ԿԱՍԻՈՍ ԼԵՌԸ՝ ԱՐԵՒԵԼՔԻ ՕԼԻՄՊՈՍ
ԿԱՄ՝ ՅՈՒՊԻՏԵՐ ԴՈԼԻՔԵՆԱՑԻ ԱՆՈՒՆՈՎ ՄԻ ԴԻՑ…

Հազզու Լեռ
Կասիոս Լեռ
Ճեպել Աքրա

Հնագույն շրջանի քաղաքակրթությունների վրա իր անջնջելի հետքն ունի դիցաբանությունը, մասնավորապես՝ «Կումարբիի շարքը», որի պատառիկները հայտնի են 19-րդ դարի պեղումներից՝ խեթերի մայրաքաղաք Հատուշայի արքունական գրադարանից հայտնաբերված սեպագիր սալիկներում:

Ուսումնասիրողներն անառարկելիորեն այն համարում են հուրիական և շեշտում հունական դիցաբանության հետ աներկբա նմանությունը:

Հիշենք, որ Հեսիոդոսի «Աստվածաբանության» շարքը երբեմն «Հուրիական Աստվածաբանություն» են անվանում:

Թեշուբի և Ուլիխում վիշապի միջև պայքարը հիշեցնում է Զևսի ու Տիփոնի պայքարը:

Առավել ևս, որ երկուսն էլ նույն վայրում են տեղի ունենում՝ Հազզի (Կասիոս) լեռան վրա (սիրիական ափին):

Հոմերոսն «Իլիականում» նշում է, որ Զևսից կայծակնահար Տիփոնը գտնվում էր Արիմների Երկրում, որտեղ էլ Զևսը նրան թաղում է՝ Տրոյական Կիլիկիայում:

Պլինիոսի (նաև այլ պատմիչների) վկայությամբ, Կասիուս լեռն «այնքան բարձր է, որ գիշերը, արևածագից դեռևս երեք ժամ առաջ, նրա գագաթն արդեն արևն է տեսնում, (արևաշող է,Կ.Ա.), և, նրա մի հատվածում, վերին մասում լույս է, ներքևում՝ դեռևս գիշերվա խավարը»…(մեջբերումը՝ «Le grand dictionnaire géographique et critique», գրքից, հեղինակ՝ De Antoine-Augustin Bruzen de La Martinière, 1730թ.հ.2 էջ 349):

Լեռան ու նրա հետ կապված հավատալիքներն հարատևեցին Սելևկյանների օրոք:

Սելևկիա քաղաքի (Պտերիա) զանազան դրամների վրա մերձակա Կասիուս լեռան պատկերն է՝ ավելացված «Յուպիտեր Կասիուս» անվանումը:

Ավանդույթի համաձայն և ըստ հույն պատմիչ Ապիենոս Ալեքսանդրացու (Appien d’Alexandrie,90-160թթ.) Նիկատոր Սելևկոսի (ն.թ.ա 305-280թթ.) կողմից քաղաքի կառուցման մեկնարկի հանդիսության պահին նախորդել է «Ամպրոպի մի ուժեղ շառաչ», որի առիթով էլ տվյալ շրջանը դրվել է Ամպրոպի, Կայծակի դիցի հովանավորության ներքո:

Համարվելով «Երկնքի Տիրակալ», Յուպիտերի խորհրդանիշներն էին Արծիվն ու Կայծակը, և նրան էին համադրվում երկնային նշանների մեկնությամբ գուշակությունները (թռչունների թռիչքի, ամպրոպի, կայծակի հետագծով (հարուսպիկները…):

Վերջինս հայտնի էր և Էտրուսկների մոտ (Brontoscopie):

Նման գուշակությունների նկարագրությամբ տեքստեր կան նաև «Մեռյալ ծովի ձեռագրերում»: Այսինքն, նրանց հեղինակները հավատում էին ամպրոպի ու կայծակի միջոցով մարդկանց հետ Աստծու հաղորդակցվելուն:

Շրջանաձև վահանակիր Յուպիտերը «Տարանիս» մականունն ուներ:

Գաղիերենում և հին բրետոներենով «Taran» նշանակում է «Ամպրոպ»:

Յուպիտերին նվիրված հինգշաբթի օրն անգլերենով ստուգաբանվում է որպես «Թորի օր»՝ Thursday (Թեշուբի՝ Թարքու, Տորք անունից (որից է և Թորգոմը ):

Վաղնջական ժամանակներից եկող պատմությամբ ու «վաղաժամ լուսավորությամբ» հայտնի սրբազան Հազզի (Կասիոս) լեռան որոնումներն ինձ ուղղորդեցին մեզ անչափ հարազատ մի վայր…

Հազզու անունով տեղանուններ կան Սասունում, Արզն գավառում… Նույն անունն է կրում նաև Տիգրիսի ձախակողմյան վտակը:

Կիլիկիայում, Քեսապի շրջանի հիշյալ լեռը «Այբբենական» կոչվող սեպագրերում «GR SPN» ձևով է նշվում, ( ձայնավորներով՝ զարմանալիորեն կարող է «Սիփան» հնչել, վերծանված է Սապանու), աքադական և խեթական տեքստերում՝ HAZZI, հայերենով Կասիոս լեռ, Կայսեր, հունարենով՝ Կասիոս, լատինական հնչողությամբ՝ Կասիուս, արաբերենով՝ իր լերկ գագաթի պատճառով Ճեպել Աքրա (Ճաղատ լեռ), որն, այնուամենայնիվ, հայտնի է իր դեղին անթառամ ծաղիկներով՝ անմեռուկներով…

Հետաքրքիր զուգադիպությամբ՝ Մուսա լեռն էլ է «Ճեպել Մուսա» ձևով անվանվում («Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան»):

Մուսա լեռ
Մուսա լեռ

Կիլիկյան Տավրոսի նույն լեռնահամակարգում՝ Ամանոս լեռնաշղթայի հարավային ճյուղավորման գագաթներից է Մուսա լեռը, ուր 1915-ի հուլիսի 13-ին մոտ 10.000 տեղաբնակ հայեր իրենց քաջարի հրամանատար Եսայի Յաղուբյանի գլխավորությամբ 40 օր անհավասար մարտնչեցին ու հերոսական պայքարով անմահացան:

Նրանցից մեկին՝ այդ օրերին դեռ տասնամյա Հակոբ Չեմենյանին հետագայում անձամբ ճանաչելու պատիվն ունեցա (իր առյուծասիրտ աղջկա շնորհիվ)…

Համաձայն Հուրիների (Հայերի) հավատալիքների, Հազզի լեռան վրա էր գլխավոր դիցի՝ Թեշուբի (Փայլակի, Կայծակի, Հուրի) բնակավայրը :

Համարվելով դիցի բնակատեղի, այն նույնացվում էր Թեշուբի հետ և հավասարապես պաշտվում:

Ժամանակի իրավական «փաստաթղթերի» վրա, որպես երդման հավաստիք, լեռան անունը ևս կա:

«Հուվաշի» կոչված քարակոթողները (որոնք հետագայում խաչքարի տեսքով շարունակվեցին), թերևս հենց այստեղից են ծագում (քարը՝ որպես սրբազան լեռան մի մաս…):

Գտնվելով առևտրական քառուղիների խաչմերուկում, հնագույն շրջանից կարևոր դեր ունեցող Կիլիկյան այս տեղանքը (երբեմն Կոմմագենի կազմում է նշվում), մի անչափ ուշագրավ փաստով է հայտնի նաև:

Այնթապից հյուսիս արևմուտք, Մարաշից արևելք, Դոլիքե անունով հանրահայտ մի քաղաք մեծ հետք է թողել անտիկ աշխարհում:

Հայկական աղբյուրներում Տլուք ձևով է, Ներսես Շնորհալու ծննդավայրը, առակագիր Վարդան Այգեկցու հայրենական գյուղը:

7-րդ դարում Դոլիքեին փոխարինեց Այնթապը, ուր տեղափոխվեց այնտեղի բնակչությունը (այսօր՝ Գազիանթեպ):

Հելլենական դիցաբանությունից հայտնի Յուպիտեր Դոլիքենացին Դոլիքե քաղաքից Հռոմ գնացած զինվորների միջոցով իրենց հետ տարված Թեշուբն էր, որը պատկերվում էր ռազմական կայսեր հագուստով՝ աջ ձեռքում՝ իր հայտնի երկսայր մուրճը (լաբրիս), ձախում՝ կայծակը, սովորաբար՝ Ցուլի վրա կանգնած, փռյուգիական գդակով ու տաբատով:

Դոլիքենի Յուպիտեր
Դոլիքենի Յուպիտեր

«Յուպիտեր» անունը ստուգաբանվում է որպես «Երկնային Հայր», համադրվելով Կայծակին ու Ամպրոպին, նա նույնացվում է Զևսին:

Հռոմի հիմնադիրներ Հռոմուլոսի և Ռեմուսի ավանդապատման մեջ Հռոմուլոսին նա առևանգում է Ամպրոպի փոխակերպված, և նրա խորհրդանիշը Կայծակն է:

Որպես ն.թ.ա 3-րդ հազարամյակում Երուսաղեմի հիմնադիրներ ու առաջին բնակիչներ (որոնք ցեղասպանված յոթն ազգերի թվում են), նշվում են Հեբուսացիները ( Jebuséens), և նրանց անունը կապվում է Հազզու լեռան հետ (Ջեբել Աքրա): Այդ շրջանում հիշյալ տեղանքը Հուրիների, հետո՝ Խեթերի կարևորագույն կենտրոններից էր:

Լեռան խեթական (հուրիական) անվանումը կիրառվել է մինչև ն.թ.ա 9-րդ դարը ( նոր խեթական շրջան):

Այնուհետև, Հազզի լեռան հյուսիսային ափերին հույների տեղակայմամբ անվանափոխվելով ստացել «Կասիոս» անվանումը՝ Մերձավոր Արևելքի «Օլիմպոս»:

Եվ, լեռան դիցն էլ, համապատասխանաբար, դարձել «Կասիոսի Զևս» (ըստ Lane Fox-ի):

Հայերի մոտ, Զևսի համարժեքն Արամազդն էր:

Ուստի, Խորենացու հիշատակած չորս Արամազդներից «Ճաղատ Արամազդը» նույնն է, ինչ «Կասիոսի Զևսը», կամ էլ՝ «Դոլիքեի Յուպիտերը», իր խոսքերով՝ «… Զմեծն եւ զարին Արամազդ արարիչն Երկնի ու Երկրի»…

Հազզու Լեռ
Կասիոս Լեռ
Ճեպել Աքրա

Հազզու Լեռ
Կասիոս Լեռ
Ճեպել Աքրա

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով