«ՎԱՀԱԳՆԻ ՈԳՈՎ՝ ԻԲՐԵՎ ՊԱՇՏՊԱՆ ԳՈՒՆԴԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ»…

19-րդ դարի վերջերից սկսված փոթորկալից իրադարձությունները, որոնք շարունակվեցին հետագայում՝ աշխարհաքաղաքական փոփոխություններ պարտադրեցին ու բազմաթիվ երկրներում նոր մարտահրավերների առիթ եղան՝ անհատի, ինչպես և ազգային ինքնությունների համար, սպառնալով ավանդական արժեքների ոչնչացմանը…
Որոշ երկրներում՝ ընդհակառակը, ակնհայտ ձգտումով վերարժեվորվեցին անցյալի ավանդույթներն ու կարևորվեց սեփական ակունքներին վերադարձը…

Քրիստոնեության տարածումից հետո՝ նախկին հավատալիքները, Հայկազունների ուսմունքն «անընդունելի համարելով»՝ քննադատելով ու մերժելով, նոր «աշխարհայացք» պարտադրվեց՝ ձևափոխելով, իմաստափոխելով ժողովրդի կողմից սիրված հնագույն ծեսերն ու տոները:

Մեհյանների, հնագույն տաճարների վայրերում՝ սովորույթի ուժով, ուխտագնացություններն ու խրախճալից տոնախմբությունները շարունակվեցին՝ ի հեճուկս տեղանքի անվանափոխությանն ու «քրիստոնեականացմանը», ազգային պարերի, խաղերի, նվագարանների արգելմանը…
Եվ այն քաջությունն ու հովանավորությունը, որ Վահագնից էին հայցում, փոխարինվեց՝ «Եա՜, Մշոյ Սուլթան Սըբ. Կարապետ, ինծի օգնական ու պահապան էղնիս» մաղթանքով… Թեև, օրինակ, այդ մաղթանքն արտահայտող լարախաղացների շարժումների իմաստը, լարախաղացությունն իսկ իր խորհրդով անհարիր էր քրիստոնեությանը:
Շարունակվեցին «աշխարհախումբ տոնախմբությունները դարեդար»՝ «երգօք գուսանաց, խաղօք փեհլիվանաց, մինչ զուգընթաց հնչէին քնարք Գօղթնականք, սրինգք բիւրականք»՝ փոքր-ինչ այլ հնչեղությամբ…

«Այսօր, երբ մարդկութիւնը մեզ դրել է Հայօրէն ապրելու և ստեղծագործելու անկարելիութեան առջև այս աշխարհածուփ ու վտանգալի ժամանակներում, քաղաքական իմաստութիւն չէ՞, որ ցեղերէն ամենավտանգուա՛ծը՝ Հա՛յը, վերստին ապաւինէ Տարօնականութեա՛ն — Ցեղի յաւիտենական զէնքի՛ն:

Գերազանցօրէն յեղափոխական են մեր օրերը, ճակատագրական՝ մերօրեայ անցքերը:
Վաղուց է, ինչ մարդկութիւնը իրեն զգում է նստած հրաբուխի վրայ: Ականւած է հին աշխարհը: Մարդը — անհատ թէ հաւաքականութիւն — այսօր աննախընթացօրէն անապահով, խռովւած է զգում իրեն:
Զարհուրելի են ցնցումները կեանքի բոլոր մարզերում: Ճգնաժամ են անցկացնում` պետութիւն, տնտեսութիւն, կրօն, փիլիսոփայութիւն» (Գարեգին Նժդեհ, «Տարօնի Արծիւ», թիվ 1, ապրիլ, 1938):

Շեշտելով, որ «Տարօնականութեան ոգին է իրենց թերթի հիմնաքարը» և նպատակը՝ այդ Ոգու մշակումը Հայոց մեջ, «Տարօնի Արծիւ» ամսաթերթի 1942 թվականի թիվ 18-ի «Խմբագրական»-ում ներկայացվում է իրենց «փոքրաթիվ հայրենասէրներու Միութիւնը», ինչպես և՝ նրա գաղափարներն ու նպատակները, «Հայ մշակութային արժէքներու ստեղծագործութեան եւ պահպանման գործի» կարևորումը՝ «Տարօն — Տուրուբերանի անցեալի ու ներկայի արժէքները շտեմարանելով»:

«Մեր թերթը խուլ եւ հա՞մր պիտի մնայ այն հիւանդութիւններու դէմ, որոնք կուգան մեռցնելու դարերու ընթացքին Հայ ազգին գոյութիւնը պահող ու պահպանող տոկունութեան եւ անպարտելիութեան ջիղը:
Ան չպիտի՞ գրէ Յաղթանակի Աստծու պաշտամունքին մասին, զոր քրիստոնեութիւնը իր բոլոր վանքերովն ու եկեղեցիներովը չկրցաւ մեռցնել Հայու սրտին մէջ ընդհանրապէս եւ Տարօնցիին՝ մասնաւորապէս, ծնունդ տալով Հայ յեղափոխութեան որոտագոռ հեղեղներուն:
Երբ մեր յեղափոխական անցեալէն դրուագներ կը զետեղենք հոն, անշուշտ, մենք պիտի փառաբանե՛նք քաջերը եւ արհամարհե՛նք երկչոտները»…

…«Մենք շարունակ պիտի գրե՛նք մեր Հայրենիքի գեղեցկութիւններու եւ արժէքներու մասին, որպեսզի արտասահմանի մէջ ցան ու ցիր ինկած եւ օտարացման դանդաղ մահէն հիւծուող մեր հայրենաբաղձ ընտանիքները շարունակեն ապրիլ անոր շունչովը եւ ներշնչել իրենց ծննդավայրին հանդէպ ունեցած սէրը՝ իրենց զաւակներուն:
Մենք շարունակ պիտի քարոզե՛նք մեր հեթանոսական Աստծու — Վահագնի ոգին՝ մեր ընթերցողներուն, որպեսզի անոնք առողջարար եւ կենսատու օդ շնչեն եւ դառնան օգտակար զինուորներ Արդարութեան բանակին»…

…«Մեր պապերը մեզ հետ են մի՛շտ:
Մեր ականջին կը փսփսա՛ն միշտ, որ մենք անոնց գծած հայրենասիրութեան եւ անձնուիրութեան ճամբայէն չի՛ շեղինք եւ մնա՛նք իբրեւ Պաշտպան Գունդը Հայաստանին»: