Month: Մայիսի 2024

  • ՎԵՆԵՏԻԿԻ «ՍՈՒՐԲ ՄԱՐԿՈՍԻ ՁԻԵՐԸ ԵՒ ՀԱՅ ԳԵՂԱՐՈՒԵՍՏԸ»…

    ՎԵՆԵՏԻԿԻ «ՍՈՒՐԲ ՄԱՐԿՈՍԻ ՁԻԵՐԸ ԵՒ ՀԱՅ ԳԵՂԱՐՈՒԵՍՏԸ»…

    ՎԵՆԵՏԻԿԻ «ՍՈՒՐԲ ՄԱՐԿՈՍԻ ՁԻԵՐԸ ԵՒ ՀԱՅ ԳԵՂԱՐՈՒԵՍՏԸ»…

    Հնագույն ժամանակների ճարտարապետության, քանդակի մասին տեղեկություններ ենք ստանում հնագիտական պեղումներից, պատմիչների վկայություններից…

    Հայոց աշխարհում քրիստոնեության տարածման ժամանակ բազմահարուստ, մեծագանձ և մեծաշուք պաշտամունքավայրերի, նրանց «բարձրաբերձ պարիսպների» կործանման խրախուսիչ նկարագրությունները կան Հայ մատենագրության էջերում:

    Հռոմեացի գրող — բնագետ, զորավար Պլինիոս Ավագը (մոտ 23 թ. — 79 թ,), որը հեղինակն է 37 գրքից բաղկացած՝ հանրագիտարանային բնույթի «Բնագիտություն» ուսումնասիրության, կարևոր տեղեկություններ է հաղորդում նաև Հայքի պատմական աշխարհագրության, ինչպես և Հայոց մեջ Անահիտ Դիցամոր բացառիկ պաշտամունքի վերաբերյալ:

    Բարձր Հայք աշխարհի Անահտական գավառում (Երեզ, Երզնկայի շրջանում) գտնվող Անահիտ Դիցուհու մեհյանում տեղադրված Ոսկեմոր քանդակը նա ներկայացնում է որպես առաջին ոսկե «բոլորաձույլ»՝ ամբողջությամբ ոսկեձույլ արձանը:

    «XXIV. Առաջին պինդ ոսկյա արձանն առանց որևէ խոռոչի, նույնիսկ մինչև «հոլոսփյուրատոն» (holosphyrates) կոչվող բրոնզե կուռ արձանները (ամբողջովին կռված մուրճով), կանգնեցվել է, ասում են, Անահիտիս Դիցուհու տաճարում (մենք արդեն ասացինք (V, 20), թե ո՛ր շրջանին է այս անունը պատկանում): Արձանը մեծապես պաշտվում էր տարածաշրջանի բնակիչների կողմից»:

    «Երիզայի Անահիտին յիշատակութիւնը կ՝ընեն նաև Կիկերոն և Պլինիոս:
    Ասոնց նկարագրութիւնէն կը գուշակուի, որ ժողովուրդը շատ մեծ կարևորութիւն տուած է իր դիցուհւոյն:
    Երբ Լուկուլլոս Հայաստան կը մտնէ, Հայ ժողովուրդը զարհուրելի կերպով կը յուզուի. ամէն բանէ աւելի
    կը մտածուի Անահիտի մեհեանը, ուր դիցուհին կը պաշտուէր «ամենաճոխ և մեծասպաս պաշտամունքով»՝ Կիկերոնին բացատրութեամբ»,- գրում է «Բազմավէպը»՝ 1914 թվականին:

    Հայոց մեջ քանդակագործության հնագույն ավանդույթների հարցին անդրադարձել է վաստակաշատ Գարեգին Լևոնյանը, որի հոդվածներից մեկը՝ տպագրված «Գեղարուեստ» պատկերազարդ հանդէսի 1913 թվականի 5 -րդ համարում, (արտասահմանյան բացառիկ թիւ, էջ 153 — 159, Վենետիկ, Մխիթարեան տպարան), ներկայացնում ենք ստորև՝ որոշ կրճատումներով:

    «…Մանաւանդ զի առեալ տանէր ընդ իւր և զոմանս ի մոգուց»…
    Թագադրության նպատակով՝ մոգերի ուղեկցությամբ Հայքից Հռոմ հասած Տրդատի՝ 9 ամիս տևած ճամփորդությանն էր նվիրված մեր նախորդ հրապարակումը: Ահավասիկ այդ այցի առիթով Ներոնին որպես ընծա ներկայացվող ձիերի քանդակախմբին առնչվող ուշագրավ ուսումնասիրությունը:

    ՍՈՒՐԲ ՄԱՐԿՈՍԻ ՁԻԵՐԸ ԵՒ ՀԱՅ ԳԵՂԱՐՈՒԵՍՏԸ

    Այս բաւականին տարօրինակ վերնագրի տակ մեր ընթերցողները գտնելու են մի հետաքրքրաշարժ պատմութիւն, որ աւանդական կապ ունի մեր նախաքրիստոնէական արուեստի հետ:
    Վենետիկում, Ս. Մարկոսի անուան հռչակաւոր և իր տեսակի մէջ անզուգական մայր եկեղեցու գլխաւոր ֆասադին աւելի ևս փառահեղ և գեղազանցօրէն յաղթական տեսք են տալիս աւագ դռան ճակատին, առանձին պատուանդանների վրայ կանգնած չորս գեղեցիկ պղնձաձոյլ ոսկեզօծ նժոյգները:
    Դեռ Վենետիկ չեկած՝ մենք լսել էինք այդ չքնաղ ձիերի մասին. աղօտ կերպով լսել էինք նոյնպէս, որ այդ գեղարուեստական հրաշալիքների հետ ինչ-որ կապ ունին Հայերը:

    Մեզ համար, բնականօրէն, չէր կարող անուշադիր մնալ մի այդպիսի հետաքրքրական հարցը և ահա՝ թէ՛ մեր անձնական տպաւորութիւնների արդիւնքը և թէ՛ քանի մի աղբիւրներից ստացած տեղեկութիւնները կարող ենք հաղորդել «Գեղարուեստի» ընթերցողներին, վերջում աւելացնելով մեր բաւական համարձակ կարծիքը:

    Առաջին անգամ Վենետիկ մտնողի առաջին իսկ գործն է լինում դուրս գալ Ս. Մարկոսի հրապարակը (Piazza di San Marco), որ իր չորս կողմով պարփակուած շքեղ սիւնազարդ պալատների ու մայր — տաճարի միջև աւելի զուտ մի մեծ դահլիճի, սալոնի է նման, քան հրապարակի:
    Տպաւորութիւնը այնքան ուժեղ է լինում առաջին վայրկեանին, որ գեղարուեստը սիրող մարդը չի իմանում ո՛ր կողմը դարձնէ իր հայեացքը՝ պալատների՞, հսկայ աշտարակ-զանգակատա՞նը, արտասովոր ժամացոյցի՞ն, թէ՞ այդ ամենքի թագ ու պսակ կազմող սքանչելի մոզայիքների (խճանկարների, Կ. Ա.) մէջ վառվող տաճարին՝ Ս. Մարկոսին՝ իր չորս սիգապանծ երիվարներով:

    Սիգապա՜նծ երիվարներ…
    Փառքի, ամբարտաւան յաջողութիւնների և զեխութեան մէջ յղփացած տիեզերահռչակ Ներոնի յաղթական կամարի (arca triumphale) զարդերն են եղել քսան դար առաջ այս պղնձաձոյլ երիվարները:
    Չորս հարիւր տարուց աւելի փառահեղ ու հոյակապ Հռոմում հիւր լինելուց յետոյ, Կոստանդիանոս Մեծի կայսերական հրամանով բերւում են Բիւզանդիա, Բոսֆորի ափերում հանդիսադիր լինելու նոր մայրաքաղաքի բացումին (4-րդ դար): 13-րդ դարի սկզբներում (1206 թ.) վենետիկեան անուանի դօժերից մեկը (Մառինօ Ծէնօ) բերում է իր հետ Վենետիկ՝ զարդարելու իր առանց այդ էլ նորահարսի պէս զարդարուն քաղաքը:

    Ներոնի պէս ինքնակալական փառքի գագաթնակէտին հասած Նապոլէօն Բոնապարտ, երբ Վենետիկում տեսնում է այդ ձիերը՝ «Թող ի՛մս լինին» — բացականչելով այդ վտարանդի նժոյգները տեղափոխում է Պարիս (1797), որտեղից և 1815 -ին նորից բերւում է Վենետիկ, ուր և մնում են մինչեւ այսօր:

    Ահա Ս. Մարկոսի ձիերի համառօտ պատմութիւնը:

    Ի՜նչ գեղեցիկ է նկարագրում այդ ճանապարհորդութիւնը իտալական բանաստեղծ՝ Հայուհի Վիկտորիա Աղանուրը իր «Յաւիտենական զրոյցի» մէջ.
    …Ահա՛, հասեր են Վոսփոր
    Փառահեղներն. կայմերուն վրայ կ’որորուին
    Նորաբողբոջ դափնիով
    Պսակուած կարմիր ոսկեճամուկ դրօշակներն…
    Պղնձի ձիեր, որքան յաղթ
    Նաւեր տեսաք, ցըռկանաւեր երագ, գոռ…

    Հիանալի, հրաշալի են այդ ձիերը և հետաքրքրակա՛ն՝ նրանց պատմութիւնը…
    Բայց ու՞ր է ապա նրանց և Հայերի միջև եղած կապը — երևի կը հարցնի ընթերցողը:
    Այժմ այդ հարցով է, որ զբաղելու ենք:

    Որտեղի՞ց էին Ներոնին այդ ձիերը: Հռոմեական գործ չեն նրանք, քննել են հմուտ մասնագէտները, մանաւանդ՝ հռոմեական հին պատմիչները գրում են արդէն, որ բերուած են ընծայ՝ «Հայոց Տրդատ թագաւորի» կողմից:

    Այժմ երկու վերսիա (տեսակետ, Կ.Ա.) կայ՝ մէկը՝ որ բերել է Տիրիթ կամ Տրդատը (Արշակունին) Ներոնին, և միւսը՝ բերել է Տրդատ Մեծը՝ Կոստանդիանոսին:
    «Մի յառաջնոց յիշողաց պղնձեայ երիվարացս՝ յանուն Տրդատայ է Վիկտոր Պոբլիոս, ի տեղագրութեան Է թաղին Հռովմայ: Միւս ոմն անանուն՝ ժամանակակից Ոնորիոսի կայսեր կամ Գ. Վաղենդիանու, որ է ի կէս Ե դարու, նոյնպէս յանուն Տրդատայ՝ ի նմին թաղի յիշէ. Equum Tiridatis Regis Armeniorum: Բայց գիտելի է զի ոչ միայն Վենետիկեան երիվարքս այլ և որք ցարդ ի Հռովմ կան, մնան նոցին նմանիք յանուանեալն Ձիական լերին (Monte Cavallo) Տրդատայ տուրք համարին»,- գրում է Հ. Ղ. Ալիշան՝ իր «Այրարատ» հոյակապ երկասիրութեան մէջ:

    «Զկայսերականսն յիշելով զտուրս՝ միտք մերազնեից անժոյժ ընթանան և ի թագաւորականսն,- շարունակում է Այրարատի հեղինակը,- ոչ շատացեալ լոկ վայելուչ համարել զՏրդատայ ընծայաբերութիւն, այլ գիտել ինչ և զորպէսն, զորմէ լռեն պատմիչք: Բայց յաւանդութէնէ ունին իտալացիք, և առանձինն պատմաբանք քաղաքին՝ Վենետկոյ, յորում գրեմս, եթէ Տրդատ թագաւոր Հայոց (զոր համարին զՊարթևն առ Ներոնիւ), տարեալ իցէ ընծայ առ կայսր զչորեսին գերահռչակ պղնձաձոյլ ոսկիազօծ երիվարս, զոր նկատեմք յաճախ ‘ի բարձրավանդակ ճակատու աննման տաճարի Սրբոյ Մարկոսի՝ յաննման հրապարակի Ադրիական մայրաքաղաքիս…»:

    Մեզ համար այստեղ էական նշանակութիւն չունի, թէ երկու Տրդատներից ո՛րն է եղել այդ ձիերը Հռոմ տանողը՝ Տիրիթ կոչւող Տրդատը, թէ՞ Մեծն Տրդատը, այլ այն, որ նրանք տարուած են Հայաստանի՛ց:
    Եթէ իրօք վերջին Տրդատը լինէր, մեր պատմիչները չէին կարող չը յիշատակել այս ընծայաբերութիւնը, երբ Ագաթանգեղոսից առնելով գրում են նրա և Լուսաւորչի Հռոմ գնալու ամէն մանրամասնութիւն:
    Իսկ յայտնի է, որ Ագաթանգեղոսը վերջին ժամանակներիս մի շարք լուրջ քննադատութիւնների ծանրութեան տակ (Լանգլուա, Գուտշմիդ, Տաշեան, Սարգիսեան) խախտեց իր դարաւոր դիրքը և նոյնիսկ դուրս եկաւ իր «Տրդատայ քարտուղարութեան» պաշտօնից: Ուրեմն, մեծ հաւանականութիւնը մնում է Արշակունի Տրդատի՝ Տիրիթի կողմը, որ և եղել է Հռոմում ու Ներոնին ներկայացել: Մեր պատմիչները չեն յիշատակում Տիրիթին առհասարակ, դրա համար էլ չէինք կարող որևէ յիշատակութիւն սպասել և նրա ընծայաբերութեան մասին: Մինչդեռ հռոմայեցի նշանաւոր պատմիչներ՝ Պլինիոս, Տակիտոս Կուռնելիոս և ուրիշներ նկարագրում են Տիրիթի փառաւոր մուտքը Հռոմ և Ներոնից մեծ պատուով ու մեծարանքով ընդունուիլը:
    Ահա այդ աղբիւրներից քաղելով իր «Պատմութեան» Ա. հատորում (էջ 324) Մ. Վ. Չամչեան հիւսել է մի գեղեցիկ հատուած, որ և մենք առաջ ենք բերում փոքր կրճատումներով:

    «Չուեալ Տիրիթայ յարևելից բազմութեամբ ծառայից՝ և երեք հազար սպառազէն հեծելոց ‘ի Հայոց և ի պարսից, ուղեկից ունելով ընդ իւր զբազումս ի հռոմայեցւոց, ճանապարհ արար ընդ ցամաք. և ոչ կամեցաւ նաւու ընդ ծով անցանել. զի, ասէ Պլինիոս, թէ չէ՛ր օրէն ըստ մոգուցն կրօնից ապականել զծով իւիք անմաքրութեամբ, և ոչ իսկ թեւք արկանելով ի նոյն. մանաւանդ զի առեալ տանէր ընդ իւր և զոմանս ի մոգուց:
    Ընդ ցամաք երթալով Տիրիթայ՝ երկարեաց ուղեւորութիւն նորա ամիսս իբր ինն. որով բազում ծախք եղեն՝ ոչ միայն ի կողմանէ նորին Տիրիթայ, այլ և ի հռովմեացւոց, քանզի պատուէր արձակեալ էր Ներոն ինքնակալ յամենայն քաղաքս ընդ որս ունէր անցանել Տիրիթ, բազում մեծաշուք հանդիսիւ ընդունիլ և յուղարկել զնա. որոյ վասն յամենայն տեղս զարդարէին զփողոցս և զհրապարակս. և ընդառաջ ելեալ բազում շքով ընդունէին զնա ի ձայն երգեցիկ արուեստականաց. և զամենայն պէտս նորա և զծառայիցն առւելեօք լնուին:

    Իբրև մօտ եղև Տիրիթ ի սահմանս Իտալիոյ լուեալ զայն Ներոնի կայսեր՝ պատրաստեաց վասն նորա հանդերձանս մեծարանաց. և առաքեաց ընդառաջ նորա կառս, քանզի մինչև Իտալիա երիվարաւ էր եկեալ: Եւ ունէր Տիրիթ ի գլուխ իւր սաղաւարտ ոսկեայ, և անձամբ շքեղ զարդարեալ, մանաւանդ զի փառացի ևս էր և բարգաւաճեալ հասակաւ՝ ըստ գրելոյ Դիովնի, և ահեղ տեսլամբ, միանգամայն և խորհրդամիտ և զգօն, որով յամենայն տեղիս՝ ընդ որ էանց, սիրելի եղև հռովմայեցւոց:

    Յորժամ եհաս Տիրիթ ի Նեապօլիս, եկն ընդառաջ նորա ինքն իսկ ինքնակալն Ներոն, և իբրև յանդիման եղև Տիրիթ Ներոնի, ազդ արարին նմա՝ ի բաց դնել զսուրն, զոր կրէր յազդեր իւրում, զի չէր օրէն այնպէս երևիլ առաջի կայսեր: Այլ նա ոչ կամեցաւ, քանզի, որպէս աւանդէ Տակիտոս, պատուէր առեալ էր ի Դարեհէ՝ մի ցուցանել զցածութիւն առ հռովմայեցիս, այլ հայրենի տարազու և ահեղութեամբ արշակունեաց վարել: Բայց զի մի՛ դաւ ինչ կարծեսցի հռովմայեցւոց, պնդեաց Տիրիթ զսուրն բևեռօք ընդ պատենին, որպէս գրէ Դիովն, և այնպէս մատուցեալ ծնրադրութեամբ ողջոյն ետ կայսեր:

    Ընդ այս գործ նորա զարմացեալ Ներոնի՝ մեծաւ մարդասիրութեամբ և խանդաղատական յարգանօք ընկալաւ զնա և յետ բազում իրաց՝ հրաման ետ առեալ խաղ ըմբշամարտութեան և գազանամարտութեան առաջի նորա՝ ի քաղաքն Պատիղոս: Եւ գլուխ խաղուն ի զննին նստեալ էր Տիրիթ ընդ կայսեր՝ կամենալով զուարճալի առնել զխաղ նոցա, ի շնորհս երեսաց Պատրորեայ, խնդրեաց աղեղն լայնալիճ, և ձգեաց ի բարձրավանդակէ անտի զնետն ի վերայ գազանաց, և զերկուս ցուլս յաղթանդամս ի մի հարուած փքնի շամփրաց յանդիման ամենեցուն, մինչև զարմանալ նոցա յոյժ:

    Յետ այսորիկ առեալ տարաւ զնա Ներոն ի կայսերական քաղաքն ի Հռովմ, զոր ըստ մասին նորոգեալ էր կամելով անդ թագ կապել նմա. ուր և, ըստ գրելոյ Տակիտոսի, ամենայն քաղաքն զեղեալ ընդառաջ լինէին յընդունելութիւն կայսեր և Տիրիթայ: Եւ զկնի սակաւուց կամեցեալ Ներոնի կարգել զհանդէս թագաւորութեանն Տիրիթայ, հրաման ետ և զարդարեցին գիշերային զմեծ հրապարակն ջահիւք և ղամբարօք, ծաղկօք և պսակօք, ուր ժողովեալ էր բազմութիւն քաղաքին: Եւ մասն ժողովրդեան ազնուականաց անտի սպիտակազգեստ և դափնեօք պսակեալ՝ ուրոյն կացին կարգաւ ի մէջ հրապարակին և յերկուսին կողմանս զօրք զրահաւորեալ ի զարդ շքեղ, որոց զէնք և դրօշք ‘ի լուսոյն շողալոյ փայլակնացայտ ճաճանչէին:

    Եւ ի պատրաստել այսր ամենայնի ի գիշերի, մօտ յարշալոյսն եկն Ներոն փառօք՝ հանդերձ ռինկղիտոսիւ և անձնապահ զօրօք: Էր զգեցեալ ինքն Ներոն պատմուճան ոսկեհուռն, զոր յաւուրս յաղթանակի արկանէր զանձամբ, եկեալ յատեան նստաւ յառաջին գահոյս:
    Եկն և Տիրիթ զկնի նորա հանդիսիւ՝ իւրայովքն հանդերձ, և էանց ընդ կարգս զինւորաց, որք կազմ կային յաջմէ և յահեկէ: Եւ մատուցեալ յատեան՝ խոնարհեցաւ և ետ ողջոյն յարգութեան ինքնակալին, զնոյն արարին և արքն՝ որք ընդ նմա:
    Յայնժամ համօրէն բազմութիւն հրապարակին գոչեցին իբրև ի միոջէ բերանոյ՝ ի ձայն ցնծութեան, մինչև ապշել Տիրիթայ ընդ այնպիսի աղաղակ նոցա:
    Ապա խօսեցաւ Տիրիթ առ Ներոն և ասէ.»…

    …«Յայնժամ ասէ ցնա Ներոն. «Դու բարւոք արարեր որ եկիր, այսր՝ դէմ յանդիման վայելել յիմում առատաձեռն լիութեան… ահաւասիկ ես կացուցանեմ զքեզ թագաւոր (վերին) Հայաստանի»:
    …Զայս ասացեալ Ներոնի՝ հրաման ետ նմա նստել առաջի իւր, ի յաթոռն յայն, որ յատենի անդ վասն այսր իսկ պատրաստեալ էր: Եւ ի նստել Տիրիթայ ի վերայ նորա, և եղեն ի մեծը հանդիսի անդ միւսանգամ բարձրագոչ ձայնք ցնծութեան և հրճուանաց ժողովրդեան»:

    Ապա պատմագիրը առաջ է բերում «հրամանաւ Ներոնի և բոլոր ծերակուտին ի պատիւ Տիրիթայ» Պոմպէի թատրոնում հանդիսաւոր ներկայացման նկարագիրը, որտեղ «ինքն Ներոն անցանէր հեծեալ ի կառս՝ ասեղնագործ պատմուճանաւ և կանաչազգեստ, և անձամբ յառաջ վարէր զկառսն, և շրջէր շքալից փառօք հանդերձ քնարահարութեամբ և երգովք արուեստականօք»:

    «Յետ կատարման հանդիսին՝ շնորհս կալաւ Տիրիթ արքայ երախտեաց ինքնակալըն Ներոնի… և ընկալեալ ի նմանէ պարգևս մեծամեծս և ԻՆՔՆ ԸՍՏ ԱՐԺԱՆԵԱՑ ՓՈԽԱՐԻՆԵԱԼ ՆՄԱ, արձակեցաւ պատուով դառնալ ի տէրութիւն իւր ի Վերին Հայս»:

    Հռոմայեցի պատմիչներից գրի առած ու Չամչեանի գրչով նկարագրուած վերոգրեալ հատուածի մէջ՝ որ ինքնին արդէն խիստ հետաքրքրական է մեզ համար ու կարող է պատմական թատերագրութեան գեղեցիկ նիւթ լինել մեր ժամանակակից հեղինակներին, ներկայ յօդուածին նիւթ եղող հարցի լուսաբանութեան համար ամենից կարեւորը վերջին պարբերութիւնն էր, որ Տիրիթ ինքը պարգևներ ստանալով Ներոնից, ինքն էլ ըստ արժանւոյն փոխարինել է նրանց ընծայաբերութեամբ:
    Այստեղ հարցը վերջանում է…, քանի որ մենք վերևում արդէն առաջ բերինք նոյն հռոմէական աղբիւրից, որ Ներոնի պղնձաձոյլ երիվարները յիշատակ են Հայոց Տիրիդատ թագաւորի — «Equum Tiridatis Regis Armeniorum.»:

    Այս նիւթին վերաբերեալ Տակիտոս պատմագրի բնագիրը լոյս ընծայեց Հ. Յ. Աւգեր «Բազմավէպի» այս տարւոյ Ա. տետրակում:

    Ասացինք, որ մեր ներկայ յօդուածի համար էականն այն չէ, թէ երկու Տրդատներից ո՛րն է բերել այս ձիերը, այլ ա՛յն, որ բերուած են Հայաստանից:
    Այժմ մի նոր հարց է ծագում, թէ Հայաստանում ո՞րտեղից էին նրանք. եկամու՞տ են Յունաստանից, թէ՞ Հայ արուեստի գործ են:
    Ոչ ոք սիրտ չէ անում, իհարկէ, Հայ գեղարուեստի արդիւնք համարել քանդակագործութեան այդ հիանալիքները, այլ կարծում են «առբերեալս մնացուած աւարոյ քաջաց նախնեաց (մերոց) յարշաւանին Ելլադայ՝ յԱրտաշիսէ կամ ի Տիգրանայ, զձեռագործս գերագոյն ճարտարացն Յունաց զՊրակսիտելեայ և Լիւսիպպոսի» (Ալիշան):

    Անշուշտ, շատ հաւանական է մեծանուն բանասէրի այս կարծիքը, բայց ո՛չ Լիսսիպի, ո՛չ Պրակսիտէլի ստեղծագործութիւնների թւում և ո՛չ առհասարակ Հելլէն քանդակագործութեան պատմութեան մէջ, մենք չենք պատահել ձիերի առանձնակի արձանների:
    Իսկ Խորենացին թէ՛ Արտաշէսի և թէ՛ Տիգրանի՝ Յունաստանից ինչ արձաններ բերել կամ նրանց ինչպէս կարգաւորելը անուն — անուն յիշատակում է՝ որ դից արձաններ էին:

    «Բայց և Ելլադա առեալ (Արտաշէս) պատկերս Դիոսի (Զևս) զԱրտեմիդայ (Դիանայ) և զԱթենայ (Աթենաս Պալլաս) զԵփեստուն (Ապպօլլոն) և զԱփրոդիդեայ (Վեներա), տայ բերել ի Հայս…» (Խորենացի, Բ. 12):
    «Եւ ժողովեալ զզօրս Հայոց ընդդէմ երթայ (Տիգրան) զօրացն Յունաց… Առաջին գործ զմեհեանա շինեալ կամեցաւ… կանգնեաց զոլիմպիական պատկերն Դիոսի յամուրն Անի, և զԱթենաս ի Թիլ, և զԱրտեմիդայ զմիւս պատկերն յԵրիզա. և զԵփեստուն ի Բագայառինջ…» (Խորենացի, Բ. 14):

    Յամառօրէն չը հակառակելով այս կարծիքին, մենք էլ թոյլ ենք տալիս մի նոր համարձակ կարծիք յայտնել, որ այս պղնձաձոյլ ձիերը կարող էին լինել և Հայ արուեստի գործ՝ Հայաստանի սահմաններում կերտուած ու ձուլուած:

    Այժմ առաջ բերենք այն նպաստաւոր տուեալները, որոնց վրայ կառուցում ենք մեր հիպօտէզը (վարկածը, Կ. Ա.):

    Ա. Արձանագործութիւն Հայաստանում.
    Կրկին ենք ափսոսում, որ մեր «Հայոց գեղարուեստի պատմութեան ներածութիւնը» յօդուածից (տես էջ 32) դուրս մնաց քանդակագործութիւնը, և մենք այստեղ պարտաւոր ենք քանի մի խօսք ասելու այդ արուեստի մասին:

    Քանդակագործութիւնը մեր մէջ միւս արուեստների համեմատութեամբ ամենից անբախտն է եղել: «Անբախտ» ենք ասում ո՛չ նրա համար, որ խեղճ ու աղքատ է եղել, այլ նրա համար, որ նա ամենից աւելի ուժեղ հալածանքի է ենթարկուել քրիստոնեութեան արշալոյսին ու չի կարողացել իր հնադարեան գեղեցիկ արդիւնքները յետագայ դարերը հասցնել:

    Անբախտ է մնացել նա մինչև մեր ժամանակը և այն տեսակետից, որ մեր միւս արուեստներից ամենից քիչ է խօսւում կամ համարեա չէ խօսւում նրա մասին՝ մի անգամ արդէն մեր մէջ ամրացած լինելով այն համոզումը, թէ «արձանագրութիւն չենք ունեցել», իսկ եթէ մի բան չենք ունեցել, իհարկէ, նրա մասին չեն լինիլ և ուսումնասիրութիւններ: Մեր մանրազնին հետազօտութեան արդիւնքն այս մասին առաջ բերելը թողնելով «Գեղարուեստի» յաջորդ գրքին՝ նոյն յօդուածի շարունակութեան մէջ, կարճառօտ ասենք այստեղ հետևեալը.—
    Հայ դիցաբանութեան կամ հեթանոս կրօնի պատմութիւնից յայտնի է (Էմին, Ալիշան, Կոստանեան, Չերազ, Գելցեր, Հ. Բ. Սարգիսեան), որ եկամուտ աստուածների հետ հեթանոս Հայաստանն ունեցել է և բուն՝ Հայկական աստուածներ՝ դիք, և որոնց մասին խօսք անգամ չկայ հին ազգերի դիցաբանութեանց մէջ:
    Ահա մենք տեսնում ենք այդ հայրենի դից կամ դիւցազունների արձանները կանգնեցրած Հայաստանի զանազան վայրերում: Հարց է ծագում՝ ո՞րտեղ էին շինւում ու ձուլւում այդ մետաղեայ արձանները՝ եթէ ոչ Հայաստանում: Ո՞րտեղ էին կտրւում Հայ դրամները իրենց ռելիեֆ պատկերներով, իհարկէ, բուն երկրու՛մ, ո՛չ արտասահմանում:
    «Եւ դրամ առանձին զիւր պատկերն հարկանէր»,- Արտաշէս Ա-ի համար ասում է Խորենացին (Բ. 11):

    Իսկ եթէ ընդունինք, որ արձանագործութեան արուեստը չի բացակայել նախաքրիստոնէական Հայաստանում, ինչու՞ չենք կարող ընդունել նաև, որ այդ չորս երիվարների բուն հայրենիքը Հայաստանն է:

    Բ. Նիւթ արձանագործութեան համար.
    Արձանագործութեան, քանդակի համար անհրաժեշտ նիւթերը՝ կաւ, մետաղներ կային հին Հայաստանում և արդիւնագործւում էին: Այս հարցերին մենք գտնում ենք դրական պատասխաններ:
    Կաւը եղել է այնքան նշանաւոր, որ օտար ազգերից էլ ճանչուել է որպէս «կաւ Հայկական»:
    «Յիշատակի առ մեզ ‘ի բժշկարանս ինչ որ առ Գաղենոսի կոչի «հող Հայկեան», առ բնաբանս կոչի «կաւ» կամ «հող», կոչեն և «հող կնքեալ Հայկեան» հռչակաւոր՝ սակս մատնելոյ ‘ի բաղադրութեան թիւրակէսի, որ է կարմիր աղօտագոյն, և է նոյն որ տաճկերէն կոչի «քիլ էրմենի»… (Ինճիճեան, «Հնախօսութիւն, Ա., 181):

    Հանքերի շահագործումը երեւում է մեր պատմիչների այն կարճ վկայութիւններից, որ ասում են.
    «Տօն ցնծութեան հրամայեաց կատարել թագաւորն (Տրդատ) ազատեաց զորս ի բանտի և մետաղս էին (Զենոբ): Կամ՝ «Գայր հասանէր ի լեառն երկաթահատացն և կապարահատացն» (Բիւզանդ):

    Անուն — անուն յիշւում են Հայ և օտար մատենագիրների կողմից արծաթի, ոսկու և պղնձա — հանքերի մասին:

    Գ. Ձիերը Հայաստանում
    Հին Հայաստանի ձիերը մեծ հռչակ են ունեցել ոչ միայն հայրենի երկրում, այլ և նրա սահմաններից շատ աւելի հեռուներ:
    «Այնչափ բազմութիւն ձիոց բերէ այս աշխարհ (Հայաստան), ոչինչ ընդհատ ‘ի Մարաց յայսմ մասին»,- յիշատակում է Ստրաբոն:

    Ձիերի առատութիւնն Հայաստանում երեւում է և պատմական այս տեղեկութիւնից, որ Հայ թագաւորները պարսից արքունիքին յաճախ ձիերով էին հարկ վճարում:
    Քսենոֆոն Եփրատի աւազանի մի դաշտը կոչում է «Ձիարօտ», որ ցոյց է տալիս ձիերի առատ ներկայութիւնը:
    Մեր պատմիչները յաճախ են գովաբանում Հայոց ձիաւոր զօրքը՝ «կաւալերիան», կամ, ինչպէս իրենք են ասում՝ այրուձին: Յիշատակում են նաև օտար մատենագիրները:
    «Բայց յայլոց հեծելազօրաց եցոյց (Արտաւազդ) Անտոնիոսի նաև գունդ ինչ վեց հազար հեծելոց՝ համակ սպառազինելոց և կրթելոց, յորժամ միանգամայն ընդ նմա խաղայր ի վերայ Մարաց»,- ասում է Ստրաբոն (Ինճիճեան):

    Յիշենք նոյնպէս Արտաշատից մինչև Հռոմ ինն ամիս ճանապարհ գնացող Տիրիթի և նրա «երեք հազար սպառազինաց» ձիերը:
    Առանձնապէս յիշւում են ընտիր ցեղի նժոյգները կամ «ձիք հրաշալիք»,- որոնք պատկանել են մեր թագաւորներին և զօրապետներին:
    «Իսկ Երուանդ ձիովն իւրով բովանդակ ասպարէզս անցեալ, ելանէ, ի խանս կարգեալս ‘ի բանակէն իւրմէ ի քաղաքն իւր» (Խորենացի, Բ., 46):

    «Նրա (Տիրան Բ-ի) ձիոց երկուց լեալ թեթև առաւել քան զպիգասոսս երագութեամբ անբաւ, զոր ոչ երկրակոխս, այլ օդագնաց համարէին» (Խորենացի, Բ., 62):

    «Եւ էր ի ժամանակին յայնմիկ երիվարն Մուշեղի (Մամիկոնեան) ձի մի. իսկ թագաւորն պարսից Շապուհ յորժամ առնոյր գինի ‘ի մատունսն ըմպել… ասէր, ճերմակաձին գինի արբցէ» (Բիւզանդ, Ե, 2):
    Մուշեղ իր ճերմակ ձիով այնքան է յայտնի եղել, որ նրա մահից յետոյ քանդակել են նրա պատկերը՝ իր ձիու վրայ նստած:
    «Ճարտարաց ասորւոց պողովատիկ գրչաւ նկարել զՄուշեղ ճերմակ երիվարաւն յարձանի առ գետեզերաւն, և զՀոնն յոտս նորա, որ բնակիչք գաւառի «Հոնի դուռն» ասեն զտեղիս մինչև ցայսօր: (Մեսր. Եր. 20), (Ինճիճեան):

    Գուսանական երգերից յայտնի են նոյնպէս Արտաշէս Բ-ի «Սեաւն գեղեցիկը» և նրա որդու՝ Արտաւազդի որսի նժոյգը:

    Եւ այսպէս, Հայաստանի սրավար, սրաթռիչ, օդապարիկ, օդաթռիչ ձիերի մասին շատ ու շատ վկայութիւնների ներկայութիւնը անհերքելի ապացոյց կարող է լինել մեր անցեալում այդ խելօք կենդանու կուլտի բարձր դրութեան, նրա ցեղերի ազնւացման համար: (Նոյնիսկ գոյութիւն է ունեցել մեր մէջ պատմական դարերում ձիաբուծութեան ձեռնարկ՝ «Վասն ձիոց ազգաց և ցեղից մատակաց և քուռակներաց խրատ և բժշկութիւն»: Տես «Բազմավէպ», 1867, էջ 353):
    Որպէս երկրի ամենաազնիւ և արժէքաւոր կենդանի բերք, ձիերը Հայաստանում համարուել են ամենայարմարը ընծայաբերութեան համար՝ թէ՛ օտար արքունիքներին և թէ՛ Հայ նախարարներին, զօրավարներին և բարձրաստիճան անձանց: Նոյնիսկ հեթանոսական դարերում աստուածներին զոհ են մատուցել սպիտակ ձիեր:

    «Տրդատայ հայրը՝ Խոսրով, Պարսից դէմ շահած յաղթութեան փոխան՝ «սպիտակ ցլուք և սպիտակ նոխազօք, սպիտակ ձիովք և սպիտակ ջորովք… զհայրենեացն պաշտամանց տեղիսն մեծարէր»,- Ագաթանգեղոսից առնելով՝ վկայում է Հ. Վ. Հացունի՝ իր «Ճաշեր» գրքի մէջ մատաղի բաժնում:
    Փաւստոս Բիւզանդ վկայում է, որ Արշակ Բ տուեց Խաղ եպիսկոպոսին «բազում նժոյգս զարքունական ձիոց՝ արքունի օճառավք, ոսկիվարաւանդ ապրդըմովն»:

    Ահա այս նպաստաւոր պարագաներն են, որ մենք այստեղ աչքի առջև ունենալով՝ համարձակում ենք կարծելու, որ Սբ. Մարկոսի ձիերը Ներոնին ընծայաբերուած կը լինեն Տիրիթի կողմից որպէս ամենայարգի նուէրը Հայաստանից՝ թէ՛ օդապարիկ ձիերի, և թէ՛ գոռոզ Արշակունիների հարստութիւնը ցոյց տըւող պղնձի ձուլուածներ ցուցաբերելու համար:

    Գուցէ շա՛տ է յանդուգն մեր կարծիքը, գուցէ ոգևորւում ենք, բայց թող ասուած լինի մեր հիպօտեզը, մինչեւ որ ապագայում հմուտ բանասէրները նորանոր փաստեր հիմք բերելով կարողանան փաստական դարձնել մեր խօսքը: Մի տասնեակ տարի Հայ ճարտարապետութեան մասին էլ բոլորովին այլ կարծիք էր տիրում. այժմ ընդհակառակը, արևելքն են համարում Լոյսի աղբիւրը:
    Ինքնավախութեամբ շատ առաջ չենք գնայ»:

    Գարեգին Լևոնեան
    Վենետիկ

    Աշուղ Ջիվանու որդու՝ Հայ արվեստի անխոնջ մշակ՝ Գարեգին Լևոնյանի դիմանկարը (հեղինակ՝ Մարտիրոս Սարյան, 1912 թ., Հայաստանի Ազգային պատկերասրահ)
  • «ՀԱՅՔԻՑ՝ ՀՌՈՄ. ՄԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ ԸՍՏ ՏԱԿԻՏՈՍԻ»…

    «ՀԱՅՔԻՑ՝ ՀՌՈՄ. ՄԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ ԸՍՏ ՏԱԿԻՏՈՍԻ»…

    «ՀԱՅՔԻՑ՝ ՀՌՈՄ. ՄԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ ԸՍՏ ՏԱԿԻՏՈՍԻ»…

    Հայոց պատմության հնագույն շրջանից որոշ դրվագների, մյուս տերությունների հետ ունեցած հարաբերությունների մասին հաճախ փոքր-ինչ պատկերացում ենք կազմում օտար աղբյուրների կցկտուր հիշատակումներով, երբեմն էլ՝ հանգամանալից տեղեկություններով:

    Փոթորկալից դարերի ընթացքում Հայոց աշխարհի քաղաքական իրավիճակի բեկումնային փոփոխություններն իրենց ազդեցությունն ու անխուսափելի հետևանքներն էին թողնում երկրի պատմության վրա:

    Հռոմեացի պատմիչ Տակիտոսի (մոտ 58 -120 թ.թ.) նկարագրություններում ուրվագծվում են հակամարտություններով լի մի շրջանի՝ 2000 տարի առաջվա դեպքերը, որոնք վերջին տարիներին հիշեցին եվրոպական որոշ երկրներում՝ Միհրականությանն ու Միհրական ծեսերի առեղծվածներին նվիրված ցուցադրությունների առիթով՝ նշելով Հայոց թագավոր Տրդատ Ա-ի այցը Հռոմ և նրա հանդիպումը Ներոնի հետ (վերջինս գահակալել է 54 — 68 թվականներին):

    Հայքն իր աշխարհագրական դիրքով՝ տարբեր դարաշրջաններում միմյանց հետ մրցող տերությունների ռազմական գործողությունների հանգույցում էր, ուր ծավալվում էին բախտորոշ իրադարձություններ:

    Վենետիկում 1913 թվականի հունվարին լույս տեսած «ԲԱԶՄԱՎԷՊ» ամսագրի թիվ 1-ից (էջ 10 -12) ներկայացնենք ուշագրավ մի հոդված՝ մոգերի և Մանավազի որդիների ուղեկցությամբ Տրդատի՝ դեպի Հռոմ կատարած ճամփորդության, հանդիսավոր ժամանման և կազմակերպված հանդիսությունների նկարագրություններով:

    ՀԱՅԿԱԿԱՆ ՆՇԽԱՐՔ
    Սոյն վերնագրի տակ պիտի ընծայենք պարբերաբար ազգային պատմութեան վերաբերեալ էջեր, որոնք օտարազգի հին և նոր մատենագրաց քով ցրուած կը գտնուին, և որոնք կրնան օգտակար ըլլալ ոչ թէ միայն պատմական բանասիրութեան համար, այլ թերեւս աւելի՝ ծանօթացնելու համար հայկական յարաբերութիւնքն օտար ազգաց հետ, և մեր գեղարուեստասէր երիտասարդաց ընծայելու համար նիւթեր՝ ներշնչուելու ազգային ոգւով իրենց բանաստեղծական, նկարչական, թատերական, երաժշտական և այլն արտադրութեանց համար:

    Առաջիկայ պատառիկը կը կազմէ Տակիտոսի «Տարեգրութեանց» էջ մը, Տակիտոս իր վերջին՝ ԺԶ. Գիրքը կը թողու գրեթէ կիսատ և անցնի իւր Պատմութեան: Այս պակասը լրացուցած են պատմիչք այլ և այլ հին աղբիւրներէ քաղելով: Մեզի այս էջը կ՝ընծայէ Brotier, գեղեցիկ նկարագրելով Տրդատ-Տիրիթի Ներոնէն Հայաստանի թագաւորութեան թագն ընդունիլը: (Հ. Աւգեր)

    1. Տրդատի հանդիսաւոր ժամանումը ժողովրդեան համար տեսարան մ՝եղաւ, որ քօղարկեց իշխանին և ծերակոյտին խայտառակութիւնը, բայց կայսերութեան համար ալ եղաւ ծանրաբեռնութիւն ;
      Երբեք Հռովմ այսքան թագեր տեսած չէր: Երկար, լի սնապաշտութեամբք և փառայեղ յաղթանակի մը նման ճանապարհորդութենէ վերջ, Տրդատ և իւր կինը հասան Վոլոգէսի (Վաղարշի, Կ.Ա.), Պախորոսի (Բակուրի, Կ.Ա.) և Մանաւազի որդւոց հետ: Մտածելով որ շարժուածքն աւելի ազդեցիկ են քան թէ խօսքերը, Տրդատ ծունր դրաւ Ներոնին առջև, բայց չյանձնեց անոր իր սուրը. այսպիսի gոյց մը չափազանց ծառայական կ՝երևէր իրեն և անարժան՝ Արշակունեաց վսեմութեան: Մինչև հոս պատշաճութեանց հակառակող բան մը չկար, բայց շուտով ամէն ինչ սին ցուցանքի մը փոխուեցաւ:
    2. Ներոն, որ աւելի զարմանալ գիտէր քան թէ նմանիլ Բարբարոսի մը սիգութեան, Նաբոլիէն Բոցցուոլէ տարաւ իւր հիւրերը և իր կայսերական մեծվայելչութիւնը ցուցուց սուսերամարտիկներու մրցանքի մը մէջ: Բադրոպիուս ազատագրեալը տուաւ այս խաղերը: Ծախքին վրայ գաղափար մը կարելի է ունենալ, եթէ դիտենք որ ամբողջ օրն ամփիթատրոնին մէջ մի միայն եթովպացի մարտիկներ մտան երկու սեռէ: Տրդատ հանդէսը պատուելու և իրեն ճարտարութիւնը ցուցնելու համար, կեցած տեղէն սլաք մ՝արձակեց, որով խոցեց, ինչպէս կաւանդեն, երկու ցուլեր:
    3. Հանդէսը Հռովմայ մէջ աւելի շքեղ եղաւ, երբ Տրդատ հոն երևցաւ Հայաստանի թագաւորութիւնը խնդրելով:
      Օրը յապաղած էին գեղեցիկ օդի մը սպասելու համար: Նախընթաց երեկոյ քաղաքն ամբողջ լուսաւորուեցաւ, փողոցներու մէջ ամբոխը կը վխտար, հանդիսատեսներ տուներու պատշգամներու վրայ խռնուած էին. ժողովուրդը՝ սպիտակ զգեստներով և դափնեայ պսակներով զարդարուած, լեցուած էին հրապարակին մէջ. զինուորներ՝ իրենց զէնքերու և իրենց արծիւներու փայլին վրայ սիգալով, ցանկապատ մը կը կազմէին: Առաւօտուն կանուխ, Ներոն, յաղթանակի զգեստներով, գնաց հրապարակը ծերակոյտներու և պրետորական անձնապահ գունդերու հետ, և հոն գահու մը վրայ ելլալով՝ ատենախօսներու բեմին քով, նստաւ փղոսկրէ թիկնաթոռի մը վրայ զինուորական արծիւներէ ու դրօշներէ շրջապատուած:
      Այն ատեն Տրդատ և թագաւորներու որդիքը, իրենց բազմաթիւ պատուադիրներով հասան զինուորաց խումբերով, և իշխանին յարգութիւն մատուցին:
    4. Ժողովրդեան աղաղակը, որ այս այնքան նոր տեսարանը տեսնելով և իւր հին յաղթանակները յիշելով ուրախութենէն կը խայտար, ի սկզբան երկիւղ մ’ ազդեցին Տրդատայ վրայ, որ պապանձած մնաց, և իւր արիութիւնը չկրցաւ գտնել, նոյն իսկ երբ ամենուն լռութիւն հրամայուեցաւ: Թերևս նաև այսպիսի կեղծուած երկչոտութեամբ մը ուզեց նա ժողովուրդը շողոքորթել, և այնու հեռացունել ամէն վտանգ և իրեն ապահովել թագաւորութիւն մը. որովհետև բարձր ձայնով ըսաւ որ, թէպէտ Արշակներու արիւնէ սերած է և եղբայր է Վոլոգէս (Վաղարշ, Կ.Ա.) և Պախուրոս (Բակուր, Կ.Ա.) թագաւորաց, այնու հանդերձ ծառայն է Ներոնի, զոր իբրև աստուած մը կը պատուէր. և թէ իր ամէն իրաւունքը յառաջ կու գան անոր պաշտպանութենէն, որովհետև այս իշխանն է իրեն համար Ճակատագիրն ու Բաղդը:
    5. Ներոնի պատասխանն այնքան աւելի հպարտ եղաւ՝ որքան խոնարհ էր այս ատենաբանութիւնը: «Լաւ ըրիր,- ըսաւ նա,- հոս գալդ իմ ներկայութիւնս վայելելու: Այն իրաւունքները զորս քու հայրդ չկրցաւ քեզի փոխանցել, և քու եղբայրներդ պիտի չկարենային քեզ պահպանել, ընդունէ՛ զանոնք միայն ինծմէ: Ես կու տամ քեզի Հայաստանը: Լաւ գիտցիր, և դուք ալ ամէնքնիդ յիշեցէք, որ ես միայն կրնամ տալ և վերցնել թագաւորութիւններ»: Տրդատ իսկոյն գահոյից աստիճաններուն մերձենալով, ծունր դրաւ Ներոնի առջև, որ զինքը վեր վերցուց և գրկեց, և անոր գլուխը դրաւ պսակը զոր կը խնդրէր, ժողովրդեան բազմադղորդ աղաղակներու մէջ, որոնց համար նախկին պրետոր մը թագաւորին խոնարհ աղերսանքը կը թարգմանէր:
    6. Այն տեղէն գնացին Պոմպէոսի թատրոնը:
      Երբեք ոսկին աւելի հասարակ և աւելի անարգ երևցած չէր: Տեսարանի բեմը և բոլոր շրջակայքը կը շողշողային ոսկիով: Ամբողջութիւնը ծածկուած էր ծիրանիէ անհուն վարագուրով մը, որուն մէջտեղ ոսկեճամուկ հիւսուածք մը կը ներկայացնէր զՆերոն կառք քշելով և շրջապատուած ոսկի աստղներէ: Բազմելէն առաջ, Տրդատ դարձեալ խոր յարգութիւն մը մատոյց Ներոնի, յետոյ նստաւ անոր աջակողմը դիտելու համար այս տեսարանը, ուր ոսկին կը խաղար հազար զանազան ձևերու ներքև: Այս շքեղութեան, որ աչքեր կը շլացնէր, յաջորդեց խնջոյք մը շատ աւելի փառայեղ: Յետոյ թատրոն եկան վերստին, ուր Ներոն չպատկառեցաւ դերասանի մը պէս երգելէ և քնար հարկանելէ, և կառք մը քշելու համար՝ կանաչներու խումբէն կառավարի մը պէս հագուելէ:
    7. Այս խայտառակութեանց մէջ, զոր դեռ աւելի կը ծանրացնէին ժողովրդեան վատ ծափահարութիւնքը, Տրդատ՝ յիշելով Կորբուղոնի զինուորական առաքինութիւնները, չկրցաւ զսպել իր զայրոյթը և ըսաւ իշխանին, որ շատ երջանիկ էր նա յանձին Կորբուղոնի այնքան բարի գերի ունենալուն համար: Ներոն՝ իւր ուրախութեան արբեցութեան մէջ, ուշ չդրաւ Բարբարոսի մը այսպիսի համարձակախօսութեան: Կարծէք մրցում մը կար անամօթութեան՝ իշխանին և ժողովրդեան միջև: Իբրև թէ այս յիմար արարողութիւնները Հայաստանի պատերազմը վերջացուցած ըլլային, Ներոն, ողջունուելով իբրև կայսր, իրեն դափնիէ պսակը կը տանի Կապիտոլիոն, կը փակէ Յանոսի դուռը, և շատ աւելի ծաղրական կ՝ըլլայ իր այս երևակայական յաղթութեամբ, քան թէ տեսարանի բեմին վրայ խաղալովը:
    8. Ապահովցուցած իր թագը, Տրդատ գիտցաւ օգուտ քաղել ժողովրդեան և իշխանին համակրութենէն: Երկար ժամանակէ ի վեր Հռովմ արբեցած իր երջանկութեամբ, միայն դէպ ի զարմանալիք կը ձգտէր:
      Եւ գտաւ զայն Տրդատայ արքունեաց մէջ, որ, ինչպէս ամէն արեւելեայք, կը պարծէր աստեղագիտութեան գաղտնեաց խորաթափանց գիտութեանը վրայ: Ինչ որ հաւատալի կ՝ընէր այս իւր գիտութիւնը, մոգերու բազմութիւնն էր որ կ՝ընկերէին թագաւորին:
      Իսկոյն ահա հռովմայեցիք ուզեցին հարցնել՝ իրենց բաղդը երկնքի վրայ և դժոխքի վրայ: Ամենէն զուարճալին ինքն Ներոնն էր. որովհետև այսպիսի գաղտնիք հրապոյր մ՝ունին աւելի չար իշխաններու վրայ, որոնք միանգամայն անհանգիստ են ապագային համար, և այնպէս շռայլ ներկային, իբրև թէ իրենց ձեռքն ըլլար տրամադրել այն ապագայն որմէ կը կասկածին, Ներոն արդէն
      խանդավառ է դասեր առնելու:
      Տրդատ, հպարտ այսպիսի աշակերտ մ’ ունենալուն վրայ, կը սկսի անոր վարդապետել: Կայսրութեան բաղդին ինքնակալը, ի նախատինս Հռովմայ, անձնատուր կը մատնուի քաղդէական ցնորքներու, կը հրահանգուի իրենց մոգական արարողութեանց մէջ և կը յառաջադիմէ թունաւորելու արուեստին մէջ, որ մոգութեան գլխաւոր ճիւղն է: Այս ամօթալի աշակերտութիւնը ցուսցուց բոլոր ստութիւնն և ունայնութիւնն արուեստի մը, զոր չկրցաւ սորվեցնել վարժապետ մը, որ դեռ նոր թագ մը ստացեր էր, և զոր չկրցաւ սորվիլ աշակերտ մը, որ տիեզերաց կը հրամայէր:
    9. Ներոն յուսախաբ, այնու հանդերձ նուազ առատաձեռն չեղաւ. իշխաններն այնքան աւելի շռայլ են որքան աւելի խաբուին: Տրդատ, որ արդէն օրական ութսուն հազար ոսկի դրամի ռոճիկ մ’ ունէր,
      ընդունեցաւ դեռ մէկ միլիոն արծաթ դահեկանի նուէր մը: Ներոն թոյլ տուաւ իրեն նաև վերստին կանգնել Արտաշատը, որ հիմնայատակ եղած էր, ինչպէս պատմեցինք: Իրեն տրուեցան նաև բազմաթիւ արուեստաւորներ, որոնց աւելցուց նա ուրիշ շատեր ալ, զոր ինքը վարձեց:
      Այսու աւելի ծանրագնի եղաւ այս թագաւորը վերստին բազմեցնելն իր գահուն վրայ, քան որքան չէր արժեր ժամանակաւ ուրիշները գահազուրկ ընելը:
    10. Տրդատ հարստացած այս նուէրներով, քիչ խղճամիտ իր երկրին սնոտիապաշտութեանց, նաւարկեց Բրունդիսիոնէ դէպի Տիւրագիոն: Յետոյ անցաւ մեր Ասիոյ քաղաքներէն, ամէն կողմ զարմացմամբ դիտելով կայսրութեան եկամուտի աղբիւրները և Ներոնի յիմարական ձեռնարկները:
      Դեռ Տրդատ Հայաստան չէր մտած, երբ Կորբուղոն իրեն ընդ առաջ գալով, թողուց որ անցնին իրեն տրուած արուեստաւորները, բայց զանոնք որ ինքը վարձած էր՝ ետ դարձուց ի Հռովմ: Հռովմէական անուան արժանապատուութեան համար այս նախանձայուզութիւնը աճեցուց Կորբուղոնի համբաւը, նուազեցնելով իշխանինը: Այնու հանդերձ Տրդատ երախտագիտութեան համար «Ներոնէա» անուանեց Արտաշատ քաղաքը, զայն նորոգելէն վերջ»:

    Հիշյալ ճամփորդության հետ առնչվող մի ընծայաբերության պատմությունն էլ՝ հաջորդիվ…