Month: Մայիսի 2020

  • ԱՆՀԱՂԹ  ՈՒ  ԱՆՊԱՐՏ  ՄԻՀՐ

    ԱՆՀԱՂԹ ՈՒ ԱՆՊԱՐՏ ՄԻՀՐ

    ԱՆՀԱՂԹ ՈՒ ԱՆՊԱՐՏ ՄԻՀՐ

    ՄԻՀՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ  ԱՒԹԵԱԿ ՄԻՀՐԱՅ  ԿԱՐԳ (Ա)  Լուսանկարն ու բացատրությունը՝ Քուրմ Միհր Հայկազունու էջից
    ՄԻՀՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ
    ԱՒԹԵԱԿ ՄԻՀՐԱՅ
    ԿԱՐԳ (Ա)
    Լուսանկարն ու բացատրությունը՝ Քուրմ Միհր Հայկազունու էջից

    Լույսի, Բարության, Ազնվության, Ասպետության խորհրդանիշ՝ «Բարեպաշտ Արևորդիների», Քաջարի Ռազմիկների, Դաշինքի (Պայմանագրի), նաև՝ զենքեր կռող Դարբինների հովանավորն ու պաշտպանն էր Անպարտելի Միհրը, ինչպես և՝ Ուխտը դրժողների պատուհասողը…

    «ԽՈՐՀՈՒՐԴ ԲԱՐԻ, ԲԱՆ ԲԱՐԻ ԵՒ ԳՈՐԾ ԲԱՐԻ»՝
    ահա Միհրականության «Եռյակ Խորհուրդքը»…

    Համաձայն Միհրական Քրմերի՝ Աստղից անջատված Ճառագայթը (Ցոլը,Կ.Ա.) թափանցում է Քարանձավի խորքը՝ Երկրի արգանդը խորհրդանշող Քարայրն ու Վեմից՝ Ապառաժից ծնունդ տալիս Միհրին, որտեղից նա բարձրանում է Երկինք:

    Այսինքն՝ Մթության մեջ ներթափանցած Լույսի Ծնունդն ու Հաղթանակն է Միհրը (այլաբանորեն՝ «անգիտակից», մութ վիճակից հոգևոր բարձր ոլորտի հասած Գիտակցությունը) …

    Առեղծվածներով լի է Միհրին նվիրված պաշտամունքը՝ Միհրականությունը:

    Հազարամյակների խորքերը ձգվող արմատներով՝ ողջ աշխարհում տարածված այս պաշտամունքը վերջին 1.700 տարիներին մի փոքրիկ խմբի միջոցով, սերնդեսերունդ փոխանցվելով, հարատևել ու հասել է մեր օրերը:

    Համաշխարհային դառնալու նրա հավակնությունը նկատի ունենալով, 19-րդ դարի ֆրանսիացի գրող, պատմաբան ու փիլիսոփա Էռնեստ Ռենանն ասել է.

    «Եթե որևէ մահացու հիվանդություն հանկարծ խոցեր քրիստոնեությունը, ողջ աշխարհը միհրական կլիներ»…

    Սկզբնական շրջանում բնական քարանձավներում, այնուհետև՝ արհեստականորեն վիմափոր կամ ստորգետնյա մթին, ոչ ընդարձակ շինություններում փոքրաթիվ մասնակիցներով կատարվող ծեսերն իրենց խորհուրդը հաղորդում են միայն պաշտամունքի նվիրյալներին:

    Հայկական Լեռնաշխարհի հնագույն ավանդույթներից սկզբնավորված, հետագայում՝ Պարսկաստանում ու Հռոմեական երբեմնի ընդարձակ կայսրության տարածքում՝ գրեթե բոլոր արվարձաններում սփռված այս պաշտամունքը մեկնաբանող տեքստերի բացակայության պայմաններում հնագիտական ոչ առատ նյութերով ենք չնչին պատկերացում կազմում:
    Բացը լրացնելով այդ պաշտամունքի գիտակ-քրմերի սակավ մեկնաբանություններով…

    Հայոց մեջ վաղնջական շրջանից գոյություն ունեցող՝ Միհրի պաշտամունքը դեռևս ն.թ.ա 14 -րդ դարում՝ Խեթերի թագավոր Սուպիլիուլիումի և Միտանիի՝ Նաիրիի արքա Շատիվազի միջև կնքված դաշնագրում է հիշատակվում՝ ի թիվս հովանավոր դիցերի և միայն ն.թ.ա. 395 թվականից հետո է ներմուծվում Պարսկաստան՝ Արտաքսերքսես Բ-ի կողմից (դրանից առաջ պարսկական աղբյուրներում նա չի նշվում):
    Այնուհետև, ն.թ. 1-ին դարում ներթափանցում է Հռոմ՝ ն.թ. 3-րդ դարում արդեն դառնալով միջազգային՝ տարածվում է Հնդկաստանից մինչև Սև ծով, Բալկաններից մինչև Բրիտանիա և Իսպանիա:

    Ըստ պահպանված հնագիտական նյութերի և որոշ գրվածքների՝ Լույսի, Բարության Դիցը՝ Ռազմիկների հովանավոր և Պայմանագրերի պահապան՝ Վիմածին (Ժայռից ծնված) Միհրը պատկերվում էր աջ ձեռքում՝ Դաշույն՝ ի պաշտպանություն Երկրի վրա Խաղաղության, ձախ ձեռքում՝ Ջահ՝ ի նշան Արարչական Լույսի և Արևի (ջահը՝ ճրագաձողը, կայծակի խորհրդանիշով է փոխարինվել որոշ պատկերներում):

    Ուխտապահներին հզորություն ու հաղթանակ պարգևող Միհրն անողոք պատուհասում էր Միհրադրուժներին՝ Պայմանադրուժներին (Ուխտադրուժներին):

    Պայմանազանցությունը (խոստումը, ուխտը, դաշինքը դրժելը) Միհրին դավաճանության, հետևաբար՝ ոճրագործության էր համարժեք Միհրականության մեջ, քանզի Միհրի հովանավորությամբ կնքված դաշինքն անքակտելի էր համարվում:

    Քուրմ Միհր Հայկազունու հաղորդմամբ՝ Արդարադատ և Բարեփառ Միհրի ծնունդը՝ Արեւագալի օրը, նշվել է ջահավառությամբ՝ դեկտեմբերի 23-ին:

    «Հայկեան սրբազան ավանդության համաձայն, Արեւագալի տոնին, Արեւորդիները Քրմերից ստանում և ճաշակում են Արևհաց և Գինի, որից հետո, Արեւորդիները հնարավորություն են ստանում Ատրուշանի Սրբազան Հրից մի մասնիկ իրենց հետ տանել օջախները՝ ի նշան Սրբության, Օրհնության և Խաղաղության»,- այսպես է մեկնաբանում Քուրմ Յարութ Առաքելեանը:

    Միհրականության շարքերն ընդունվելու համար «մաքրագործվելու» հատուկ արարողություններ կային, դժվարությունների ու տառապանքների հաղթահարման ճանապարհ անցնելուց հետո…

