանի բացարձակ անկախութիւնը եւ բարեկամութեան դաշինք էր կռում նրա հետ: Այսպէս սկսուեց Արշակունի առաջին Հայ թագաւորի իշխանութիւնը Հայաստանում, Ներոնի օրօք:
Մեր Տրդատ առաջինի ճամբորդութիւնը այդ առթիւ դէպի Հռոմ ոչ միայն մեր, այլ եւ հռոմէական պատմութեան մէջ խոշոր քաղաքական երեւոյթ էր: Հայ թագաւորը ճամբորդում էր իբր մեծազօր եւ անկախ միապետ: Երեք հազարանոց մի ձիաւոր բանակով, շքեղ շքախումբով՝ ուղեկցութեամբ իր թագուհու, որ նստած էր գեղեցիկ երիվարի վրայ, ոսկէ սաղաւարտը գլխին, եւ մազերը հովերին տւած եւ որ, ի դէպ է ասել, հանդիսանում է հին աշխարհի լաւագոյն ամազօնը, որ կտրել ու անցել է միանգամից երեք հազար քիլօմէթր:
Հայ արքայի այս բազմահազար շքախմբով ճամբորդութիւնը, որ կատարւում էր ի հաշիւ Հռոմի, ահագին գումար նստեց կայսրութեանը: Հռոմի տիրապետութեան սահմաններից սկսեալ սենադի հրամանով Տրդատ առաջինին մեծ ինքնակալի վայել պատիւներ տրուեցին մինչեւ Հռոմ, ուր Ներոն նրան ընդունեց չտեսնուած շուքով: Կայսրութեան մայրաքաղաքը տակաւին երբեք ականատես չէր եղած այն մեծածախս հանդէսներին, որով Հռոմը փառաւորեց հեռու Արեւելքից եկած Հայոց միապետը: Ի լրումն ամենայնի, Ներոն ինքը իր ձեռքով Հայոց Տրդատի գլխին դրեց արքայական ոսկեհուռ թագ:

Անշուշտ, խորիմաստ եւ հեռատես Հռոմը բոլոր այս ծախքն ու զոհողութիւնները չէր կատարում սոսկ ամբոխին զուարճացնելու կամ Արեւելքի մի իշխանը պատուելու համար: Այս միջոցով սենադը ճգնում էր վերջ դնել Հայաստանի եւ Հռոմի կռիւներին եւ տեւական խաղաղութիւն հաստատել մեր սահմաններում:
Մասնաւոր մի բախտ էր, որ վիճակուեց Տրդատ առաջինին: Եղբայր պարթեւական Արշակունի թագաւորին, միաժամանակ պսակադրուած Հռոմում, իր օրօք Հայաստանը հանդիսանում էր մի տեսակ խաղաղութեան հանգրուան Արեւելքի եւ Արեւմուտքի, այսինքն՝ Հռոմի եւ Տիսբոնի մէջ:
Մեր աշխարհի այս հանգստութիւնը բնականապէս տեւեց այնքան, որքան նրա հարեւան երկու մեծ պետութիւնների շահերն ու կամքն էին պահանջում: Հայաստանի բախտն իր ձեռքում չէր, եւ յետագայ մեր Արշակունի թագաւորները՝ հակառակ իրենց բոլոր հեռատեսութեան, բոլոր խոհեմութեան ու աչալրջութեան, միշտ վտանգաւոր երկընտրանքի առջեւ մնացին քաղաքականապէս՝ Հռո՞մ, թէ՞ Պարսկաստան:
Եւ այս դաժան երկընտրանքը դամոկլեան սրի պէս Հայոց աշխարհի վրայ կախուեց այնուհետեւ բոլոր դարերի ընթացքում՝ մինչեւ նորագոյն ժամանակները, մինչեւ մեր օրերը:

Համակ մեր պատմութիւնն է այս, մեր բախտը, մեր թշուառութիւնը եւ մեր ճակատագրի մեծութիւնը:
Ի՜նչ վատ է աւանդուել մեզ մեր պատմութիւնը մեր մանուկ օրերին:
Գէթ այսպէս է կրթուել իմ սերունդը: Հայ թագաւորների բաւական անգոյն շարան, Հայ հայրենիքի միշտ նկուն վիճակ, թշնամու՝ օտարի մեծութիւն եւ զօրութիւն, բռնակալների աւեր, բարբարոսների արշաւանք եւ անծայր խեղճութիւն մեր ազգի, որ մղձաւանջի պէս աշնանային ցուրտ մառախուղով իջել է մեր սարսռացող մանուկ հոգիների վրայ:
Մեր պատմութեան իմաստութիւնը, նրա խոհական եւ հոգեպարար շրջանները, ինչպէս եւ մեր նշանաւոր արքաների ու աննման զօրավարների իսկական կեանքն ու պատկերը գրեթէ միշտ կա՛մ վրիպել են մեր ուսուցիչներից, եւ կա՛մ փոքրացել ու աննշան դարձել օտարների համեմատութեամբ:

Տիգրան Մեծի ոգին եւ նրա տուած թափը Հայոց աշխարհին քիչ է հասկցուել եւ շուտ է մոռացուել: Մինչդեռ հէնց նրա՛ օրօք էր, որ մեր ցեղի զարկերակը ամենէն աւելի առողջ եւ ուժգին րիթմ ունէր: Հապա մեծ Արշակունինե՞րը, Արշակ, Պապ…
Ինչպէս ասացի արդէն, չկայ մի պատմութիւն աւելի մեծ իր յեղյեղումներով, աւելի ողբերգական իր տագնապներով, աւելի յուզիչ իր դրուագներով՝ քան մերը:

Ի՜նչ վատ է աւանդուել մեր պատմութիւնը…

Շարունակությունը՝ հաջորդիվ…