«ԿԱՅԾՔԱՐԻՑ» ՄԻՆՉԵՎ «ՍՈւՍԵՐՈՎ ՊԱՐ» …

Այս օրերին Լուվրի թանգարանում՝ Խեթերի կայսրությանը նվիրված ցուցադրությունից…

Հայկական պարարվեստի գլուխգործոցներից է «Սուսերով պարը»,  Ա. Խաչատրյանի հեղինակությամբ արարված «Գայանե» բալետի վերջին արարի՝ կրկնվող ստակատոներով հռչակավոր հատվածը՝   լավագույն պարողների ոգևորիչ կատարմամբ (չափազանց սիրված ու մեկնաբանված նաև զանազան հռչակավոր երաժիշտների կողմից):

Թե ի՞նչ պատճառաբանությամբ է ռազմական պարը տեղ գտել խորհրդային կոլտնտեսականների կյանքին նվիրված բալետում՝ կարող ենք գուշակել միայն:

Թերևս արդարացվում էր Երկրորդ Համաշխարհայինի տարիներին դիմադրողների մարտական ոգու բարձրացմա՞մբ…

Մարտական պարերը հայտնի են տարբեր դարաշրջաններից ու բազում ազգերի մոտ:

(Շոտլանդիայում՝ պարկապզուկի նվագակցությամբ սուսերի շուրջ պարուհու կատարմամբ հիանալու հնարավորություն այսօր էլ ունենք):

Մեր նախնիների հեռավոր անցյալի սակավաթիվ գիտակների համար վերոհիշյալ «Սուսերով պարը» վաղնջական ժամանակներից եկող մի ծիսական արարողության վերհուշն էր:

Հնագիտական պեղումներից հայտնաբերված բազմաթիվ երաժշտական գործիքները (շումերական շրջանից),   ժայռապատկերներում՝  հատուկ կեցվածքով   մարդկանց պատկերները,  կնիքների, եգիպտական, խեթական բարձրաքանդակների վրայի՝ նվագող զանազան երաժիշտները    վկայում են, որ  հնուց ի վեր  կարևորվել են խմբային երգն ու խորհրդանշական շարժումներով պարը:

Խեթական սեպագիր տեքստերում հիշատակվում  է  քրմուհու պարը՝ սրբազան սակրով

(բարձրաքանդակներում ևս՝ ծիսաերթի ժամանակ քրմի ձեռքին այն կար, ստորև՝ լուսանկարը):

Հատուկ արարողակարգի ընթացքում կիրառվող առավել հայտնի երկսայր տապարը լաբրիսն է՝ Կրետե կղզում:

Նրա պահպանման վայրն էլ լաբիրինթոս էր կոչվում:

«Կացիններ ու երկբերան սակրեր» հիշում է նաև Մ.Խորենացին:

Տարբեր քաղաքակրթություններում զանազան իմաստ էր վերագրվում տապարին:

Միջագետքյան և էգեյան մշակույթներում աստվածներին մատուցվող զոհաբերության համար գործածվող սրբազան «կայծքարը» համարվում էր Փայլակի՝  Ամպրոպի, Շանթի, Կայծակի Դիցի խորհրդանիշը:

Հուրիական, հնդեվրոպական տիեզերածին պատումներում  Ամպրոպի Դիցը կայծքար-տապարով է հաղթում առասպելական վիշապին, որին հաջորդում է ամպրոպն ու հորդառատ անձրևով պտղաբերվում Երկիրը:

Ուստի, «Կայծքար-տապարը» նաև չարի դեմ հաղթանակի, պտղաբերության խորհուրդն ուներ             («Սասնա Ծռերի» Թուր-Կեծակին  չմոռանանք)…

Հետաքրքրական է, որ մոտ 500 թվականին Կեղծ -Դենիս Արեոպագոս անունով քրիստոնյա աստվածաբանը հրեշտակների խորհրդանշական ատրիբուտների թվում նշում է նաև կացինը՝ որպես ուժի  խորհրդանիշ:

Ի դեպ, Մայաների մոտ ևս այն կայծակի խորհուրդն ունի:

Ողջ Եվրոպայում, ընդհուպ մինչև Չինաստան, համաձայն հավատալիքների, Կայծակով է ստեղծվել կացինը:

Վերջինս, որպես բեղունության խորհրդանիշ,  հին սովորույթի ուժով,   ցայսօր էլ գերման որոշ  ազգերի մոտ  դրվում է նորապսակների  մահճակալի տակ՝ որպես  ամրակուռ զավակներ ունենալու գրավական:

Դրվագազարդ շեղբով երկար ու կարճ բռնակներով երկսայր տապարներ են ցուցադրվում աշխարհի տարբեր թանգարաններում…

Հիշենք նաև, որ հնում գուշակությունների տեսակներից մեկը՝ աքսինոմանտիան, կացնի օգնությամբ էր կատարվում:

 Կացինը, կրակով տաքացնելուց հետո, ագաթ քարը դնում էին սայրին կամ կացինը դեպի ծառը նետելով՝ գետնի  նկատմամբ  բռնակի ուղղությամբ ու դիրքով  կռահում ցանկալի հարցը (տարբեր նպատակների համար գուշակման ձևը տարբեր էր, ինչպես այսօր՝ սուրճի բաժակը՝ ըստ թողնված հետքերի…):

Եվ, ի վերջո հավելենք, որ Հայկական Լեռնաշխարհում են հայտնաբերվել կացնի ձուլման հնագույն որոշ կաղապարները (նախորդ գրառումներից մեկում անդրադարձել էինք…):

Պատմաբան Սարգիս Այվազյանն իր «Ուրարտական դիցանունների ստուգաբանություններ» ուսումնասիրության մեջ մեջբերում է Ա.Պետրոսյանի՝ Ուրարտական Թեշեբա դիցանվան թարգմանություն-ստուգաբանությունը որպես «Կացին բռնող», «Կացնավոր», «իբրև արարիչ Աստծո՝ հյուսնի աշխատանքի հետ համեմատվող տիեզերածին գործողություն»…

Թեժուբի՝    «թեժ»-ից   ծագման   բացատրությանն  անդրադարձել ենք առանձին:

«Սուսերով   պարով»  անվերջ   հիանալու   մաղթանքով…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով