ՀԻՆԱՎՈՒՐՑ, ԺԱՅՌԱԿՈՒՌ… ՄԵՐՕՐՅԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ…

Չգիտեմ, թե այսօրվա Երևանը որքանո՛վ է հիշեցնում տասնամյակներ առաջվա մեր հրաշալի տուֆակերտ մայրաքաղաքը: Սակայն Հայաստանում ու նրա արդի սահմաններից հեռու մնացած հողին հազարամյակներ ի վեր մեր նախնյաց ձեռամբ հոգի ու շունչ առած Տուֆն, իր մեջ ամփոփելով, սերունդներին է փոխանցել վաղնջական ժամանակներից ձգվող դյուցազնական անսկիզբ ու անվերջ մի պատմություն…

Երևանից 25 կիլոմետր հեռավորությամբ, Աշտարակ քաղաքի մոտակայքում, բրոնզեդարյան ժայռակոփ հսկայական մի համալիր՝ Ագարակի բնակատեղին, բացահայտվեց տարիներ առաջ կատարված ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում՝ գրավելով մասնագետների ուշադրությունը:

Արագածի հարավային կողմում խոյացող պղնձագույն ժայռաբեկորներով, 200 հեկտարի վրա տարածվող հնավայրում Հայաստանի ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախմբի կողմից 2001 թվականից իրականացվող պեղումներն ի հայտ բերեցին այս հազվագյուտ հնավայրի չափազանց կարևոր դերը:

Խեթական մշակույթից քաջ հայտնի համանման սրբավայրի առկայությունը փաստելուց բացի (խեթերի մայրաքաղաք Հատուշայի, Յազիլիկայայի, Ասար Կալեի նմանությամբ), ուշագրավ այս բնակատեղիում ն.թ.ա 2.900-2.700 թվականներով թվագրվող խեցեղենի նմուշները, Ուրարտական և հետագա շրջաններից գտածոները, ն.թ.ա 4-3-րդ դարերով թվագրվող գինեգործական կառույցների հետքերը վկայում են այստեղի շարունակական բուռն կյանքի մասին (այսօր էլ խաղողագործության կարևոր կենտրոններից է շրջանը):

Բնությանը ներդաշնակորեն սերտաճած այս սրբավայրում ծիսական կառույցների շարքը լրացնում են ժայռափոր խորշերը, տուֆի հարթակների վրա տարածվող, զանազան նշանակության շինվածքները…

Ուշ բրոնզեդարյան տասնյակ հարյուրավոր հին բնակավայրերի գոյությունն ապացուցում է բնակչության զարգացած կենսամակարդակը Հայկական Լեռնաշխարհում:

Միայն Սևանի ավազանում հիշյալ շրջանից հարյուրի հասնող բնակատեղիներ կան, մյուսները սփռված են Արարատի ու Արագածի փեշերին, Ջավախքում, Արցախում, Շիրակում, Վասպուրականում և հարակից ու հեռավոր շրջաններում:

19-րդ դարից սկսած պեղումները հետագայում արգասավոր եղան՝ 1960-ականներին Մեծամորի՝ ն.թ.ա 3-րդ հազարամյակի ձուլարանների հզոր կառույցների ավերակները, հանքանյութերի հարստացման համակարգերը՝ մեծ ու փոքր առվակներով, հսկա ժայռափոր «տաշտակներով» ու ամբարներով՝ մետաղ և այլ նյութեր հալելու բազմաթիվ մեծ ու փոքր հնոց-ձուլարաններով, որոնք վկայում են երկրի արտադրության բարձր ուժն ու կարողությունը:

Նմանատիպ մի հնավայր է հայտնաբերվել և Զոդում՝ Սոդքում, պատմական Ծավդեքում, ուր, համաձայն Խորենացու, Հայկ Նահապետի ժառանգներից՝ Սիսակի սերունդներն էին (Ծավդեք-Ծոդ-Սոդք- այսօր՝ Զոդ):

Ծովի մակերևույթից 2.200-2.500 մետր բարձրության վրա գտնվող այս հրաշալի տեղանքում գտնվել են ոսկու հանքամշակման առնվազն 3.500 տարվա վաղեմության հետքերը՝ հանքաքարը կոտրելու, մանրացնելու սանդեր, լվանալու «քարե տաշտեր», հանքաքարի թափոնների մեծ ու փոքր բլրակներ ու փոսեր…

JORC ստանդարտներով 2005 թվականին գնահատված մինչև 80 տոննա ոսկու պաշարներով այս գանձարանի վերջին տարիների շահագործման (թալանի) արդյունքում ծանր մետաղները, թունավոր ապարները՝ մկնդեղի, քրոմի, կադմիումի տեսքով, գետերի միջոցով հայտնվում են Սևանա լճում՝ պատճառելով անդառնալի հետևանքներ (ստորև՝ որոշ լուսանկարներ)…

Բրոնզեդարյան Հայաստանի կարևորագույն հուշարձաններից է և Կարմիր Բլուրի նախաուրարտական բնակատեղին՝ հայտնի ուրարտական Թեշեբաինի քաղաքի փլատակներով:

Լճաշենում, Արթիկում, Լորուտում հայտնաբերված սակրերը, տարբեր մետաղներից պատրաստված մանյակները, կենցաղային, ռազմի, պաշտամունքային իրերը համանման են Ուգարիթի, Մարի քաղաքի, Մեգիդդոյի, Գազայի, Բողազքյոյի հնագիտական գտածոներին (մանրամասները՝ «Հայաստանի հնագիտական հուշարձանները. Հ.Ա.Մարտիրոսյան, Ուշ բրոնզեդարյան բնակավայրեր և դամբարանադաշտեր», գրքում, ՀՍՍՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Երևան 1969, էջ 36):

Ն.թ.ա 7-րդ հազարամյակից հայտնի մետաղագործության կարևորագույն կենտրոնում՝ Հայկական Լեռնաշխարհում, մետաղամշակման ընձեռած հնարավորությունը տնտեսական, ռազմական գերակայության գրավականն էր:

Շենգավիթի, Գառնիի, Նախիջևանի բրոնզաձուլական կաղապարները (կոթավոր կացիններ…), հիշյալ բնագավառի խոշոր առաջընթացի վկայությունն են:

«Հուրի Երկիրը», ինչպես անվանում էին Նաիրի Երկրների միությունը որոշ արձանագրություններում, հետագայում՝ Ուրարտուն (Հուր Արտուն)՝ Բիայնան, Արարատյան Թագավորությունը, նրա բնակիչները՝ Հուրիները, իրենց նախահայր նահապետ հիշվող Հայկը՝ ըստ Խորենացու՝ Հապեթոսթյան, հունական դիցաբանությունից քաջ հայտնի՝ կրակի ու մետաղագործության տիրակալ-դիցի՝ Հեփաիստոսի (Հեփեստոսի, Հապեթոսի) սերնդից, ու նրա այսօրվա ժառանգներն իրենց իսկական պատմությունը «կռելու և կոփելու» հսկայական գործն ունեն…

Բրոնզեդարյան Հայաստանի այսօրվա փոքրիկ, բայց հզորաշունչ պատառիկների մի քանի լուսանկարները՝ ստորև…

1. Ագարակի հնավայրում հայտնաբերված՝ ն.թ.ա. 4-3-րդ հազարամյակների ժայռափոր հնավայր-սրբավայրից մի տեսարան

2. Երևան, Շենգավիթ, տաճարի ատրուշանը և բագինը, Ք.ա. XXVII-XXV դդ., թրծակավ
(պեղ. և լուս.` Հ. Սիմոնյանի)

3. Վանաձորի՝ միջին-բրոնզեդարյան ծիսական ոսկյա գավաթը (ն.թ.ա 18-17րդ դարեր)

4. Ագարակ

5. Ագարակ

6. Մեծամորի ձուլարանների համալիրից մի հատված

7. Երևան, Շենգավիթ, սև փայլեցրած կարաս,
Ն.թ.ա. XXIX-XXVII դդ.
(պեղ.` Ս. Սարդարյանի, լուս.` Վ. Հակոբյանի)

8. Ագարակ

9. Ագարակ

10. Ագարակ

11. Քարաշամբի 40 դարյա արծաթե գավաթը

12. Բրոնզեդարյան հիշատակներ՝ հնագույն զինատեսակներ, սակրեր

13. Բրոնզեդարյան խեցեղենի նմուշներից

14. Սոդքի (Զոդի) հանքերի տխուր պատկերներ

15. Հատված ուրարտական բրոնզե գոտուց (ն.թ.ա 7-րդ դար, այսօր՝ Բրիտանական թանգարանում)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով