«ՑՈՐԵՆ ԵՄ ՑԱՆԵԼ ԾՈՐԻՆ,
ԿԸ ՔԱՂԵՄ ՎԱՐԴԻՎՈՐԻՆ»…

Շաքիի ջրվեժը՝ Սյունիքի մարզում

Հնագույն գրեթե բոլոր տոներն ու ծեսերը Արարումն ու Կյանքն են փառաբանում՝ Տիեզերական շրջապտույտի, Բնության եղանակների փոփոխմամբ պայմանավորված շրջափուլերը նշելով:

Գարնան գալուստով՝ Արեգ ամսվա Արեգ օրը (մարտի 21 -ին), ծառերի առաջին բողբոջներով Սաղարթումն է ավետվում՝ Ծառզարդարը՝ Ծառերի, Ոստերի փթթումը:

Բեղմնավորման, Պտղաբերության գաղափարի հետ էր առնչվում Սաղարթումը՝ Ծառի Պտղաբերությունն ազդարարող Բողբոջումը, տունկերի աճը…

Ծառն իր ճյուղերով, սաղարթներով՝ «սաղարթագեղ պաճուճանքով», Բնության Արարիչ Ուժն է խորհրդանշում (Կենաց Ծառը):

Այնուհետև Ծաղկունքն է փթթում՝ Ծաղկազարդի տոնն է նշվում:

«Անահտական Դից մատուցեալ՝ ըզդափնայինըն սաղարթեալ»,- Անահիտ Դիցամորը նվիրվող սաղարթագեղ դափնիներն է հիշատակել Ն. Շնորհալին:

Ծառերը, Ծաղկունքն ու Սաղարթումը փառաբանող տոներն ու ծեսերը քրիստոնեության տարածումից հետո արգելվեցին, հնագույն տոնացույցը «վերաձևվեց»՝ հարմարեցվելով նոր գաղափարախոսությանը: Սակայն Հայերը սիրում էին իրենց հին ավանդույթներն ու «անհաղորդ» էին տարածվող կրոնին: Եվ իմաստափոխված հարատևեցին վաղեմի ծեսերն ու տոնախմբությունները՝ քրիստոնեական երանգավորմամբ (օրհնվող ճյուղերը, ոստերը ներկայացվեցին որպես քաղաք մտնող Փրկչին դիմավորելիս կիրառված ճյուղերի խորհրդանիշ):
Ամեն տարի մեծ շուքով, ծիսական ու տոնական հանդիսություններով Հայկազունները նշում էին Նոր դալարումը՝ Սաղարթազգեցումը, Նոր պտղաբերության Ավետումը: Ու նաև՝ Նորահաս պտուղների ուրախալի տոնը՝ «Ամենաբեր Նոր պտղոց տաւնը»՝ ինչպես բնորոշում է Ագաթանգեղոսը Նավասարդի տոնը (Քուրմ Հարութ Առաքելյանի ներկայացրած Հայկյան Սրբազան տոմարի համաձայն՝ Նավասարդ ամսին Արեգնափայլն է և Հայրերի՝ Նախահայրերի (ուստի և՝ Հայկ Դյուցազնի) տոնը):

Լուսանկարը՝ Քուրմ Յարութ Առաքելեանի էջից՝ շնորհակալությամբ

Նավասարդը Նոր Բերքի՛ տոնն էր, որը հանդիսավորությամբ՝ ազգային տոնախմբություններով ու խրախճանքներով տոնվում էր մի քանի օրերի ընթացքում՝ դեպի պաշտամունքային սրբավայրերն ուղղորդելով բազմահազար ուխտավորների:

Դեպի Տարոն՝ Հայոց «Յոթ բագինների ավան», նվիրական գետի՝ Արածանիի ափին գտնվող նշանավոր դիցավաններ՝ Բագավան, Աշտիշատ էին ձգվում ուխտավորները Հայկական Լեռնաշխարհի տարբեր շրջաններից՝ իրենց հետ բերելով Նոր Պտղաբերված բերքից, իրենց երախտագիտությունը հայտնելու և Դիցերին փառաբանելու նպատակով (նրանց ճանապարհներին սփռված իջևանատների հյուրընկալության առիթով հիշվում է և Վանատուրը):

Ամենաբեր Նոր Պտուղների տոնի՝ Նավասարդի օրվա ուրախ տոնի առիթով օտար ու պանդուխտ ընդունող, հյուրասեր, հյուրընկալ Վանատուր Դիցին է հիշատակում Ագաթանգեղոսը՝ «…ամենաբեր Նորոց Պտղոց տօնից հյուրընկալ Դիցն Վանատրի, զոր յառաջագոյն իսկ ի նմին տեղւոջ պաշտէին՝ յուրախութեան Նաւասարդ աւուր» (Դիցերն իրենց որակումներն ունեին, ինչպես հետագայում՝ «Քաղցրահայաց» մակդիրն է կիրառվում):

«Նո՛ր են ծաղկեալ նռնենիք, նո՛ր սաղարթեալ թզենիք»…

Արտերում «ոսկուն տված» Հասկերի Նոր հունցքից պատրաստած «Խաչբուռների» կամ Խաղողի օրհնանքը՝ Խաղողօրհնեքի ծեսը՝ ի նշան լիառատության ապահովման, պահպանվել են մինչև մեր օրերը:
Ցնծալի ծեսերն ու տոնախմբությունները հետագայում շարունակվեցին հայտնի՝ Սբ. Կարապետի ուխտագնացություններով, անվանափոխված տոներով…

Քանի որ Ջրով (Անձրևով, Ցողով…) է պայմանավորված Կյանքի գոյությունը, առատ Պտղաբերումը, Բերքատվությունը, ուստի, բնականաբար, փառաբանվում էր նաև Կենսատու Ջուրը՝ մաքրող, առողջացնող, ամառվա տապ օրերին զովացնող Ջուրը, որտեղից էլ՝ գրեթե բոլոր գավառներում հանդիպող Սրբագործված Աղբյուրները՝ «Լուսաղբյուր», «Կաթնաղբյուր», «Յոթնաղբյուր» և այլ անուններով:
Եվ, իհարկե, Վարդավառի՝ ցարդ հարատևող՝ իմաստալից ու կենսախինդ տոնը՝ ի փառաբանումն Անահիտ Դիցամորն ու Աստղիկ Դիցուհուն…

Տիեզերքի, Կյանքի Արարման, Պտղաբերության համար անհրաժեշտ տարրերից է Ջուրը, որի սրբազան բնույթն ու խորհուրդը պահպանվել է մինչ օրս՝ զանազան ծիսական արարողություններում, ազգային տոներում, հեքիաթներում (որպես «Անմահական Ջուր»), երգերում…

Չորս հիմնական տարրերից (Հուր, Ջուր, Օդ, Հող) Ծնունդի, Կյանքի, Բնության Վերածնունդի հետ անքակտելիորեն կապվող Ջրի, Սրբազան Աղբյուրների խորհրդանիշը հիշատակել ենք հնագույն շրջանի մշակույթի, հավատալիքների շուրջ ծավալած զանազան թեմաների առիթով:

Ամառային շոգ եղանակին՝ Հոռի ամսին (օգոստոսին), Կենսատու, Զովացուցիչ Ջուրը Պտղաբերության, Սիրո և Գեղեցկության փառաբանման տոնն էր նշանավորում:

Այսօր, ինչպես հիշեցնում են Հայկեան Միաբանութեան Քրմերը՝ Քուրմ Հարութ Առաքելյանը և Քուրմ Միհր Հայկազունին, Հայկյան Սրբազան տոմարի՝ Հոռի ամսվա Վահագն օրը (օգոստոսի 14-ին) Հայոց Վարդավառի տոնախմբությունն են նշում Նախնիների ավանդույթներին հավատարիմ մնացած Հայկազունները՝ փառաբանելով «Սիրասուն Վահագնին և Սիրառատ Աստղիկին»՝ սերն ու գեղեցկությունը…

Սրբազան Ջրի հրաշափառ ցողմունք մեր Հայրենիքին ու Հայկազուններին՝ Անահիտ Դիցամոր ու Աստղիկ Դիցուհու սիրագորով օրհնանքով…

Եվ՝ Խուստուփի մեղեդիներով….