«… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»… (Մաս Ը)

Մարզվանից մի տեսարան, ուր նաև Մարզվանի հայտնի Հայ լուսանկարիչ Ցոլակ Դիլդիլյանի տունն ու աշխատանոցն են, խորքում՝ «Անատոլիա կրթարանը» (քոլեջը): Լուսանկարը՝ Արմեն Ցոլակ Դիլդիլյանից:

«…Գարուն էր: Ամառ եկավ,
Ձագ հանեց ձորում կաքավ»,- սրտի կսկիծով գրում էր Պարույր Սևակը՝ հիշեցնելով 1915 -ը:
…«Ա՜խ, ինչպե՞ս, ո՞նց մոռանալ
Արհավիրքն այն օրերի»…
1921-ի ամռանն էլ Մարզվանի Հայության համար տարիներ առաջվա մղձավանջն էր կրկնվում… Եվ ճակատագրի հեգնանքով այդ օրերին Մարզվանում էր 1915-ին Սեբաստացի մի մեծ ընտանիքի 11 անդամներից վերապրած միակ զավակը՝ Նշան Զորայանը՝ իր կնոջ ու նորածին որդու հետ:
Նրա հուշերից քաղված մի հատված ևս՝ ստորև (սկիզբը՝ նախորդ հրապարակումներում)…

«Մեկ տան մեջ պարփակուած չորս ընտանիքներու ընդհանուր կողոպուտը կէս ժամ ալ չէր տևած, և խուժանն ու չէթաները քաշուած էին մեր տունէն՝ ուրիշ, մնացած տուներ ալ նույն բախտին ենթարկելու:
Մօտաւորապէս ժամ մը անցած էր մեր տունը կողոպտելէն, տեսայ, որ Երուանտը անհամբերութեան նշաններ ցույց կուտայ երթալ և անգամ մը աչք պտտացնել մեր տուներուն վրայ:
Ես շատ հակառակեցայ իրեն, որ տեղին չի շարժվի առայժմ, տակաւին շատ վտանգաւոր էր տուն իջնալը: Ես ու Նուարդը աղաչեցինք, սակայն չուզէր մեզ մտիկ ընել ու միայն խոստացավ, որ զգույշ պիտի ըլլար»…

…«Գնաց և այլևս չվերադարձավ:
Հազիվ տուն իջած՝ նշմարուած էր թուրքերէ, որոնք տունէն դուրս քաշելով, փողոցին մէջն իսկ սպաննէր էին զինքը:
Մենք լուր չունէինք, բայց սպասումէ՝ վերադարձը ուշանալուն եզրակացուցինք, որ անպայման գլուխին փորձանք եկած էր:
Անօր եղերականին մանրամասնօրէն պիտի իմանայինք ջարդէն վերջ, թուրք դրացիէ մը»…

…«Այդ օրուն մինչև երեկո բոլոր Հայ և Հույն տուները դատարկուած էին իրենց բնակիչներէն ու գույքերէն:
Արիւնարբու չէթաներ և թուրք խուժանը կատարել էր իրենց սադայելական խրախճանքը:
Մենք այլեւս դուրսի անցած-դարձածէն տեղեկութիւն չունէինք, միայն վայրենիներու ժխորն էր, որ կը լսէինք մեր թաքնված տեղէն:

Այսպէս երեկոյ եղաւ այդ չարաբաստիկ օրը և մութը կօխելէն վէրջ քաղաքը խոր լռութեան մէջ թաղուեցավ:
Բորենիները իրենց որջերը քաշուած էին, օրուան «սխրագործութիւններէն» հոգնած, շարունակելու համար նախճիրը յաջորդ առաւօտեան:
Կրկին վերադարձանք մեր տունին ձեղնայարկը, բայց անկարելի եղավ աչքերնիս գոցել մինչև առաւօտ:
Նույն օրուան սոսկալի անցուդարձերու զարհուրանքը տիրապետէր էր վրանիս, մեր տեսած ահավոր պատկերները շարան-շարան կուգային մեր աչքերնուն առջեւէն անցնելու և մեր սարսափը կրկնապատկելու:

Երեքշաբթի

Այս գիշերը լուսացուցինք այսպէս անհամար սև մտածումներով, անցեալ մեծ պատերազմի դրուագները մէկիկ-մէկիկ ներկայացան մտքիս ու աչքերուս առջև:
Մեր տասն և մեկ հոգիէ բաղկացեալ ընտանիքէն միայն ես էի ողջ մնացէր և կ’ ափսօսայի, թէ ինչու՞ այդ պատմութեան մէջ աննախընթաց արհավիրքները մեզ՝ մնացող Հայերուս դաս չէր եղեր ու զինադադարէն վէրջ տակաւին համառէր էինք կառչելու և մեր կործանված տուները վերանորոգելու տխմար կամակորութեամբ:

Չէ՞որ մեր երկրին տիրապետող տարրը բորենի թուրքերն էին, որոնք կրնային օձի նման խայթել, երբ առիթը ներկայանար: Մնացած Հայերս այլևս ի՞նչ թիվ կը ներկայացնէինք, որպէսզի կարող ըլլայինք պաշտպանել մենք մեզի:

Քանի որ չէինք կրնար մեր ունեցած իրաւունքներն իրականացնել, հապա ինչու՞ տգէտօրէն մնացէր էինք այն Հողին վրայ, որուն ամէն մէկ թիզը թրջուած էր մեր Նախնիներու, մեր ծնողներու, քույր և եղբայրներու արիւնովը:

Ազգովին ամբողջ նահատակուէր էինք արդէն և տակաւին չէինք խրատվել անցեալի դասերէն:
Կխորհէի, թէ չէի կրցեր տրամաբանել ժամանակին ազատվելու այդ գեհենի երկրէն:

Անցեալին մասին խորհիլն այլեւս անօգուտ էր և կսպասէի ներկայ վտանգին վերջաւորութեան: Արդէն կինս ու զավակս տարած էին, չէի գիտէր՝ ու՞ր, ո՞ղջ էին տակաւին, թէ՞ նահատակված:
Եթէ մեռած էին, այլևս ինչի՞ պիտի ծառայէր իմ ողջ մնալս, այդ պարագային կեանքը ինձի համար յաւիտենական չարչարանք մը եղած պիտի ըլլար խղճի ձայնին առաջ, որ չէի կրցել պաշտպանել զանոնք իմ անձս վտանգելով և դասալիք զինւորի նման ձգեր էի կռվի ճակատը ու թաքստոց քաշվէր…
Կ’ափսօսայի ես իմ վրայ, թէ ինչու՞ անոնց հետ միասին մեզի վիճակված ճակատագրին չի համակերպեցայ ու խաբուեցայ կնօջս գուրգուրանքին, թախանձանքին, որ կ’աղէրսէր զիս թաքնուել, ըսելով, թէ՝ «Մեզ՝ կիներուս թերևս հոգիի վտանգ չի ըլլայ, դու՛ք պէտք է պահվիք ու ազատեք ձեր կեանքը»:

Առաւօտեան չէթաները ոտքի էին ու թուրքերին հետ պարպված տուներու ամէն ծակ ու ծուկը մանրակրկիտ կը քննէին՝ նոր պահված անձերի փնտրելու:
Կային, որ մեզ նման ձևով մը ճողոպրած էին:
Թաքստոցները պահված մարդիկ կը բռնէին ու փողոց հանելով՝ վայրենի կանչերով կ’սպաննէին:
Թուրք խուժանն ալ թալանի գործը կը շարունակէին և այնքան առաջ կ’երթային իրենց կողոպուտի արհեստին մեջ, որ ոչ միայն դուռ-պատուհան կը քակէին, այլեւ կովերու աղբերէն պատրաստած ու չորցրած աղբակույտերն անգամ կը կրէին ու կը տանէին իբրեւ վառելանիւթ:

Թուրք խուժանն ու լազ չէթաները ծրագրէր էին Հայոց թաղը ամբողջութեամբ կրակի տալ, որուն շնորհիվ հույս ունէին Մարզուանի Ամերիկեան Գոլէճ որբանոցն ալ հրոյ ճարակ դարձունել, որն իր մէջ Հայ որբեր ու Հայ պաշտօնէութիւն մը կը պարփակէր:

Մարզվանի Ամերիկյան կոլեջը՝ բազմաթիվ Հայ աշակերտներով և անվանի ուսուցիչներով

Ամերիկացի միսիօնէրութէնէն կը վախնային ուղղակի հարձակում գործելու:
Միսիօնէրներ և Քօլէճին պահապան չերքեզ և թուրք վճարովի պահապաններ զէնքը ձեռքին կը հսկէին շէնքին պաշտպանութեան:
Թուրքերը չէին համարձակուէր. Ամերիկացիի սպանութիւնը կրնար ավելի թանկ նստիլ իրենց վրայ, քան թէ անտէր-անտիրական ամբողջ ժողովուրդի մը բնաջնջումը:
Ուստի, Հայոց թաղը կրակելով, քոլէճն ալ թերևս անուղղակի կերպով հրոյ ճարակ դարձնելու գազանային մէթօդին դիմեցին:

Կէսօրէն վէրջ արդէն Հայոց թաղի տուներուն կրակը տրված էր, և մենք մեր թաքստոցէն կը տեսնէինք բարձրացող ծուխն ու կրակը, որ հետզհետէ կը ծավալվէր ու եթէ քանի մը ժամ տևէր, կրակին ծավալումը, անկասկած, պիտի հասներ մեր գտնված թաղին տուներն ալ մոխիրի վերածելու:

Այս երևույթին առջեւ սահմռկած էինք. քովս օրիորդը կը դողար վախէն:
Թեեւ ես ալ կը հաշվէի, որ շատ-շատ մի քանի ժամ միայն ունէինք վերահաս աղետէն զոհ երթալու, բայց պարտք կը զգայի քաջալերել զինքը՝ հուսադրելով, որ երեկոյեան մութէն առաջ կրակը չի հասնիր մէզի ու գիշերուան մութէն օգտվելով ճար մը թերևս կը գտնենք՝ վտանգի գիծէն դուրս նետվելու:
Ստիպված էինք համակերպիլ մեզ սպասող ճակատագրին…

Այդ օրը հարկ եղավ տասն անգամ տեղերնիս փոխել:
Հետախուզող չէթաները քանի՜ — քանի՜ անգամներ մեր տունը կը մտնէին՝ մարդ փնտրելու նպատակով և մինչև ձեղնահարկ կը բարձրանային ու, տեսնելով, որ ձայն-ծպտուն չի կայ, վար իջնելով կը հեռանային:
Մենք կը զարմանայինք, թէ ինչու՞ ավելի հեռու ձեղնայարկերը խուզարկելու չէին ձեռնարկեր:
Եթէ այդ ընէին, մենք, անկասկած, կորսուած էինք…
Կը վախնայի՞ն արդեօք, որ մէկէն զինված փախստական մը իրենց կեանքը վտանգէ:

Անգամ մը պատահեցավ, որ մեր տունին կողմէն ձայներ լսեցինք, որ չէթաներ եկած են նորէն խուզարկելու:
Ըստ սովորութեան, փախանք ուրիշ կողմեր. տակաւին ձեղնայարկերու ամէն կողմի ծակուծուկերը ճանչցած և ուսումնասիրած չէի և հապճեպ փախուստի միջոցին գացի ընկայ այնպիսի տունի մը ձեղնահարկը, որու սենեակին առաստաղը տախտակված ու ծածկված չէ եղեր, միայն իրարմէ կէս-կէս մէտր հեռավորութեամբ ձողիկներ ուներ:
Հազիվ հոս էի հասեր, մեկ մ’ալ թուրք խուժանի ահագին բազմութիւն մը լեցվեցավ սենեակը՝ կողոպուտի ու մարդ փնտրելու դիտավորութեամբ:
Այդ տեղէն փախչիլ և կամ շարժում մը փորձել այլեւս անկարելի էր և ներկայութիւնս պիտի մատնվէր:
Հուսահատ այլևս ծայրի ձողիկի վրայ կռնակս պատին տված՝ անշարժ մնալու դատապարտված էի և վայրկեանէ — վայրկեան սրտատրոփ ձերբակալումս կ’սպասէի»…

Մարզվանի «Անատոլիա» կրթարանը
Facebook Comments