«ԾԱՂԿԱԶԱՐԴ»՝
«ՊՍԱԿՍ ԵՎ ԹԱՒ ՈՍՏՍ ԾԱՌՈՑ»…
Գարնան ու Մայր Բնության Հավերժական Վերածննդի, Ծառ ու Ծաղկունքի փթթումի հետ կապված ուրախության ու զվարճանքի արտացոլումն է Ծաղկազարդի տոնը՝ երբ բնությունն արդեն իսկ կանաչապատ է ու ծաղկած:
Կյանք ու կենդանություն պարգևող Մայր Բնության տոնին՝ նրա հովանավոր Անահիտ Դիցամոր , նաև՝ Աստղիկ դիցուհու տաճարների շուրջ շքեղ տոնախմբությամբ փառաբանվում ու մեծարվում էին Դիցերը, նրանց հովանավորության ու պարգևած կենսատու բարիքների համար նվիրաբերություններ էին կատարվում՝ զանազան արարողություններով ու ծեսերով:
Արմտիքից՝ հացահատիկի զանազան տեսակներից (ցորեն, գարի…) բացի, նվիրաբերվում էին նաև ծաղիկներ ու գեղեցիկ տերևներով՝ թավ ոստերով հյուսված պսակներ, ինչպես հիշատակվում է Ագաթանգեղոսի «Պատմության» էջերում՝ Տրդատ թագավորի՝ Գրիգորին տված հրամանի առիթով, որպեսզի վերջինս թավ ոստեր նվիրաբերի Անահտական բագնի պատկերին («…հրաման ետ թագաւորն Գրիգորի, զի պսակս եւ թաւ ոստս ծառոց նուէրս տարցի բագնին Անհատական պատկերին»):
Հին Աշխարհում Սրբավայրերում, նաև՝ որպես Հաղթության խորհրդանիշ՝ Հաղթանակողների գլուխը զարդարող պսակները (դափնեպսակը, ծաղկեպսակը…), զանազան տոների ժամանակ Ծառ ու Ծաղկի, տարբեր ծառերի ճյուղերի ու տերևների կիրառման սովորույթը գոյատևել է մինչև մեր օրերը:
«Խարբերդ քաղաքին մէջ մարդիկ ուռիի ճիւղերէն սուլիչներ կը շինեն եւ այդ կիրակին փողոցներն ու տուները սուլոցի եւ ուրախութեան աղմուկով կը լեցնեն։
Հաւատացեալները եկեղեցիէն տուն կը դառնան կանաչ տերեւներով :
Դատեմ գիւղին մէջ, Ծաղկազարդի օրը, առտուայ ժամերէն իսկ, եկեղեցւոյ սեղանը զարդարուած կ՝ըլլայ այգիներէն ու պարտէզներէն բերուած նուշի, ծիրանի, բալի եւ սալորի ծաղկած ճիւղերով։
Իսկ այս ամէնը շրջապատուած կ՝ըլլան վառ մոմերով» (մեջբերումը՝ «Յուշամատեան. Քարտէսներ, Խարբերդի տօները»):
Ծաղկազարդի հրաշալի տոնին նաև Համբարձման ծեսն էր՝ Վիճակը՝ Վիճակահանությամբ գուշակությունները, որոնց քանիցս անդրադարձել ենք տարբեր առիթներով:
Արևմտյան Հայաստանի զանազան գավառների կյանքից հիանալի դրվագներ ներկայացնող «Յուշամատեան»-ից՝ ևս մի հատված՝ Զեյթունի տոների փոքրիկ նկարագրությամբ՝ ահավասիկ՝
«Բաղդըջրակ (Բախտի ջուր, Վիճակ, Համբարձում)
Չորեքշաբթի իրիկուն աղջիկները ձեռքերնին սափոր վերցնելով կ’այցելեն եօթ աբիւր եւ ջուր կը հաւաքեն:
Հինգշաբթի առտու կ’երթան դաշտերէն փաթաթիա (երիցուկ) եւ այլ ծաղիկներ ու տերեւներ կը հաւաքեն եւ կը լեցնեն սափորի մէջ:
Յետոյ դրացի կանայք եւ աղջիկներ մէկական առարկայ՝ մկրատ, դանակ, մատանի, եւ այլն… կը նետեն սափորին մէջ:
Երբ վիճակ հանելու ժամանակը գայ, կանայք սափորի մօտ շրջան կը կազմեն. այն աղջնակը, որ կը նստի սափորին առջեւ, գլուխը կը ծածկեն թաշկինակով, որպէսզի առարկաները ջուրէն հանելու ժամանակ չտեսնէ ինչ կամ որու ըլլալը. առարկան հանելու միջոցին երգասաց բախտագուշակ կիներէն մէկը կ’երգէ կամ կ’արտասանէ քառեակ մը, որու շնորհիւ կը ճշդուի առարկայի տիրոջ բախտը:
Ահա վիճակի քանի մը քառեակ՝
Հայլի դըրի մարգերուն,
Ցոլքը զարկաւ սարերուն,
Ով կ’ուզէ ինչ թող խօսի,
Գործըս դարձաւ ի բարի:
Զարկի սնտուկ բացուեցաւ,
Բուստ մարգարիտ թափեցաւ.
Աչքը լուսինք իր մօրը,
Աղջկան բախտը բացուեցաւ»:
Քուրմ Հարութ Առաքելյանի ձևակերպմամբ՝
«Հայկեան Սրբազան տոմարի Նոր Տարվա՝ Ամանոր-Զատկի՝ Արեգ ամսվա Արեգ օրվանից (մարտի 21-ից) 54 օր անց՝ Ահեկան ամսվա Լուսնակ օրը (մայիսի 13-ին)՝ Հայոց մեջ տոնվում է տարվա առաջին սատար տոնը՝ Ծաղկազարդը՝ Անահիտ Դիցամոր հովանավորությամբ:
…Այս դժվարին ու բարդ օրերին՝ վաղեմի Հայկական տոները մեզ հիշեցնում են մեր Հայկականությունը, համախմբում Հայկազուններին և Արդարության, Արարման ու Միասնական Պայքարի կոչում»…🇦🇲🇦🇲🇦🇲