«ՀԱՅԱՑՔԸ՝ ՍԵՎԵՌԱԾ ԱՆԴՈԿԻՆ»…
«Ծովի երեսն է փրփուրը ելնում,
Փայլփլում մի պահ, իբր մարգարիտ,
Մինչ մարգարիտը խորքում է լինում,
Խորի՛ց է ծնվում գանձը ճշմարիտ:
Բայց այսպես խոսեց փրփուրն այդ մասին.
- Ինչո՞ւ տեղ չունես ծովի երեսին,
Թե մարգարիտ ես… Էլ ի՞նչ մարգարիտ,
Ե՛ս եմ Մայր ծովի գանձը ճշմարիտ,
Որ միշտ ջրերի երեսն եմ ելնում,
Ու ե՛ս եմ փայլում,
Կյանքը վայելում….
Բայց իր վայելքը երկար չտևեց,
Մի քամի ելավ, փրփուրը ցրվեց,
Հետքն էլ չմնաց ծովի երեսին…
Մինչ մարգարիտը, երբ խորքից հանվեց,
Ձեռքե-ձեռք խլվեց… «Գա՜նձ է, գա՛նձ,- ասին,-
Ահա՛ Մայր ծովի միակ փա՛ռքը մեծ»:
…Մարդիկ կան, որոնք փրփուրի նման
Միշտ կյանքի ծովի երեսն են ելնում,
Բայց խորքում որքա՜ն
Մարգարիտներ կան,
Որոնց փառքը դեռ փրփու՛րն է խլում»:
Հ. Շիրազի հիշյալ տողերը խորիմաստ են ու արդիական…
Այս բանաստեղծությունը վերհիշելու առիթը վերջերս «Յուշամատեանի» էջերից մեկում հանդիպած մի լուսանկարն էր, որում Սասունցի երեխաների մի խումբ էր՝ Գեղաշենից:
Նրանցից մեկն՝ իր լուսավոր, պայծառ, ուշագրավ կերպարով ու տպավորիչ կեցվածքով, առանձնահատուկ հետաքրքրություն առաջացրեց:
Ամիսներ անց, պատահմամբ հայտնաբերեցի նրա լուսանկարը՝ հասուն տարիքում…
Ու մտաբերեցի Հայոց մեջ տարածված՝ հնուց եկող մի ասացվածք, որ հաճախ լսում էի մանկությանս տարիներին՝ «Օրն իր առավոտից է ճանաչվում, մարդն՝ իր մանկությունից»:
Հետագայում նույնն էին կրկնում զրույցներում՝ Ցեղասպանությունից փրկվածներից ոմանք՝ իրենց հիշողությունները շարադրելիս՝ «Օրն իր առաւօտէն կը ճանաչուի, իսկ մարդն՝ իր մանկութենէն»…
«ՀԻՆ ՔԱՋ ՀԱՅՈՑ ԱԶԳԻ» զավակներից մեկի՝ Հայկազունների Արքայական, Քրմական տոհմերի ժառանգներից՝ Ղազար Սարգսյանի՝ բացառիկ նշանակության մի վկայությունն է ստորև՝ 1915-ին խիզախ ու աննկուն Սասունցիների, Մշեցիների մղած պայքարի օրերից, երբ յոթ ամիս Տարոնի ժողովուրդն ինքնապաշտպանության հերոսամարտեր էր մղում՝ գրեթե անզեն…
Հայրենիքից բաժանման անտանելի ցավից խորտակված սրտով՝ երիտասարդ Հայորդին միլիոնավոր իր ազգակիցների հիշատակն է ոգեկոչում՝ տարիներ անց՝ 1939 թվականին «Տարօնի Արծիւ» ամսագրում (թիւ 12) հրապարակելով իր հոգեցունց հուշերն այդ ճակատագրական տարիներից՝ ներկայացնելով ազատատենչ Հայորդիների՝ Սասունի պաշտպանների մղած հերոսական դիմադրության դրվագներից…
Հուշերը՝ որոշ լուսանկարների ուղեկցությամբ, անձնական արխիվից մեզ է տրամադրել հեղինակի թոռը՝ նույն անուն — ազգանվամբ՝ Ղազար Սարգսյանը՝ Քուրմ Միհր Հայկազունին (մեր խորին շնորհակալանքը), շեշտելով Հայոց լեռների դերն ու, հատկապես՝ Անդոկ լեռան մեծ խորհուրդը՝ Հայկազունների համար (որպես Ազգային Ուսմունքի փոխանցման վայր):
ԻՄ ԿԵԱՆՔԻ ԴԱՌՆ ՅՈՒՇԵՐԸ
Ռշօն կը պատմէր, որ մեր գիւղ օտարացի չկար: Երեսուն երկու տուն էր, բոլորն ալ՝ մէկ հօրէ, բաժնւած երեք գերդաստանի — Մկրէ տներ, Կրպէ տներ, Մալօ տներ:
Ես ծնած եմ 1902 թ.-ին: Իմ կեանքի համար ճակատագրական դէպքեր կը սկսին արդէն 1903 -էն: Այդ թւականին թուրք զօրքը կը պաշարէ մեր գիւղը: Հայրս՝ Մանուկ Սարգիսեան, կը ձերբակալւի իբրև ֆիտայի և, Մուշ տարւելով, երկար և դժնդակ չարչարանքներ կրելէ վերջ՝ 101 տարւայ բանտարկութեան կը դատապարտւի և կ’ուղարկւի Բաղէշ:
Տարի մը վերջ, կը սկսի Սասնոյ 1904 -ի ընդհանուր ապստամբութիւնը:
Գիւղացիք կը վառեն իրենց բոլոր տները և կը բարձրանան Կելիկուզան, մինչև որ կ’ընկճւի Սասունը: Մայրս շալկած զիս և մեծ եղբայրս՝ կը հետեւի ժողովուրդին և լեռներու վրայ ամիսներու չարչարանքէն ու թափառանքէն վերջ, կ’իջնէ Մշու դաշտ, ուր ապաստան կը գտնէ պարտւած Սասնոյ ժողովուրդի մէկ մասը:
Հօրեղբայրս՝ Մկրօ, լեռ կը մնայ, շարունակելով կռիւը՝ թուրքերու դէմ: Ինքը, Տօնէն ու Խուրշուտ, ի վերջոյ կ’անցնին դէպի Կուրտիկ տանող ճամբան և օրերով կ’ապրին Դանէլնին ըսւած անտառին մէջ:
Օր մըն ալ՝ մատնւելով Տափըկի քիւրտերէն՝ կը պաշարւին զօրքով:
Կը կռւին մինչև վերջի փամփուշտը:
Տօնէն ու Խուրշուտը կը սպանւին, Մկրօն ողջ կը բռնւի: Կը տանին գիւղ և դժոխային չարչարանքներէ վերջ կը կախեն մեր դրան առաջ բարձրացող մեծ բարտիէն՝ ոտքերը՝ վեր, գլուխը՝ վար և այդ դիրքի մէջ կը գամեն ծառին: Երեք օր վերջ կուգան ընկերները, վար կառնին Մկրօ դիակ, կը բերեն նաև Տօնէ և Խուրշուտի դիակները և կը թաղին Ս. Ստեփաննոս Նախավկայ եկեղեցու մօտ:
Հայրս՝ բանտի մէջ, հօրեղբայրս՝ չարատանջ կերպով նահատակւած, հայրենական տունը՝ հրկիզւած, մեր հայրերու խնամած բարտին՝ արիւնաներկ խաչ՝ մեր ընտանեաց միակ ապաւէնին, մայրս՝ այս ամբողջ ցաւի հետ, շալկած իւր երկու զաւակները, կը դեգերի Դաշտի գիւղերը…
Եւ դեռ այսօր երանի՜ կուտամ այդ օրերուն, որովհետև անոնցմէ վերջ հայրենի տունը կրկին ծխալ սկսաւ:
Սասունցիները թուրք կառավարութեան հրամանով իրենց աւերւած գիւղերը կը վերադառնան:
Կը սարսռիմ անբացատրելի երանութենէն այլեւս կը յիշեմ… արցունքի հեղեղներով մայրս կը վերակառուցէր հայրենի տունը՝ իր որդիներուն համար:
Անցան ժամանակներ:
Ցաւի և երանութեան ոյժով մենք կը մեծնայինք մեր մօր խնամքի և հօրեղբօրս խաչափայտ-բարտիի հովանիին տակ:
Օր մըն ալ սահմանադրութիւն եղաւ և բանտէն եկաւ հայրս: Քանի մը օր վերջ հրաւէր ստացանք դաշտի գիւղերէն: Հօրս բանտի ընկերները կը կանչէին մեզ: Ասոնցմէ մէկն էր Տարօնի փառաւոր զաւակ Ցխաւայ Յարութը:
Իջանք դաշտ: Նախ՝ հիւրասիրւեցանք Պաշխալդաղ գիւղ, յետոյ անցանք Գոմա, Սուլուխ, Ցխաու, Աւրան, Տէրըք:
Մայրս մեծ եղբօրս հետ մնաց Յարութի տուն, Ցխաու:
Հայրս՝ վերցուցած զիս, վերադարձաւ Սուլուխ: Երկու ամիս տեւեց մեր պտոյտը: Չէին ձգեր, որ գիւղ վերադառնանք: Հազիւ ազատեցանք մեր ազնիւ հիւրընկալներէն:
Վերջապէս գիւղ վերադարձանք:Կամաց — կամաց բարւոքւեցաւ մեր տնտեսութիւնը: Կրկին դարձանք շեն տուն, թէպէտև ո՛չ հաւասար անցեալին:
