«… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»… (Մաս Զ)

«Մա՛հս չեմ հոգար, այլ՝ գո՛րծս, որ կիսատ մնաց»…

Անդրանիկ Զորավարի այս վերջին խոսքերն ավելի են իմաստավորվում մեր օրերում՝ փոթորկալից իրադարձությունների բովով անցնող Հայաստանի ներկայիս իրավիճակում:
Հատկապես, երբ կարդում ենք ականատեսների հուշերն անցյալի դեպքերից, որոնք հետագայում նույնպես կրկնվեցին այլ վայրերում…

Շարունակելով Նշան Զորայանի՝ 1921 թվականի հուլիսին Մարզվանում Հայերի հանդեպ իրականացված գազանային կոտորածների մասին հուշերը՝ ստորև մի հատված ևս…

«…Մենք անմիջապէս գուշակեցինք, որ դուրսը բաներ մը կդառնայ ի նպաստ մեզի:
Բայց թէ ի՞նչ՝ ատիկա կ’անգիտանայինք և պահ մը վարանումի մէջ սպասեցանք այս անակնկալ փոփոխութեան պատճառը իմանալ:
Ահա՛, թէ ի՛նչ էր պատահել մեր պաշարման տակ առնված պարագային, որուն մենք՝ ներսը գտնուողներս բոլորովին անտեղեակ էինք»:
Ու շարադրում է, թե ինչպես է իր ընկերոջ՝ Հակոբջանի քրոջ զավակը՝ մոտ 19 — 20 տարեկան Կարապետն իր առանձին սենյակի պատուհանից տեսել 7 նոր եկող լազ չէթաներին, որոնք փողոցի դռնով ներս սողոսկելով 40 — 50 մետր երկարությամբ միջանցքով դեպի տուն էին առաջանում, պատուհանից դուրս է նետվում ու շտապում դեպի ոստիկանատուն՝ պաշարվածների համար օգնության ակնկալիքով:
Ճանապարհին հանդիպում է մի ծանոթ ոստիկանի ու հայտնում սրերով զինված՝ յոթը նոր ժամանող զինվորների մասին՝ հարցնելով, թե արդյո՞ք մինչև «մերիններու կյանքը վտանգի ենթարկվելը» ոստիկանությունը ժամանակին օգնության կարող է հասնել:
«… Ոստիկան Ահմէտ կըսէ.
«Մի՛ վախնար, տղա՛յ, ատոնք անպատճառ գողեր են և միայն գողութեան նպատակով կրնան մտած ըլլալ, առայժմ կառավարութենէն և ոչ ալ իրենց հրամանատարներէն հրահանգ մը չունին խաղաղ ժողովուրդին դէմ»:
Եվ միասին հասնելով տան առջև՝ ոստիկանը նախընտրում է վախեցնելով նրանց փախուստի մատնել, քանզի մենակ ու անզեն լինելով՝ չի համարձակվում ուղղակի ներս մտնելով միջամտել:
Ավազակներին ամոթանք տալով՝ զինվորի պատիվն անվայել գողություններով նսեմացնելու համար, նա «իր քով կեցած մեր Կարապետին ուղղելով խօսքը՝ կը պօռայ. «Տղա՛յ Հասան, շուտ վազէ՛ օգնական ույժ հասցնելու սա չարագործներուս դասը տալու համար:
Ասկէ էր, որ խուճապ ինկեր էր 7 գող զինւորներուն մէջ, որոնք մեզ կողոպտելէ առաջ ուրիշ տուներ ալ մտած ըլլալով հետերնին գողօնի ծրարներ ալ ունէին եղեր»:

Դրսի վեց ավազակներն իրենց գողոնով պարտեզի կողմից փախչում են, իսկ ներսում մնացած մեկ ավազակի վրա հարձակվելով՝ իրենցից գողացվածը հետ են խլում տանը պաշարվածները՝ քաջալերված ոստիկանի միջամտությունից (թեև իր ամուսնական մատանին այդպես էլ չի գտնվում, հավանաբար ներկա հույներից մեկն էր այն աննկատ «գրպանել»):
Խոստանալով, որ ցուցակը ներկայացնելու դեպքում մյուս գողոնները կարող են վերադարձվել, բռնված ավազակին նախատելով ու զայրացած նրան հարվածելով հեռանում է ոստիկանը՝ «հիսնապետը»:

«Քանի մը վայրկեան հետո» տնեցիներով ներս վերադառնալով՝ կատարվածի առիթով իրենց կարծիքներն են փոխանակում՝ անդրադառնալով պատահարին:
«Կը կարծէի, թէ գիշերուան մեր տունի գողութեան փորձքը լազերին դրդեցին թուրքերը:
Արդեօք պէ՞տք էր խորհիլ, թէ այս անցքն ալ պարզ գողութեան հանգամանք կը կրեր, թէ՞ ան նախապէս թելադրուած էր անոնց և թույլտվութիւն ունէին այդ տեսակ արարքներ ի գործ դնելու իրենց ճամբու վրայ հանտիպած քրիստոնեայ ազգաբնակչութեան»:

Կասկածելով ավազակի հանդեպ «հիսնապետի խաբուսիկ հանդիմանությունների» վրա, այնուամենայնիվ, իր տուն վերադարձից մի ժամ հետո իր մոտ եկած ու իր ատրճանակը խնդրած ընկերոջն է տալիս իր զենքը Նշան Զորայանը, քանի որ «տան ճամփան սովորած գողերը կարող էին վրեժխնդրության նպատակով կրկին վերադառնալ ու նա ինքնապաշտպանության միջոց չուներ», քաջ գիտակցելով, որ ի՛նքն էլ «նման պարագայի կենսական պետքը կունենար» այդ զենքի, «երեսը չբռնեց մերժելու» ու հանձնեց այն ընկերոջը:

Տեսարան՝ Մարզվանից (1896 թվական)

Վարդավառի կիրակի օրը, «կեսօրէ վերջ, ժամը 5-ի ատենները Թօփալ Օսման հասավ Մարզուան»…
«Բուն գործողութիւնները սկսան Թօփալ Օսմանի Մարզուան հասած ժամին իսկ:
Քաղաքին էշթաֆները արդէն հավաքուած Քեօր նէտիմ կոչուած հրէշին տանը, Թօփալ Օսմանին խորհուրդի կկանչէն իրենց մօտ՝ ծրագրելու իրենց դժոխային միտումները՝ մասնաւորապէս Հայոց հանդէպ: (Իհարկէ, հույներն ալ անմասն չէին կրնար մնալ, բայց Հայերուն կորուստը տասնապատիկ ծանր եղավ, քան հույներունը, որովհետեւ Հույներուն յայտնի էր նախապէս իրենց գլուխին պայթելիք փոթորիկը, և ատոր համար աչքի զարնուած էրիկ-մարդիկ արդէն լեռները ապաստանած էին)»:

«Անկարայէն մասնաւոր հրահանգ մը չի կար», սակայն տեղական էշթաֆների դրդմամբ և նրանց կողմից տրված «ապահովության ստորագրություններով» նրանք «Հայությունից լուծելու վրեժ ունեին՝ 1919-ին անգլիացիներու՝ Մարզվան մտած ժամանակին 1915-ին Հայկական ծանր տեղահանության ընթացքում «շատ մը գեշություններ ըրած երևելի թուրքերին իբրև ոճրագործ» մատնանշելու համար:
«Այսպէսով է, որ համոզէր ու գործի են լծէր այդ կատաղի հրէշը՝ Օսմանն ու իր ոհմակը, որոնց ինքնատուր բնազդն էր արդէն խմել անմեղ քրիստոնեաներու արիւնը, և սրա համը ճաշակած էին մեծ պատերազմի ընթացքին:
Հարմար առիթը ներկայացած էր այլեւս յագուրդ տալու իր արիւնի ծարավին և արձակել իր հրամանին տակ գտնվող շնագայլերու ոհմակը, որոնք աննախընթաց վայրագութեամբ կոտորեցին անմեղ բնակչութեանը, կողոպտեցին, բռնաբարեցին երիտասարդ կիներ ու ջահել աղջիկներ ու հրոյ ճարակ դարձուցին քաղաքին կարեւոր մէկ մասը՝ տեղացի թուրք հորդաներու մասնակցութեամբ:

Կիրակի իրիկուն ժամը 7-ի վերջ տեսանք, որ չէթաներու խումբեր կը պտտին թաղերը՝ տեղացի թուրքերու ընկերակցութեամբ և Հայերու ու Հույներու փողոցի դուռներուն վրայ նշաններ կը գծէին:

Զգացինք, որ փոթորիկը պայթելու մօտ է, բայց ի՞նչ կրնայինք ընել, այլեւս շատ ուշ էր…
Չէինք կրնար այեւս փողոց ելլել համարձակիլ, ամէն մարդ տուները քաշուած, փակուած էր և որեւէ ձեռնարկ՝ անկարելի դարձած:
Կատարեալ պաշարման վիճակի դատապարտուած էինք:
Երեկոյեան ժամը տասնի մօտ արդէն սկսավ ահավոր և նմանը չի տեսած փոթորիկը…
Դժոխքի Սանտարամետականաց անդունդները բացուած էին, որոնց մէջէն դևերուն ոհմակները թև առած ու գործի սկսած էին:
Քրիստոնեաներու դուռներէն բռնի ներս կը խուժէին…
Գործառած վայրագութիւնները նկարագրելու համար անկարելի էր հոմանիշ բառեր գտնել:
Միայն սա կարող եմ ըսել, որ այսօր՝ երեսուն և ավելի տարի է անցած, տակաւին այդ վայնասունները ականջիս կը հնչէն և շատ անգամ նույնիսկ ես ինքս չեմ ուզեր հավատալ, թե մի՞թէ կարելի է մարդ արարածի համար գործել արարքներ, որոնց նմանը դժոխապէտ Բեհեզզեբազն անգամ եթէ ներկայ ըլլար, պիտի զարմանար…

Իւրաքանչիւր տունէն կը լսվէր լաց ու կոծի, օգնութեան հասնելու աղեկտուր կանչեր, որոնք գիշերուան մութ լռութեան մէջ կը թնդացնէին ամբողջ շրջակայքը՝ անպատասխան մնալու դատապարտուած:
Հազիւ տասը վայրկեան կտեւեր այդ տունին ձայնը մարելու:
Տունին մէջի էրիկմարդը կը կապէին և կը յանձնէին թուրքի մը, որ առջևը խառնած կը տանէր իրենց կողմէ որոշուած վայր մը, որը չէինք գիտէր:

Ջարդէն յետոյ իմացանք, որ այս կերպ ժողված էրիկմարդիկ իմ ընկերոջ Թաթեոսին բարեկամ Արամ և Նշան եղբարց տան պարտեզը հավաքէր են: Այս տանը մե՛նք պէտք էր բնակած ըլլայինք մեր առաջին անգամ Մարզուան ժամանելուն:
Եվ բախտի ի՜նչ հեգնութիւն…
Այս կերպ ժողված էրիկմարդիկը հետեւեալ օրը՝ երկուշաբթի ցերեկին մէկիկ կը տանէին այդ տանը մօտիկ գտնվող ուրիշ ամայի տուն մը, ուր մենք առաջին անգամ իջեւանէր էինք ու քանի մի օր առժամն բնակէր էինք՝ մինչեւ յարմար տուն մը գտնիլը:
Կիջեցնէին այդ տանը տակը գտնուած գետնափոր ընդարձակ նկուղին մէջ՝ սպանդանոց տարուած ոչխարներու նման մերկացնելով մորթէր էին կարգով:

Այդ օրից վեց օր վէրջ՝ կիրակի օրը, գացի անձամբ և տեսայ այդ նկուղը, որուն մէջ լերդացած արիւնը մեկ մեթր բարձրութեան կը հասնէր և տակաւին հոն էր այն փայտի կոճղը, որուն վրայ դնելով կտրած էին այդ անմեղ նահատակներու գլուխները:
Սիրտս փղցկուեցավ և ես զինքս դուրս նետեցի, ինչու որ ինձ հետ շատ մը կիներ ներս մտեր էին, որոնցմէ ոմանք իրենց սիրելիներու մէկ թաշկինակը և կամ գուլպա մը և կամ այս տեսակ չնչին առարկայ մը կը գտնէին ու աղէկտուր վայնասուններ կը բարձրացնէին:

Այդ աննախընթաց գիշերը մինչեւ առաւօտեան արշալույսին Հայ և Հույն տուներու մեծամասնութիւնը ամայացած էր իր բնակիչներէն. այրերը հավաքուած էին «կարմիր խոնաղը», իսկ կիները (ի հարկէ, մեծ մասամբ խոշտանգուած), աղջիկներն ու մանուկներն ալ՝ Մարզուանի թափուր մնացած ֆրանսիական աղջկանց վարժարանին մէջ:
Լավ բախտի բերումով այդ գիշեր մեր տունին կարգը չէր եկած, թեև մենք ամէն վայրկեան սրտատրոփ կսպասէինք անխուսափելիին:
Դժոխային ապրումներու ժամերը կը սահէին՝ առանց զգալու, որ արդէն երկուշաբթիի սև արշալույսը ծագէր էր»…

Շարունակությունը՝ հաջորդիվ…

Մարզվանից մի հատված
Facebook Comments