«… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»… (Մաս Ե)
«…1921 թվականի Յուլիսն էր: Վարդավառի պահոց առաջին օրն իսկ լսեցինք, որ թօփալ Օսմանը Կիրասոնէն Օրտայ անցնելով՝ Սամսուն հասած է իր տրամադրութեան տակ մտնող մեծ մասամբ լազերից բաղկացած զորախմբով և Մարզուանէն անցնելով դեպի Անգարա պիտի ուղեւորվի՝ Քեմալին օգնութեան:
Զարհուրելի լուրեր սկսան շրջան ընել, թե այդ հրեշը իր ճամբուն վրայ անցած տեղերը քրիստոնեա հույն և Հայ ազգաբնակչութեանց մեծ նեղութիւններ և նոյնիսկ մարդասպանութիւններ կը կատարէ եղեր: Կիրասոնի և Օրտայի մէջ արդէն Հույները ջարդուեր են եղեր: Ուզեր է Սամսուն ալ կիրառել, բայց արգելք է եղեր և այլն:
Այս տեսակ զրույցներ բերնէ բերան սկսան շրջան ընել: Հույները բացէիբաց կը տեսնէին իրենց սպառնացող վտանգը, և կռվի ընդունակ էրիկ մարդիկ կը քաշուէին լեռներու մէջ, իսկ մենք՝ Հայերս, ավելի անփույթ էինք, թեև՝ մտահոգ: Իրական վտանգը հույները հաստատ կը տեսնէին ու ինքնապաշտպանութեան մասին խորհող մը չի կար: Այսպէս լրանալու վրայ էր այդ շաբաթը, և ահա փոթորիկը եկավ պայթելու շաբաթ օրը, որուն յաջորդ օրը պիտի ըլլար Վարդավառին տոնը:
Վարդավա՜ռ…
Բայց ի՞նչ Վարդավառ…
Մարզուանը պիտի ներկուեր վարդագույն կարմիր արիւնով…
Տեղւոյն թուրք ազգաբնակչութիւնն ու զանոնք ղեկավարող թուրք մէծամէծները գտան առիթը օգտագործելու ժամանակը:
Հույներէն ավելի վրեժ եղեր լուծելիք՝ Հայերէն և, այդ իսկ պատճառով ալ, այնքան կարեւորութիւն չէին տար հույն ջարդելու, որքան մեծ եռանդով ջանք չի խնայեցին բնաջնջելու Հայութիւնը»…
…«Յիշեցինք, թե Վարդավառի կիրակի օրը, կէսօրէն քիչ յետոյ Թօփալ Օսմանի կազմակերպած ավազակախումբը, որոնք բանտէն ազատուած մարդասպաններ ու գողեր են, հավաքուած վաշտէ մը կը բաղկանար, գրեթէ բոլորն ալ լազ ազգաբնակչութենէ, ժամանեցին Մարձուան: Իրենց պետը՝ Թօփալ Օսմանը հետերնին չէր, անիկա կիրակի օրը իրիկնադեմին միայն հասավ միանալու իր հորդաներուն:
Այս լազ հրոսակները հազիվ ժամանած Մարձուան, սկսան խումբ-խումբ շրջիլ փողոցները և շուկան՝ գլուխնին փաթթած էին լազերուն յատուկ «պեօրկէ»-ներ, հագուստնին իրենց սովորութեան յատուկ «չըպչա» կարված տարազով և ոտքերնուն մինչև գլուխ զինված այնպէս, որ տեսնողին սարսուռ կազդէր:
Ճշգրիտ մարդակեր բորենիներ, որոնց աչքերէն արիւն կը կաթեր: Այս խումբը երկու օր առաջ ջարդէր էր «Գուաֆ» կոչված դասակին հույները: Նույնը ըրէր էին մեկ օր առաջ ալ «ղավզա» հույներին, որոնց մասին մենք տակավին լուր չունեինք և վերջը իմացանք:
Ի տես այս ճիվաղներուն, նույն օրն իսկ Հույն և Հայ առեւտրականներ իրենց խանութները փակելով՝ տուները ապաստանեցան, որոնց կարգին ես և ընկերս ալ նույնը ընել հարկադրված էինք»…
Անհանգիստ ու լարված, իրենց մտահոգություններով միմյանց հետ կիսվելուց հետո, «հոգնած ուղեղները հանգստացնելու» նպատակով «դեռ նոր քուն մտած»՝ գիշերվա լռության մեջ «կասկածելի շշուկներից» արթնանալով տեսնում են, որ փողոցի կողմից «ճիշտ պատի տակ անձ մը փողոցին դուռը» բացելու փորձեր է անում, մեկն էլ մի ուրիշի ուսին բարձրանալով «կամաց բակը կիջնէ ու փողոցին դուռը ներսէն բանալ կուզէ, անշուշտ, իր ընկերներուն» ներս մտցնելու համար:
«…Իսկույն ցատկեցի անկողնէն և բարձիս տակը ատրճանակը խլելով ուզեցի դեպի պատուհանը վազել՝ կրակելու մտադրությամբ:
Կինս, երբ տեսավ զենքը ձեռքիս, իսկույն բռնեց զիս և ըսավ, որ մեկէն չըլլայ, որ անհամբերութիւն մը ընեմ ու զենք պայթեցունեմ: «Կեցի՛ր,- ըսավ,- նախ մօրեղբայրդ և տնեցիները արթնացնենք, անկէ յետոյ տեսնենք, թէ ինչ պետք է ընել»…
…Տնեցիների աղմուկից ու տան «գիշերային պահակին» ձայնելուց, ի վերջո, գողերը փախչում են…
«…Վարդավառի կիրակին է:
Ոչ մէկ Հայ կամ Հույն չհամարձակվեցավ տունէն դուրս ելլալ, չի տեսնելու համար դեմքերը դժոխածին հրոսակներուն, որոնք խումբ-խումբ կը շրջագայէին ամէն տեղ:
Մեր սիրտերը տխուր էին:
Ինչպէ՞ս չը վերհիշենք այն երջանիկ տարիներու Վարդավառը և այդ առթիվ կատարած խրախճանքները, որոնք կեանք ու զուարճութիւն կը սփռէին ամէն կողմ:
Առաւտուն կանուխ եկեղեցի կը վազէինք՝ մեծով, պզտիկով և հոգեկան բավականութեամբ լեցուած կը վերադառնայինք տուն ու հազիւ ճաշերնիս վերջացուցած կը թափառէինք դուրս և կսկսեր խրախճանքը ամէն կողմ:
Քաղաքին մէջ մնացողները՝ փողոցներու մէջ, տունէ տուն, քաղաքէն դուրս՝ դաշտային զբոսավայրերի մէջ և կամ վանքերու բուրաստաններու մէջ կեանքը կ’եռար հրաբխի նման:
Այր, կին, երիտասարդ տղաք, ծաղկատի աղջիկներ, ամէնս իրար խառնուած կըլլայինք, յաճախ զիրար թրջելով:
Այդ կիրակին ամէն ինչ արթնցած էր, տօնն էր Հայ ազգին, որ դարերէ ի վեր գոյութիւն ունէր մեր ազգին մէջ հեթանոսական օրերէն մնացած:
Իսկ 1921 թվականի այս տարուան Վարդավա՞ռը…
Այս առաւօտը սոսկալի վիճակը կը ճնշէր սիրտս:
Գիրշերուան այդ պատահարը, ամէն կարգի խժդժութեանց հավանականութեան մղձավանջը խոր մտատանջութեան մէջ կմխրճէին զիս:
Պահ մը կիջնայի բակը՝ փողոցի անցուդարձերուն ականջ դնելու, պահ մը վեր կ’ելլայի՝ պատուհանէն կը տեսնէի, որ փողոցին միջի թուրքերը խումբ-խումբ կը շրջէին Հայ և Հույն թաղերը, որոնց մէջ ոչ մէկ Հայ կամ Հույն մը չէի տեսնէր, ամէն մարդ փակուած էին իրենց տուներուն մէջ»…
Կեսօրվա ճաշից հետո, օգտվելով դրսի թվացյալ հանդարտությունից, Նշան Զորայանը գնում է 4-5 տուն ներքև գտնվող իր ընկերոջ՝ Հակոբջանենց տուն՝ «տրամադրությունը փոխելու համար» ու զարմանքով տեսնում, որ մոտ տասներկու հոգի՝ Հայ և Հույն՝ անհոգ «նարդի կխաղային, ոմանք էլ՝ թղթախաղ»…
«…Ներկաները խաղով զբաղված էին և հազիվ տան տիրոջ հրամցուցած սուրճը խմեր էի, աչքերս ծանրացան և քնանալու պետք զգալով՝ բազմոցին վրայ երկնցայ:
Քունս տարեր էր ու կէս ժամի չափ հազիվ քնացեր էի, երբ ընդոստ վեր ցատկեցի տունին մէջ փրթած ժխորէն:
Աչքերս կարծես իմս չէին և չէի ուզեր տեսածիս հավատալ… Նստած տեղս աչքերս կճմլեի, թե արդեօք իրականութի՞ւն է, թէ՞ ոչ, խռովված մտքի մը անախորժ մէկ երազ…
Ո՛չ, իրականութիւն էր տեսածս:
Երկու լազ սենեակին ելքին դռան երկու կողմերը կեցած էին՝ մերկ սուրերը ձեռքներին, սպառնալով ներսիններուն, որ տեղերնուն որևէ շարժում չի փորձին, հակառակ պարագային ստիպված պիտի սպանեն բոլորս տեղն ու տեղը: Այս սպառնալիքին վրայ ժխորը դադրած էր և ամէն մարդ՝ տեղը նստած:
Անգիտակից էի, թէ դուրսը տակաւին չորս — հինգ ուրիշ լազ չէթաներ կան եղեր, որոնք կիներու բաժինը կողոպտելով զբաղուած էին և կողոպտելէ վերջը առանց դիմադրութեան եկած էին մեր սենեակը զիսներուս կողոպտած ըլլալու:
Դուռին երկու կողմերու պահակներու հսկողութեամբ՝ երրորդ մը ներս մտաւ և սկսաւ խուզարկելու ներսը գտնուողներուն: Դրամ, զարդեղեն, ժամացույց և ինչ որ թեթև, բայց արժեք ներկայացնող բան մը գտներ՝ կը հավաքէր և գրպանները կը լեցնէր»…
…«Մտածեցի, եթէ զիս կողոպտուած ատեննին գրպանին ատրճանակս ալ գտնին, զիս ողջ չէին ձգէր: Այս մտածումներով ձեռքս կամայ տարի դեպի ատրճանակս՝ ստուգելու համար, թէ մօտս էր: Ընկերս՝ Յակոբճանը դռան մօտէն տխուր կը դիտեր կատարուած կողոպուտը. իմ կողմս անգամ չէր նայէր, իսկ ես անհամբեր աչքս յառած էի իրեն, որ ինծի նայելու պարագային նշանացի հասկըցունեմ դիտաւորութիւնս, իրեն ալ կուզեի կամքը իմանալ, իր հավանութիւնը ստանալ, քանի որ իրենց տան մէջ կը գտնվեի:
Ի վերջոյ չուշացավ ինծի նայելու: Անմիջապէս իմացուցի ձեռքի նշաններով, թէ զենքս քովս է և կուզեմ գործածել. հասկըցուցի իրեն, որ չէթաները իրենց սուրերէն զատ ուրիշ զենք չէին կրէր և մեր կողմէն կրակելու պարագային կրնայինք փախուստի մատնել զինքերը:
Իբրեւ պատասխան իմ տուած նշանացի գաղափարիս, ինքն ալ նշանացի կերպով բացատրեց, թէ միայն այս երեքը չեն, դուրսը՝ բակին մէջն ալ լեցուն են չէթաներով: Նշանացի կը փնտրեր, որ հանգիստ կենամ տեղս, այլապէս բոլորս ալ կը կոտորէն»:
Ուրիշի տանը գտնվելով ստիպված տանտիրոջ որոշմանը հնազանդվելով ու «ճարահատ հուսահատությամբ քովը կախված ատրճանակը դեպի կռնակի կողմը դարձնելով» նա էլ իր հերթին կողոպտվեց…
«…Ավազակ չէթան, նախ ոսկի շղթայով թանկարժեք ժամացույցը, մատիս ամուսնության մատանիս առավ և գրպանը տեղադրեց, յետոյ սկսավ գրպաններս խուզարկել, թղթապանակիս մէջ 350-ի մօտ թղթադրամ ոսկի առավ ու միւս գրպաններէս՝ 25 հնչուն թրքական ոսկի»…
…«Սենեակին մէջ գտնվողներուս կողոպուտը վերջացած էր:
Նույն ավազակը սկսավ անկողիններու քննութիւնը, բոլոր բարձերը և անկողինները վար կեցունելով մէկիկ-մէկիկ կը քննէր՝ մէջերնին պահուած արժէքաւոր բան մը կար՝ երևան հանելու և կողոպտելու:
Մինչ այդ հրէշը զբաղված էր այդ գործողութեամբ, յանկարծ նշմարեցինք, որ դուռին ելքը պաշտպանող երկու զինւոր ավազակները խուճապով մը ներսի ընկերներուն ձայն տալով անմիջապէս ձգեցին ու հապճեպով փախան, իսկ ներսի չէթան իր ընկերներուն «ալերթը» (վտանգի ազդանշանը) չի լսելով կը շարունակէր իր աշխատութիւնը:
Մենք անմիջապէս գուշակեցինք, որ դուրսը բաներ մը կդառնայ ի նպաստ մեզի:
Բայց թէ ի՞նչ՝ ատիկա կ’անգիտանայինք և պահ մը վարանումի մէջ սպասեցանք այս անակնկալ փոփոխութեան պատճառը իմանալ»…
Շարունակությունը՝ հաջորդիվ…