«… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»… (Մաս Է)

Ճշմարիտ է, որ «Անցյալի հիշողության աշտարակից լավ է երևում ապագան»:

Եվ Անցյալը զուտ «անցած դեպքերի պատմությունը» չէ՝ ամփոփված հաստափոր գրքերում:
Անցյալը՝ հատկապես Հայ ազգի համար, Հավաքական հիշողությունն է, մեր Նախնիների թողած ժառանգությունը, որը սերնդեսերունդ փոխանցվելով իմաստնացնում ու զորացնում է մեզ…
Այդ Հավաքական Հիշողությու՛նն է, որ հիշեցնում է մեզ և ուղղորդում՝ հատկապես դժվարին ժամանակներում…

Կյանքի հորձանուտներում՝ Սեբաստիայից հարկադրաբար օտար ափեր մեկնելու ճանապարհին Մարզվանում հայտնված Նշան Զորայանի հուշերից մի դրվագ ևս՝ ստորև:

«…Դժոխային ապրումներու ժամերը կը սահէին՝ առանց զգալու, որ արդէն երկուշաբթիի սև արշալույսը ծագէր էր»,- իր հուշերում պատմում է Սեբաստիայում ծնված, ճակատագրի բերմամբ Մարզվանում ժամանակավորապես հանգրվանած Նշան Զորայանը:

Շարունակելով դեպքերի շարադրանքը, նա նկարագրում է, որ նույն իրիկունը՝ ժամը 11-ից հետո Թոփալ Օսմանն իր մի քանի թիկնապահների հետ իրենց բնակարանի «քովը բնակվող Փէնփիկ անունով կնօջ տունն» էին եկել՝ «իրենց անասնական բնազդներուն գոհացում տալու դիտավորությամբ»:
«Կերևար, որ այդ կինը նախապէս լուր առած էր, քանի որ ճոխ պատրաստութիւն էր տեսած և տեսակաւոր ըմպելիքներով միասին զանազան տեսակ քաղցրեղեն և մրգեղեններ առատապէս զարդարած էր սեղանը:
Մեր գտնուած սենեակին մէջ, անշուշտ, լույս չէինք վառած, բայց իրենց սենեակին մէջը մեր պատուհանէն կը տեսնէինք»:

Եվ մի պահ իր մորեղբոր՝ Երվանդի հետ ցանկանում են այդ «հրէշին» սպանել:
«…Մօրեղբայրս իր մօտ ուներ որսի հրացան մը՝ Սենթ Էթիենի զինագործարանի «մարքայով», ինքն անվրէպ նշանառու էր և կըրնար հրացանազարկ ընելով շան սատակ սատկցնել:
Վրէժխնդրութիւնը կ’եռար մեր սիրտերուն մէջ…

Սենտ Էտիենի (Saint Étienne) զինագործարանի զենքերի նմուշներից

Բայց մտածումի մը առջեւ կանգ կառնէինք: Վախցանք, որ այդ մէկ շունը անհետացնելով, պատճառ պիտի դառնայինք ուղղակի բոլոր Հայերու կեանքերը վտանգելուն…

Թեև դուրսէն եկող վայնասունները կը լսէինք, բայց տակաւին չէինք գուշակէր ճշգրտօրէն գործադրվող վայրագութեանց տարողութիւնը:
Կ’ենթադրէինք՝ մասամբ կողոպուտի, մասամբ ալ՝ իրենց գազանային կիրքերը հագեցնելու ձեռնարկներ կրնան եղած ըլլալ:
Տակաւին չէինք գիտէր, թէ կողպած տուներու բնակչութիւնը ամբողջութեամբ տարուած էր սպանդանոց:
Այդ իսկ պատճառով էլ վերջնական որոշումի մը չի կրցանք հանգիլ՝ պատասխանատվութեան ծանրութենէն վախնալով:

Ափսոս, որ բուն էութիւնը երկուշաբթի օրը միայն հասկցանք, եթէ ոչ՝ այդ ավազակապէտը սատկցնել տեղն ու տեղ՝ գրեթէ հարիւրին հարիւր մեր ձեռքին էր:
Ուշ մնացած էինք, «որսը ձեռքերնուս փախած էր»…

Երկուշաբթի առաւօտ մինչեւ ժամը ինը փողոցները չէթա չի կար, բայց քաղաքին թուրքերը, մանաւանդ՝ նախորդ պատերազմին «մահաճիրները» (տեղահան եղող թուրքերը), պարպուած տուներու գույքերու կողոպուտով բեռնավորված՝ մժեղներու նման կը կրէին իրենց տուները:
Նույն ատէն, տակաւին չի բացված տուներու առջեւներէն անցած ատեննին, չէին մոռնար իրենց սպառնական հայհոյութիւնները՝ բացէիբաց հայտնելով, որ քիչ ատենէն անոնց ալ կարգը պիտի գար:
Մանաւանդ, գլխաւոր խոսքերնին այս էր.

«Հայե՛ր, հիմա՛ մօրեղբայրնիդ Անգլիայէն թող գայ ու փրկէ՛ ձեզ մեր ձեռքէն, հիմա կարգը մերն է՝ հաշիվ պահանջել ձեզմէ:
Երբ անգլիացիները հոս էին, դուք կարծեցիք, թէ հո՞ս պիտի մնային, այժմ կը տեսնվինք»…

Այս սպառնալիքներէն աւելի հասկցանք, որ թակարդի մէջն ինկած էինք և ազատվելու համար լույսի նշույլ մը անգամ չէր մնացած»…

Պատմելով, թե ինչպես «առավոտյան գործողություններն» վերսկսվեցին «պաշտոնական շրջանակներում հայտնի» մեծահարուստ մի հույնի տան պաշարմամբ ու վերջինիս դիմադրությանն ի պատասխան՝ ողջ տան հրկիզմամբ (սիրված լինելով նույնիսկ թրքական շրջանակներում, անխոհեմաբար օր առաջ նա փախուստի չէր դիմել ու իր ազգակից հույների հետ չէր բարձրացել — պատսպարվել լեռներում), հավելում է, որ հետո իմացել են, որ հույն տանտերը հրդեհի կրակներից դուրս ցատկելով քաջաբար կռվել է, սակայն հրացանի զարկով սպանել են ու դիակը նետել «խարույկի մեջ՝ իր սիրելի ընտանիքի՝ արդեն մոխրացած աճյուններին խառնելով»:

«Հրդեհը հասավ իմ շաքարագործութեան խանութս, և ահա կրակը անանկ սաստկացավ, որ մուխն ու բոցերը կանաչ — կարմիր գույներով սկսան մինչև երկինք բարձրանալ:
Կինս, երբ նշմարեց, որ մեր խանութն ալ կը վառէր, սաստիկ տխրութիւն մը պատեց վրան ու կուլար:
Ստիպեցայ զայն մխիթարել և համոզել, որ նիւթական կորուստի վրայ երբե՛ք չի տխրի ու ափսոսայ: Ըսի՝ «Աղօթէ՛, որ միայն հոգիի՛ կորուստ չունենանք, մնացածը՝ ոչինչ, կարող ենք, եթէ ողջ մնացինք, դարձեա՛լ շահիլ: Մտածենք ու աշխատենք հոգինի՛ս փրկել»:

Նշան Զորայանն իր ընտանիքով

Այդ օրը, մինչեւ կէսօրէն վէրջ, ժամը երկուք, մեր տունին տակաւին յարձակում գործելու կարգը չեկավ: Թուրք խուժանը և չէթաները ավելի զբաղուած էին կրակ ելած կողմը՝ թէ՛ կողոպուտի և թէ՛ սպանութեան գործերով:
Թէ քանի նոր բռնուած մարդիկ ողջ-ողջ կրակը նետէր էին՝ հաշիվը չի կայ, միայն թէ ջարդէն վերջ ականատես կիներ պատմեցին, որ շատերու կարգին Քէպապչի Մելքոնը ևս բռնէր էին ու նոյնպէս կրակին մէջ նետէր: Սակայն այս մարդը՝ ֆիզիկականով կորովի ըլլալով, երկու անգամ կրցէր էր ինքզինքը կրակին մէջէն դուրս նետել:
Խուժանը՝ ասիկա նկատելով, երրորդ անգամին հրացանով զարկէր ու վիրավորէր էին ու դարձեալ այդ վիճակով նետէր էին կրակին մէջ՝ այլեւս մնացէր ու վառէր էր:
Երբ կէսօրէն վէրջ դարձեալ վերսկսավ նախճիրը, տեսանք, որ այլեւս անխուսափելին մէզի ալ պիտի պատահի:
Դիմադրական փորձ մը ընել՝ պարապ բան պիտի ըլլար, քանի որ միայն որսի հրացան մը ունէր մօրեղբայրս, բայց վառօդ ու կապար՝ հազիւ երկու-երեք անգամ գործածելու չնչին քանակութեամբ միայն:
Նկատելով, որ այլեւս ուրիշ ճար չի կար, ստիպուած եղանք որոշել, որ թաքնվինք կարելի եղածին չափ:
Մօրեղբայրս նախընտրեց մէզի դրացի Կարապետ աղայենց տունը երթալ, որ երկու չափահաս զավակներ ուներ, թերեւս հաւատցած էր, որ այդ մարդը ազդեցիկ թուրք բարեկամներ ունի ու կարելի էր ինքը անվնաս պիտի մնար:

Մարզվանի փողոցներից մեկում, ուր Հայերն էին ապրում

Ես ու սանիկս՝ Երվանտը, ելանք մեր տունի վրայի ձեղնայարկերը:
Այդտեղի տուներու ձեղնայարկերը բոլորը մեկը մյուսին կից անանկ մը շինուած էին, որ թաղին մէկ ծայրի տունէն մինչեւ միւս ծայրը անարգել հնարաւոր է անցնիլ:
Կիները չուզեցին մեզ միանալ. վախենալով, որ եթէ շատվոր ըլլայինք՝ բոլորս ալ կրնայինք ձեռք անցնիլ: Համոզելու ժամանակ չէր մնացած և անոնք մեզ ստիպեցին, որ շուտ պահուինք:
«Մենք,- ըսին,- կին մարդիկ ենք, թերեւս մեզի չեն սպանէր, բայց եթէ դուք չի պահվիք, անկասկած, կսպանէն»:
Հազիվ վեր ելեր էինք, կինս, մօրեղբօրս քույրը՝ տիկին Մայրենին, սանիկիս կինը և տանտիրօջս աղջիկը՝ օրիօրդ Նուարդը, միտքերնուն մէջ ծրագիր մը կը հղանան և անմիջապէս գործադրութեան կը դնեն: Յուրաքանչյուրն իրենց տուներուն մէջ աչքի զարնուելիք՝ գորգ, կարպետ, հագուստեղէն և ճերմակեղէն ու անկեց վէրջ ինչ որ ձեռքերնին կը հանդիպի՝ բակը գտնուած ջրհորը նետել, որ ջուրին տակը մնայ ու թշնամուն ձեռքը չանցնի:

Այդ աշխատանքէն քիչ յետոյ տիկինս վեր եկավ՝ ծրար մը ճերմակեղէնով մի քիչ ուտելիք և պզտիկ աման մ’ ալ ջուր բերելով, ինչը որ մենք չէինք մտածէր:
Հազիվ մեր քովէն վար իջավ և ահա՛, փոթորիկը պայթեցավ մեր տան գլխին, ու տասնի չափ՝ ոտքէն մինչև գլուխ զինված հրէշատիպ չէթաներ ու անոնց ետեւէն ալ անհաշիվ թուրք կողոպտիչներ մերիններուն ստիպեցին, որ դուռները բանան՝ սպառնալով հակառակ պարագային խորտակել դուռները:

Տանտիրուհինիս՝ տիկին Հէքիմեան Պայծառը, որ տարիքավոր ծեր կին մ’էր, գնաց փողոցին դուռը բացավ:
Չէթաները իսկույն բակը լեցվեցան. բայց նախապէս արգելեցին խուժանին հետերնին ներս մտնել, որոնք անհամբեր էին տունը վարի տալու:

Տիկին Մայրենին, կինս և տիկին Սիրանուշը սանդուխին գլուխը կեցած էին, և մեր տունի շունը կը պաշտպաներ սանդուխը՝ հրէշատիպ չէթաներէն:
Բակը միայն տանտիրուհին չէթաներուն քովն էր, որոնք անտաշ խոսակցութիւններ կընէին:
Այս խոսուածքներէն օրիորդ Նուարդը կը կասկածի, որ կրնան պատվոյ բռնաբարում կատարել և մեր՝ վերը պահվելէն տեղեակ ըլլալով, փախավ և մեր քօվն ապաստանեցավ:

Իրականին մէջ, իրավ ալ, եթէ խեղճ աղջիկը ձեռքն անցնէր այդ վայրենիներու…
Աղջկան զգացած վախը տեղին էր. քսանէն քիչ մը անց գեղեցիկ օրիորդ մ’էր ան ու այդ շուներն ալ այդ տեսակ ծաղկատի աղջիկներ կը փնտրէին՝ իրենց գազանական կիրքերուն հագուրդ տալու:

Խեղճ մայրն ալ զգացէր էր սպառնացող վտանգը, բայց անգիտակ էր անոր փախուստ տալէն, կը ջանար և կը համոզէր, որ իրենց տան մէջ փնտրուածնուն համապատասխան աղջիկ չի կայ:
Բայց անոնք կնոջը և մերիններուն ուղղելով իրենց հրամանը, նախ պահանջեցին, որ շունը զսպեն՝ իրենց արգելք մը չըլլալու համար, յետոյ ազդարարեցին,որ տունին մէջ գտնուած բոլոր անձերը բակը իջնան, հակառակ պարագային՝ տունին մէջ պահուիլ փորձողները տեղն ու տեղը պիտի սպանվին:
Այս սպառնալիքը մենք ականջովնուս կը լսէինք ու մեր սրտերը կը տրոփէին վերահաս վտանգին առջեւ:
Այս հրամանէն պարտադրված՝ բակը իջան ու հավաքվեցան:
Տիկինս՝ իր մեկ տարեկան պզտիկովը, սանուհիս՝ տիկին Սիրանուշը՝ նույնպես իր պզտիկովը, տիկին Մայրենին, որ մօրեղբօրս քույրն էր (ամուսինը կորսնցուցած ընդհ. պատերազմին), մեյ մ’ալ՝ տանտիրուհին: Թիվով՝ վեց հոգի:
Հարցուցեր են, թէ ուրիշ մարդ չի կա՞յ այս տունին մէջ, էրիկմարդիկը ու՞ր են:
Տիկինս ստեր էր՝ ըսելով, որ իմ ամուսինս առեւտրական ըլլալով այս օրերս Սամսուն կը գտնվի՝ առեւտրական գործերով:
Տիկին Սիրանուշն ալ ըսէր է, որ՝ «Իմ ալ մարդը երեկ երեկոյան դեմ շուկայ գնաց՝ տունին համար գնումներ ընելու և մինչև հիմա չի վերադարձավ»:
Անօր տված պատասխանին ավելի շատ համոզվէր էին. կերեւի խորհէր են, թէ անշուշտ ձերբակալված է, սակայն կը սպառնան, որ եթէ սուտ խօսած է՝ տունի մէջ գտնելու պարագային պիտի սպանեն իր աչքերուն առջեւ:

Տիկինս, թեև շատ կը վախնայ, սակայն ինքզինքը կը զսպի և հայտնի չի ըներ ներքին խռովքը ու կըսէ, որ՝ «Եթէ ինծի չեք հավատար, տուներնուս տիրօջը կամ դրացիներուն հարցուցեք»:
Այս խոսքին վրայ այլևս երկար-բարակ չհարցապնդեցին ու մէջէրնուն երեքը ներկայ գտնվողները առաջին խառնեցին ու տարին:
Ու՞ր տարին՝ այդ մենք չէինք գիտեր:
Եթէ պիտի սպանէին՝ բակին մէջն ինչու՞ չսպանեցին…

Ես ու ընկերս միտքով խորհուրդներ կը պտտցունէինք, թեև իրարու բան չէինք ըսէր, քանի որ քովերնիս օրիորդ մը կար:
Բանականութիւննիս գրեթէ կորսնցուցէր էինք, մեզի սպառնացող վտանգի մասին միտքերնուս բան մը չէր անցներ:
Սակայն օրիօրդ Նուարդը՝ նկատելով մեր տունի կացութիւնը և մեր կսկծին տակ ընկճուած դրութիւնը, մեզի ազդարարեց, որ կեցած տեղերնիս պէտք չէ մնանք, քանի որ մնացող չէթաները և դուրսի թուրք խուժանը ներս մտած էր:
Որոշեցինք անմիջապէս ուրիշ պարպված տուներու ամենահեռու ձեղնայարկերը տեղափոխվիլ՝ այսպէսով, թերեւս, աննշմար մնալու համար»…

Շարունակությունը՝ հաջորդիվ…