«ՔԱՋԱՍԻՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՆԱՐԻՆ ՈՉԻՆՉ ՉԿԱ»…

Հայոց պատմությունն ու մշակույթը՝ հոգևոր ու նյութական, ազգի կենսագրության ու ոգու թարգմանն են:
Հայաստանի քաղաքական իրավիճակի պատճառով Հայրենիքից հեռու սփռվեցին Հայերը վերջին երկու հազարամյակների ընթացքում:
Դարերով ծովային ու ցամաքային ճանապարհների դժվարությունները հաղթահարելով զանազան երկրներում հանգրվանած Հայորդիների բացարձակ մեծամասնությունը՝ հարուստ վաճառական թե միջին արհեստավոր, գրեթե նույն ճակատագրին արժանացան՝ բարգավաճեցին, սակայն ավելի շատ կորցրեցին, ուծացվեցին…

«Պատմական Երնջակ գավառի Ջուղա քաղաքը հին Հայաստանի նշանավոր բնակատեղերից է և գոյատևել է անընդմեջ մինչև 1848 թվականը: Դեռևս վաղ միջնադարում ավանի հռչակ ձեռք բերած այս բնակատեղին 10-13-րդ դարերում վերածվել է քաղաքավանի, իսկ 15-17-րդ դարերում այն Հայաստանի նշանավոր առևտրական կենտրոններից էր։
Ջուղան ականատես է եղել Նախիջևանի և Վասպուրականի տարածքներում տեղի ունեցած պատմական իրադարձություններին։ Բազմամարդ ու բարգավաճ այս քաղաքը միջնադարում բազմիցս ենթարկվել է օտարամուտ ու ավարառու բանակների ոտնձգություններին ու ավերումներին, կողոպուտներին ու հրկիզումներին և վերջապես 1605 թվականին ենթարկվել է հիմնահատակ ավերման, բնակչության հարկադրաբար և ամբողջական տեղահանման»,- գրում է վաստակաշատ պատմաբան Արգամ Այվազյանը՝ Նախիջևանում դարերի ընթացքում Հայոց կերտած ժառանգության՝ պատմա-ճարտարապետական հուշարձաններն ուսումնասիրող ու ներկայացնող անխոնջ գիտնականը («Ջուղա», Երևան 1984 թ.):

…«Պատմությունն ավանդում է, որ Հայոց լեռնաշխարհում դարեր շարունակ մոլեգնած ամեհի պտտահողմերի, բարկաճայթ փոթորիկների նման ավերող ու բնաջնջող ոսոխների, արյունռուշտ թշնամիների պատճառով դժվարին ու մաքառումներով լի է եղել ոչ միայն Հայ մարդու կյանքը, այլև նրա հայրենի երկրի բնակատեղիների պատմությունը։

Հաճախ Հայոց երկրի բազմաթիվ մեծ ու փոքր, շենշող ու շեն բնակատեղիներն ու քաղաքները, թշնամիների ավերող կրունկների ներքո հրի ու սրի մատնվելով, մոխրակույտերի են վերածվել, անհայտության մշուշով ի պահ են մտել դարերի խորքում։
Սակայն նորից ու նորից Հայը հայրենի օջախի մոխրակույտի մոտ կարկատել ու վերաշինել է Հայրենին։
Եվ, այսպես շարունակ, Հայոց հար ու հարատև երկրում գոյատևել ու հզորացել է Հայրենին ու Հայի անդաստանը։
Անդարմանելի անցյալում պատահել է նաև այնպես, որ բնական անասելի աղետներից ու պատահարներից (երկրաշարժեր, հրաբխային ժայթքումներ, ջրհեղեղ) զատ, հազար ու մի փորձանքի ենթարկված Հայաստան երկրում բնակատեղիներն ամայացել են նաև հարկադրաբար, անասելի ուժի ու դաժանությունների գործադրումներով։
Ահա այսպիսի դաժան հարկադրանքի ենթարկվեց նաև Ջուղան, որը 1605 թվականին կազմակերպեց և իրականացրեց Պարսկաստանի շահ Աբաս Առաջինը։

17-րդ դարի տաղերգու բանաստեղծ Հովհաննես Մակվեցին Ջուղայի տեղահանման ականատեսն է և իր հայտնի «Ողբ Ջուղայու» տաղում Ջուղան համեմատում է Փարիզի հետ և մինչև իսկ «հանցման» (առավել) համարում։ Տաղերգուն մեծ վշտով պատկերում է.

Ո՞վ կարէ պատմէլ գրով զայս կըսկիծս, որ մեզ հանդիպան,
Որ մեք ի մեր սուրբ տեղացն զըրկեցաք, եղաք անպիտան։

Աստհնւորս է բէբաֆայ. ձեզ վըկայ բերիմ ըզՋուղայ,
Փոխան սաղմոսաց երգոց՝ բու աւերակի ձայն կու գայ։

Աւաղ ըզՋուղայ ասեմ, ըզպարծանքըն Հայոց ազգիս,
Որ հանցման էիր քան ըզՓարէզ Ֆռանգսիսի,

Քանդեալ յոյժ աւերեցար, որ քան զնըմանն է այլ դըժար,
Որ անդ որդիք չըմընաց, այլ ի քեզ և ոչ է մի հաւ։

Ըզգեղեցիկ ճոխ պատկերք, որ խնամով դու զնոսա սընար,
Տարան ըՍպահան քաղաքն, խառնեցին ի պիղծ թաթն որ կայր։

Ես Յովհաննէս Մակուեցի, լալագին տաղիս երգողի,
Ես էի ի մէջ նոցա և աչօք իմովք զայս տեսի»:
(Մեջբերումը՝ Արգամ Այվազյանի վերոնշյալ ուսումնասիրությունից):

Ջուղայից ու Հայոց մյուս բնակավայրերից տեղահանված Հայորդիք Մայր հայրենիքից հեռու եզերքներում ևս իրենց ջանասիրությամբ ու անխոնջ աշխատանքով պատմություն կերտեցին:
Ու նրանց անունները կրող ավան ու փողոցներ ի հայտ եկան զանազան երկրներում…

Նրանցից մեկը՝ Հովհաննես Ալթունյանը՝ ծնունդով՝ Ճահուկից (Նախիջևան), իր ձեռնափայտում թաքցնելով արտահանման համար արգելված ներկատու բույսի՝ տորոնի սերմերը (թուրքական օրենքով մահապատիժ էր սահմանված օրենքի խախտման դեպքում), 18-րդ դարում տորոնի մշակությունը ներմուծեց Ֆրանսիա և անհայտ մի փոքրիկ գյուղի համաշխարհային փառք պարգևեց՝ այն դարձնելով տորոնամշակության կարևորագույն կենտրոն, որը շուտով տվեց այդ բույսի համաշխարհային արտադրանքի կեսից ավելին:

Հովհաննես Ալթունյանի դիմանկարը (1848 թվականի փորագրություն)

Իր ապրած ժամանակաշրջանի քաղաքական անբարենպաստ պայմաններում իրեն վիճակված բազում դժվարությունները հաղթահարելով՝ նա խիզախությամբ իրականացրեց իր ծրագրերը՝ բամբակի մշակման որոշ փորձերից հետո հաջողելով տորոնի մշակույթը:

Հովհաննես Ալթունյանի (Jean Althen) դիմանկարը (գծանկարի հեղինակ՝ J.- F. — X. de Seytres, marquis de Caumon (պահպանվում է Ավինյոնի Կալվե թանգարանում (Musée Calvet d’Avignon )

Անդրադառնալով Հովհաննես Ալթունյանի՝ ֆրանսիական ձևափոխմամբ՝ Jean Althen-ի կենսագրությանը, Donato Pelayo-ն նշում է, որ նրա հայրը Սրբազան կայսրության Հովսեփ Առաջին կայսեր մոտ Պարսկաստանի դեսպանն էր և թուրքերի սպանությանն է ենթարկվել («Սրբազան Հռոմեական կայսրությունը» պետական կազմավորում էր, որը գոյատևել է 962-1806 թվականներին՝ միավորելով Եվրոպայի մի մասը, Հովսեփ Առաջինը (1678-1711) Հաբսբուրգների դինաստիայից էր):
Շատ չանցած, նույն ճակատագրին են արժանացել նաև նրա եղբայրները՝ կոտորվելով թուրքերի կողմից:
Գերեվարվելով՝ Կեսարիայում 12 տարի Հովհաննեսն աշխատում է տորոնի, բամբակի մշակության մեջ, այնուհետև վաճառվում, սակայն հաջողությամբ փախչելով, հասնում է Զմյուռնիա, որտեղից էլ, ի վերջո, Զմյուռնիայում Ֆրանսիայի հյուպատոս Gaspard de Péleran-ի և փոխծովակալ marquis d’Antin-ի հովանավորությամբ 1739-ին հասնում է Մարսել:

Բամբակի ու տորոնի մշակույթի բնագավառում իր ունեցած գիտելիքները հմուտ ու փորձառու Հովհաննեսը ներկայացնում է թագավորին՝ Լուի 15-րդին:
Երեք տարի անց՝ Լանգդոկի շրջանում մեկնարկում է բամբակի արտադրության իր ծրագիրը:
Մի քանի տարիների անպտուղ փորձերից հետո, կլիմայական անբարենպաստ պայմանների պատճառով այն դադարեցնում է ու սկսում հաջողությամբ հիմնել ու զարգացնել տորոնի մշակույթը՝ շահութաբեր՝ տորոնի արմատներից ստացվող ալիզարին նյութի՝ բնական ներկանյութի շնորհիվ:

Հովհաննես Ալթունյանն իր մահից առաջ՝ 1774-ին տորոնի մշակության վեց ընդարձակ տիրույթներ ուներ:

1763 թվականին Հովհաննես Ալթունյանը ներկայացնում է իր փորձերը՝ տորոնի՝ «Կարմիր ոսկու» տեղական արտադրության առավելությունները ցույց տալով:
Մի էջ՝ նրա ուսումնասիրություններից…

1860 թվականին բնական ներկի՝ տորոնի համաշխարհային արտադրության կեսից ավելին Հ. Ալթունյանի հիմնած մշակության շնորհիվ էր ստացվում:

Ավաղ, նա մահացավ չքավորության մեջ՝ 1774 թվականի նոյեմբերին՝ չհասցնելով վայելել իր ստեղծած ահռելի հարստությունը:

1845 թվականին՝ Լուի Ֆիլիպի թագավորական հրամանով, երախտապարտ ֆրանսիացիք իրենց բնակավայրը հարստացնող Հայ գյուղատնտեսի՝ Հովհաննես Ալթունյանի՝ Ժան Ալթենի անվամբ են ավանը կոչում (բնակիչներն էլ՝ «ալթենցիներ»)…

1847-ին Ավինյոնում նրա բրոնզե արձանն է կանգնեցվում, որը, սակայն, Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, գերմանական զավթման տարիներին հալեցվում ու զենքի է վերածվում:

2005 թվականի նոյեմբերի 17-ին Ալթենի անունը կրող ավանում երախտապարտ բնակչության կողմից հանդիսավորությամբ բացվում է նրա հուշարձանը՝ ի հիշեցում և ի փառաբանում Հայ գյուղատնտեսի գործի:

Բնութագրելով Ճահուկից Ֆրանսիա հասած Հայորդու խիզախումը, Donato Pelayo-ն հիշեցնում է հին ասացվածքը՝ «Քաջասիրտների համար անհնարին ոչինչ չկա»…

1829-ից ի վեր մինչև Առաջին Համաշխարհային պատերազմի տարիները ֆրանսիացի զինվորների համազգեստում՝ տաբատը և որոշ հատվածներ՝ օձիքն ու գլխարկի վրա, տորոնով էին ներկված: