ՃԵՄԵ՞ՆՔ…

Իտալական Վերածննդի շրջանից՝ Ռաֆայելի (1483-1520) որմնանկարներից՝ «Աթենքի դպրոցը», որը խորհրդանշում է Իմացությունը (գտնվում է Վատիկանի թանգարանում)

Հնագույն շրջանից ի վեր մարդու և հասարակության կյանքում կարևորվել է Բանականության, Իմաստության դերն ու նշանակությունը:

Արարումն ու Տիեզերքի ներդաշնակությունն իմաստավորելու ցանկությունից ծնվում է Դիցաբանությունը, ուր այլաբանորեն շարադրվում է մարդու աշխարհընկալումը:

Հետագայում ծնունդ է առնում փիլիսոփայությունը, որը խտացնում է տվյալ ժամանակաշրջանի մարդկանց մտածումների, պատկերացումների համակարգը:

Գիտությունն ու Իմաստությունը Երկնային Պարգև էին համարվում. իր Բանականությա՛մբ է Մարդը կենդանիներից տարբերվում, «Երկնային կարողություններ» ստանում (պատահական չէ, որ Աստվածաշնչում Օձի հորդորով Իմաստության Պտուղը համտեսելուց հետո պատժվում են Ադամն ու Եվան, քանզի գերմարդկային կարողությունների կտիրանան Իմացությամբ):

Պրոմեթևսը Սրբազան Հուրը՝ Լույսը, Իմաստությունը, Դիցերից գողանալով փոխանցեց Մարդկանց:
Թեև այդ Իմաստության փոխանցման համար խիստ պատժվեց՝ գամվելով Կովկասի լեռներում…
Կյանքի հիմքը հանդիսացող չորս տարրերից կարևորագույնը՝ Նախանյութը, Կրակն էր համարվում:

Բոցավառվող Կրակն իր՝ դեպի Երկինք բարձրացող ցոլքերով մեծ իմաստ ուներ՝ որպես Գիտության, Իմացության խորհրդանիշ:
Եվ, ինչպես Կրակն է բաժանելիս բազմապատկվում, այնպես էլ Գիտությունը՝ փոխանցելիս հզորանում է: Համանման ձևով՝ ինչպես Կրակը, եթե չբաժանվի՝ կմարի, այնպես էլ Գիտությունը՝ չփոխանցվելու դեպքում՝ կկորի:

Մեր Նախնիների թողած մշակութային ժառանգության մեջ հսկայական դեր ունի փիլիսոփայությունը:

«Եթե գոյություն ունի Իմաստությունը, ապա գոյություն ունի նաև Իմաստության Ձգտումը:
Եթե գոյություն ունի Իմաստության Ձգտումը, ապա գոյություն ունի նաև Սերն Իմաստության նկատմամբ:
Իսկ եթե առկա է Սերն Իմաստության նկատմամբ, նշանակում է՝ կա Իմաստություն, քանի որ Սերն Իմաստության նկատմամբ նույն ինքը՝ Փիլիսոփայությունն է»,- 6-րդ դարում գրել է «Անհաղթ փիլիսոփայի» փառքը վաստակած Հայորդին՝ Դավիթ Անհաղթը: Նրա կարծիքով՝ փիլիսոփայությունը մարդկային զբաղմունքներից ամենագեղեցիկն ու պատվականն է, որի հետ համեմատած որևէ այլ զբաղմունք նվաստ ու երկրորդային է.
«Ովքեր գեթ մի անգամ փիլիսոփայական խոսք են տենչում և պատեհ առիթ են ունենում լոկ մատի ծայրով ճաշւսկել նրա քաղցրությունը, նրանք բոլոր երկրավոր հոգսերին «մնաք բարյավ» ասելով, ողջախոհ մի մոլությամբ անձնատուր են լինում նրան»։

Հին Հունաստանում՝ Աթենքում ն.թ.ա 4-րդ դարում հույն իմաստասեր Արիստոտելն իր դպրոցում փիլիսոփայական տարրերը՝ գոյաբանական, իմացաբանական, տրամաբանական, բարոյագիտական, գեղագիտական, քաղաքագիտական հարցերը քննարկում-ուսուցանում էր ոչ թե նստած, այլ՝ ճեմելով, «ճեմ առնելով խոսէին», որտեղից էլ՝ նրանց հիմնած դպրոցի անունը՝ «Ճեմական» կամ՝ «Շրջող» (հունարենով՝ «Պերիպատետիկեան»):
Հետևելով հնուց եկող այն տեսակետին, թե մարդու մարմինը շարժմա՛ն մեջ է ազատ ու միայն ազա՛տ մարմինն է ընդունակ ազատ գաղափարների ընկալմանը, Նիցշեն հետագայում հաստատում է քայլելու բարենպաստ ազդեցությունն ուղեղի վրա, գրելով՝ «Միակ հավաստի մտքերը քայլելիս են ծնվում»…
Որպես Արիստոտելի, իր աշակերտների ու իր վարդապետության մակդիր կիրառվող «Ճեմական» (հունարեն հնչողությամբ՝ «Պերիպատետիկյան») բառից ցայսօր ունենք դարեդար հարատևող «Ճեմարաններ»՝ իրենց անխոնջ «Ճեմականներով» ու «Ճեմասրահներով»…

«Ճեմական»՝ ճեմօղ, քայլօղ. մակդիր Արիստոտէլի և աշակերտաց և վարդապետութեան նորա, վասն ճեմելով դաս ասելոյ նորին. ասի և յն. ձայնիւ Պերիպատետիկեան…
Ճեմականքն կամելով զժուժկալութիւն հոգւոյ ցուցանել. աղօթելով ասէին. «Զե՛ւս (Ո՛վ Դիոս), տեղա՛ ի մեզ փորձութիւն» (Սահմ. Բ.):
Բնաւորեալ է Ոգի, ըստ որում՝ ոսկի ի հրահալելիս մաքրի, ի փորձութեացն պայծառանալ. որ և Ճեմականաց եղև բաղձալի. Զև՛ս ասելով տեղասցի ի մեզ փորձութիւն»: (Նոր բառգիրք Հայկազեան լեզուի»):

Ավելի պարզ բացատրությամբ՝ Ճեմականների համար փորձությունները համարվում էին Հոգին մաքրող, պայծառացնող՝ ինչպես ոսկին է կրակով մշակվելիս մաքրվում… «Ինչպես որ լավ նավապետը՝ ոչ թե ծովի հանդարտության, այլ ալիքների հուզման մեջ է ստուգվում, նույնպես և վեհագույն Հոգին՝ փորձությա՛ն մեջ է հերոսանում, առաքինանում»,- պնդում է Դավիթ Անհաղթը:

Համանման մի հիշեցում է անում Քուրմ Հարութ Առաքելյանը՝ Հայկյան Սրբազան Իմաստությունից՝ «Հավիտյան Խրատ»-ից.
«Կատարելությունն ընթացք է և ոչ՝ ի ծնէ:
Եթե հրաժարվում ես ընթացքն ապրել՝ կատարելությունն էլ երբեք չի լինելու»…

Դեպի կատարելություն ձգվող ուղին փորձություններով լի է, և այդպես է անձը հղկվում, բյուրեղանում, կատարելագործվում՝ ինչպես ոսկին՝ կրակով մշակելիս:

Հետևելով Իմաստուններին՝ «Խավարից դժգոհելու փոխարեն մի փոքրիկ Լու՛յս վառենք»…🔥

Լուսանկարը՝ Քուրմ Հարութ Առաքելյանի էջից՝ շնորհակալությամբ