«ՔԱՐԱՎԱ՜Ն…
ԴԱ ԱՐԵՎԵԼՔԻ ՇԱՐԺԱԿԱՆ ԿՅԱՆՔՆ Է»…
Հնագույն շրջանից ի վեր Հայկական Լեռնաշխարհն իր աշխարհագրական դիրքով միջազգային առևտրական ուղիների հանգուցային կենտրոններից էր:
Բազմաթիվ երկրների ու քաղաքների միջև ձգվող առևտրային ճանապարհներին կառուցված քարավանատների առատությունը վկայում է երբեմնի աշխույժ անցուդարձի մասին: Եվ տարբեր կողմեր գնացող ուղիներից անցնում էին նաև Երևանով (Թավրիզ — Ջուղա — Երևան — Էջմիածին — Կարս — Էրզրում)…
17-րդ դարի Հայ պատմիչ, մատենագիր Զաքարիա Քանաքեռցին (1627-1699), որը հայտնի է նաև Զաքարիա Սարկավագ անվամբ, վկայում է, որ այլևայլ քաղաքներից Երևան եկող վաճառականներն այստեղից գնում ու իրենց քաղաքն էին տանում զանազան ապրանքներ։
Հիշատակելով Թավրիզից բազում քարավաններով եկող վաճառականներին, նա գրում է.
«…Նոյնպէս եկին եւ ՛ի Թաւրիզոյ բազում կարաւան, եւ գնեցին բրինձ, բամբակ, իւղ, պանիր, ճրագու, ձէթ, կաշի, մորթ, եւ այլ զոր ինչ կամեցան՝ առին եւ ի գիշերի գնացին ճանապարհն վասն հովոյն»… (Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. 2, էջ 54)։
Ծագումով ֆրանսիացի՝ Ռուսաստան տեղափոխված և երկար տարիներ Անդրկովկասում ծառայած, «Հայկական մարզում» որպես վարչության խորհրդական, եկամուտների և պետական տուրքի վարչության պետ աշխատած ազգագրագետ Իվան Շոպենի (1798 — 1870) վկայությամբ՝ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելու ժամանակներում (19-րդ դարի առաջին քառորդի վերջերին) Երևանում պահպանվել էին 7 քարավանատներ, որոնք գոյություն ունեին 17-18-րդ դարերից։ Երթևեկող վաճառականներին սպասարկելու նպատակով իջևանատներին կից կառուցված էին ախոռներ, պահեստներ, գիշերելու համար սենյակներ ու մի շարք կրպակներ։
Դեռևս 13-րդ դարի հայտնի ճանապարհորդ Մարկո Պոլոն, Երզնկայում հանգրվանելուց հետո, 1270-ական թվականներին հաղորդել է, որ այդ քաղաքում է մշակվում աշխարհի լավագույն բամբակյա գործվածքը՝ «բուքրամը»:
Պետական վերահսկողության բացակայության պատճառով, հատկապես 17-19-րդ դարերում ճանապարհներն անվտանգ չէին, հաճախակի էին «ճանապարհային ելուզակների»՝ քոչվոր ցեղերի ավազակային հարձակումները (հատկապես ամռան ամիսներին իրենց հոտերով Երզնկայի դաշտ տեղափոխված՝ «քարվան կտրող» քրդերն էին կողոպտում):
Քարավանների ուղեկցությամբ՝ Րաֆֆու «Կայծեր»-ից քաղված դրվագներով մի փոքրիկ ճամփորդություն՝ ստորև (մտաբերելով Ստեփան Զորյանի նկարագրություններից.
