ԵՐԲ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻ ԴՐՎԱԳԻՆ ԵՆ ՄԻԱՅՆ ԾԱՆՈԹ…

Մարդիկ, ժողովուրդները հազարամյակների ընթացքում ճշմարտության որոնումների տարբեր ճանապարհներ են անցել՝ զանազան իմաստասիրական դպրոցներով, կրոնական ուղղություններով…
Յուրաքանչյուրն իրականությունն ընկալում է իր ըմբռնմամբ՝ սեփական հնարավորությունների սահմանում:
Հաճախ մատուցվող խեղաթյուրված, «ծուռ հայելիներով» կամ մասնակիորեն ներկայացվող «ճշմարտություններն» աղավաղում են իրականությունն ու խաթարում նրա ճիշտ ըմբռնումը՝ ապակողմնորոշելով մարդկանց…
Արդյունքում այսօրվա իրավիճակն է Հայաստանում, ինչպես և աշխարհի բազմաթիվ այլ երկրներում:

Արևելյան մի պատմություն, որի հնագույն օրինակը ն.թ.ա. 5-րդ դարից է գալիս ու մի քանի տարբերակներով պատմվում է դարեդար, լավագույնս ի ցույց է դնում «երևացող ու աներևույթ» իրականության մի դրվագի ծանոթությամբ ամբողջի մասին պատկերացում կազմելու «որոգայթները», երբ յուրաքանչյուրն ի՛ր «ճշմարտությունն» է բարձրաձայնում՝ իրականից անտեղյակ (նման հազարավոր «մեկնաբանների ու վերլուծաբանների», որոնք Հայաստանի իրավիճակը քննարկում են՝ պատճառն ու հետևանքն անտեսելով, խնդիրը դիտարկելով միայն մասնակիորեն)…

«Կույրերն ու փիղը» այլաբանորեն ներկայացնում է ամբողջությունը չտեսնողի՝ փակ աչքերով միայն մի հատվածը շոշափելով արված ճշմարտանման գուշակումների հետևանքը՝ նյութի, խնդրի թերի պատկերացումը, որը բանավեճի տեղիք է տալիս…

Փակ աչքերով, կուրորեն՝ միայն շոշափելով, պետք է առաջին անգամ փղի մասին իրենց պատկերացումը նկարագրեն երբեք փիղ չտեսած վեց մարդ:

Առաջինը մոտենում է կենդանու ծավալուն ու ամուր կողին ու բացականչում.
«Փիղը պատի՛ նման է»:
Երկրորդը՝ ժանիքը շոշափելուց հետո, գոչում է.
«Կլորավուն, հարթ ու սուր. ըստ իս, փիղը նիզակի՛ է նման»:
Երրորդը մոտենում է կենդանուն ու, կնճիթը շոշափելով, ասում.
«Ինձ համար՝ փիղը մեծ օձի՛ նման է»:
Չորրորդը ձեռքը մեկնում է նրա ոտքի կողմն ու շոշափելուց հետո եզրակացնում, որ փիղը ծառի՛ նման է:
Հինգերորդը՝ փղի ականջը շոշափելով, համոզվում է, որ այն մեծ հովհարի՛ է նման:
Վեցերորդը՝ օդում թափահարվող պոչը շոշափելուց հետո վստահեցնում է, որ փիղը պարանի՛ նման է:

Երկար բանավեճի ընթացքում յուրաքանչյուրն իր համոզմունքի իրավացիությունն էր փաստում:
Նրանց կարծիքները տարբեր էին, ու յուրաքանչյուրն ի՛ր տեսակետն էր համառորեն պաշտպանում…

Մի իմաստուն, որն անցնում էր այդտեղով, լսում է նրանց բուռն քննարկումն ու ասում.

«Բոլորդ էլ ճիշտ եք: Ձեր համեմատությունների ու այդքան տարբեր նկարագրությունների պատճառն այն է, որ յուրաքանչյուրդ շոշափել եք փղի մե՛կ հատվածը միայն: Իսկ այդ մասերը շատ տարբեր են:
Փիղն, իրոք, յուրաքանչյուրիդ ստացած անհատական զգացողության տպավորությունն է թողնում: Սակայն իրականում ձեզնից ոչ մեկը նրա ամբողջական նկարագրությունը ճշմարտապես չի տալիս, քանզի նրա միայն մե՛կ հատվածն է շոշափել:
Ամենքդ ճշմարտության զուտ մի մասին եք ծանոթ»…

Հազարամյակների խորքից եկող անթիվ այլաբանություններից մեկը՝ վերհիշելու, մտորելու և հետևություններ անելու համար (ու, հատկապես, իրականությունը հնարավորինս ամբողջական տեսնելու նպատակով)…

One thought on “ԵՐԲ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻ ԴՐՎԱԳԻՆ ԵՆ ՄԻԱՅՆ ԾԱՆՈԹ…

Comments are closed.