ԼԻԲԱՆԱՆԱԿԱՆ ՄՇՏԱԴԱԼԱՐ ՄԱՅՐՈՒ ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈ…

Լիբանանում տեղի ունեցած արհավիրքը մարդկային բազմաթիվ կյանքեր խլեց ու խեղեց անթիվ ճակատագրեր…

Մեծ ու աղմկոտ արևելյան քաղաքի նավահանգստի մերձակա՝ այսօր ավերակված թաղամասերից է և Հայաշունչ Բուրջ Համուդը (Պուրճ Համուտ), որը հիմնվել է 1915 թվականի Հայոց Ցեղասպանությունից մազապուրծ մեր ազգակիցների կողմից:

Գերակշիռ մեծամասնությամբ Հայերով բնակեցված այս շրջանն հետագայում շենացել ու բարգավաճել է՝ ի հեճուկս տասնամյակներ շարունակ տևած պատերազմական քաոսային կյանքի (1975 — 1990 թվականների քաղաքացիական երկարատև պատերազմը, 2006 թվականի լիբանանաիսրայելական հակամարտությունը)…

Մինչև 1970-ականների կեսերը մոտ 250-300 հազար էր Հայկական համայնքի թիվը:
Ձգձգվող պատերազմի ու նրա անբարենպաստ հետևանքների պատճառով նվազեց՝ հասնելով մոտ 140-150 հազարի (ներկայումս՝ ավելի քիչ են):

Մեծ մասամբ Կիլիկիայից Լիբանան եկած մեր ազգակիցներն իրենց նախահայրերի հայրենի քաղաքների անուններով են կոչել Բուրջ Համուդի բազմաթիվ թաղեր՝ Մարաշ, Սիս, Ադանա, նաև՝ Արագած, Երևան, Արաքս…

Մեր զորակցությունն ենք հայտնում Լիբանանի ողջ ժողովրդին և, մասնավորապես, այնտեղ ապրող մեր ազգակիցներին՝ կիսելով աղետի պատճառած վիշտը:

Մաղթենք, որ հնագույն շրջանից հայտնի՝ իր իսկ մոխիրներից վեր հառնող Փյունիկ Թռչունի երկրի՝ հինավուրց Փյունիկիայի հողում մղձավանջային այս օրերից հետո կրկին պայծառ գույներով կվերընձյուղվի Կյանքը …💥🌿

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով