ՀԱԶԱՐԱՄՅԱԿՆԵՐԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԵԿՈՂ՝ «ԼԵՌՆԵՐԸ ԹՆԴԱՑՆՈՂ ՔՐՄԵՐԻՑ» ՄԻՆՉԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՄԵՐԳԱՍՐԱՀՆԵՐ ԵՎ… ՉԴԱԴԱՐՈՂ ԾԱՓՈՂՋՅՈՒՆՆԵՐ

«Լուսնի եղջյուրը ծածկվեցավ Քարքե լեռան հետևում և Տարոնը ընկղմվեցավ գիշերային խավարի մեջ…»:Հայոց հնագույն պաշտամունքային կենտրոններից մեկի՝ Մեծ Հայքի Տուրուբերան աշխարհի Տարոն գավառի Աշտիշատ ավանի, Քարքե լեռան դիցանվեր անտառներում կանգնած Հաշտից տաճարների և Տարոն Աշխարհի Դիցուհու՝ Արածանիի արծաթափայլ ալիքների մեջ լողացող Աստղիկի նկարագրությամբ է սկսում իր հայտնի վեպը Րաֆֆին:

Հայկական Լեռնաշխարհում՝ Բյուրակն-Մնձուրյան լեռնաշղթայում, Մերգեմեր լեռներում, Մուշ քաղաքից հյուսիս-արևմուտքում է գտնվում Քարքե լեռը:

Նրա մասին մեզ հասած առաջին հիշատակումն Ագաթանգեղոսի մոտ է, 5-րդ դարից, որպես հին հեթանոսական մեհյանների վայր:

Այստեղ էին գտնվում Վահագնի, Անահիտի, Աստղիկի մեհյանները:

Քարքեի ստորոտում էր Աշտիշատ ավանն՝ իր հռչակավոր Աշտիշատի վանքով:

Աշտիշատում, Քարքե լեռան լանջին էր գտնվում Վահագնի գլխավոր մեհյանը, որն Ագաթանգեղոսը կոչում է Վահեվանյան («ութերորդ պաշտաւն հռչակաւոր անուանեալն Վիշապաքաղն Վահագնի»)…

«Վահեվանյան մեհյանը մնացել է Տարոնի երկրում՝ մեծագույն մեհյանը լի ոսկով ու արծաթով և մեծամեծ թագավորների ձոնած բազում նվերներով։
Պաշտամունքի ութերորդ հռչակավոր (վայրն) էր Վիշապաքաղ Վահագնի անվամբ, Մեծ Հայքի թագավորների զոհերի տեղը, Քարքե լեռան լանջին, Եփրատ գետի ափին, Տավրոս մեծ լեռան դիմացը, որը և պաշտամունքի վայրերի հաճախաշատ լինելու պատճառով անվանված էր Աշտիշատ» (Ագաթանգեղոս, գլ. ՃԺԴ. 809, էջ 453)։

Եվ, դարձյալ Ագաթանգեղոսի վկայությամբ, այստեղ էր հասել Գրիգոր Լուսավորիչը՝ «ի սնարս լերինն Քարքեայ», քրիստոնեության տարածման նպատակով:

Այս լեռը հիշատակում է և պատմիչ Հովհան Մամիկոնյանը՝ 7-րդ դարում…

Քարքեն հայտնի էր նաև Արձան անվամբ՝ ի պատիվ քրիստոնեության տարածման ժամանակ իրենց մեհյաններն ու նախնյաց հավատալիքները քաջարի 1038 համախոհների հետ պաշտպանող՝ Արձան քրմապետի (…«և կայ ի թաղման ի նմին տեղւոջն՝ որ դեռ ևս Արձան կոչի անուն լերինն» ( «Պատմութիւն Տարօնոյ, զոր թարգմանեաց Զենոբ Ասորի», Վենետիկ ,1832 թ., էջ 28): Արձանի մասին առանձին հիշելու առիթ եղել է՝

«Տէրունական նշանի (խաչի) զորությամբ» Գրիգորի կողմից հիմնահատակ տապալած, հրդեհած մեհյանների նկարագրությունն են թողել պատմիչները՝ մինչև երկինք հասնող՝ մինչև «ամպերը ծառացող» ծուխը հիշելով… (Զենոբ Գլակն՝ իբրև ականատես է վկայել):

(…«Գրիգոր իբրեւ տեսեալ զայն՝ զնշան տէրունական խաչին առնոյր եւ դիմէր ի դուռն մեհենին *եւ ամենայն շինուածք մեհենին ի հիմանց դղրդեալ տապալեցան եւ լուցեալ յանկարծաւրէն փայտակերտն հրդեհեցաւ ի տէրունական նշանին զաւրութենէ եւ ծուխն ծառացեալ մինչեւ յամպս հասանէր»։ (Ագաթանգեղոս, ՃԸ):

«Քարքե լեռան սքանչելի տաճարները կործանվեցան…Հայոց արհեստի և ճարտարապետության գեղեցիկ գործը ոչնչացավ…
Եվ մեծագանձ մեհյանների հարստությունը հայոց նոր խաչակիրների ավարառության առարկա դարձավ», — գրել է վիպասան Րաֆֆին իր երկում:

Հեռավոր ժամանակների ծիսահմայական պաշտամունքային պարերից զատ, Հայոց հնագույն Քրմական ռազմարվեստի մասին մեզ գրեթե ոչինչ հայտնի չէ:
Թեև Հայոց Այրուձին՝ Մատենիկ գունդը, դեռևս Նաիրի Երկրի՝ (Մայր Տունի թագավորության՝ Միտանիի) «Մայրանու» կոչված՝ բարձրակարգ հեծյալների համբավավոր գունդը, ժամանակին լավագույնն էր:

Քրիստոնեության տարածման ժամանակ մեհյանների կործանման նկարագրություններում կցկտուր դրվագներ են պահպանվել պատմիչների երկերում, որոնցում հիշատակվում են որոշ ավանդույթներ:

«…Եւ սկսան հնչեցուցանել զփողս պատերազմաց և թնդիւն սաստիկ շուրջանակի, և զձիոց վրնջիւնսն էր լսել»… (Զենոբ Գլակ «Պատմութիւն Տարոնոյ», էջ 44):

Ագաթանգեղոսը նույնպես գրում է, թե ինչպես էին Երեզ ավանի քրմերը քաջաբար պաշտպանում տաճարը, փորձելով թույլ չտալ, որ ավերեն այն.
«Երեզ ավանի Անահիտի մեհյանում, ուր դևերը (քրմերը) վահանավոր զորքի նմանությամբ հավաքված մարտնչում էին և մեծագոչ աղաղակով լեռները թնդացնում», (Ագաթանգեղոս, 1983, էջ 443):

Մեհյանները շրջապատող բարձրադիր լեռներում՝ պատերազմի փողն հնչեցնելով, սաստիկ թնդյունով ու ձիերի վրնջյունով լցված տարածքում, հատուկ գործիքներով, մարտիկներին մեծադղորդ հնչմամբ քաջալերանքով, հակառակորդին վանելու նպատակով կատարված հատուկ արարողության հիշատակումն ենք գտնում գրավոր մատյաններում…

Եվ այդ ձայները հնչում են նաև մեր ականջներում…

1970 -ական թվականներից տաղանդաշատ մի շարք Հայորդիք՝ յուրաքանչյուրն իր բնագավառում (բանասեր, պատմաբան, հնագետ, լեզվաբան…), անդրադառնում էին մեր ազգի անցյալի պատմության լուսաբանմանը:

Ու այդ գործում իր ավանդը ներդրեց նաև յուրօրինակ երաժշտական մտածողությամբ օժտված երաժիշտ՝ Ավետ Տերտերյանը, որն իր սիմֆոնիաներում խիզախորեն կիրառեց հայկական հոգևոր երաժշտության տարրերը, գործածեց ազգային դուդուկը, զուռնան, քամանչան ու դափը…

1975 թվականին արարած՝ նրա «3-րդ Սիմֆոնիան» իր հուժկու հնչողությամբ պատմիչների նկարագրած՝ «Լեռները թնդացնող Քրմերի» ավանդության արձագանքն է, իր ողջ արդիականությամբ:

«Ի զե՜ն» գոչող նվագախումբը մարտի է կոչում…

Ստորև՝ չորս րոպեանոց մի հատված՝ հիշյալ՝ հզոր ու ոգեշնչող Սիմֆոնիայից, ի պետս քաջության…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով