«ԵՎ ԱՐԵԳԱԿՆ Է ԲԱՐՁՐԱՆՈՒՄ ՔՐՄԱՊԵՏԻ ՎՍԵՄՈՒԹՅԱՄԲ»…

«ԵՎ ԱՐԵԳԱԿՆ Է ԲԱՐՁՐԱՆՈՒՄ
ՔՐՄԱՊԵՏԻ ՎՍԵՄՈՒԹՅԱՄԲ»…

Հայքը’ սովորաբար բնական սահմաններով’ լեռների և գետերի ավազաններով միմյանցից զատված իր գավառներով, ողջ Հայկական Բարձրավանդակն իր աշխարհագրական դիրքով, պատմական ընթացքով պայմանավորել է Հայ ազգի դիմագիծը։ Ազգային աշխարհայացքով ձևավորված Հայոց մշակույթի վրա հաճախ ազդել են քաղաքական իրադարձությունները, օտարամուտ բարքերը…
«Հայ ժողովրդի հոգևոր կյանքը մեծ բեկումներ է ունեցել և այնպիսի անակնկալների է ենթարկվել, որ երբեմն ուղղակի ընդհատվել է՝ ամբողջովին կորցնելով կապը նախկինի հետ։
Քաղաքական տագնապալից հեղաշրջումները այնպես էին փշրում պատմական հաջորդականության շղթան, որ երբեմն հաջորդ սերունդը ոչ հեռավոր անցյալի նկատմամբ այնքան անտեղյակ և այնպիսի անօգնական վիճակի մեջ էր ընկնում, ինչպես մենք՝ այսօր։ Երկրի մասնատված վիճակը և կյանքի բնականոն ընթացքի հաճախակի ընդհատումները խանգարում էին միասնական ավանդույթների մշակմանն ու պահպանմանը։

Հենց որ հանդարտվում էին քաղաքական փոթորիկները, ետևում էին մնում ձախորդությունների սուր շրջանները, և կյանքը սովորական հունի մեջ էր մտնում, արթնանում էր հետաքրքրությունն անցյալի նկատմամբ, սկսվում էր տագնապալից ժամանակներից փրկված հուշարձանների ուսումնասիրությունը՝ հին ժամանակների հետ եղած կապը հասկանալու, ներկան անցյալի հետ որևէ կերպ շաղկապելու նպատակով»։ (Նիկողայոս Ադոնց):

19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին Հայոց մղած ազատամարտերին զենքը ձեռքին կռվող հերոսներին գոտեպնդում էին նաև գրիչը ձեռքներին մեր մտավորականները։
«Բանաստեղծի երազներն ու տենչերը դիպչում էին կապարե իրականությանը, թաթախվում Հայկական ջարդերի արյան ծովում, փշրվում կամ ստանում արյան շառագույնը: Նա փորձում էր «ապագա հյուսել, աշխարհ ստեղծել», մինչդեռ չէր կարող ցավագին ճշմարտությունը ներկայացնել, քանզի բանտն ու աքսորը պատրաստ էին: Ու հաճախ բանաստեղծը դիմում էր առասպելին, տեսիլին, բալլադին, հեքիաթին, այլաբանությանն ու երազին, և դրանց ընձեռած անսահման հնարավորություններով ու ժանրային առանձնահատկություններով էր կարողանում կերտել դյուցազնական ու ժողովրդական հերոսների կերպարներ, ինչպես նաև փառաբանել Հայրենիքի գոյատևման հավերժական արժեքները:
Երբեմն էլ վկայակոչվում էին հեթանոսական-ասպետական ժամանակների ազատության ոգիներն ու քաջազուն մարդիկ՝ նոր ժամանակների հերոսներին ոգեշնչելու, պայքարի տանելու և ցանկալի աշխարհ կառուցելու համար:


