«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է ՊԱՅՔԱՐԻ ԻՐ ՕՐԵՆՔԻ ՀԱՄԱՐ, ԻՆՉՊԵՍ ԻՐ ՊԱՐՍՊԻ ՀԱՄԱՐ»…

«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է ՊԱՅՔԱՐԻ ԻՐ ՕՐԵՆՔԻ ՀԱՄԱՐ, ԻՆՉՊԵՍ ԻՐ ՊԱՐՍՊԻ ՀԱՄԱՐ»…

«Ժողովուրդը պետք է պայքարի իր օրենքի համար, ինչպես իր պարսպի համար»։
«Ինձ համար մեկը հավասար է տասը հազարին, եթե նա լավագույնն է»: (Հերակլիտես)

Մոտ 2500 տարի առաջ Եփեսոսում բնակվող ազնվական ազդեցիկ մի ընտանիքից էր սերում հույն իմաստասեր Հերակլիտեսը, որի խորիմաստ՝ «Ամեն ինչ անցողիկ է» արտահայտությունը հայտնի է շատերին։
«Մարդու բնավորությունն է կռում նրա ճակատագիրը»,- պնդում էր նա և հիշեցնում նաև «արթմնի վիճակում քնածների» մասին։

Հերակլիտեսը համոզված էր, որ իշխանությունը պետք է պատկանի «լավագույն քչերին և ոչ թե վատագույն մեծամասնությանը կամ տգետ բազմությանը, որը չի հանդուրժում իմաստուններին և ուժեղներին»։

16-րդ դարի ֆրանսիացի գրող-մարդասեր, իրավաբան Էտիեն դը լա Բոեսին (1530-1563) դեռևս 19 տարեկանում 1549 թվականին շարադրել է «Կամավոր ստրկության մասին ճառը», որտեղ քննում է ժողովուրդների հանդուրժողականության և դյուրահավատության արդյունքում իշխանությունը չարաշահող բռնակալներին հնազանդությամբ աջակցելու մերժելի երևույթը։
Հիշյալ ճառից մի հատված իմ թարգմանությամբ՝ ահավասիկ.

«… Այս պահին ես միայն կցանկանայի հասկանալ, թե ինչպե՛ս է լինում, որ այնքան շատ մարդիկ, այնքան գավառներ, քաղաքներ, այնքան ազգեր երբեմն հանդուրժում են մի բռնակալի, որի միակ ուժն այն իշխանությունն է, որ հենց իրե՛նք են տալիս նրան, և նա կարող է նրանց վնասել այնքան, որքան վերջիններս կամենում են հանդուրժել, և որ նա չէ՛ր կարող ոչնչով նրանց վնասել, եթե նրանք սիրով չգերադասեին տառապանքը՝ հակառակվելուց։ Իրավամբ, տարօրինակ բան է — և, այդուհանդերձ, այնքան տարածված երևույթ է, որ ավելի շուտ հարկավոր է հառաչել (գանգատվել), քան ապշել տեսնելով, թե ինչպես են միլիոնավոր մարդիկ թշվառաբար ստրկացած, գլուխը դրած լծի ներքո, ոչ թե այն պատճառով, որ ստիպված են բռնի ուժի պարտադրմամբ, այլ որովհետև հմայված են, կարելի է ասել՝ կախարդված են միայն զուտ մի անունով, որից չպետք է վախենային, քանզի նա մենակ է — և ոչ էլ սիրեին, քանզի նա բոլորի հանդեպ անմարդկային ու դաժան է։
Այդպիսին է, սակայն, մարդկանց թուլությունը․ պարտադրված հնազանդությունը հարկադրաբար հանդուրժելով, նրանք միշտ չէ, որ կարող են ավելի ուժեղ լինել»…
Այնուամենայնիվ, նա հստակ նշում է ելքը։
«Վճռականորեն որոշե՛ք՝ այլևս չծառայե՛լ — և դուք ազա՛տ կլինեք։
Ես ձեզ չեմ խնդրում նրան հրել կամ սասանել, միայն թե այլևս մի՛ աջակցեք նրան, և դուք կտեսնեք, թե ինչպես՝ հիմնաքարը կոտրած մի հսկա կոթողի նման, նա կփլվի իր սեփական ծանրությունից և կփշրվի»…

Գրանցվեք մեր էլեկտրոնային լրատվական նամակներին, որպեսզի էլեկտրոնային փոստով տեղեկացված լինեք, երբ նոր հոդվածներ կհրապարակվեն: