«ՀԱՅՔԻՑ՝ ՀՌՈՄ. ՄԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ ԸՍՏ ՏԱԿԻՏՈՍԻ»…
Հայոց պատմության հնագույն շրջանից որոշ դրվագների, մյուս տերությունների հետ ունեցած հարաբերությունների մասին հաճախ փոքր-ինչ պատկերացում ենք կազմում օտար աղբյուրների կցկտուր հիշատակումներով, երբեմն էլ՝ հանգամանալից տեղեկություններով:
Փոթորկալից դարերի ընթացքում Հայոց աշխարհի քաղաքական իրավիճակի բեկումնային փոփոխություններն իրենց ազդեցությունն ու անխուսափելի հետևանքներն էին թողնում երկրի պատմության վրա:
Հռոնեացի պատմիչ Տակիտոսի (մոտ 58 -120 թ.թ.) նկարագրություններում ուրվագծվում են հակամարտություններով լի մի շրջանի՝ 2000 տարի առաջվա դեպքերը, որոնք վերջին տարիներին հիշեցին եվրոպական որոշ երկրներում՝ Միհրականությանն ու Միհրական ծեսերի առեղծվածներին նվիրված ցուցադրությունների առիթով՝ նշելով Հայոց թագավոր Տրդատ Ա-ի այցը Հռոմ և նրա հանդիպումը Ներոնի հետ (վերջինս գահակալել է 54 — 68 թվականներին):
Հայքն իր աշխարհագրական դիրքով՝ տարբեր դարաշրջաններում միմյանց հետ մրցող տերությունների ռազմական գործողությունների հանգույցում էր, ուր ծավալվում էին բախտորոշ իրադարձություններ:
Վենետիկում 1913 թվականի հունվարին լույս տեսած «ԲԱԶՄԱՎԷՊ» ամսագրի թիվ 1-ից (էջ 10 -12) ներկայացնենք ուշագրավ մի հոդված՝ մոգերի և Մանավազի որդիների ուղեկցությամբ Տրդատի՝ դեպի Հռոմ կատարած ճամփորդության, հանդիսավոր ժամանման և կազմակերպված հանդիսությունների նկարագրություններով:
ՀԱՅԿԱԿԱՆ ՆՇԽԱՐՔ
Սոյն վերնագրի տակ պիտի ընծայենք պարբերաբար ազգային պատմութեան վերաբերեալ էջեր, որոնք օտարազգի հին և նոր մատենագրաց քով ցրուած կը գտնուին, և որոնք կրնան օգտակար ըլլալ ոչ թէ միայն պատմական բանասիրութեան համար, այլ թերեւս աւելի՝ ծանօթացնելու համար հայկական յարաբերութիւնքն օտար ազգաց հետ, և մեր գեղարուեստասէր երիտասարդաց ընծայելու համար նիւթեր՝ ներշնչուելու ազգային ոգւով իրենց բանաստեղծական, նկարչական, թատերական, երաժշտական և այլն արտադրութեանց համար:
Առաջիկայ պատառիկը կը կազմէ Տակիտոսի «Տարեգրութեանց» էջ մը, Տակիտոս իր վերջին՝ ԺԶ. Գիրքը կը թողու գրեթէ կիսատ և անցնի իւր Պատմութեան: Այս պակասը լրացուցած են պատմիչք այլ և այլ հին աղբիւրներէ քաղելով: Մեզի այս էջը կ՝ընծայէ Brotier, գեղեցիկ նկարագրելով Տրդատ-Տիրիթի Ներոնէն Հայաստանի թագաւորութեան թագն ընդունիլը: (Հ. Աւգեր)
- Տրդատի հանդիսաւոր ժամանումը ժողովրդեան համար տեսարան մ՝եղաւ, որ քօղարկեց իշխանին և ծերակոյտին խայտառակութիւնը, բայց կայսերութեան համար ալ եղաւ ծանրաբեռնութիւն ;
Երբեք Հռովմ այսքան թագեր տեսած չէր: Երկար, լի սնապաշտութեամբք և փառայեղ յաղթանակի մը նման ճանապարհորդութենէ վերջ, Տրդատ և իւր կինը հասան Վոլոգէսի (Վաղարշի, Կ.Ա.), Պախորոսի (Բակուրի, Կ.Ա.) և Մանաւազի որդւոց հետ: Մտածելով որ շարժուածքն աւելի ազդեցիկ են քան թէ խօսքերը, Տրդատ ծունր դրաւ Ներոնին առջև, բայց չյանձնեց անոր իր սուրը. այսպիսի gոյց մը չափազանց ծառայական կ՝երևէր իրեն և անարժան՝ Արշակունեաց վսեմութեան: Մինչև հոս պատշաճութեանց հակառակող բան մը չկար, բայց շուտով ամէն ինչ սին ցուցանքի մը փոխուեցաւ: - Ներոն, որ աւելի զարմանալ գիտէր քան թէ նմանիլ Բարբարոսի մը սիգութեան, Նաբոլիէն Բոցցուոլէ տարաւ իւր հիւրերը և իր կայսերական մեծվայելչութիւնը ցուցուց սուսերամարտիկներու մրցանքի մը մէջ: Բադրոպիուս ազատագրեալը տուաւ այս խաղերը: Ծախքին վրայ գաղափար մը կարելի է ունենալ, եթէ դիտենք որ ամբողջ օրն ամփիթատրոնին մէջ մի միայն եթովպացի մարտիկներ մտան երկու սեռէ: Տրդատ հանդէսը պատուելու և իրեն ճարտարութիւնը ցուցնելու համար, կեցած տեղէն սլաք մ՝արձակեց, որով խոցեց, ինչպէս կաւանդեն, երկու ցուլեր:
- Հանդէսը Հռովմայ մէջ աւելի շքեղ եղաւ, երբ Տրդատ հոն երևցաւ Հայաստանի թագաւորութիւնը խնդրելով:
Օրը յապաղած էին գեղեցիկ օդի մը սպասելու համար: Նախընթաց երեկոյ քաղաքն ամբողջ լուսաւորուեցաւ, փողոցներու մէջ ամբոխը կը վխտար, հանդիսատեսներ տուներու պատշգամներու վրայ խռնուած էին. ժողովուրդը՝ սպիտակ զգեստներով և դափնեայ պսակներով զարդարուած, լեցուած էին հրապարակին մէջ. զինուորներ՝ իրենց զէնքերու և իրենց արծիւներու փայլին վրայ սիգալով, ցանկապատ մը կը կազմէին: Առաւօտուն կանուխ, Ներոն, յաղթանակի զգեստներով, գնաց հրապարակը ծերակոյտներու և պրետորական անձնապահ գունդերու հետ, և հոն գահու մը վրայ ելլալով՝ ատենախօսներու բեմին քով, նստաւ փղոսկրէ թիկնաթոռի մը վրայ զինուորական արծիւներէ ու դրօշներէ շրջապատուած:
Այն ատեն Տրդատ և թագաւորներու որդիքը, իրենց բազմաթիւ պատուադիրներով հասան զինուորաց խումբերով, և իշխանին յարգութիւն մատուցին: - Ժողովրդեան աղաղակը, որ այս այնքան նոր տեսարանը տեսնելով և իւր հին յաղթանակները յիշելով ուրախութենէն կը խայտար, ի սկզբան երկիւղ մ’ ազդեցին Տրդատայ վրայ, որ պապանձած մնաց, և իւր արիութիւնը չկրցաւ գտնել, նոյն իսկ երբ ամենուն լռութիւն հրամայուեցաւ: Թերևս նաև այսպիսի կեղծուած երկչոտութեամբ մը ուզեց նա ժողովուրդը շողոքորթել, և այնու հեռացունել ամէն վտանգ և իրեն ապահովել թագաւորութիւն մը. որովհետև բարձր ձայնով ըսաւ որ, թէպէտ Արշակներու արիւնէ սերած է և եղբայր է Վոլոգէս (Վաղարշ, Կ.Ա.) և Պախուրոս (Բակուր, Կ.Ա.) թագաւորաց, այնու հանդերձ ծառայն է Ներոնի, զոր իբրև աստուած մը կը պատուէր. և թէ իր ամէն իրաւունքը յառաջ կու գան անոր պաշտպանութենէն, որովհետև այս իշխանն է իրեն համար Ճակատագիրն ու Բաղդը:
- Ներոնի պատասխանն այնքան աւելի հպարտ եղաւ՝ որքան խոնարհ էր այս ատենաբանութիւնը: «Լաւ ըրիր,- ըսաւ նա,- հոս գալդ իմ ներկայութիւնս վայելելու: Այն իրաւունքները զորս քու հայրդ չկրցաւ քեզի փոխանցել, և քու եղբայրներդ պիտի չկարենային քեզ պահպանել, ընդունէ՛ զանոնք միայն ինծմէ: Ես կու տամ քեզի Հայաստանը: Լաւ գիտցիր, և դուք ալ ամէնքնիդ յիշեցէք, որ ես միայն կրնամ տալ և վերցնել թագաւորութիւններ»: Տրդատ իսկոյն գահոյից աստիճաններուն մերձենալով, ծունր դրաւ Ներոնի առջև, որ զինքը վեր վերցուց և գրկեց, և անոր գլուխը դրաւ պսակը զոր կը խնդրէր, ժողովրդեան բազմադղորդ աղաղակներու մէջ, որոնց համար նախկին պրետոր մը թագաւորին խոնարհ աղերսանքը կը թարգմանէր:
- Այն տեղէն գնացին Պոմպէոսի թատրոնը:
Երբեք ոսկին աւելի հասարակ և աւելի անարգ երևցած չէր: Տեսարանի բեմը և բոլոր շրջակայքը կը շողշողային ոսկիով: Ամբողջութիւնը ծածկուած էր ծիրանիէ անհուն վարագուրով մը, որուն մէջտեղ ոսկեճամուկ հիւսուածք մը կը ներկայացնէր զՆերոն կառք քշելով և շրջապատուած ոսկի աստղներէ: Բազմելէն առաջ, Տրդատ դարձեալ խոր յարգութիւն մը մատոյց Ներոնի, յետոյ նստաւ անոր աջակողմը դիտելու համար այս տեսարանը, ուր ոսկին կը խաղար հազար զանազան ձևերու ներքև: Այս շքեղութեան, որ աչքեր կը շլացնէր, յաջորդեց խնջոյք մը շատ աւելի փառայեղ: Յետոյ թատրոն եկան վերստին, ուր Ներոն չպատկառեցաւ դերասանի մը պէս երգելէ և քնար հարկանելէ, և կառք մը քշելու համար՝ կանաչներու խումբէն կառավարի մը պէս հագուելէ: - Այս խայտառակութեանց մէջ, զոր դեռ աւելի կը ծանրացնէին ժողովրդեան վատ ծափահարութիւնքը, Տրդատ՝ յիշելով Կորբուղոնի զինուորական առաքինութիւնները, չկրցաւ զսպել իր զայրոյթը և ըսաւ իշխանին, որ շատ երջանիկ էր նա յանձին Կորբուղոնի այնքան բարի գերի ունենալուն համար: Ներոն՝ իւր ուրախութեան արբեցութեան մէջ, ուշ չդրաւ Բարբարոսի մը այսպիսի համարձակախօսութեան: Կարծէք մրցում մը կար անամօթութեան՝ իշխանին և ժողովրդեան միջև: Իբրև թէ այս յիմար արարողութիւնները Հայաստանի պատերազմը վերջացուցած ըլլային, Ներոն, ողջունուելով իբրև կայսր, իրեն դափնիէ պսակը կը տանի Կապիտոլիոն, կը փակէ Յանոսի դուռը, և շատ աւելի ծաղրական կ՝ըլլայ իր այս երևակայական յաղթութեամբ, քան թէ տեսարանի բեմին վրայ խաղալովը:
- Ապահովցուցած իր թագը, Տրդատ գիտցաւ օգուտ քաղել ժողովրդեան և իշխանին համակրութենէն: Երկար ժամանակէ ի վեր Հռովմ արբեցած իր երջանկութեամբ, միայն դէպ ի զարմանալիք կը ձգտէր:
Եւ գտաւ զայն Տրդատայ արքունեաց մէջ, որ, ինչպէս ամէն արեւելեայք, կը պարծէր աստեղագիտութեան գաղտնեաց խորաթափանց գիտութեանը վրայ: Ինչ որ հաւատալի կ՝ընէր այս իւր գիտութիւնը, մոգերու բազմութիւնն էր որ կ՝ընկերէին թագաւորին:
Իսկոյն ահա հռովմայեցիք ուզեցին հարցնել՝ իրենց բաղդը երկնքի վրայ և դժոխքի վրայ: Ամենէն զուարճալին ինքն Ներոնն էր. որովհետև այսպիսի գաղտնիք հրապոյր մ՝ունին աւելի չար իշխաններու վրայ, որոնք միանգամայն անհանգիստ են ապագային համար, և այնպէս շռայլ ներկային, իբրև թէ իրենց ձեռքն ըլլար տրամադրել այն ապագայն որմէ կը կասկածին, Ներոն արդէն
խանդավառ է դասեր առնելու:
Տրդատ, հպարտ այսպիսի աշակերտ մ’ ունենալուն վրայ, կը սկսի անոր վարդապետել: Կայսրութեան բաղդին ինքնակալը, ի նախատինս Հռովմայ, անձնատուր կը մատնուի քաղդէական ցնորքներու, կը հրահանգուի իրենց մոգական արարողութեանց մէջ և կը յառաջադիմէ թունաւորելու արուեստին մէջ, որ մոգութեան գլխաւոր ճիւղն է: Այս ամօթալի աշակերտութիւնը ցուսցուց բոլոր ստութիւնն և ունայնութիւնն արուեստի մը, զոր չկրցաւ սորվեցնել վարժապետ մը, որ դեռ նոր թագ մը ստացեր էր, և զոր չկրցաւ սորվիլ աշակերտ մը, որ տիեզերաց կը հրամայէր: - Ներոն յուսախաբ, այնու հանդերձ նուազ առատաձեռն չեղաւ. իշխաններն այնքան աւելի շռայլ են որքան աւելի խաբուին: Տրդատ, որ արդէն օրական ութսուն հազար ոսկի դրամի ռոճիկ մ’ ունէր,
ընդունեցաւ դեռ մէկ միլիոն արծաթ դահեկանի նուէր մը: Ներոն թոյլ տուաւ իրեն նաև վերստին կանգնել Արտաշատը, որ հիմնայատակ եղած էր, ինչպէս պատմեցինք: Իրեն տրուեցան նաև բազմաթիւ արուեստաւորներ, որոնց աւելցուց նա ուրիշ շատեր ալ, զոր ինքը վարձեց:
Այսու աւելի ծանրագնի եղաւ այս թագաւորը վերստին բազմեցնելն իր գահուն վրայ, քան որքան չէր արժեր ժամանակաւ ուրիշները գահազուրկ ընելը: - Տրդատ հարստացած այս նուէրներով, քիչ խղճամիտ իր երկրին սնոտիապաշտութեանց, նաւարկեց Բրունդիսիոնէ դէպի Տիւրագիոն: Յետոյ անցաւ մեր Ասիոյ քաղաքներէն, ամէն կողմ զարմացմամբ դիտելով կայսրութեան եկամուտի աղբիւրները և Ներոնի յիմարական ձեռնարկները:
Դեռ Տրդատ Հայաստան չէր մտած, երբ Կորբուղոն իրեն ընդ առաջ գալով, թողուց որ անցնին իրեն տրուած արուեստաւորները, բայց զանոնք որ ինքը վարձած էր՝ ետ դարձուց ի Հռովմ: Հռովմէական անուան արժանապատուութեան համար այս նախանձայուզութիւնը աճեցուց Կորբուղոնի համբաւը, նուազեցնելով իշխանինը: Այնու հանդերձ Տրդատ երախտագիտութեան համար «Ներոնէա» անուանեց Արտաշատ քաղաքը, զայն նորոգելէն վերջ»:
Հիշյալ ճամփորդության հետ առնչվող մի ընծայաբերության պատմությունն էլ՝ հաջորդիվ…