Կարդում ենք 1896-ի գարնանը ԻսաՀակյանի գրառումներից մեկը.
«Հի՛ն աշխարհ, խորհրդավոր աշխարհ, մթնոտ ու պայծառ աչխարհ, հրաշալի ու սքանչելի աշխարհ… խորը և անքննելի աշխարհի «մարդիկ»: Դուք մեզ պես թույլ, վախկոտ, տռփոտ, քնքուշ չէիք, դուք քա՛ջ էիք, ամու՛ր, ահե՛ղ, հսկա, երկիրը ձեր ոտքերի տակ դողում էր, իսկ երկինքը ձեր գլխի վրա պսակի պես շողում…
Զարթնեցե՛ք դուք ձեր գերեզմաններից, թող ձեր ուժը փռվի՛ մեր վրա, ձեր խորհրդավորությունն ու ձգտումները, ձեր կրակն ու բոցը թող մեզ տիրե՛, տաքացնե՛…
Հի՜ն աշխարհ, փարթամ, հսկա, ահռելի՛ աշխարհ»…(Ավ. Իսահակյան, Հիշատակարան, Երևան, 1977, էջ 231):
Հեթանոսական այս պոռթկումները, առնական ուժի ու հզորության, ազատ կյանքի ու վայելչության փառաբանումներն ու ոգեկոչումները նորարար բանաստեղծի խիզախումներն էին, որոնց ուժգին արձագանքները հետո լսվեցին արևմտահայ պոեզիայում, դարձան տիրապետող արվեստ՝ «Հեթանոսական հոսանք»:
Ավելին, ԻսաՀակյանն այն բացառիկներից էր, որ ոգեկոչեց վաղնջական ժամանակների հզոր ոգիների Ու՛ժը, Զորությու՛նը, Քաջությու՛նը, Կրա՛կն ու Բո՛ցը՝ իր օրերի քաղքենիական, թուլամորթ ու վախկոտ միջավայրը քննադատելու, նորօրյա հերոսներին զինելու, գոտեպնդելու համար:
Նա չիդեալականացրեց Հին աստվածներին (Դիցերին, Կ.Ա.) ու նրանց չդարձրեց գրական հերոսներ, ինչպես արեցին այլ բանաստեղծներ:

Աստվածային ու առասպելական դյուցազունների ծագումնաբանական հրաշքը նա հայտնաբերեց Ազատն Մասսի՝ իր Հայրենիքի ներքին ժայթքումից, այդ օրերի ժողովրդական հերոսների անօրինակ սխրանքներից ու մեր մեծ էպոսի անմահ կերտվածքից» (մեջբերումը՝ Ա. Խ. Խաչատրյանի՝ «Ավետիք Իսահակյանի «Մասսա Մանուկ» վիպերգը» հոդվածից):

Բռնության դեմ պայքարող զինավառ Հայ քաջերին՝ «սուրբ առյուծ դարձած» հերոսներին «Արև»՝ առողջություն ու պայծառ կյանք է նա մաղթում՝ հազարամյակներ շարունակ Արևն ու Լույսը փառաբանող Հայկազունիների ոգով.

«Արև՛ մաղթենք մեծ քաջերուն —
Անդրանիկին ու Վարդանին,
Զուլալ աղբյուր էն Սերովբին …
Հազար — հազար էն կտրիճներուն,
Որոնք համար ու թիվ չունեն,
էնոնք, որոնք աստղերու պես
Կցոլցլան, անուն չունեն,
Քաջ ու անվախ վալադներուն,
Գիշերվա աչք էդ քաջերուն,
Որոնք ճամփու լեզու գիտեն։
Ամեն, ամեն ֆեդահներուն,
Որ լույս կուտան ու թիվ չունեն,
Ապրա՛ծ կենան, կանանչ արև,
Պայծա՛ռ մնան» …

Հայոց Նախնյաց նման՝ «Դիցերի ծննդյան հետ փառաբանվող Լույսը»՝ Արեգակը, Տվնջյան լույսը՝ «Անմատույց լույսի» Ակն իր ճաճանչեղ շառավիղներով, արշալույսին իր շողազարդ ճառագայթների սփռած լուսափայլությամբ, շարունակվում է գովերգվել մինչ օրս…

Լո՜ւյս, լո՜ւյս զվարթ…
Եվ ո՛չ թե լույս երեկոյի,
Ի մտանել արեգական,
Այլ լույս զվարթ արդար գոյի`
Շաղաոտըն առավոտի…

…Ծնրադրյալ Բնությունն է ելնում ոտի.
Գիշերային ժամերգությունն է վերջանում:
Եվ Լուսաբացն է մոտենում դանդաղորեն,
Իբրև հսկիչ մի Լուսարար`
Մարելով ու հանգցընելով
Ամեն տեսակ լապտեր ու լամպ:
Եվ արեգակն է բարձրանում
Քրմապետի վսեմությամբ:

Եվ ծույլ փռված ստվերները մարմնամսեղ
Սկսում են կարծես իրենք իրենց մարսել՝

Մսաթափվում-նիհարում են,

Հետզհետե դառնալով ձիգ

Ու սլացիկ՝

Պարուհու պես մի թխամորթ:

Արշալույսն է շարունակում ածել փողը իր ծիրանի,
Որի բոլոր նեղ ծակերից լայն շաղվում է
Ինքը՝ Արդար Արեգակը,
Եվ հնչում է ա՛յն եղանակը պարզ ու բարդ,
Որ հնչել է աստվածների ծննդի հետ.

«Լու՜յս, լո՜ւյս զվարթ»…

Լո՛ւյս, լո՜ւյս զվարթ,
Լույս զվա՜րթ ու գերազանցի՜կ,
Լույս երգեցի՜կ ու նվագո՜ւն:
Դու առաքյալ ամենօրյա,

Որ բերում է միայն հավատ,

Բայց ի դերև հանում-վանում

Եվ քողածածկ-ծպտյալ հույսեր:

Դու սուրհանդակ, բայց և կավատ,

Դու՝ հետախույզ, բայց և մատնիչ,

Բայց ամենից առաջ՝ միշտ սե՜ր

Եվ ամենից հետո՝ միշտ սե՜ր…

Լո՛ւյս, լու՜յս զվարթ,

Անձրևի պես

Տեղա՜ այնպես,

Որ աշխարհում

Լոկ մի՜-միա՜կ ստվեր մնա,

Այն էլ միայն երկնի՜ վրա ՝

Լոկ անձրևի՜ ստվերը կոր՝

Ծիածա՜նը…

Լո՛ւյս, լո՜ւյս զվարթ,
Այնպե՛ս գործիր,
Որ նկարիչ քո մատներով
Վառեկներն իսկ, գունազարդված,
Դառնան կարծես աքաղաղներ
Ու վերերգեն յուրատեսակ ծուղրուղուով
Ա՛յն եղանակը պարզ ու բարդ,
Որ հնչել է աստվածների ծննդի հետ
«Լո՛ւյս, լո՜ւյս զվարթ»…

Լո՛ւյս, լո՜ւյս զվարթ,
Շաղվի՛ր,
Մաղվի՛ր,
Թաղվիր այնպե՛ս և այնքան խո՛ր,
Որ մենք չապրենք` ինչպես ձուկը
Իր մշտամութ-անլուսամուտ պետության մեջ,
Որ քո հմուտ-ամենամուտ շողերի տակ
Ծածկամիտ ջուրն անգամ դառնա անկեղծ-հստակ,
Եվ անաղմուկ քո զարկերից ու քո տաքից
Չթրծըված ամեն երազ իսկույն ճաքի,
Ու վերերգվի մինչև անգամ ա՛յդ ճաքոցով
Ա՛յն եղանակը պարզ ու բարդ,
Որ հնչել է աստվածների ծննդի հետ.
«Լո՛ւյս, լո՜ւյս զվարթ»…

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ, 1967 թ.

Գրանցվեք մեր էլեկտրոնային լրատվական նամակներին, որպեսզի էլեկտրոնային փոստով տեղեկացված լինեք, երբ նոր հոդվածներ կհրապարակվեն: