«ԱՄԵՆ ՄԱՐԴՈՒ ՇԱՏ ՄԻ՛ ԼՍԻՐ, ԱՄԵՆ ԼԵԶՎԻ ԹԵ ԼՍԵՍ՝
ՄԻԵՎՆՈՒՅՆՆ Է, ԹԵ ԱՂԲՅՈՒՐԻՑ ԴՈՒ ԻՆՁ ՄԱՂՈՎ ՋՈՒՐ ԲԵՐԵՍ»…

«Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով»: (Կոմիտաս, «Աշուն օր»)

Աշխարհարարման հնագույն պատումներում հիշատակվում է «մանրամաղ փոշին»՝ հյուլեի նման, («հողամաղ»)…

Հնագույն շրջանում՝ հին Եգիպտոսում Երկինքը՝ երկնակամարը «Մեծ Մաղ» էր անվանվում:
«Հայերենի հոմանիշների բառարանում» որպես «երկնքի» հոմանիշ հանդիպում է «աստծու մաղ» արտահայտությունը:

«Մաղել»՝ «անձրևել, ձյունել» իմաստն ունի…

«Երկինքն անձրև է մաղում արտերին,
Ծիլերը անուշ ժպտում են իրար,
Զրույց են անում հնուց մտերիմ
Ուռին նազանի, սոսին՝ գեղիրան»: (Սարմեն)

«Շոգը պատռել է մաղն արեգակի,
Լույսի ցորենը գետին է թափվում,
Դատարկվում են ծով կալերը երկնի,
Բերքով լցնելու ամբարներ ու տուն»: (Մետաքսե)

«Պայմանավորված գործառույթով՝ մաղերն ունեցել են համապատասխան անվանումներ՝ ալյուրմաղ, կալմաղ, քարմաղ, ցորենի մաղ և այլն։
Որոշ տեսակի մաղեր կոչվել են ըստ կազմության, ինչպես, օրինակ՝ ձարմաղ, փոկեմաղ և այլն։ Հայերենի բարբառներում մաղերն ունեցել են նաև այլ անվանումներ՝ սառատ, խախալ, շատարար և այլն»,- գրում է Ա. Աբրահամյանն իր՝ «Մաղի տեսակների անվանումները Հայերենի բարբառներում» ուսումնասիրության մեջ:

Հայոց ազգագրության ու բանահյուսության մեջ Մաղն առկա է իր բազմաթիվ հոմանիշներով, հարսանեկան կատակ-երգերում կամ ծիսական տարբեր դրվագներում:
Հարսանեկան պարերգերից՝

«Խնամի՛, խոշ իս էկի
Դարդակ ու բոշ իս էկի,

Էրկու կլոճ իս բերի,
Էն լե ճամփին իս կիրի:

— Քեզի կիտամ մաղ մի արծաթ,
Ա՛ռ, բարիշի՛, խնամի՛:

— Մաղը ծակի, արծաթ թափի,
Չե՛մ բարիշի, խնամի՛»…

«Նկարագրելով Դարալագյազում բնակություն հաստատած Սալմաստի գաղթականների սովորությունները, նա (Գ. Տեր-Հովհաննիսյանը (Քաջբերունի), Կ. Ա.) նշում է, որ հարսանիքի վերջում նրանք պարում են և երգում մի երգ, որն ավարտվում է հետևյալով՝ «Մածուն կուզեմ՝ թան կբերի, Ալըրմաղով ցան (աթարի փշրանք) կբերի»,- կարդում ենք վերոնշյալ հոդվածում, ուր հեղինակը հավելում է նաև Երվանդ Լալայանի հիշատակած՝ մաղի ծիսական նշանակությանն առնչվող մի դրվագ. «Բորչալուի գավառում 20-րդ դարասկզբին շատ մայրերի է ծանոթ եղել «երեխան ծնուելիս խախալի մէջ առնել» արտահայտությունը. մայրերը այդպես են վարվել «երեխային չարից ազատելու համար»:

Ա. Ա. Աբրահամյանի նույն ուսումնասիրությունից՝
«Գրեթե բոլոր բարբառներում էլ արձանագրվել է «մաղել» բայի գործածությունը ինչպես ուղիղ, այնպես էլ փոխաբերական իմաստներով։
Բարբառագիտական և ազգագրական գրականության մեջ գրանցված են «մաղ» բառով կազմված բազմաթիվ դարձվածքներ։
Հ. Աճառյանը արձանագրել է մեկ տասնյակից ավելի օրինակներ.
«Հազար մաղով անցկացած»՝ «աներես, լիրբ», «Մաղի գլխին փոշի չի մնում»՝ «ամենևին օգուտ չկայ» (Ղարաբաղի բարբառ), «Հարիւր մաղի հաց է կերել»՝ «հմուտ՝ փորձառու մարդ է», «Մաղի մէջ պահել»՝ «մեծ խնամք տանիլ» (Երևանի խոսվածք), «Մաղէ անցունել»՝ «թեթև մը մաղել», «Մաղը պատէն կախել»՝ «գործը վերջացնելով հանգչիլ՝ հանգստանալ» (Նոր Նախիջևանի և Պոլսի խոսվածքներ), «Մաղ դառնալ»՝ «մաշիլ, հիննալ ու ծակծկիլ», «Մաղը ծակուեցաւ»՝ «խարդախութիւնը բռնուեցաւ» (Պոլսի խոսվածք), «Մաղը ծակ է»՝ (ծածկալեզու).
ա. «հայերէն խօսիլ գիտէ կամ կը հասկնայ» (Ասլանբեկի, Կյուրինի, Սեբաստիայի, Կեսարիայի բարբառներ, Պոլսի խոսվածք).
բ. «պարտական է, պարտք ունի» (Կարինի խոսվածք),
գ. «անխելք է» (Թիֆլիսի խոսվածք),
«Մաղ ծախող»՝ «աներես» (Դարենդեի խոսվածք) և այլն:
Սահակ վրդ. Ամատունին գրառել է «Մաղը պատռել»՝ «մահամերձ հիւանդութիւնից ազատուել», «Մաղի ծակովն անցկենալ»՝ «շատ նիհարիլ, նուազիլ» դարձվածքները»:

«…Ս. Ամատունին արձանագրել է նաև «Խախալի գլուխը բան քցել»՝ «ունեցածի վրայ մի բան աւելացնել» կամ՝ «ձեռնարկած գործից շահուել, օգտուել» դարձվածքը»:
(Մեջբերումները՝ Ա. Ա. Աբրահամյանի՝ «Մաղի տեսակների անվանումները Հայերենի բարբառներում» հոդվածից):

«Լույս էր մաղում վառ լուսնկան,
Երկիր սփռում արծաթ փոշին»: (Ավետիք Իսահակյան)

Հազարամյակներ ի վեր ընդեղենը՝ զանազան տեսակի ունդերը, հունդերը (ցորեն, բրինձ, լոբի և այլն) մաքրելու, զտելու համար կիրառվող մաղը նաև պտղաբերություն, առատ, բեղուն կյանք ապահովող խորհրդանիշ էր, որին վերագրվում էր չարխափան, վտանգից պաշտպանող, հիվանդություններ բուժող հատկություն…
Կալի աշխատանքներում ու կենցաղում օգտագործվող մաղը կիրառվում էր և զանազան ծեսերի ընթացքում (հարսանիքի ժամանակ, նորածիններին առնչվող արարողությունների, բժշկման, գուշակությունների համար…):

Րաֆֆու «Սալբի»-ից մի դրվագ՝ ի հավելումն ասվածի.

«Երբ Ավետարանը բերեցին, բոլորը գդակները հանած ոտքի կանգնեցան: Քահանան ձայն տվեց. — «Ալրմաղը բերե՛ք». ծերերից երկու մարդ բռնեցին ալյուրի մաղը հիվանդի գլխի վրա, և տեր Մարուքը Ավետարանը նրա վրա դնելով սկսեց շարական ասելով մեկ-մեկ բաց անել Ավետարանի վրայից փոշոտած, ծխում-մխում սևացած աղլուխները:
Խղճալի տեր Մարուքը, որ չգիտեր մի այլ երգ, տասն անգամ կրկնեց զանազան եղանակներով նույն երկտող շարականը, բայց Ավետարանի վրա փաթաթած աղլուխները տակավին չէին վերջացած:

Վերջապես երևան եկավ մի հաստ կազմով գիրք, մագաղաթի վրա կարմիր, կապույտ և զանազան ներկերով գրված. նրա մաշկյա կողերը զարդարված էին հասարակ ակներով և մի պղնձյա խաչով, որ ամրացված էր նրա կողքի վրա:
Բոլորը երկյուղածությամբ երկրպագություն տվին, երեսները խաչակնքեցին՝ տեսնելով աստուծո գիրքը, որ տեր Մարուքը բացելով սկսեց կարդալ «բժշկության» ավետարանները, որոնց կենսատու զորությունը «Ալրմաղի» ծակերից առատապես մաղվելով՝ թափվում էր հիվանդի վրա…
Ավետարանը վերջացնելուց հետո, քահանան ավելի քաղաքավարություն գործ դնելով (շատ կարելի է, յուր նյութական օգուտը մտածելով)՝ հրամայեց, որ ջուր բերեն»…

Պերճ Պռոշյանի «Կռվածաղիկ» -ից՝
…«Մաղը ձեռն առավ, երեսին խաչ քաշեց, սուրբ Կիրակու անունը տալն ու մաղն աջ պտտվիլը մին էլավ»…

«Հայ ազգագրության մեջ շատ սովորություններ կան՝ կապված մաղահմայությանը, ինչպես «մաղաբախությունը»,- հիշեցնում է Ա. Աբրահամյանը՝ մեջբերելով Ե. Լալայանի գրվածքներից,- Մաղահմայության ժամանակ մատից կախել են մաղը և տվել կասկածյալ մարդկանց անուններ. ո՛ր անվան դեպքում մաղը պտտվել է, այդ մարդու հանցագործ լինելը հաստատվել է:
Բորչալուի խոսվածքներում լայնորեն գործածվել է «մաղ պըտըտէլ» արտահայտությունը, որը «մաղ» բառով կազմված հարադիր բարդություն է։
«Մաղ պտտելը» գուշակության մի ձև է, որը Ե. Լալայանը հանգամանորեն նկարագրել է Բորչալու գավառի ազգագրությանը նվիրված աշխատության «Կախարդություն» բաժնում և այն լուսաբանել լուսանկարով»:

Ահավասիկ հիշյալ հատվածը, ուր քրիստոնեության տարածումից հետո՝ մինչ մեր օրերը հարատևած հին հավատալիքների դրսևորման օրինակներից է.

«Մաղ պտտել».- Այս կերպով գուշակում են, թէ մինի հիւանդութիւնը ո՞ր սուրբն է տուել: Թէև գործողութիւնը պարզ է, սակայն ամէն կին չի կարող կատարել, պէտք է, որ այդ անելու շնորհը մի որևէ սրբից ստացած լինի երազում:
Այսպիսի կանայք կան գրեթէ բոլոր գիւղերում, և ամէնքին էլ յայտնի են: Հիւանդի տէրը մի քանի ձու, մի երկու մոմ առած գալիս է այդպիսի մի կնոջ մօտ և նկարագրելով իւր հիւանդի դրութիւնը, խնդրում գուշակել, թէ ո՛ր խաչից է:
Մաղ պտտեցնողը վերցնում է մաղը, որի խեմի (շրջանակի) վրայ ցցած է լինում ձիու պայտի երկու ականջաւոր մի մեխ: Թէ՛ պտտեցնողը, և թէ՛ խնդրողը իրենց աջ ձեռքերի ցուցամատերն անցկացնելով մեխի ականջների տակ՝ պահում են մաղը կախուած դրութեամբ:
Ապա պտտեցնողը ասում է. «Եթէ այսինչի հիւանդութիւնը խաչից է՝ մաղը աջ պտտուի, եթէ ոչ՝ ձախ»: Եթէ ձախ է պտտւում, ասում է, թէ հիւանդութիւնը խաչից չէ, թող դեղ անէ՝ կըլաւանայ, իսկ եթէ աջ է պտտւում՝ հաստատում է, որ խաչիցն է և յետոյ կամենալով գուշակել, թէ ո՛ր խաչիցն է, շարունակում է. թէ այսի՛նչ խաչիցն է՝ աջ պտտուի, թէ չէ՝ ձախ: Այս կերպ գտնելով նաև, թէ ո՛ր խաչիցն է՝ պատուէրներ է տալիս, թէ մոմով, մատաղով պէտք է գնալ այդ խաչի դուռը՝ նրա ցասումը շիջուցանելու, և նա կը բժշկէ հիւանդին» (Երվանդ Լալայան):

Դերենիկ Դեմիրճյանից մի հատված՝ նույն դրվագով.
«Սավգյուլն ասում է.
-Դե, մեռնիմ քեզի Մուղնվա զինավոր սուրբ Գևորգ, ճար ու իլլաջս քեզի մնաց, դու գիտես, դու Խաչիկիս ցավին մի փարատութենըմ տաս: Որ լավցավ` մատաղով, խունկ ու մոմով դուռդ գամ, Խաչիկիս էլ բոբիկ ոտքով դուռդ բերեմ, լուսաթաթախ գերեզմանդ համբուրեմ:
Մաղն սկսեց պտտվել: — Ահա՛ն, տե՜ս, Սավգյու՛լ, Խաչիկիդ ցավը Մուղնվա զինավոր սուրբ Գևորգեն է: Լավ էրինջըմ կտանիս դուռը կըմտաղես՝ Խաչիկդ կըլավանա: — Հլպը՜թ որ, մեռնիմ սուրբ զորությանը»:

Մաղի հետ կապված բազմաթիվ ասացվածքներ (դարձվածքներ) կան, ինչպես և՝ զանազան պատմություններ՝ տարբեր ժողովուրդների հեքիաթներում:
«Մաղի գլուխը մի բան գցել»՝ «հաջողեցնել» (Հոմանիշների բառարանից):
«Մաղով ջուր կրել»՝ «ապարդյուն, անօգուտ գործ ձեռնարկել»:

Ե. Լալայանը Բորչալու գավառի ազգագրությանը նվիրված իր աշխատության մեջ բերում է «մաղ, մաղվել, շատարար, շատարարվել, խախալ, խախալվել» բառերով կազմված աղոթք՝ «չար աչքի» դեմ.
«…Մաղով մաղուի, (Շտարարով շտարարի), Խըխալով խխալուի…» («խախալը» խոշոր ծակերով մաղն է, որը գործածվում է կալի աշխատանքներում):

«-Ծիլ մի՛ թողնի ժեռ քարի տակ, թող ամեն ծիլ աչք բանա,
Իմաստունին միշտ ճամփա՛ տուր, թեկուզ մի ճորտ լինի նա:
Միշտ ժպտում է ու ողջունում աստղը՝ աստղին լուսատու.
Ազնիվ մարդը անկարո՛ղ է ատել ազնիվ մի մարդու:
Ամեն մարդու շատ մի՛ լսիր, ամեն լեզվի թե լսես`
Միևնույնն է, թե աղբյուրից դու ինձ մաղով ջուր բերես»: (Հ. Շիրազ)

Անդրեա Մանտենյա (1495-1506), «Վեսատալուհի Տուչիան»
Andrea Mantegna (1495-1506), «La vestale Tuccia»

Հին հռոմեական դիցաբանության մեջ Վեստա դիցուհու սպասարկող Վեստալուհու՝ Տուչի քրմուհու ատրիբուտն էր մաղը՝ որպես պարկեշտության խորհրդանիշ: Վեստալուհին պարտավոր էր տաճարի կրակն անշեջ պահեր և 30 տարի պահպաներ կուսությունը. ըստ ավանդության, իր հանդեպ մեղադրանքի կեղծիքը բացահայտելու և իր ազնվությունը, պարկեշտությունն ապացուցելու համար Տիբեր գետից նա մաղով ջուր է տարել՝ առանց մի կաթիլ թափելու…

Վեստալուհի Տուչին (18-րդ դարի գեղանկար)
Հեղինակ՝ Joseph Benoit Suvee (1743-1807)

Հին Աշխարհում հայտնի էր Սոկրատեսի «Երեք մաղի» խորհուրդը՝ պահանջվում էր լսածն անցկացնել Ճշմարտության, Բարության, Անհրաժեշտության «մաղերով»՝ նրա օգտակարության գնահատման նպատակով:
«Մի մարդ հարցնում է Սոկրատին.
– Իսկ ուզո՞ւմ ես իմանալ, թե ինչ էր ասում քո մասին ընկերդ:

– Սպասիր,- կանգնեցնում է նրան Սոկրատը,- սկզբից երեք մաղի միջով մաղիր այն ամենը, ինչ պատրաստվում ես ինձ ասել:

– Երեք մա՞ղ:
– Այո: Միշտ, երբ ուզում ես ինչ որ բան ասել, պետք է դա անցկացնել երեք մաղի միջով:
Սկզբից՝ Ճշմարտության մաղի միջով: Օրինակ, դու վստա՞հ ես, որ այն, ինչ ինձ պետք է ասես՝ ճշմարտություն է:
– Ոչ, ես ուղղակի լսել եմ:

– Նշանակում է դու չգիտես՝ ճշմարտությո՞ւն է դա, թե՞ սուտ:
Այժմ մաղենք երկրորդ մաղով՝ Բարության մաղով: Դու այժմ ուզում ես իմ ընկերոջ մասին որևէ լավ, բարի բա՞ն ասել:

– Ոչ, լրիվ հակառակը:
– Ուրեմն, – շարունակեց Սոկրատը,- դու ուզում ես նրա մասին ինչ-որ վատ բան ասել, ընդ որում վստահ էլ չես՝ ճի՞շտ է դա, թե՞ սխալ:
Ժամանակը եկավ կիրառել երրորդ մաղը՝ Օգտակարության մաղը: Արդյո՞ք այդքան կարևոր է այն, ինչ ուզում ես ինձ ասել, որ ես իմանամ:
– Ոչ, դրա կարիքը ամենայն հավանականությամբ չկա:

– Եվ այսպես,- եզրափակեց Սոկրատը,- նրանում, ինչ ուզում էիր ինձ ասել՝ չկա ո՛չ ճշմարտություն, ո՛չ բարություն և ո՛չ էլ օգտակարություն: Այդ դեպքում ինչո՞ւ ասել»…

Մաղին վերաբերող հանելուկներից՝

«Բերդ կերերա,
Տակ ձյուն կուգա»:
(Վան, Մոկս)

«Պուճուր աստոծ (վ. երկինք),
Տակին ձին ա գալի»:
(Լոռի, Թիֆլիս, Սյունիք)

«Պիծի աստղ՝ ծուն կյալիս»: (Արցախ)

«Ցած երդիկեն ձյուն կուգա»: (Բաբերդ)

Մի «Հրաշագործ մաղի» պատմություն էլ՝ հաջորդիվ…

Հ.գ. Մաղի մասին մի տեսանյութ՝ Սարդարապատի թանգարանից՝ ահավասիկ.

https://fb.watch/hrS8XihgJ_/

Facebook Comments