«ՊԱՐՏԷԶ ԾԱՂԿԱԽԻՏ ՇԻՐԱԿԱՅ ԴԱՇՏԻՆ…»

Իր «Շիրակ» աշխատության մեջ Ղ. Ալիշանը, որի ծննդյան 200 -ամյակն է այս տարի, որպես «Գեղաշուք ու երջանիկ մի դրախտ» հիշվող՝ Հայոց Անի մայրաքաղաքին նվիրված մի քերթվածք է ներկայացրել, ուր երբեմնի «Պարտեզ ծաղկախիտ Շիրակայ դաշտին» հետագայում դարձել է «որջ աւազակաց»:

Վեհաշուք դրախտավայրից «ավազակների որջի» վերածված քաղաքի որոշ տարիների պատմության մասին է գրել Թ. Հակոբյանն իր՝ «Անին բյուզանդական կարճատև տիրապետության տարիներին (1045-1064 թթ.)» ուսումնասիրության մեջ:

Ահավասիկ հատվածներ վերոնշյալից, որոնք այսօր էլ՝ վերջին տասնամյակների Հայաստանյան իրականության համար, արդիական են հնչում (այդ իսկ պատճառով գրավեցին ուշադրությունս. պատմությունից դասեր քաղենք՝ ներկան հասկանալու և բարելավելու նպատակով)…

…«Անի-Շիրակի թագավորությունը գրավելով՝ բյուզանդացիները ձեռնամուխ եղան հայերին հալածելու իրենց վաղեմի քաղաքականությանը, որն առժամանակ բացահայտ չէր արտահայտվում, քանի դեռ հիմնական հակառակորդ արաբական խալիֆայությունը մեծ ուժ էր ներկայացնում և դրա դեմ պայքարելու համար Հայաստանի դաշնակցությունն ու բարեկամությունը կայսրությանն անհրաժեշտ էին:

Կայսրության հայահալած քաղաքականությունը բացահայտ էր և արտահայտվում էր կրոնական-դավանաբանական խտրականությամբ, ծանր հարկային քաղաքականությամբ, երկրի սեփական ռազմական ուժերի վերացմամբ, բնիկ բնակիչներին տեղահան անելով»:

«Հայաստանի համար ճակատագրական նշանակություն ունեցավ նրա բուն բնակիչներին իրենց հայրենի երկրից տեղահան անելու և ավելի արևմուտք բնակեցնելու կայսրության քաղաքականությունը:

Սամվել Անեցու մի վկայությունից ակնհայտ է դառնում, որ բյուզանդացիները Անիի բնակիչներին լարում էին իրար դեմ, ամենուրեք զբաղվում բանսարկություններով և ահաբեկելով սելջուկների հարձակումներով՝ նրանց տեղահան էին անում իրենց բուն բնակության շրջաններից, իսկ տեղում մնացածները սարսափի մեջ էին բյուզանդական տիրապետության 21 տարիների ընթացքում»:

«Բյուզանդական տիրապետության տարիների գնահատականը դիպուկ տվել է նաև Մատթեոս Ուռհայեցին: Նա գրում է, որ հունաց թագավորներն իրենց դավանակից քրիստոնյաներին ոչ միայն ոչնչով չփրկեցին, այլև նրանց գավառների ու քաղաքների գրավմամբ պատճառ դարձան հայերի արտագաղթի համար.

«Քանզի յառաջ ժամանակաց գիտեմք և ի ժամանակաւ գիր պատմագրաց, որ Յունաց թագաւորքն ոչինչ փրկութիւն են գործեալ քրիստոնէից, այլ մանաւանդ խլումն ու առումն քաղաքաց և գաւառաց. և նոցա շնորհիւն եկան Հայք յերկրէն իւրեանց. և այլազգիքն զօրացան և եկեալ տիրեցին ամենայնի…»,- գրում է նա բյուզանդական տիրապետության հետևանքների մասին:

Կրոնական հալածանքներից ու դավանափոխության վտանգից, հույն աստիճանավորների ու հոգևորականների բանսարկություններից, ծանր հարկային քաղաքականությունից, հայկական բանակի ցրումից և հայ իշխաններին պաշտոնազրկումից բացի բյուզանդացիների տիրապետության շրջանում հայ բնակչության արտագաղթի հիմնական պատճառներից մեկը, ինչպես նշված է նաև վկայակոչված պատմագիրների մոտ, եղել է երկրի անհանգիստ վիճակը՝ 1047 թ. Դվինի էմիրի հետ տեղի ունեցած պատերազմը և սելջուկյան արշավանքները, որ պարբերաբար կրկնվում էին սկսած 1048 թվականից:

Արտագաղթի էին դիմում հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչները, առաջին հերթին՝ իշխաններն ու նրանց զորքերը:
Բյուզանդական կայսրերը անբավականություններից, ապստամբություններից ու ազատագրական շարժումներից խուսափելու նպատակով բոլոր միջոցները ձեռնարկում էին նոր նվաճած երկիրը սեփական զինվորական ուժերից զրելու համար:

Սակայն բուն երկրից հեռացողները միայն իշխաններն ու նրանց զինվորները չէին, որոնց արտագաղթն ուղղակի հարկադրական էր:

Նրանց հետ միասին զանգվածներով դեպի արևմուտք էին դիմում նաև հասարակության ցածր խավի ներկայացուցիչները:

Վասպուրականի և Անիի թագավորությունների գրավումից հետո դեպի արևմուտք տեղի ունեցած այդ արտագաղթի հետևանքով Ասորիքում, Կիլիկիայում, Փոքր Ասիայի արևելյան շրջաններում, պատմական Փոքր Հայքում ժամանակի ընթացքում առաջանում են հայկական նշանակալի օջախներ, որոնցից շատերը դառնում են բյուզանդական տիրապետության դեմ ուղղված հուժկու ազատագրական շարժման կենտրոններ:


Արտագաղթող բնակիչների փոխարեն աստիճանաբար գալիս ու Հայաստանի տարբեր գավառներում հաստատվում են օտար տարրերը, ինչպես նշված է Մատթեոս Ուռհայեցու՝ վերը մեջբերված վկայության մեջ»:

Այլազգի հրոսակների կառավարման շրջանում անկում ապրած և, հատկապես, 1319 թվականի երկրաշարժից հետո Անիից Վասպուրական, Կիլիկիա, Համշեն, Ղրիմ, Կոստանդնուպոլիս, Լեհաստան, Հունգարիա և այլուր գաղթածների հետքերով կգնանք այլ առիթներով:

Հավելենք միայն, որ հույսով ու լավատեսությամբ են ավարտվում մեր ազգակիցների՝ դարեր առաջ արտահայտած ցասումն ու ողբը՝ Ալիշանի վերոհիշյալ մեջբերած քերթվածքում…

Փառաբանվում են իրենց Հայրենիքի հերոս-պաշտպանները, երբ «Շահաստանաց շահաստան» քաղաքի «Նոր Արծաթաղեղն Նահիտ» (Անահիտ) դարձած Այծեմնիկի նման՝ «Ամեն բնակիչ՝ բերդապահ,Ամեն բնակիչ՝ զինաւոր» էր:

Քիչ շեղվելով նշենք, որ Այծեմնիկը Անիի քաջակորով պաշտպաններից էր, որի սխրագործությունները հիշվել են դարեդար:

Նրա մասին ոգեշունչ խոսում է նաև Արտաշես Վրույրը՝ Անիում անցկացրած իր մանկության տարիների հուշերում, մի նորածնի անվան ընտրության առիթով (որպես շարունակություն՝ նախորդ գրառմամբ արծարծված հուշերի)…😊

«Ի՞նչ դնել երեխայի անունը:
Մայրս առաջարկեց նորածնին կապել պատմական քաղաքի անցյալի հետ և անունը դնել Այծեմնիկ: Զմոն սկզբում առարկեց, սակայն, երբ մայրս պատմեց հերոսուհի Այծեմնիկի սխրագործությունների մասին, թե ինչպես մի օր Անին շրջապատվեց թշնամիներով…

Հնչում էին ռազմաշունչ փողերը և թմբուկների զարկերի ու վայրենամռունչ աղաղակների ներքո վայրագ ցեղերի ահռելի հորդաները հարձակման դիմեցին:
Գործում էին բաբանները տենդային թափով:
Անվեհեր անեցիները խիզախորեն ետ էին շպրտում անողոք թշնամու գրոհնները:
Թշնամուն հաջողվեց գտնել քաղաքի թույլ պաշտպանված կետը և վայրենի աղաղակներով, ուժեղ հորձանքով հարձակման դիմեց:
Նրանք պարիսպներն ի վեր մագլցում էին ելարաններով… Այդ պահին երևաց Անիի անձնվեր հերոսուհին՝ Այծեմնիկը:
Նա մարտնչում էր կատաղի վագրի նման, խրախուսելով ու ոգեշնչելով զինվորներին և լայնալիճ աղեղը ձեռքին, շեշտակի հարվածներով մահ էր սփռում թշնամու շարքերում:

Անեցիները ոգևորված, ուժեղ թափով ետ շպրտեցին թշնամու կատաղի գրոհը:
Մարտը գնալով սաստկանում էր:
Թշնամու մի հմուտ նետաձգի աչքից չվրիպեց խիզախ հայ օրիորդը:
Նա զայրացած լարեց աղեղը և անողոք նետը ուժեղ թափով խրեց հերոսուհու լանջի մեջ:
Այծեմնիկը չկորցրեց իրեն:
Նա ջղաձգորեն դուրս քաշեց կրծքից նետը և առանց հավասարակշռությունը կորցնելու՝ լարեց լայնալիճը և միևնույն նետը ետ ուղարկեց անարգ թշնամուն… Նետը մահագույժ սուլոցով ճեղքեց օդը և մխրճվեց նույն նետաձգի կոկորդը:
Նետի սլաքը թափ առնելով դուրս ելավ հակառակորդի ծոծրակից, տապալեց նրան և գամեց գետնին:

Հերոս օրիորդը արյունաքամ էր լինում: Հարվածը մահացու էր:
Զինվորները վրեժխնդրությամբ լցված, որպես քաջասլաց արծիվներ, սուսերամերկ դուրս նետվեցին քաղաքի պարիսպներից և մխրճվեցին թշնամու խիտ շարքերի մեջ:
Նրանք անխնա հոշոտում էին թշնամուն… Այդ հատվածում թշնամին ահաբեկված, խուճապահար փախուստի դիմեց:

Վիրավոր Այծեմնիկը մարտնչում էր մինչ իր վերջին կաթիլ արյունը… Նա ընկավ պատնեշի վրա՝ Պատմությունից խլելով Հերոսի Դափնին»:

Հայոց Մայրաքաղաքին նվիրված՝ Ալիշանի հիշատակած տողերը ոգեշնչող վերջաբան ունեն:

Քերթվածն ավարտվում է Հայկաշունչ Անիի՝ վերստին երկնասլաց գմբեթներ տեսնելու հավատով՝
շուշանը նորից կծաղկի, ու Հայը կողջունի ՆՈ՛Ր ԱՆԻՆ.

«Դի՛ք ձեռն ի լանջ Հայկաշունչ…

Ահա՛ գմբէթք վերյարեան.

Ահա՛ շուշանըն կանգնի.

Ողջո՛յն տամ քեզ, ՆՈ՛Ր ԱՆԻ»:

Հ.գ. Ստորև՝ Անիի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու մի լուսանկար՝ Հայկական ճարտարապետական (հուշարձանային) լուսանկարչության բնագավառում առաջին հետազոտության նախագծի հեղինակ՝ Հովհաննես Քյուրքչյանցի՝ «Ավերք Հայաստանի» ստերեոսկոպիկ 40 լուսանկարներից բաղկացած շարքից, որը վերջերս ներկայացրել էր Ռուբեն Շուխյանը:

Լինելով 1877-78 թվականներին ռուսական բանակի պաշտոնական լուսանկարիչներից մեկը՝ ռուս֊թուրքական պատերազմի ժամանակ, Հ. Քյուրքչյանցը հնարավորություն է ունեցել 1879 թվականին այցելել ու մոտ հինգ ամիս լուսանկարել Անիի ավերակները, հետազոտել ու վավերագրել պահպանվածը (հնում կիրառվող՝ ստերեոզույգ մեթոդով նույն օբյեկտի երկու լուսանկար էր արվում միաժամանակ)…

Ի դեպ, «Սուրբ Փրկչի» հատակագիծն, ըստ իս, հնագույն «Երազամույն Տաճարների» արձագանքն է (եթե ոչ՝ հենց վերափոխված տաճարը, մանրամասները՝ պատեհ առիթով)…😊

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով