…ԵՎ ԱՅԳԱԲԱՑՆԵՐՆ ԱՅՍՏԵՂ ԽԱՂԱՂ ԵՆ…
Հարյուր տարի առաջ, Առաջին Համաշխարհային պատերազմից հետո, 1920 թվականի օգոստոսի 10-ին, Փարիզի արվարձաններից մեկում՝ Սեվր քաղաքում, Հաղթանակած դաշնակից պետությունների և Օսմանյան կայսրության միջև կնքվեց հաշտության պայմանագիր՝ համաձայն որի Թուրքիան Հայաստանը ճանաչում էր որպես Ազատ ու Անկախ պետություն՝ Հայոց պատմական նահանգներով (հատուկ հանձնաժողովի կողմից հստակեցված սահմանագծերով)…
Թե ի՞նչ եղավ օրինական ընթացակարգով և մեծ հանդիսավորությամբ (ընդհանուր համաձայնությամբ) ստորագրված այս կարևոր փաստաթղթի ճակատագիրը՝ քաջ հայտնի է մեզ՝ Հայերիս…
Եթե պաշտոնական արարողակարգով և օրինական գործընթացով բոլոր իրավասու անձանց կողմից ստորագրված այս հույժ կարևոր համաձայնագիրն ընթացք չստացավ, չվավերացվեց, ինչու՞ պիտի այսօր Հայաստանն ընդունի և վավերացնի անօրինական ճանապարհով (նույնիսկ սեփական պետության նախագահի անգիտությամբ) ստորագրված մի թուղթ, որն իրավական ուժ չունի (զինադադարից հետո՝ հակամարտության կարգավորումը բանակցություններով՝ ազգերի ինքնորոշմանը վերաբերող միջազգային օրենքների հարգմամբ):
Հատկապես, որ դեռևս մեկ ամիս առաջ, «Բրիտանացի հայտնի փաստաբան, պրոֆեսոր Ջեֆրի Ռոբերտսոնը հոդված է հրապարակել The Australian թերթում՝ կոշտ քննադատության ենթարկելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
Ըստ Ռոբերտսոնի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է դիմի Միջազգային քրեական դատարանին, որպեսզի վերջինս սկսի ագրեսիայի հանցագործության հետաքննությունը, «որն Ալիևն իրագործել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աջակցությամբ»:
Նաև՝ «Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին մարդու իրավունքների և միջազգային իրավունքի մեկ այլ առաջատար մասնագետ Ալֆրեդ դե Զայասը կարծիք էր հայտնել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետք է կանգնի Հաագայի միջազգային դատարանի առջև՝ ագրեսիայի ակտ իրագործելու մեղադրանքով» (մեջբերումները՝ https://www.shantnews.am/news/view/775872.html):
Հզոր ու Անպարտ Հայկազունների դեմ մարտի ելած թշնամին՝ հանցավոր ահաբեկիչների հրոսակախմբերով համալրված իր բանակով, իր անփառունակ գործունեությամբ կհիշվի՝ որպես բարբարոս ու անքաղաքակիրթ…
Իսկ «անկենդան որոշումը» կյանքի կոչելու ոչ մի առիթ (կամ՝ պատճառ) չունենք:
Դա էլ թող մնա պատմության արխիվներում՝ որպես չվավերացված որոշում…
Միջազգային օրենքների խախտմամբ՝ վարձկան-ահաբեկիչներով ու օրինազանց միջոցներով, մարդկության դեմ հանցագործություններ իրականացնելով տարածքներ զավթողները համապատասխան օրենքներով պատժվում են, ոչ թե «հաղթանակով» պարգևատրվում («Էս սարն ի՛մն է, էս ծառն ի՛մն է» ասող խաբեբայի վերջն է վաղուց):
Օրեր առաջ ռմբակոծվող, արգելված զենքերից վնասված խաղաղ ազգաբնակչությանն իրենց պապենական Հողից տեղահանելու իրավունք ոչ ոք չունի…
Ընդհակառակը, նրանց կրած վնասների, ընդհատված ու հաշմված կյանքերի համար առավելագույնս պիտի հատուցվի…
Ուրեմն, կեցցե՛ հավերժ վեհաշուք Արցախն իր խրոխտ Հայորդիներով…