«ԳՈՒԹԱՆ» ԿԱՄ՝
«ՄԸՇԱԿՆԵ՛ՐՆ ԵՆ ԻՄ ԳՅՈՒՂԻՍ, ԴԱՇՏԻ ՀԶՈՕ՛Ր ԶԱՎԱԿՆԵՐ»…

Մշակույթն Ազգի ոգին ու մտածողությունն է, Ազգին սնուցողն ու զորացնողը:
Եվ, փոխադարձաբար, որքան հզոր է Ազգը, այնքան զորեղ է նրա կերտած մշակույթը:

Կոմիտասի հանճարով մոռացումից փրկվեց ու ջինջ աղբյուրի անաղարտությամբ մեզ վերադարձվեց Հայոց հինավուրց Երգը, որում Ազգի ոգին՝ միտքն ու հույզերն են արտացոլված:

Ուրույն նկարագրով ու առանձնահատուկ ոգեղենությամբ են հնչում հատկապես Հորովելները՝ Գութանի երգերը, որոնցով ուղեկցվում էին դաշտային աշխատանքները:

«Կ՚երգե՜ն տղաներ՝ խթանելով միշտ
Կողը եզերուն»…(Դ. Վարուժան)

«Գյուղակներից մինչև հորիզոնները տարածված Հողի Մայրության» գովերգն ու փառաբանումն է նաև Դանիլ Վարուժանի «Հացին Երգը» շարքում.

…«Մըշակնե՛րն են իմ գիւղիս, դաշտի հըզօ՛ր զաւակներ,
Քրտինքներով մարգարտեայ՝ բընութեան թա՛գն են հիւսեր:
Կը բաբախէ սիրտն Հողին՝ իրենց բըրդոտ կուրծքին տակ,
Ու իրենց լայն երակին մէջ կը յորդի Արեգակ»:

Աշխատասեր ու բանիմաց Մշակի յուրօրինակ գովքն է դեռևս ն.թ.ա 8-րդ դարում ապրած հույն պոետ Հեսիոդոսի՝ «Աշխատանք և օրեր» ստեղծագործության մեջ, ուր խրատական ոճով, կարևորվում են գյուղատնտեսական աշխատանքները, հողագործական գործիքների, անասունների խնամքը, հորդորվում են բարոյական բարձր հատկանիշները՝ արդարության, ճշմարտության, աշխատանքի գաղափարներով՝ մեծարելով Արդարության Դիցին՝ Թեմիսին և Բերքատվության Դիցին՝ Դեմետրին՝ որպես Մայր Բնության խորհրդանիշ:

Արծարծելով այն գաղափարը, համաձայն որի՝ «Հողի ընդերքում թաքնված բարիքներից մարդը կարող է օգտվել իր խելքի ու աշխատասիրության շնորհիվ», Հեսիոդոսը հիշեցնում է, որ հարկավոր է ստացված բարիքից բարեպաշտորեն նվիրաբերել ոչ միայն պետությանը, այլ նաև՝ Դիցերին, քանզի վերջիններիս նախախնամությամբ է բաշխվում ամենը:

Հողի Մշակն իր՝ Հոգու և Մտքի Մշակի տաղանդով էր արարում, աշխատանքը Հայերի համար նաև ծես էր, սրբազան արարողություն, որի պարգևած պտուղից նվիրաբերվում էր և Դիցերին՝ որպես երախտագիտություն՝ նրանց հովանավորության ու բարեսիրության համար («Երախայրիքը»):

Հողը հերկելու, վարելու գործիքը՝ Արորը, Գութանը, բնականաբար, կարևորագույն նշանակություն ու խորհուրդ ուներ հողագործությամբ իրենց ապրուստը հոգացող, առատ բերք ու բարիք ստեղծող մարդկանց կյանքում:

Սասունի Ախպի (Աղբի) գիւղին մէջ հողամշակութեան տեսարան մը (Աղբիւր՝ ՀՅԴ արխիւ, Ուոթըրթաուն, Մասաչուսէց)։ Լուսանկարը՝ «Յուշամատեան. Քարտէսներ/Պիթլիսի/Բաղեշի վիլայէթ/ Սասուն»-ից՝ շնորհակալությամբ:
Ախպին Ծովասարից մոտ 8-10 կմ հեռավորության վրա է:
1915 թվականին բնակչության մեծ մասը ցեղասպանվեց, հազվագյուտ փրկվածներն ապաստանվեցին տարբեր երկրներում…

Ասվածի հավաստումն ենք գտնում վաղնջական ժամանակներից ի վեր հայտնի՝ նյութական ու հոգևոր մշակույթի էջերում՝ ժայռապատկերներից մինչև գրավոր տեքստերն ու պեղումներից հայտնաբերված զանազան գտածոները, մեր լեզվում պահպանված հարուստ արտահայտություններն ու բազմաթիվ բանաստեղծությունները, երկնքում՝ նրա անվամբ աստեղատունը՝ «Գութանի»՝ «Արորի»՝ «Սայլի»՝ «Սայլքի» («Մեծ Արջի», «Փոքր Արջի» համաստեղությունն այդպես էր կոչվում Հայոց մեջ, նաև՝ «Վեցկի»՝ Վեց լուծ եզներով վարող գութան):

«Սայլակերպ Աստեղք, որ և ասին՝ «Արջ Մեծ և Փոքր» («Նոր բառգիրք Հայկազեան լեզվի»):
Հյուսիսային այս 7 աստղերը՝ հայտնի նաև «Երկրագործաց Սայլ և Նաւավարաց Բազմոյթ» անուններով, չափազանց կարևորվում էին նավագնացության ժամանակ՝ «Առաւել Սայլքդ զեկուցանեն ճանապարհս այնոցիկ՝ որ նաւու գնան»)…

Գութանի թեմայով՝ Ա. Իսահակյանից խորիմաստ մի պատմություն՝ մերօրյա թրթիռներով, ահավասիկ՝

«ՀՈՐՍ ԳՈՒԹԱՆԸ»
(Մի Վասպուրականցու պատմած)

Խոսքն այն օրերի մասին է, երբ Սուլթան Համիդը զինեց ու բաց թողեց քրդերին, որ կողոպտեն ու սօանեն Հայ շինականին:
Մեր գյուղի և հարևան Հայ գյուղերի լեռները լցվել էին այդ արյունարբու խմբերով:
Մի բուռ Հայ անձնվեր կտրիճներ, ճակատ-ճակատի կռվում էին նրանց դեմ. քրդերը մեր քաջերի դիակների վրայով միայն պիտի կարողանային մոտենալ Հայ գյուղերին:
Կռիվը օրեր տևեց:
Վաղ առավոտից մինչև ուշ երեկո անընդատ լսում էինք հրացանների ճարճատյունը. ե՞րբ պիտի վերջանար այս կռիվը. ո՞վ գիտե:
Քրդերի վրա ավելանում էին նոր խմբեր. թեև մեր կտրիճների թիվն էլ էր աճում, բայց, թշնամու հետ համեմատած, շա՜տ չնչին էր:
Գյուղերում մնացել էին միայն ծերերը, պառավները և երեխաները: Երիտասարդ կիները, թեև չէին կռվում, բայց օր ու գիշեր՝ անքուն, ոտքի վրա՝ հաց էին տանում կռվողներին, վիրավորներին խնամում , զենքերը սրբում:

Խեղճ ծերունիները, եկեղեցու պատի տակ նստած՝ աղոթք էին մրմնջում, և գլուխները կախ՝ խորհում, խորհում, իսկ պառավները, ցամաքած աչքերը քամելով՝ տան հոգսը քաշում:
Երեխաներս էլ՝ շա՜տ տխուր էինք, ասենք, լավ չէինք հասկանում, թե ի՞նչ է սպասում մեզ: Սակայն գյուղի խորին տխրությունը մեզ էլ էր համակել:
Մենք, երդիկների վրա լուռ նստած՝ դիտում էինք կռիվը, և կամ՝ կռիվ էինք խաղում, բաժանվելով երկու խմբի՝ Հայ և քուրդ. Հայ խումբը միշտ հաղթող էր դուրս գալիս:

Ինձ մի բան միայն շատ զարմանք էր պատճառում:
Եղբայրներս կռվի վայրում էին, մայրս ամբողջ օրը արցունք էր թափում, իսկ հայրս մեր հին գութանը հանել էր դուրս և մի անվերջանալի, միօրինակ երգ շրթունքից կախ՝ սուր ուրագով տաշում-տաշտշում էր գութանը, հին փայտերը հանում, նորը դնում, միայն երբեմն-երբեմն, երբ ավելի էր ուժեղանում հրացանների ճարճատյունը, գլուխը վեր էր բարձրացնում, ափը աչքերին հովանի արած՝ նայում էր լեռը, կռվի վայրերը, և ապա քրտինքը սրբելով և նույն երգը կցելով, շարունակում էր աշխատանքը:

Մի անգամ մայրս՝ սրտնեղած, ասաց հորս.
-Ա՛յ մարդ, ի՜նչ քար սիրտ ունիս, տղերքդ լեռը՝ մահի բերան, ողջ գյուղը՝ սգի մեջ, ընկերներդ հավաքվել՝ գյուղի մասին են մտածում, — դու ելել՝ գութանն ես շինում ու դեռ սիրտ էլ ունես՝ երգում ես: Ու՞մ համար ես շինում, հարցնող լինի:
Վաղը վայրենի քուրդը կուգա, քեզ էլ կսպանի, մեզ էլ, ու գութանը կտանի:

-Է՜հ, կնիկ, ի՞նչ ես ասում, մեզ կսպանեն, հո՛ գութանն էլ չե՞ն սպանի: Ես կշինեմ, հո չե՞մ քանդում. աշխարհը գութանի վրա է հիմնված. ողջ մնացինք՝ գութանը մեզ հարկավոր է ու հարկավոր, մեռանք՝ ով որ տանի՝ կարելի է արդար աշխատանքի սեր զարթնի մեջը, ինձ էլ ողորմիս տա. ի՞նչ իմանաս աշխարհիս բանը…
Մայրս գլուխը շարժեց և հեռացավ:
1912 թ.

«Բարի լուսո. Գութանի երգ»՝ Հայրիկ Մուրադյանի անզուգական կատարմամբ

«Բարի լուսո աստղ էրևաց,
Աղոթարան դռներն ի բաց,
Բարով բացվեր լուս աղոթրան,
Սարվածք լծեմ՝ էրթամ գութան:

Գութնի թախում նըմուշ նըմուշ,
Չըկեր վաստակ քյանց էն անուշ.
Աշխարհի շեն վըր գութնին էր,
Գութան չըլներ` աշխարհն ի՞նչ էր»…