«Քարավանի հետ միասին նրա հետևից գնում էին բազմատեսակ իրերով ու հակերով բեռնված ձիեր, ջորիներ և ուղտեր` զարդարված գույնզգույն սանձերով, գույնզգույն թելերի փնջերով ու բոժոժներով, որոնց նվագուն, ծորուն հնչյունները միախառնվելով գետի շառաչին, լցնում էին միջոցը անլռելի ձայներով»:)
«Քարավանների պատմությունը միշտ իմ վրա կախարդիչ տպավորություն էր թողել. նրանց մասին լսել էի շատ և շատ հետաքրքիր զրույցներ: Այժմ դուք կարող եք երևակայել իմ ուրախությունը, որ առաջին անգամ ես բախտ ունեի ճանապարհորդել մի մեծ քարավանի հետ: Նա պետք է դուրս գար երեկոյան պահուն. ցերեկվա տոթի պատճառով որոշել էին գնալ գիշերով:
Վարպետ Փանոսը, նրա մայրը, կինը, երեխաները հավաքվել էին բակում մեզ ճանապարհ դնելու: Ծառաները, աղախինները և գործարանի աշակերտները, խումբով կանգնած, հեռվից նայում էին: Բոլորի դեմքի վրա երևում էր մի տեսակ տխրություն, կարծես Ասլանը այդ տան սիրելի անդամներից մեկը լիներ, որ գնում էր հեռու, շատ հեռու, և գուցե մյուս անգամ չէին տեսնի նրան: Նա ցած իջավ սանդուղքներից, մոտեցավ վարպետի մորը, կնոջը, սեղմեց նրանց ձեռքը, գրկեց նրա երեխաներին և, բոլորին մնաք բարով ասելով, դուրս եկանք: Փողոցում սպասում էին մեզ երկու ձիաներ` փաշայի ընծայած ձին Ասլանի համար և մի բավական լավ ձի ինձ համար, որ բերել էին քարավանից: Ասլանը համբուրվեցավ վարպետ Փանոսի հետ և կրկին անգամ սեղմեց նրա ձեռքը: Ես նկատեցի վարպետի աչքերում արտասուքի կաթիլներ: Նստեցինք ձիաները: Բակում հավաքված բազմությունը այժմ խմբված էր բակի դռանը:
— Մնաք բարյա՜վ, բարեկամնե՛ր,- ասաց Ասլանը:
— Բարի ճանապա՜րհ և հաջողությո՜ւն,- ասաց վարպետ Փանոսը:
— Բարի ճանապա՜րհ,- կրկնեցին նրա մայրը, կինը և փոքրիկ երեխաները:
Մենք մեծ շնորհակալությամբ թողեցինք այն տունը, որտեղ վայելել էինք այնքան հյուրասիրություն, այնքան հարգանք և այնքան անկեղծ բարեկամական սեր»:
«…Քարավա՜ն, — դա Արևելքի շարժական կյանքն է. քարավան տեսնելով, կարելի է Արևելքի կենդանի, գործունյա և եռանդոտ մասը տեսած լինել:
Նեղ ու անձուկ ճանապարհի երկարությամբ բռնել էր նա մի քանի փարսախ տարածություն: Մինը մյուսի ետևից շարված էին բեռնակիր գրաստները: Այդ երկար, կենդանի շղթան, որի ծայրը չէր երևում, դանդաղ կերպով շարժվում էր, առաջ էր ընթանում և, ճանապարհի խոտորնակի ուղղությամբ, օձի նման պտույտներ էր գործում, գալարվում էր և դարձյալ ուղիղ ընթացք էր ստանում, երբ ճանապարհը փոքր-ինչ հարթ էր և ուղղաձիգ:
Բեռնակիր գրաստները բաղկացած էին ջորիներից: Նրանք ղաթար-ղաթար, այսինքն՝ խումբ-խումբ, դասավորված էին միմյանց ետևից: Յուրաքանչյուր խումբը բաղկացած էր տասն ջորիից, բոլորը՝ միագույն: Մի խումբը սպիտակներ էին, մյուսը՝ սևեր, երրորդը՝ մուգ մոխրագույն և այլն:
Բոլորից առաջ գնում էր սպիտակների խումբը: Յուրաքանչյուր խումբ կազմում էր մի միություն: Մեկ ջորին կապած էր մյուսի համետի ետևից երասանակի շղթայով:
Ամեն մի խումբի հետ գնում էին երկու ծառաներ, որ, եթե բեռները ծռվելու լինեն՝ ուղղեն, կամ եթե անասուններից մեկը սայթաքելու և ընկնելու լինի՝ կանգնեցնեն:
Բոլոր ջորիների գլուխը, պարանոցը և գավակը զարդարած էին գույնզգույն հուլունքներով, գույնզգույն խխունջներով, գույնզգույն փնջիկներով և փոքրիկ, ընկուզաձև զանգակներով:
Ամեն մի քարավանապետ մի առանձին պարծանքով է զարդարում իր գրաստները, մանավանդ, երբ քարավանը մոտենում է մի նոր քաղաքի, կամ դուրս է գալիս քաղաքից: Եվ այդ պճնասեր անասունները այն աստիճան սովորած են իրանց զարդարանքներին ու զանգակներին, որ եթե զանգակներ չունենան, լավ չեն գնա:
Երբ հարյուրավոր անասուններ շարժվում են, շրջակա լեռները, բլուրները դղրդում են զանգակների խլացնող ձայնից: Նրանց քայլերի չափով հնչյունները պահպանում են մի առանձին ներդաշնակություն, որ խիստ կախարդիչ տպավորություն է գործում, մանավանդ գիշերային պահուն, երբ քարավանը գնում է ամայի ձորերի միջով: Բոլորի առջևը ընկած, միայնակ գնում էր «փիշանգը»՝ քարավանի առաջնորդը: Դա մի սպիտակ, ամեհի ջորի էր, հզոր կուրծքով և գեղեցիկ գլխով: Իր հետևողներից որոշվում էր նա իր ավելի՛ շքեղ զարդարանքներով, որ կազմված էին թանկագին իրեղեններից: Նա ջորիների արքան էր. նա ազատ էր բեռնից. նա միայն առաջնորդում էր:
Նայելով այդ խելացի անասունի վրա, ես մտածում էի. ո՜րքան լավ կլիներ, եթե այդ երկրի առաջնորդները կամ նրա կառավարիչները այդպես բարեխիղճ կերպով կատարեին իրանց պաշտոնը, որպես այդ սպիտակ ջորին»…
…«Քարավան-բաշին (քարավանի պետը) ազգով Հայ էր, հայտնի Թոխմախ-Արթինը, որը, բնիկ Արզրումցի լինելով, սովորություն ուներ ամեն խոսքի մեջ կրկնել այդ առածը՝ «Մինչև չպղտորվի, չի պարզվի»:
Նա առանց պատճառի չէր ստացել իր «թոխմախ» մականունը, որ նշանակում է «երկաթյա մեծ կռան, որով դարբինները երկաթ են կռում ու կոփում»: Միջին հասակով մարդ էր Արթինը, ամրակազմ, որպես ծառի բուն: Նրա խոշոր դեմքի վրա մազերից ազատ մնացել էր միայն քիթը և ճակատի մի փոքրիկ մասը: Մինչև անգամ ականջները ծածկված էին խիտ ու կոշտ մազերով:
Նա սովորություն ուներ ինքն իրան ծաղրել, ասելով, թե մայրը իրան գողացել է արջերի որջից: Բայց երբ խոսում էիր այդ կոշտ ու կոպիտ մարդու հետ, նրա դեմքի խոշոր գծերը մեղմանում էին և կարծես հետզհետե գեղեցկանում էր նա:
Այն խիստ և կարծր կեղևի մեջ կար ազնիվ սիրտ, կային և ազնիվ զգացմունքներ: Նստած մի սև նժույգի վրա, հրացանը ուսին, ատրճանակները թամքի ղաշին կապած, թուրը գոտիից քարշ ընկած, նա կայծակի արագությամբ մի րոպե քարավանի առջևումն էր, մյուս րոպե՝ նրա ետևումը: Ճանապարհների և անցքերի բոլոր վտանգավոր տեղերը գիտեր նա: Երբ այսպիսի տեղերի էր հասնում, բաժանվում էր քարավանից, հեռանում էր, բարձրանում էր բլուրների վրա, դիտելու՝ արդյոք ճանապարհը ազա՞տ էր ավազակներից, թե՞ փակել էին անցքը:
Թոխմախ-Արթինը մոտ հիսուն տարեկան կլիներ, բայց դեռ պահպանել էր իր երիտասարդական աշխույժն ու կայտառությունը: Քսան տարիից ավելի նա ջորեպան էր: Ամբողջ Փոքր Ասիան, Արաբիան, Միջագետքը մինչև Եգիպտոս նրա քարավանի ընդարձակ ասպարեզն էր:
Շատ անգամ բեռներ էր վերառնում դեպի Կովկաս, Պարսկաստան և հասցնում էր մինչև Սպահան, Շիրազ և Բանդար-Բուշեր:
Նրա հավատարմությունը օրինակելի էր:
Վաճառականները ոսկիների տոպրակները առանց համբարելու էին հանձնում նրան: Ամեն մի քաղաքում, երբ գիտեին, որ Թոխմախ-Արթինի քարավանը մի կամ երկու ամսից հետո պետք է հայտնվի, վաճառականները, որքան էլ շտապելիս լինեին, դարձյալ սպասում էին, մինչև նա գա, որ իրանց բեռները կամ արծաթը նրան հանձնեն:
Ամենքին հայտնի էր այն անցքը, որ մի անգամ Լորիստանի անապատներով անցնելիս դեպի Պարսից ծոցը, Բախտիարի (հին բակտրիացիք) կոչված ելուզակները մի քանի հարյուր հոգով հարձակվեցան նրա քարավանի վրա և ամեն ինչ կողոպտեցին:
Ինքը՝ Արթինը, կռվի ժամանակ սաստիկ վերքեր ստացավ: Նրա ծառաներից շատերը սպանվեցան: Այդպիսի դեպքերում վաճառականները շատ ներողամիտ են լինում. եթե քարավանի մեջ փող ունեն, գիտեն, որ կողոպտված պետք է լինի, իսկ եթե մնացած ևս լինի, գիտեն, որ քարավան-բաշին իրավացի պատճառներ ունի ասելու, թե կողոպտել են:
Մի համադանցի պարսիկ վաճառական հանձնել էր Արթինին հինգ հազար ոսկի` Բաղդադ տանելու, երբ պատահեց հիշյալ անցքը: Համադանցին իր ոսկիները բոլորովին կորած էր համարում: Բայց մի տարուց հետո հայտնվեցավ Արթինը և դրեց նրա առջև ոսկիների պարկը:
— Այդ ի՞նչ է, Արթին,- հարցրեց վաճառականը:
— Ձեր ոսկիները,- պատասխանեց Արթինը:
— Մի՞թե նրանք մնացել են,- հարցրեց վաճառականը, չհավատալով իր աչքերին:
Արթինը պատմեց, թե ելուզակների հարձակման ժամանակ նա այդ պարկը ձգեց մի փոսի մեջ, ծածկեց հողով ու քարերով: Ամիսներից հետո, երբ ինքը առողջացավ, վերքերը լավացան, գնաց, որոնեց և պարկը իր տեղումը գտավ, և եթե այդքան ժամանակ ուշացրեց վերադարձնել, պատճառը իր հիվանդությունն էր:
— Շատ ապրե՜ս, Արթի՛ն, — ասաց պարսիկը: — Եթե դու քրիստոնյա չլինեիր, քո այդքան հավատարմության համար քո տեղը մյուս կյանքում Մուհամմեդի դրախտի ամենափառավոր բաժնումը կլիներ: Ե՛կ դու մահմեդակա՛ն դարձիր: Իմ աղջիկը և իմ հարստության կեսը քեզ կտամ:
Արթինը այդ ժամանակ երիտասարդ էր, դեռ չէր ամուսնացած: Նա, իհարկե, ծիծաղում է մոլեռանդ մահմեդականի առաջարկության վրա, որը, մահմեդականների սովորությամբ, իրան պարտավորություն էր համարում, ամեն մի բարեխիղճ քրիստոնյա տեսնելիս, ասել նրան. «Ամեն ինչ քո մեջ լավ է, միայն մի բան պակաս է, որ մահմեդական չես»:
Պարսիկը բաժանում է ոսկիների մի մասը և առաջարկում է Արթինին, բայց նա շնորհակալությամբ մերժում է, ասելով.
— Ինչո՞ւ եք տալիս ինձ այդ ոսկիները. իմ պարտքն է ձեր ավանդը ամբողջությամբ կա՛մ տեղ հասցնել, կա՛մ ձեզ վերադարձնել: Եվ եթե ելուզակները չտարան, այդ ձեր բախտիցն էր»…
Հ.գ. Խաչատուր Ավետիսյանի «ՔԱՐԱՎԱՆԸ»՝ Քուրմ Միհր Հայկազունու հիշեցմամբ…