    Հոգևոր (նաև՝ ֆիզիկական) զարգացման, կատարելագործման որոշակի աստիճաններից հետո «Արևկնունքի» արարողությունն էր՝ Վարդայուղի դրոշմով՝ «Արևորդի» կոչմանն արժանանալու համար…

    Ծիսակարգի վերաբերյալ գաղտնիության և ուսմունքին հավատարմության (նվիրվածության) խոստումից հետո երդմնակալության մի դրվագ՝ հատուկ հարց ու պատասխանի ձևով (Առյուծի աստիճանակարգին համապատասխանող), պահպանվել է եգիպտական պապիրուսի մի հատվածում:
    Նշենք, որ Հայկազունների արարողակարգը տարբեր է այլ ազգերի մոտ կիրառվողներից…

    «Միհրը Արևի Լույսն ու Ճառագայթն է»,- գրում է Հովիկ Ներսիսյանն իր՝ «Հայագիտական ուսումնասիրություններ»-ում:
    «Էսքիկալե (Հին ամրոց, Կ.Ա.) վայրի պեղումներից հայտնաբերվել է 160 մետր երկարությամբ, լեռան լանջի խորքը գնացող՝ երկու բոլորաձև սենյակով վերջացող թունել:
    Սա նման է Բարձր Հայքի գավառում, Դերջանի Բագահառիճ գյուղի հանրածանոթ թունելին, որը Միհրին նվիրված մեծ մեհյանի համալիրի մաս էր կազմում:

    Դիցաբանական տեսակետից երկու թունելները Միհրի ծննդյան վայրեր են, այն իմաստով, որ «Աստղի Ցոլքն էր թափանցել թունելի խորքը՝ ծնունդ տալով Միհրին»…(Հ.Ներսիսյան):

    Միհրական տաճարը՝ մեհյանը, բաղկացած էր երեք մասից՝

    1. Նախասրահը
    2. Սենյակը (անձավը), քառանկյուն դահլիճը՝ պատերի երկու կողմերում երկարությամբ ձգվող սեղաններով՝ պաշտամունքի հիմնական մաս կազմող՝ ծիսական ընթրիքի համար:
      Հաց ու ջուր կամ՝ գինի էր մատուցվում՝ սովորաբար փոքրաթիվ՝ 15 — 20 հոգու համար, հազվադեպ՝ առավել քանակով մասնակիցների համար:
      «Հացն ու Գինին»՝ որպես «մեր Արարչական լինելիութեան Խորհուրդ», հազարամյակների խորքից եկող ու դեպի հավերժություն գնացող…
    3. Խորքում՝ սրբազան մասը՝ Խորանը, Միհրի պատկերով՝ նկարված, քանդակված կամ բարձրաքանդակի տեսքով:
      Միհրական որոշ տաճարներում հայտնաբերվել են Միհրի քանդակի շարժական պատվանդաններ, թերևս, ծեսի ընթացքի հետ կապված արարողություններով պայմանավորված:
    Տիգրանակերտից ոչ հեռու գտնվող՝ Զերզեվանի ամրոցում՝ Միհրի տաճարից՝ որոշ հատվածներ...
    Տիգրանակերտից ոչ հեռու գտնվող՝ Զերզեվանի ամրոցում՝ Միհրի տաճարից՝ որոշ հատվածներ…

    Միհրի պաշտամունքում հոգևոր յոթ աստիճանակարգում կա՝ յուրաքանչյուրն իր դերով ու խորհրդանիշներով:Միհրական հոգևորականության 7 կարգին անդրադարձել է Հ. Ներսիսյանը:

    Ճշգրիտ անվանումներն՝ իրենց խորհուրդներով ու խորհրդանիշներով՝ Քուրմ Միհր Հայկազունու մեկնաբանությամբ՝ մի այլ առիթով, թերևս…

    Միհրականության մեջ հոգևորականության բարձրագույն դասի տարբերանշանը՝ խորհրդանիշը՝ մի Գավազան ու մի Օղ էր:
    Գավազանը՝ իշխանության, հրամանատարության, Օղը՝ որպես անջատման ոչ մի հանգույց չունեցող՝ Դաշինքի Անքակտելիության իմաստն ուներ:

    Հայաստանից՝ Միհրի պաշտամունքի հետ, այդ խորհրդանիշ — Գավազանն ու Օղը ևս փոխանցվեցին Հռոմ, և այնտեղի Միհրականները դաշինք կնքելիս, ի նշան հավատարմության, մի օղ էին փոխանակում:

    Հետագայում, ընդհանրանալով՝ շարունակվեց այդ ավանդույթը՝ վերածվելով ամուսնության դաշինք կնքելիս փոխանակվող օղ — մատանիների…😊

    Ցայսօր հանդիպումներին ու դաշինքի կնքման ավարտին ձեռքսեղմումը նույնպես հիշյալ ավանդույթներից է սերում…

    Քրիստոնեության տարածման շրջանում դեպքերի նկարագրության ժամանակ մեր պատմիչների հիշատակած՝ Գիսանե անունով դիցը, ըստ իս, Միհրի (կամ՝ Հուրհեր Վահագնի) «Հրագիսակ», «Ատրահեր» բնորոշումներից է…

    «Հուրհեր Արև» բառակապակցությունը մեր օրերում էլ գործածվում է, հիշենք Արշալույս Սարոյանի՝
    «Հաղթանակի պարը».
    …«Մի կիսաքանդ պատի հենված՝
    Հուրհեր Արևը կռացել
    Եվ այնպես է նայում պարին,
    Որ մայր մտնելն է մոռացել…»:

    Պարսկական բարձրաքանդակներում պահպանվել է երկար գիսավոր Միթրայի մի պատկեր (լուսանկարը՝ ստորև):

    «Փարիզի Մեծ մոգական Պապիրուս» կոչվող ձեռագրի «Միթրայի ծեսը» («La liturgie de Mithra») կոչվող տեքստում, որը վերագրվում է հռոմեական հելլենիստական կայսրության շրջանին՝ 4-րդ դարին, սակայն ավելի վաղ՝ 100-150 թվականի գրվածքներ են, «Հելիոսը»՝ Արևի դիցը, նկարագրվում է որպես երիտասարդ, գեղեցիկ արտաքինով՝ հուրհեր (հրե մազերով), ճերմակ պարեգոտով (tunique) և վառ կարմիր (հրաբորբ) թիկնոցով, հրե թագով»:

    Հազարամյակների խորքից եկող՝ քրմական նույն հանդերձանքը՝ մեր նախնյաց անխառն պահված հավատքի հետ սերնդեսերունդ փոխանցվելով, այսօր էլ կրում են Հայաստանում՝ Քուրմ Միհր Հայկազունին և Քուրմ Յարութ Առաքելեանը՝ շարունակելով տոհմական ավանդույթները (որի համար, ինչպես նաև՝ հիշյալ թեմայի ներկայացման ուղղորդման համար՝ խորին շնորհակալությունս…😊):

    Ազգային բանահյուսության մեջ հանդիպող՝ հրածին մի կերպար՝ «Աստղու Ցոլածինը» Արևի Ցոլքից՝ Ճառագայթից ծնված Միհրի արձագանքն է…

    Ժամանակի արձանագրություններում հանդիպող՝ «Անհաղթ Արև» բնութագրվող Միհրի՝ լատիներենով՝ «Sol Invictus» բառակապակցության մեջ՝ «Sol»-ի՝ Արևի, հայերենի «Ցոլ»-ի հետ նույնությունն ակներև է:

    Զանազան երկրներում, տարբեր տարիների պեղումների արդյունքում, մոտ 420 հնավայրից Միհրի պաշտամունքին նվիրված բազմաթիվ արձանագրություններ, ծիսական գտածոներ ու քանդակներ են հայտնաբերվել, որոնցից են վերջին շրջանում Տիգրանակերտից ոչ հեռու՝ Զերզեվանի ամրոցի տարածքում գտնվող տաճարն ու, վաղուց հայտնի՝ Հայկական Միջագետքում (Վերին, Հյուսիսային Միջագետքում)՝ Եդեսիայից քիչ հեռու, Նեմրութ լեռան գագաթին, 2.000 մետր բարձրության վրա, Կոմագենի Անտիոքոս Ա Երվանդունի թագավորի (ն.թ.ա 69-34թթ.) կառուցած Երվանդունիների սրբավայրը՝ մեհյանի մոտակայքում հարթակների վրա կանգնեցված քանդակներով (Անտիոքոս թագավորի ու Միհրի բարձրաքանդակով՝ ինչպես Ավետիք Իսահակյանն է հիշում «Մեր նախահայրերը» պոեմում՝ և, ինչպես պատկերվում է միշտ՝ «Փռյուգիական գդակով», լուսանկարները՝ ստորև)…

    Հայաստանում՝ քրիստոնեության տարածմամբ, իսկ Հռոմեական կայսրությունում՝ կայսր Թեոդոս Ա-ի հրամանով, 3-րդ դարի վերջից արգելվեցին ու հալածվեցին նախկին հավատալիքները (որոշ շրջաններում փոքրաթիվ մարդկանց կողմից գաղտնի շարունակվելով միայն):

    Վաղնջական ժամանակներից ի վեր փոխանցվելով և Միհրի կերպարում մարմնավորվելով՝ քրիստոնեության հալածանքներից թաքնվելով, Արևի, Երկնային Հուրի ու Լույսի՝ Ցոլքի, Ճառագայթի պաշտամունքը Հայոց մեջ հետագայում հիշատակվում է «Արևապաշտներ» անվամբ, գոյատևելով մինչև 14 -րդ դար՝ ըստ գրավոր աղբյուրների…

    Մեր քաջարի զինվորների հովանավոր Դիցին՝ Անհաղթ Միհրին ներկայացնելիս հարկ է հիշել նաև Հայոց ռազմական խրոխտ պարերը՝ «Կռվի խաղերը», որոնք կոչվում են «Պարք Բանակաց»:Ահավասիկ նրանցից մեկը՝ «Քերծին», այդ պարերի այսօրվա գիտակ — կատարողներից մեկի՝ Քուրմ Միհր Հայկազունու ընտրությամբ…

    Միայն նույն լեզվով խոսելով ու նույն ազգագրական խմբին պատկանելիությամբ չի ազգը բնութագրվում:
    Այլ՝ անցյալի ընդհանուր հավատալիքներով ու կատարված քաջագործություններով ոգևորված՝ նույնքան սխրալից ապագայի կառուցման երազով…

    ՊԱՏԳԱՄ ՄԻՀՐԱՅ ԱՆՊԱՐՏԵԼՒՈՅՆ

    ԹԵ ԹՇՆԱՄԻ ՔՈ ՅԱՆԴԳՆԵՍՑԻ ԶՄՏԱՒ ԵՒԵԹ
    ԱԾԵԼ ԶԽՈՐՀՈՒՐԴ ԻՆՉ ՉԱՐ ԱՌ ՏՈՒՆ ԵՒ ԱՌ
    ԶԱՐՄ ՔՈ , ՆԱԽԱՅԱՐՁԱ՜Կ ԼԵՐ ԵՒ ԲԱ՜ՐՁ Ի
    ՄԻՋՈՅ ԶՏՈՀՄՆ ԵՒ ԶՇԱՌԱՒԻՂ ՆՈՐԱ ՅԱՐՄԱՏՈՅ
    ԵՒ ԶՏՈՒՆ ՆՈՐԻՆ ՋԱԽՋԱԽԵԱ՛ Ի ՍՊԱՌ
    ՑՀԻՄՆ ԵՒ ՑՅԱՏԱԿ։

    ԱՆՊԱՐՏԵԼԻ ՄԻՀՐԻ ՊԱՏԳԱՄԸ

    ԵԹԵ ՔՈ ԹՇՆԱՄԻՆ ՅԱՆԴԳՆԻ ՄՏՔՈՎ ԻՍԿ
    ԱՆՑԿԱՑՆԵԼ ՈՐԵՒԷ ՉԱՐ ԽՈՐՀՈՒՐԴ ՔՈ
    ՏԱՆ ԵՒ ԶԱՐՄԻ ՀԱՆԴԷՊ, ՆԱԽԱՅԱՐՁԱ՛Կ
    ԵՂԻՐ ԵՒ ՋՆՋԻ՛Ր ՆՐԱ ՏՈՀՄՆ ԵՒ ՇԱՌԱՒԻՂԸ
    ԱՐՄԱՏԻՑ ԵՒ ՋԱԽՋԱԽԻ՛Ր Ի ՍՊԱՌ ՆՐԱ ՏՈՒՆԸ
    ՄԻՆՉԵՒ ՀԻՄՔԸ ԵՒ ՅԱՏԱԿԸ։

    ԲԱՆՔ ՔՐՄԱՑ

    ՁԱՒՆՄԱՄԲ
    ՔՐՄԻ ՄԻՀՐԱՅ ՀԱՅԿԱԶՈՒՆՒՈՅ

    Հ.գ. «Անպարտելի Միհրի պատգամն» ու որոշ լուսանկարներ՝ Քուրմ Միհր Հայկազունու էջից՝ մե՜ծ շնորհակալությամբ (հիշյալ գրառման ճշգրտման, կարևոր խորհուրդների համար՝ առանձնահատուկ երախտագիտությամբ):

    «ՅԱՒԻՏԵԱՆ ՈՒՍՈ’ ԶԽՐԱՏՆ ԵՒ ՏՈՒ’Ր ՄԵԶԶԱՆԱԶԱՆԵԼ ԶՃՇՄԱՐՏՈՒԹԻՒՆՆ Ի ԿԵՂԾԵԱՑ»
    ԲԱՆՔ ՔՐՄԱՑ

    «Յաւիտեան Խրատն» ուսուցանող, Փառք ու Պատիվ պարգևող, Բարություն և Լիություն շնորհող Արեգ Միհրից՝ Ճշմարտությունը Կեղծիքից զանազանելու Իմաստությունը մեր ազգին շնորհելու հույսով, հավատով…💥

    ԱՐԵՒԱՊԱՇՏՈՒԹԻՒՆ, ՊԱՇՏԱՒՆ ԿԵՆԱՑ ԼՈՒՍՈՅ,
ԲԱՐԵՊԱՇՏՈՒԹԻՒՆ  ՄԻՀՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ ԵՐՐԵԱԿ ԽՈՐՀՈՒՐԴՔ'
ԽՈՐՀՈՒՐԴ ԲԱՐԻ, ԲԱՆ ԲԱՐԻ ԵՒ ԳՈՐԾ ԲԱՐԻ (Լուսանկարն ու տեքստը՝ Քուրմ Միհր Հայկազունու էջից)
    ԱՐԵՒԱՊԱՇՏՈՒԹԻՒՆ, ՊԱՇՏԱՒՆ ԿԵՆԱՑ ԼՈՒՍՈՅ,
    ԲԱՐԵՊԱՇՏՈՒԹԻՒՆ

    ՄԻՀՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ ԵՐՐԵԱԿ ԽՈՐՀՈՒՐԴՔ’
    ԽՈՐՀՈՒՐԴ ԲԱՐԻ, ԲԱՆ ԲԱՐԻ ԵՒ ԳՈՐԾ ԲԱՐԻ (Լուսանկարն ու տեքստը՝ Քուրմ Միհր Հայկազունու էջից)
    ՄԻՀՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ
ԱՄԵՆԱՏԵՍ ԱՐԵԳԱԿՆ ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ  Լուսանկարը՝ մեկնաբանությամբ՝ Քուրմ Միհր Հայկազունու էջից
    ՄԻՀՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ
    ԱՄԵՆԱՏԵՍ ԱՐԵԳԱԿՆ ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ

    Լուսանկարը՝ մեկնաբանությամբ՝ Քուրմ Միհր Հայկազունու էջից
    ՄԻՀՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ
ՃԱՐՏԱՐԱՊԵՏ ՏԻԵԶԵՐԱՑ (Լուսանկարն՝ իր մեկնաբանությամբ՝ Քուրմ Միհր Հայկազունու էջից)
    ՄԻՀՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ
    ՃԱՐՏԱՐԱՊԵՏ ՏԻԵԶԵՐԱՑ (Լուսանկարն՝ իր մեկնաբանությամբ՝ Քուրմ Միհր Հայկազունու էջից)

    «ԱՐԱՄԱ՛ԶԴ, ԶԻՆՉ ԲԵՐԻՑԻՄ ՆՄԱՆ ՔԵԶ, ՆՄԱՆ ՔՈՅ ԿԱՆԱՉ ԱՐԵՒՈՒՆ, ԶԱՐԵԳԱԿՆ ԱՅՆ, ՈՐ ԾԱԳԵՍՑԷ, ԾԱԳԵՍՑԷ ՆՄԱՆ ԱՐԵՒՈՒՆ ՔՈՅ։

    ԱՆԱՀԻ՛Տ, ԶԻՆՉ ԲԵՐԻՑԻՄ ՆՄԱՆ ՔԵԶ, ՆՄԱՆ ՔՈՅ ԿԱՆԱՉ ԱՐԵՒՈՒՆ, ԲԱԼԱՍԱՆ ԾԱՂԻԿ, ՈՐ ԾԱՂԿԵՍՑԷ, ԾԱՂԿԵՍՑԷ ՆՄԱՆ ԱՐԵՒՈՒՆ ՔՈՅ»։

    Քուրմ Միհր Հայկազունու էջից

    ԱՐԵԳ ՄԻՀՐ, ԴՈՒ ԿԱՍ ԱՌԱՆՑՔ ՈԳԵՂԷՆ ՀԱՄԱՅՆ ԱՇԽԱՐՀԻ, ԲԱ'Ց ԶԴՐՈՒՆՍ ԵՐԿՆԱՅԻՆՍ, ՈՐՔ ԹԱՔՈՒՑԱՆԵՆ ԶՊԱՅԾԱՌ ԵՐԵՍ ՔՈ, ՉԱՓԱՒՈՐԵԱ' ԶՓԱՅԼՆ ԿՈՒՐԱՑՈՒՑԻՉ ՃԱՌԱԳԱՅԹԻՑ ՔՈՑ, ԶԻ ՀԱՍՈՒ ԵՂԻՑՈՒՔ ՃՇՄԱՐՏՈՒԹԵԱՆ ՔՈՒՄ։ ՅԱՒԻՏԵԱՆ ՈՒՍՈ' ԶԽՐԱՏ ԵՒ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ, ԵՒ ՏՈՒ'Ր ՄԵԶ ԶԱՆԱԶԱՆԵԼ ԶՃՇՄԱՐՏՈՒԹԻՒՆՆ Ի ԿԵՂԾԵԱՑ ԵՒ ԲԱ'ՐՁ Ի ՄԻՋՈՅ ԶՄԷԳ ՊԱՏՐԱՆԱՑ ԱՇԽԱՐՀԻՍ ԱՅՍՈՐԻԿ։ ԲԱՆՔ ՔՐՄԱՑ ՁԱՒՆՄԱՄԲ ՔՐՄԻ ՄԻՀՐԱՅ ՀԱՅԿԱԶՈՒՆՒՈՅ

    ԱՐԵԳ ՄԻՀՐ, ԴՈՒ ԿԱՍ ԱՌԱՆՑՔ ՈԳԵՂԷՆ
    ՀԱՄԱՅՆ ԱՇԽԱՐՀԻ, ԲԱ’Ց ԶԴՐՈՒՆՍ ԵՐԿՆԱՅԻՆՍ,
    ՈՐՔ ԹԱՔՈՒՑԱՆԵՆ ԶՊԱՅԾԱՌ ԵՐԵՍ ՔՈ,
    ՉԱՓԱՒՈՐԵԱ’ ԶՓԱՅԼՆ ԿՈՒՐԱՑՈՒՑԻՉ
    ՃԱՌԱԳԱՅԹԻՑ ՔՈՑ, ԶԻ ՀԱՍՈՒ ԵՂԻՑՈՒՔ
    ՃՇՄԱՐՏՈՒԹԵԱՆ ՔՈՒՄ։
    ՅԱՒԻՏԵԱՆ ՈՒՍՈ’ ԶԽՐԱՏ ԵՒ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ,
    ԵՒ ՏՈՒ’Ր ՄԵԶ ԶԱՆԱԶԱՆԵԼ ԶՃՇՄԱՐՏՈՒԹԻՒՆՆ
    Ի ԿԵՂԾԵԱՑ ԵՒ ԲԱ’ՐՁ Ի ՄԻՋՈՅ ԶՄԷԳ
    ՊԱՏՐԱՆԱՑ ԱՇԽԱՐՀԻՍ ԱՅՍՈՐԻԿ։

    ԲԱՆՔ ՔՐՄԱՑ
    ՁԱՒՆՄԱՄԲ
    ՔՐՄԻ ՄԻՀՐԱՅ ՀԱՅԿԱԶՈՒՆՒՈՅ

    «ԱՅՍԱՒՐ ԱՐԵՒՆ ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ ՅԱՂԹԵԱՑ,
    ԵՐԵՒԵՑԱՒ ԼՈՅՍՆ ՀԱՅԿԵԱՆ, Ա՜ՒՇ ԱԿԱՆՑ։
    ԱՅՍԱՒՐ ՆԱԽՆԻՔ ՅԵՐԿՆԻՑ ԻՋԻՆ, Ա՜ՒՇ ԱԿԱՆՑ։
    ԸՆԴ ՄԵԶ ԱՒՐՀՆԵՆ ԶԱՆՄԱՀ ԱՐՔԱՅՆ, Ա՜ՒՇ ԱԿԱՆՑ։
    ԱՅՍԱՒՐ ՍՈՒՐԲ ԼՈՅՍՆ ԱՆԱՊԱԿԱՆ ԲԱԶՄԵՑԱՒ
    Ի ԳԱՀ ՀԱՅԿԱՅ ԵՒ ՀԱՐՑՆ ՄԵՐՈՅՑ, Ա՜ՒՇ ԱԿԱՆՑ»։

    «Այսաւր արեւն արդարութեան յաղթեց,
    Երեւաց լոյսը հայկեան, երանի՜ աչքերին:

    Այսաւր նախնիները երկնքից իջան, երանի՜ աչքերին,
    Մեզ հետ աւրհնում են անմահ արքային, երանի՜ աչքերին:

    Այսաւր սուրբ լոյսն անապական բազմեց
    Հայկի եւ մեր հայրերի գահին, երանի՜ աչքերին»:

    Լուսանկարն ու փառաբանման տեքստը՝ Քուրմ Միհր Հայկազունու էջից 

    ՄԻՀՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

    «ՀԱՑՆ ԵՒ ԳԻՆԻՆ ԱՍԱՑԵԱԼ ՀԱՍՏԱՏԵՄՔ
    ԶԽՈՐՀՈՒՐԴՆ ԱՐԱՐՉԱԿԱՆ ԼԻՆԵԼՈՒԹԵԱՆ
    ՄԵՐՈՅ»
    Լուսանկարն ու տեքստը՝ Քուրմ Միհր Հայկազունու էջից 

    Հավերժության՝ Արևի Կենաց խորհուրդը մեջտեղում՝ Ութաթև Աստղը՝ Երկնայինի և Երկրայինի Միասնության խորհրդանիշը և Հայկեան տոհմի ներկայիս ժառանգները…

    Մեհեկան ամսվա Միհր օրը (դեկտեմբերի 23-ին), Հայկեան Սրբազան Տոմարի համաձայն՝ Բարեփառ Միհր Դիցի ծննդյան՝ Արեւագալի տոնն է:

    Հայկեան սրբազան ավանդության համաձայն, Արեւագալի տոնին, Արեւորդիները Քրմերից ստանում և ճաշակում են Արևհաց և Գինի, որից հետո, Արեւորդիները հնարավորություն են ստանում Ատրուշանի Սրբազան Հրից մի մասնիկ իրենց հետ տանել օջախները՝ ի նշան Սրբության, Օրհնության և Խաղաղության:

    Լուսանկարն ու մեկնաբանությունը՝ Քուրմ Յարութ Առաքելեանի էջից…

    ԱՍՊԵՏՔ ՏԱՃԱՐԻ ՄԻՀՐԱՅ
Լուսանկարն ու մեկնաբանությունը՝ Քուրմ Միհր Հայկազունու էջից

    ԱՍՊԵՏՔ ՏԱՃԱՐԻ ՄԻՀՐԱՅ
    Լուսանկարն ու մեկնաբանությունը՝ Քուրմ Միհր Հայկազունու էջից

  • «ԱՐԴԱՐԵ՜Ւ  ԱՌԱՍՊԵԼՔ  ԵՎ  ԱՌԱՍՊԵԼԱՑ  ԱՌԱՍՊԵԼ»…

    «ԱՐԴԱՐԵ՜Ւ ԱՌԱՍՊԵԼՔ ԵՎ ԱՌԱՍՊԵԼԱՑ ԱՌԱՍՊԵԼ»…

    «ԱՐԴԱՐԵ՜Ւ ԱՌԱՍՊԵԼՔ ԵՎ ԱՌԱՍՊԵԼԱՑ ԱՌԱՍՊԵԼ»…

    Տիգրանակերտից ոչ հեռու՝ Զարզեվանի հնավայրից մի հատված (Միհրի տաճարի պեղումներն ընթացքում են)…

    «…Արդարե՜ւ առասպելք՝ և առասպելաց առասպել»,- Խորենացու հետ և նրա նման բացականչում է Ղ.Ալիշանն՝ իր՝ «Հին հավատք և հեթանոսական կրօնք Հայոց» գրքում՝ Հայոց հավատալիքների քննությունն սկսելիս:

    Վաղնջական պատկերացումների հիմքում, բնականաբար, Արարչագործչության, Կյանքի առեղծվածի գաղափարն է…

    Անսահմանորեն մեծ տիեզերքի՝ մակրոկոսմոսի և նրան համանման անսահմանորեն փոքր տիեզերքի՝ միկրոկոսմոսի՝ Մարդու, նրան շրջապատող աշխարհի միջև եղած փոխհարաբերությունները (պատճառը, հետևանքները…) հետաքրքրել են անհիշելի ժամանակներից ի վեր:

    Երկնային (սրբազան) ծագումով Հուրը կյանքի ու մահվան, նյութական ամեն ինչի սկիզբն ու ավարտն էր համարվում:
    Կրակի՝ հուրի տարբեր տեսակներ կային՝ տիեզերական (Արևի Ցոլքը) և նյութի մեջ պարփակված, ինչպես հրաբուխը, կայծքարից, փայտի շփումից առաջացող կրակը, մարդու միջի «հուրը» (ջերմությունն է բուսական, մարդկային, կենդանական ամեն տեսակի կյանքի սկիզբը), առավել մանրամասն՝ հատուկ Միհրականությանը նվիրված՝ առաջիկա գրառմամբ …

    Հայկյան Սրբազան ուսմունքի համաձայն՝ տարբեր աղբյուրներից ծագած Կրակի չորս տեսակները՝ Ատր, Աշտ, Կրակ և Հուր, ներկայացրել է Քուրմ Յարութ Առաքելեանը:

    Հիշելով 15-րդ դարում ապրած մի կրոնավորի՝ Աննիուսի (Annius de Viterbe)՝ երկու Հայ միաբաններից վերցրած որոշ գրվածքները, Ղ. Ալիշանը շարադրում է իր վերոնշյալ գրքում.

    «Աննիոսը կամ Նանի Ջիանին 15֊րդ դարի վիտերբիացի դոմինիկյան խորագետ բանասեր կրոնավոր էր (1498 թվականին նա Հռոմում տպագրել է Հին Աշխարհի պատմիչների երկերից վերցրած հատվածներով՝ 17 հատորանոց իր ուսումնասիրությունը, Կ.Ա.):

    Այն ժամանակ միաբանող անվանված հայազգի դոմինիկյան կրոնավորներ կային նաև Նախիջևան գավառում, որտեղից շատ անգամ էին գալիս Հռոմ և իտալական այլ քաղաքներ։
    Աննիոսը Ջենովայի դոմինիկյանների մեծավորն էր, երբ նրա վանքը եկան երկու հայ միաբաններ, որոնց գլխավորը Հ․ Մատաթիան էր։

    Աննիոսը ասում է, որ սրանցից առել է կորուսյալ ու փափագելի պատմիչների շատ հին, հատուկտիր գրվածքներ, որոնցից էր և Բերոսոսի կորուսյալ պատմագրությունը։

    Մատյանում ասվում էր, թե հին Հայկազունները իրենց գերագույն Աստված ճանաչում էին Նոյին (ուշադրություն՝ հետագայի մտածողության ազդեցությամբ է կիրառված այս անունը, Բերոսոսի մոտ՝ Քսիսութրոս անվամբ է, այսինքն՝ այլաբանական կերպար է, տիեզերածին առասպելների հետ կապված, Կ.Ա.), որ Երկինքն է, և Արետիա (միթե Արարա՞տ) անվամբ նրա կնոջը՝ Երկրին, որը, երկնքից սերմանված, ծնել կամ գոյավորել է բոլոր արարածներին («ասոնցմէ առած կ’ըսէ շատ մի հին կորուսեալ և փափագելի պատմչաց հատուկտիր գրուածներ, որոնցմէ էր և կորուսեալ Բերոսոսի մի պատմագրութիւնն յորում կ’ըսուէր, թէ հին Հայկազունք իրենց գերագոյն Աստուած ճանաչէին զՆոյ որ և Երկինք և իրեն կին զԵրկիր՝ Արետիա անուամբ (միթէ Արարա՞տ), որ յԵրկնից սերմնառեալ՝ ծնանի կամ գոյաւորէ զամենայն արարածս»)»:

    Եվ հավելում, որ «մեր նախայիշեալ և համացեղ ըսուած Փռյուգիացւոց մեջ» ևս համանման մի ավանություն կար՝

    «Իբր ի սկզբանե կար Աղտն՝ անկերպարանք մի նյութ՝ քարի, ապառաժի նման, որ ձևացնում էր մի լայնատարած ցամաք։
    Միհրը կամ Արեգակը բեղմանվորեց այն, և ծնվեց Դիորփոսը։

    Հույները առասպելաբանում էին, որ սա իր մոր դեմ էր կռվի ելել (մայրը Երկիրն էր), ինչի պատճառով փոխակերպվել էր քարաժայռի։
    Այս և սրա նման իրադարձությունների համար ստիպված ենք մեր պատմահոր՝ Խորենացու հետ շատ անգամ բացականչել․ «Արդարեւ՜ առասպել և առասպելաց առասպել»։ (Առասպելական պատումները կարևորելով՝ նրանց վրա ուշադրություն հրավիրելու՝ Ալիշանյան մի ձև…):

    «Ն. Ադոնցը Կեղծ Պլուտարքոսից մի վկայություն է բերում Հայաստանում` Արաքսի մոտերքում գտնվող Դիորփոս կոչված մի լեռան մասին.

    «Դիորփոս լեռը կոչվել է մի ոմն Դիորփոսի անունով, որը ծնվել է քարից և սերմը ստացել Միթրայից, և որովհետև ուզեցել էր չափվել Արեսի հետ, Դիորփոսը սպանվեց վերջինի կողմից, ապա աստվածների կողմից փոխակերպվեց լեռան» (մեջբերումը՝ Ժ.Խաչատրյանի՝ «Արտաշատի «Երազամոյն» վայրի տաճարը և կից համալիրները» ուսումնասիրությունից):

    Դիորփոսը (հունարենով նշանակությունը՝ «մթաթափանց»), Պլուտարքոսի մոտ հիշատակվող՝ Երասխ (Արաքս) գետին մերձակա դիցական լեռն է՝ Մասիսը:

    Լեռների, քարերի հետ նույնացվող Դիցերի մասին հիշատակվում է դեռևս հնագույն՝ Հուրիական (Հայկական) դիցաբանության մեջ («Կումարբիի շարքը»), ուր Փայլակի, Շանթի (Կայծակի) դիցի կերպավորումն էր Հազզի (Կասիոս) լեռը (մի գրառմամբ անդրադարձել ենք, հիշեցնենք, որ, մասնագետների համոզմամբ՝ Հուրիական դիցաբանությունից բխեցվող՝ հունական դիցաբանության մեջ նույն վայրում է նկարագրվում Զևսի և Տիփոնի մենամարտը):

    Իր հակառակորդին՝ Ուլիխումին Թեշուբը հաղթում է հնագույն Դիցերից ստացած այն նույն գործիքով՝ տապարով (կացնով), որով մի ժամանակ զատվել էր Երկիրը՝ Երկնքից…

    Այդ «զենքի» հեռավոր արձագանքն է հետագայում՝ Վիմածին (Ապառաժածին)՝ ժայռից ծնված Միհրի ձեռքին պատկերվող դաշույնը…

    Չմոռանանք, որ խեթերը կացինը (տապարը, մուրճը), գործածում էին նաև որպես պատերազմական զենք («Իմ օտար թշնամիներին հաղթեցի տապարի հարվածի ուժի շնորհիվ»- մի արձանագրությունից):

    Ըստ Ագաթանգեղոսի՝ Մեծն ու Արի Արամազդն էր արարիչը Երկնքի ու Երկրի ու մարդկանց, «Հայր Դիցն ամենայնի» (բոլոր դիցերի Հայրը)՝ լիություն և պարարտություն պարգևող…

    Հայոց հնագույն պաշտամունքարանների, պաշտամունքավարների, կիրառվող սպասքի մասին սակավ տեղեկություններ են պահպանվել:

    Այնուամենայնիվ, պատմիչների թողած գրավոր հիշատակումներում եղած կցկտուր ակնարկներից հնարավոր է որոշ պատկերացում կազմել:

    Պաշտամունքի, ծեսի գլխավոր սրբատեղիները կարող էին լինել բացօթյա վայրերում (Դից Մայրի), բարձր ու ընդարձակ տարածքներում, բարձրաբերձ կառույցներում (Բագրևանդ, Աշտիշատ (անվան ստուգաբանությունը՝ Մեհենագյուղ, Դիցավան), ինչպես նաև՝ ստորգետնյա շինությունում, բնական քարանձավում՝ աղբյուրի մոտ (ինչպես միակտոր ժայռից փորված՝ Այրից վանքում՝ վիմափոր Գեղարդում, ուր վաղնջական շրջանից Ջրի պաշտամունքին նվիրված մեհյան-սրբավայր էր՝ այսօր էլ պահպանված ժայռաբուխ աղբյուրով, Բագառիճում):

    «Արագածի Աղց գյուղի մոտ էլ՝ լեռան մեջ, փորված է մի խոր տեղ՝ մատուռի ձևով՝ խորանով հանդերձ, որի մեջ կանգնեցված է մի փոքրիկ սյուն՝ երկու կողմերում կիսաբոլոր խորշեր, մարդկանց ու կենդանիների քանդակապատկերներ։
    Դրանք տեսնողը (Հովհ․ Շահխաթունյան) հիշատակում է նաև դրանց նման վայրեր Արմավիրում և Երվանդակերտում, որոնք արժանի են նոր քննության ու նկարագրության։

    Եթե այսպիսի անծանոթ ու անկարծելի վայրերը խնամքով քննվեին, գուցե դեռ հեթանոսական պաշտամունքարանների ավելի շատ հետքեր երևային, քան թե հայտնի և բացօթյա տեղերում շինվածներն են, որոնք տեսանելի լինելու պատճառով էլ շուտով աներևույթ եղան Քրիստոսի խաչի զորությամբ և Լուսավորչի ու Տրդատի ձեռքով, որոնց ավերածներից պատմիչները հիշատակել են միայն գլխավորները, իսկ մնացածների մասին հայտնում են մեկ բառով՝ «ամենայն»։

    Դրանք, եթե հայոց քրիստոնեական տաճարների բազմության հետ մտածվեն, նույնպես բազմաթիվ կարող էին լինել, բայց, ինչպես ասացինք, ոչ մեծ և ոչ նշանավոր։
    Եվ մեր հեթանոս նախահայրերը ավելի շատ ուխտատեղիներ դիմող են երևում, քան առանձին աղոթողներ», — կարդում ենք Ալիշանի վերոհիշյալ գրքում:

    Ագաթանգեղոսի հիշատակած՝ Տարոնի Երկրի՝ «մեծագանձ, լի ոսկով և արծաթով և մեծամեծ թագավորների ձոնած բազում նվերներով» Վահե Վահեան մեհյանի և համանման մյուս՝ ոսկեձույլ, պղնձաձույլ և մարմարե ակնազարդ քանդակներով հսկայական տաճարների մեծ մասի հիմքերի վրա հետագայում կառուցվեցին եկեղեցիներ:

    Քրիստոնեության տարածումից հետո, ոչնչացվեցին հին հավատքի հետքերը, ինչպես Ագաթանգեղոսն է գրում՝ «ի հիմանց բրերով քանդեցին, կուտակված գանձերը ավարի մատնեցին» սակայն չջնջվեցին մեհյանների, Միհրական տաճարների, ազգային տոների մասին հիշողությունները…

    Վերջին տասնամյակների հնագիտական պեղումներով հարստանում են գրավոր աղբյուրներից հայտնի մեր կցկտուր պատկերացումները Հայոց հնագույն սրբավայրերի մասին:

    «Արտաշատի «Երազամոյն» վայրի տաճարը և կից համալիրները» ուսումնասիրության մեջ հեղինակը՝ Ժորես Խաչատրյանը, ներկայացնում է Արտաշատի հնագիտական արշավախմբի աշխատանքի արդյունքները:

    Հնավայրի տարածքում, ի թիվս համալիրի՝ զանազան նշանակության բազմաթիվ շինությունների (գանձարանի, հասարակական բաղնիքի մնացորդների), հայտնաբերվել են տաճարին պատկանող մշակված, քանդակազարդ քարաբեկորներ, սյուների հատվածներ, արխիտրավի, խոյակի մի բեկոր, որոնք, ենթադրաբար, երբեմնի տաճարի փլատակներից են, նաև՝ ն.թ. 1-ին դարին պատկանող սկուտեղներ, պնակների բեկորներ…
    Ամփոփելով պեղումների արդյունքները, հեղինակը եզրակացնում է.

    «Այսպիսով, կասկածից վեր է, որ այստեղ է մեր ենթադրած «Երազամոյն» վայրի Արեգ–Միհր–Ապոլոն–Հերմես–Տիրի տաճարը»:

    Վաղնջական ժամանակներից հայտնի՝ Հուրի պաշտամունքին առանձին կանդրադառնանք:

    Հիշենք միայն, որ նրա դրսևորումներից է այսօր զոհերի հուշահամալիրներում Անշեջ կրակի գոյությունը (ինչպես Ծիծեռնակաբերդում)՝ Անմար կրակը՝ որպես Մշտնջենական Արեգակի (և այլ) խորհուրդ …

    Հուրի պաշտամունքի հետ կապված՝ Միհրականության «առեղծվածներին» որոշ չափով մոտ ապագայում ծանոթանալու հույսով՝ ստորև՝ լուսանկարներ՝ վերցված Քուրմ Միհր Հայկազունու էջից՝ շնորհակալությամբ…

    Ինչպես նաև՝ Ժ. Խաչատրյանի՝ «Արտաշատ մայրաքաղաքի վերջին տարիների պեղումների արդյունքները» ուսումնասիրությունից՝ որոշ «բեկորներ»…😊

    «Թող ողջություն և խաղաղություն հասնի աստվածների օգնությամբ,
    պարարտ լիություն՝ Արի Արամազդից, խնամակալություն՝
    Անահիտ
    Տիկնոջից, քաջություն ամենայն Հայոց Աշխարհիս՝ Քաջն Վահագնից…»,- ինչպես նշում են պատմիչները…😊💥🌿

    Հայոց հնագույն վիմափոր սրբատեղիներից մեկը՝ Ջրի պաշտամունքին նվիրված՝ Ժայռաբուխ Սրբազան Աղբյուրը՝ Այրիվանքում (Գեղարդավանքում)…

  • ՀԱԶԱՐԱՄՅԱԿՆԵՐԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԵԿՈՂ՝ «ԼԵՌՆԵՐԸ ԹՆԴԱՑՆՈՂ ՔՐՄԵՐԻՑ» ՄԻՆՉԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՄԵՐԳԱՍՐԱՀՆԵՐ ԵՎ… ՉԴԱԴԱՐՈՂ ԾԱՓՈՂՋՅՈՒՆՆԵՐ

    ՀԱԶԱՐԱՄՅԱԿՆԵՐԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԵԿՈՂ՝ «ԼԵՌՆԵՐԸ ԹՆԴԱՑՆՈՂ ՔՐՄԵՐԻՑ» ՄԻՆՉԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՄԵՐԳԱՍՐԱՀՆԵՐ ԵՎ… ՉԴԱԴԱՐՈՂ ԾԱՓՈՂՋՅՈՒՆՆԵՐ

    ՀԱԶԱՐԱՄՅԱԿՆԵՐԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԵԿՈՂ՝ «ԼԵՌՆԵՐԸ ԹՆԴԱՑՆՈՂ ՔՐՄԵՐԻՑ» ՄԻՆՉԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՄԵՐԳԱՍՐԱՀՆԵՐ ԵՎ… ՉԴԱԴԱՐՈՂ ԾԱՓՈՂՋՅՈՒՆՆԵՐ

    «Լուսնի եղջյուրը ծածկվեցավ Քարքե լեռան հետևում և Տարոնը ընկղմվեցավ գիշերային խավարի մեջ…»:Հայոց հնագույն պաշտամունքային կենտրոններից մեկի՝ Մեծ Հայքի Տուրուբերան աշխարհի Տարոն գավառի Աշտիշատ ավանի, Քարքե լեռան դիցանվեր անտառներում կանգնած Հաշտից տաճարների և Տարոն Աշխարհի Դիցուհու՝ Արածանիի արծաթափայլ ալիքների մեջ լողացող Աստղիկի նկարագրությամբ է սկսում իր հայտնի վեպը Րաֆֆին:

    Հայկական Լեռնաշխարհում՝ Բյուրակն-Մնձուրյան լեռնաշղթայում, Մերգեմեր լեռներում, Մուշ քաղաքից հյուսիս-արևմուտքում է գտնվում Քարքե լեռը:

    Նրա մասին մեզ հասած առաջին հիշատակումն Ագաթանգեղոսի մոտ է, 5-րդ դարից, որպես հին հեթանոսական մեհյանների վայր:

    Այստեղ էին գտնվում Վահագնի, Անահիտի, Աստղիկի մեհյանները:

    Քարքեի ստորոտում էր Աշտիշատ ավանն՝ իր հռչակավոր Աշտիշատի վանքով:

    Աշտիշատում, Քարքե լեռան լանջին էր գտնվում Վահագնի գլխավոր մեհյանը, որն Ագաթանգեղոսը կոչում է Վահեվանյան («ութերորդ պաշտաւն հռչակաւոր անուանեալն Վիշապաքաղն Վահագնի»)…

    «Վահեվանյան մեհյանը մնացել է Տարոնի երկրում՝ մեծագույն մեհյանը լի ոսկով ու արծաթով և մեծամեծ թագավորների ձոնած բազում նվերներով։
    Պաշտամունքի ութերորդ հռչակավոր (վայրն) էր Վիշապաքաղ Վահագնի անվամբ, Մեծ Հայքի թագավորների զոհերի տեղը, Քարքե լեռան լանջին, Եփրատ գետի ափին, Տավրոս մեծ լեռան դիմացը, որը և պաշտամունքի վայրերի հաճախաշատ լինելու պատճառով անվանված էր Աշտիշատ» (Ագաթանգեղոս, գլ. ՃԺԴ. 809, էջ 453)։

    Եվ, դարձյալ Ագաթանգեղոսի վկայությամբ, այստեղ էր հասել Գրիգոր Լուսավորիչը՝ «ի սնարս լերինն Քարքեայ», քրիստոնեության տարածման նպատակով:

    Այս լեռը հիշատակում է և պատմիչ Հովհան Մամիկոնյանը՝ 7-րդ դարում…

    Քարքեն հայտնի էր նաև Արձան անվամբ՝ ի պատիվ քրիստոնեության տարածման ժամանակ իրենց մեհյաններն ու նախնյաց հավատալիքները քաջարի 1038 համախոհների հետ պաշտպանող՝ Արձան քրմապետի (…«և կայ ի թաղման ի նմին տեղւոջն՝ որ դեռ ևս Արձան կոչի անուն լերինն» ( «Պատմութիւն Տարօնոյ, զոր թարգմանեաց Զենոբ Ասորի», Վենետիկ ,1832 թ., էջ 28): Արձանի մասին առանձին հիշելու առիթ եղել է՝

    «Տէրունական նշանի (խաչի) զորությամբ» Գրիգորի կողմից հիմնահատակ տապալած, հրդեհած մեհյանների նկարագրությունն են թողել պատմիչները՝ մինչև երկինք հասնող՝ մինչև «ամպերը ծառացող» ծուխը հիշելով… (Զենոբ Գլակն՝ իբրև ականատես է վկայել):

    (…«Գրիգոր իբրեւ տեսեալ զայն՝ զնշան տէրունական խաչին առնոյր եւ դիմէր ի դուռն մեհենին *եւ ամենայն շինուածք մեհենին ի հիմանց դղրդեալ տապալեցան եւ լուցեալ յանկարծաւրէն փայտակերտն հրդեհեցաւ ի տէրունական նշանին զաւրութենէ եւ ծուխն ծառացեալ մինչեւ յամպս հասանէր»։ (Ագաթանգեղոս, ՃԸ):

    «Քարքե լեռան սքանչելի տաճարները կործանվեցան…Հայոց արհեստի և ճարտարապետության գեղեցիկ գործը ոչնչացավ…
    Եվ մեծագանձ մեհյանների հարստությունը հայոց նոր խաչակիրների ավարառության առարկա դարձավ», — գրել է վիպասան Րաֆֆին իր երկում:

    Հեռավոր ժամանակների ծիսահմայական պաշտամունքային պարերից զատ, Հայոց հնագույն Քրմական ռազմարվեստի մասին մեզ գրեթե ոչինչ հայտնի չէ:
    Թեև Հայոց Այրուձին՝ Մատենիկ գունդը, դեռևս Նաիրի Երկրի՝ (Մայր Տունի թագավորության՝ Միտանիի) «Մայրանու» կոչված՝ բարձրակարգ հեծյալների համբավավոր գունդը, ժամանակին լավագույնն էր:

    Քրիստոնեության տարածման ժամանակ մեհյանների կործանման նկարագրություններում կցկտուր դրվագներ են պահպանվել պատմիչների երկերում, որոնցում հիշատակվում են որոշ ավանդույթներ:

    «…Եւ սկսան հնչեցուցանել զփողս պատերազմաց և թնդիւն սաստիկ շուրջանակի, և զձիոց վրնջիւնսն էր լսել»… (Զենոբ Գլակ «Պատմութիւն Տարոնոյ», էջ 44):

    Ագաթանգեղոսը նույնպես գրում է, թե ինչպես էին Երեզ ավանի քրմերը քաջաբար պաշտպանում տաճարը, փորձելով թույլ չտալ, որ ավերեն այն.
    «Երեզ ավանի Անահիտի մեհյանում, ուր դևերը (քրմերը) վահանավոր զորքի նմանությամբ հավաքված մարտնչում էին և մեծագոչ աղաղակով լեռները թնդացնում», (Ագաթանգեղոս, 1983, էջ 443):

    Մեհյանները շրջապատող բարձրադիր լեռներում՝ պատերազմի փողն հնչեցնելով, սաստիկ թնդյունով ու ձիերի վրնջյունով լցված տարածքում, հատուկ գործիքներով, մարտիկներին մեծադղորդ հնչմամբ քաջալերանքով, հակառակորդին վանելու նպատակով կատարված հատուկ արարողության հիշատակումն ենք գտնում գրավոր մատյաններում…

    Եվ այդ ձայները հնչում են նաև մեր ականջներում…

    1970 -ական թվականներից տաղանդաշատ մի շարք Հայորդիք՝ յուրաքանչյուրն իր բնագավառում (բանասեր, պատմաբան, հնագետ, լեզվաբան…), անդրադառնում էին մեր ազգի անցյալի պատմության լուսաբանմանը:

    Ու այդ գործում իր ավանդը ներդրեց նաև յուրօրինակ երաժշտական մտածողությամբ օժտված երաժիշտ՝ Ավետ Տերտերյանը, որն իր սիմֆոնիաներում խիզախորեն կիրառեց հայկական հոգևոր երաժշտության տարրերը, գործածեց ազգային դուդուկը, զուռնան, քամանչան ու դափը…

    1975 թվականին արարած՝ նրա «3-րդ Սիմֆոնիան» իր հուժկու հնչողությամբ պատմիչների նկարագրած՝ «Լեռները թնդացնող Քրմերի» ավանդության արձագանքն է, իր ողջ արդիականությամբ:

    «Ի զե՜ն» գոչող նվագախումբը մարտի է կոչում…

    Ստորև՝ չորս րոպեանոց մի հատված՝ հիշյալ՝ հզոր ու ոգեշնչող Սիմֆոնիայից, ի պետս քաջության…