«… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»… (Մաս Թ)

Իր այգիներով ու առողջարար օդ ու ջրով հայտնի Մարզվանը՝ Փոքր Հայքի Սեբաստիայի նահանգի Ամասիայի գավառում, Մարզվանի գավառակում, վերջինիս կենտրոնն էր, ուր ավելի քան 500 Հայ պղնձագործներ կային, որոնց ձեռքի աշխատանքներն արտահանվում էին հեռավոր վայրեր: Այստեղ տարածված էր նաև բամբակեղեն գործվածքների առևտուրը:
Մարզվանում գործում էին Հայոց կրթական բազմաթիվ հաստատություններ՝ Ազգային ճեմարանը, Սահակյան ու Հռիփսիմյան դպրոցները, «Կրթասիրաց միություն» մշակութային ընկերությունը, լույս էին տեսնում մի քանի պարբերականներ («Զեփյուռ», «Արուսյակ», «Հայկունի», «Բողբոջ», «Նոր այգ»):

Մարզվանի Հայությունն էլ նույն ճակատագիրն ունեցավ, ինչ Արևմտյան Հայաստանի մյուս շրջաններում բնակվողները՝ 1894-96 թվականների համիդյան կոտորածների ժամանակ, 1915-ի ցեղասպանության տարիներին:
1921 թվականի հուլիսին ևս այստեղ սարսափելի վայրագությունների մի փոթորիկ պայթեց, որի ականատեսն էր ծնունդով Սեբաստիայից Նշան Զորայանը:
Շարունակելով նախորդ հրապարակումներում ներկայացված պատմությունը, նրա հուշերից քաղված մի հատված ևս՝ ստորև…

«Հուսահատ այլևս ծայրի ձողիկի վրայ կռնակս պատին տված՝ անշարժ մնալու դատապարտված էի և վայրկեանէ – վայրկեան սրտատրոփ ձերբակալումս կ’սպասէի:
Հակառակ այդ բազմաթիվ խուժանին ներկայութեան, որ այդ պարապ սենեակը լեցուած կը խուզարկէր բան մը գտնելու՝ կարծէս բոլորին աչքերը կուրացած ու կապուած էին և չէի հասկնար, թէ ինչու՞ իրենցմէ և ոչ մին դէպի ձեղունները չէր նայէր՝ ձեռքերնին միայն վեր երկարելով զիս վար քաշելու…
Շունչս բռնուած կը սպասէի, իսկ անոնք կ’երևի բնավ չէին երևակայէր, որ այդ վրան բաց ձեղունին վրայ կանգնած՝ հոգեվարքի վայրկեաններ կանցնեն իրենց վերև (պէտք է ըսեմ, որ փախուստի պարագային միշտ ես և օրիորդ Նուարդը իրարմէ զատ տեղեր կ’էրթայինք, որպէսզի թէ փախնիլը դյուրին ըլլայ և բռնուելիք պարագայուն գէթ մեկ անձ ողջ մնայ):

Այո՛, կընդունիմ, որ Հրաշքին մեծագույնը կատարուեցավ:

Խուժանը, տեսնելով, որ իրենց մտած սենեակը տակաւին շինութիւնը չի վէրջացած, կիսավարտ, դատարկ սենեակ մըն է, նույնիսկ՝ առանց առաստաղի, միայն հարևանցի ակնարկ մը նետեցին իրենց չորս կողմը և քանի մը վայրկեան վէրջ հեռացան:

Երկար շունչ մը քաշելով՝ անմիջապէս հեռացայ այդ վտանգաւոր դիրքէն ու տեղս վերադարձայ. քիչ հետոյ Նուարդն ալ եկավ ու գտանք զիրար:
Մինչ դուրսը այս զարհուրելի գործողութիւնները տեղի կ’ունենային՝ զարմանքով տեսայ և մտիկ կընէի՝ մեր թուրք դրացին կը կշտամբէր՝ հանդէպ թուրք խուժանին ու չէթաներուն ուղղված: Բացէիբաց երեսնուն կը զարնէր ու կը պօռար, թէ իրենց գործած արարքնին սուրբ Ղուրանին հակառակ է»…

Ու զարմացած «խղճամիտ հարևանի» արարքից՝ նշում է, որ նա 1914-1918 թվականների պատերազմի ժամանակ ռուսների կողմից Էրզրումը (Կարինը) գրավելուց հետո այնտեղից տեղափոխված ու Մարզվանում հաստատված «առաջացած տարիքով քաղաքապահ աղայ» էր, որն ապրում էր իր կնոջ ու 7-8 տարեկան թոռնիկի հետ»:

«… Թաքստոցիս մէջ փակված՝ դուրսի անցած սահմռկեցուցիչ դրվագներէն բոլորովին անտեղեակ էի: Միայն թէ կզգայի, որ գործառած նախճիրը աննախընթաց է, և թերևս միայն մենք երկուքս տակաւին ողջ մնացած ենք և մէզի ալ ուշ կամ կանուխ միևնույն բախտը վիճակված է՝ երթալ խառնվելու մեր անհամար նահատակներուն…

Մարզվան, 1909 թ., «Անատոլիա քոլեջի» Հայ ուսանողները։ (Լուսանկարը՝ «Յուշամատեան»-ից)

Ահա այդ օրվան կատարված գործողութեանց մի քանի կարևոր անցքերը՝ հարևանցի ակնարկով մը:
Անցեալ կիրակի գիշերին և երկուշաբթի օրվա ցերեկվան ձերբակալված բոլոր Հայ էրիկ-մարդիկ «Կարմիր խօնախ» կոչված շենքին մէջ ու պարտեզը լեցուցէր են՝ բոլորին թևերը կապված:
Անոնց թիվը 1400 -1500 կը հասնէր գտնված էրիկմարդ Հայոց 1800 -ի վրայ և կրակներու մէջ նետված ու նահատակված էին:

Մարզվանի Հայկական վարժարանի աշակերտուհիները՝ իրենց դաստիարակի հետ (Նուբարյան գրադարանի հավաքածուից վերցված լուսանկարը՝ «Յուշամատեան»-ից)

Հայ իգական սեռը՝ կնիկմարդ աղջիկ ու անչափահաս պզտիկներ, հավաքված ու ամենը լցված էին Մարզուանի ֆրանսիական աղջկանց դպրոցի մեծ շենքը, որը թափուր էր, ինչու որ ֆրանսիացի միսիօնէրները ձգած հեռացած էին:

Երկուշաբթի ցերեկին «Կարմիր խօնախին» մէջ հավաքվածները մէկիկ-մէկիկ կապված դուրս հաներ և կանուխէն իսկ անմարդաբնակ տան մը ընդարձակ գետնափորը իջեցնելով՝ փայտէ կոճղի մը վրայ գլխատեր էին՝ սպանդանոց տարված ոչխարներու նման»:

Մարզվանից աքսորված ու մի քանի ժամ հեռավորության վրա գտնվող ճահճի մեջ սպանված 50-ից ոչ ավելի հույն տղամարդկանց մասին նշելուց հետո, Նշան Զորայանը շարունակում է.
«Նույն օրը Հայոց թաղը կրակի տրված էր, որը ժամանակ մը կսպառնար մեր թաքնված տունին ալ մոտենալ, բայց իրիկվան դեմ հովին ուղղութիւնը փոխվելով Հայոց թաղէն՝ թուրքերուն թաղերը սկսան հրոյ ճարակ դառնալ:
Հայոց թաղէն տրուած կրակը հազիվ 30-էն 40-ի չափ տուներ այրած էր:
Մինչդեռ երբ կրակը թուրքերու թաղերը դարձավ՝ հովին սաստկանալէն աստիճանաբար իրարու ետևէ սկսան բռնկիլ թուրքական թաղերը:
Գիշերվան այդ հրդեհին հետևանքով իրարանցումը աննկարագրելի էր:
Քաղաքին ամբողջ թուրքերը ոտքի էին, մեծամասնութիւնը իր տուներուն սպառնացող վտանգէն մղված՝ տուներու կահկարասիները կը փախցնէին, և ամէն թուրք տէր կը կանգնէր արդէն պարպված Հայի կամ հույնի մը տան՝ հոն փոխադրելով իրենց կրցած ազատած գույքերը՝ ի վէրջոյ այդ տանը տիրանալու հավանականութեամբ: Աղետէն հեռու թուրքեր կօգնէին անոնց փոխադրութեան գործին»…

Չորեքշաբթի

Այս հանգամանքներով բացվեցավ առավոտը: Այս ցերեկը, բաղդատաբար նախորդ երկու օրերուն, մեզ համար ավելի թեթև անցավ, ինչու որ թուրքերն այլևս ո՛չ թալանելիք կարևոր բան ձգած էին և ո՛չ ալ կը կարծէին, թէ տակաւին ողջ մնացած մարդիկ մնացած ըլլան: Սակայն գաղթական թուրքերու լաճեր դարձեալ ել ու մուտք կը գործէին ամէն տան մէջ՝ հուսալով վէրջապէս բաներ մը կրնային գտնել թալանելիք: Ու եթէ բան մ’ալ չի գտնէին՝ ապակիներով պատուհաններու փեղկերը կը պոկէին և ապակիներով միասին կը տանէին:
Կառավարութեան կողմէ կառքեր տրամադրած էին՝ փողոցներու մէջ սպանվածներու դիակները ժողվելու ու լցնելու խոշոր ու միակ փոսի մը մէջ, որը ամէնուն հասարակաց գերեզմանը պիտի դառնար:
Գալով մեր երկուքին՝ մեր թաքստոցին մէջ մենք ծարաւէն կը տառապէինք, թեև քովերնիս կտոր մը ուտելիք և պզտիկ աման ջուր ունեցած էինք, բայց նախորդ երկու օրերու ընթացքին ջուրը բոլորովին սպառած էր հունիս այդ տօթակէզ օրերուն, որուն միացած էր հրդեհին պատճառած տաքութիւնն ալ, մեր կոկորդները չորցած, լէզունիս քիմքերնուս կը փակէր, անկարելի էր տոկալ ծարավի տառապանքին:
Երեք օրեր առանց աչքերնիս փակելու և բերաննիս պատառ մը սննդեղեն դնելու դիմացէր էինք, բայց պէտք էր ճար մը խօրհէինք՝ այդ անդիմադրելի պէտքին գոհացում տալու:
Ուստի օրիորդին հայտնեցի միտքս, թէ վար պէտք է իջնեմ և ամէն գնով ջուր ճարեմ՝ մեր պապակին հագուրդ տալու:

Օրիորդը ուզեց զիս համոզել, որ այդ մտադրութենէս ետ կենամ՝ վախնալով, որ փորձանք մը կրնար ըլլալ և այդ պարագային այլևս ինքն ալ չպիտի ունենար ինքզինքը պաշտպանելու քաջութիւնը:
Կը տեսնէի՝ ծարավէն մարելու նշաններ ցույց կուտար, ինչ որ վտանգավոր կրնար ըլլալ տեղէ-տեղ փախուստի պարագային: Մանաւանդ, սիրտս ալ չէր դիմանար այդ աղջկան կրած տառապանքին, քանի որ առաջին անգամն էր, որ այս տեսակ վտանգի մը մէջ կը գտնվէր իր կեանքին ընթացքին: (Մեծ պատերազմի ընթացքին իրենց ընտանիքը տեղահանված չէր՝ շնորհիվ իրենց կերուցած մեծագումար կաշառքին, ինչպէս ուրիշ շատ մը հարուստ Մարզուանցի Հայ ընտանիքներ նույն միջոցով մնացած էին):

Ապսպրեցի իրեն, որ եթէ իմ բացակայության պարագային վտանգ մը նշմարէ, անմիջապէս հեռանայ և ուրիշ կողմ մը պահվի՝ ըստ սովորութեան:
Ես պարապ ջուրի ամանը առի և մեր դրացիի բակը իջայ: Այդ բակին մէջ վազող անուշ ջրի ակ մը կար և ավելի դյուրին էր հոն իջնալը, քան թէ մեր բակը իջնալ ու ջրհորին ջուրը ունենալը:
Հազիւ թէ թաքստոցէն վար իջայ և ամանը ձեռքս պիտի մօտենայի ակին՝ մեյ մ’ալ փողոցի դուռը բացվեցավ, ու երկու մարդիկ՝ ուսերնին մէկ-մէկ փաթեթ, ներս ինկան:
Ես սարսափահար պատին մնացի՝ ամանը՝ ձեռքիս, կռնակս պատին տված: Չէի կրնար ետ փախչիլ, վախնալով, որ շշուկ մը հանած պարագայիս ես ինքզինքս կրնամ մատնել:

Ճիշտ և ճիշտ դիմացնին կը գտնվէի՝ հազիվ երեսուն քայլ հեռաւորութեան մը վրայ և եթէ դիմացնին նայած ըլլային, անկասկած, ինծի կրնային տեսնել, ինչու որ մօտերս ծածկվելու որևէ տեղ մը չի կար»…

Facebook Comments