Դաշտի և Սասնոյ գիւղերուն մէջ դպրոցներ բացւեցան: Երեք տարի կարդացի մեր գիւղի վարժարան: Ուսուցիչն էր մեր գիւղապետ Օհան Ամրօեան՝ Ս. Կարապետի ժառանգաւորացէն:
Հազիւ լմնցուցած էի «Մայրենի լեզու, Ա. Տարի»-ն, երբ պայթեցաւ Համաշխարհային պատերազմը:
Սահմանադրութիւնը նաեւ հոգեբանօրէն զինաթափած էր Հայութիւնը: Այժմ ժողովուրդը կը զգար, որ իր համար ճակատագրական նոր շրջան բացւած է:
Խելօքները օրինապահութիւն կը քարոզէին և կը թելադրէին անտրտունջ արձագանքել զօրակոչի հրաւէրին: Վարիչներն էին լծւած զօրահաւաքի գործին: Դեպքերը, սակայն, օրըստօրէ յոռետես կը դարձնէին զանոնք ալ:
Սկսաւ ռուս և թուրք պատերազմը և լսւեցան Հայ զինւորները զինաթափելու և ոչնչացնելու լուրերը: Այլեւս բուռն էր զինւելու ձգտումը, բայց զէնք չկար: Հազիւ կրցան երեք հարիւր «յունան մաւզէր»-ներ բերել և 50-ական փամփուշտով բաժնել Սասնոյ ժողովուրդին, հատը՝ 7 ոսկի:
Մեր գիւղը 30 տուն էր և 100 զէնք վերցնող ունէր, բայց մեզի բաժին ինկաւ միայն 7 հրացան:
1915 թվականի ձմրան՝ դաշտէն սկսան տխուր լուրեր յասնիլ: Զէնքի և ռազմամթերքի չգոյութիւնը միացած այս լուրերուն՝ Սասունի ժողովուրդը միայն անզօր կատաղութեան կը մատնէր:
Ոմանք տարւած ռուսի գալու յոյսով՝ սպասողական սպանիչ դրութիւնը կը տեւականացնէին, համբերութիւն քարոզելով ժողովուրդին:
Մեր տունը գիւղի ծայրն էր: Գիշեր մը դուռը զարկին. հայրս բացաւ:
Ներս մտաւ Տարօնի հերոսներէն Պօլէեան Մճօն, Առղայ Զօրիկն ու ահագին թւով զինւորներ ալ իր հետ:
Հասկցանք, որ կռիւ տեղի ունեցած է Առաքելոց վանք, ոստիկանական ջոկատներու հրամատանարը սպանուած է, թուրքերը փախած են դէպի Մուշ, իսկ Մճօն իր զինւորներով բարձրացած է Սասուն:
Մճօն ապստամբութեան ժամը եկած կը համարէր, բայց անոր և իր համախոհներու թեւը կոտրողներ կային — որպէս թէ աւելի հեռատես անձերը:
Զինւորները գիշերը մնացին մեր գիւղ. հետեւեալ օրը բաժնւեցան տասնեակներու և ցրւեցան գիւղերը — ամէն գիւղ՝ տասնեակ մը:
Այսպէս՝ Մշոյ զինւած ոյժերու կարեւոր մէկ մասը տեղափոխւեցաւ Սասուն: Բան մը, որ հետագային շա՛տ տխուր անդրադարձում ունեցաւ Դաշտի ինքնապաշտպանութեան գործին վրայ:
Սպասողական դրութիւնը շարունակւեցաւ և հակառակ դէպի Մուշ արշաւանք կազմակերպելու խօսքերուն, այդ բանը տեղի չունեցաւ:
Մուշն ալ երեւի իր յոյսը մէկ կողմէ ռուսի յառաջխաղացման, միւս կողմէ՝ Սասունի վրայ դրած էր:
Ձմեռն ու գարունը զուր անցան:
Եկաւ ամառը… Տարօն աշխարհի 1915 թ.-ի սեւ ամառը:
Թուրքերը, անշու՛շտ, կը վախնային Տարօնի ռազմահռչակ Հայութեան ապստամբութենէն: Ատոր համար անոնք անտարբերութիւն ձեւացուցին Առաքելոց վանքի և Գօմսայ դէպքերու հանդէպ:
Ի՛նչ կը կատարւէր Տարօնէն դուրս — գէթ ժողովուրդը չգիտէր:
Այնինչ դեռ ապրիլ և մայիս ամիսներու ընթացքին միւս նահանգներու Հայութիւնը տեղահանւած և Վանն ալ ապստամբած ու ազատւած էր:
Վարդավառէն մէկ-երկու օր վերջ հասաւ սարսափելի լուրը — դաշտը կոտորւած է և Կոտոյեան Հաճի Յակոբ քաղաքի մէջ յուսահատական կռիւ կը մղէ:
Լսեցինք, որ Հայկական խումբերը Կուրտիկի կողմէն փորձեր կ’ընեն օգնութեան երթալու կռւող Մշոյ: Բայց յաջողութիւն չունեցան, որովհետեւ թուրքերը ահագին ոյժերով նախօրոք կտրած էին Սասունէն Մուշ տանող բոլոր անցքերը:
Մինչեւ Ղըզըլզիարաթ և Միրզաղի աղբիւր զօրք լեցւած էր:
Սասունէն «անկարելի» եղաւ երթալ, բայց քաղաքի անկումէն յետոյ քանի մը տասնեակ կռւողներ թուրքական շղթան ճեղքելով՝ բարձրացան Սասուն:
Ամեն բան արդէն կորած էր, և Սասունն ալ՝ պաշարւած:
Դաշտի ժողովուրդի մէկ մասը կռւելով կը քաշւի Քանայ սար, մաս մը՝ Ս. Կարապետի անտառ, մաս մը՝ Շամբ: Բայց կործանւած էր Տարօնը, և Հայոց աշխարհի ողնաշարը՝ կոտրւած:
Ամբողջ զօրքը և քիւրտ աշիրները չորս կողմէն խուժեցին դէպի Սասուն, զօրքը՝ Կուրտիկէն, իսկ քիւրտերը՝ Տափըկայ և Տալւորիկի կողմէն:
Կռիւն սկսաւ…
Հրամանատար Իսրօն (Կորիւն) անցաւ դէպի Շեխուսիֆ Զիարաթ, Կուրտիկի ետեւէն դէպի Տափըկ, հոսկէ ալ՝ Քոփ:
Կէլիկուզանի ոյժերը Պէտօ Ղազարի և Տէր Քաջի Գրգոյի գլխաւորութեամբ անցան դէպի Շէնըք:
Քիւրտերն ալ Փուրթօ քուշքի մէջ դիրք բռնած են:
Գրգօն քոշքի դուռ կը զարնւի. կռիւ կը շարունակւի մինչեւ գիշեր:
Հաւաքեցին ժողովուրդ, վերադարձան Գեղաշէն:
Առաւօտեան բոլոր գիւղեր պարպւեցան: Անցանք Գբրէսոր: Զինւած ոյժերը բռնած էին պէտք եղած գծերը:
Յաջորդ օր սկսաւ կատաղի կռիւ:
Զօրք հասաւ Շենըք գիւղ: Իրիկուն թուրքերը մտան Շենըք և կրակի տալով՝ առաջացան դէպի Սէմալ:
Հայերն ու թուրքերը գիւղի մէջ իրար խառնւած՝ կատաղի կռիւ կը մղեն վառւող գիւղի բոցերու մէջ:
Գիշեր ժամանակ բարձունքներու վրայ լեցւած ժողովուրդը այս սարսափելի տեսարանը կը դիտէ՝ շարժւելով դէպի Գրէքոլ:
Երբ ժողովուրդը բաւական ճամբայ կտրեց՝ մեր ոյժերը քաշւեցան Սէմալէն:
Լոյսը բացւեցաւ. ժողովուրդը սկսաւ ուղղւիլ դէպի Անտոք: Կռւող ոյժերը մնացին Գրէքոլի դիրքերը:
Լեռն արդէն պաշարւած է Մուշէն, Տիգրանակերտէն, Ճապաղջուրէն եկած զօրքերով և ամեն վայրկեան կրկնապատկւող քրտական խուժաններով:
Թշնամին սկսաւ կատաղի յարձակում. ան արդէն հասկցած էր, որ Հայերը զէնք ու ռազմամթերք չունին:
Մերոնք Գրէքոլն ալ լքեցին:
Թշնամին լեցւեցաւ Կելիէկուզան: Սէմալայ քաթըպ Մանուկ դիրք բռնած էր եկեղեցու մօտ:
Կելիէկուզանի կռիւը շա՜տ կատաղի և արիւնահեղ եղաւ:
Քսան զինւորներ ընկան Մանուկի դիրքէն, ինքն ալ՝ 3 գնդակով ծանրօրէն վիրաւորւեցաւ:
Շուտով օգնութեան հասան իր վերի դիրքի տղաները: Թշնամին ետ մղեցին և Մանուկն ալ վերցնելով՝ ելան դէպի Անտոք, ուր արդէն հաւաքուած էր ժողովուրդը:
Սկսան Անտոքի կռիւները: Թուրքերը թնդանօթներ զետեղեցին Գրէքոլ և Անտոք-Կեփին առին օղակի մէջ:
Բուն ճակատամարտը տեւեց 3 օր:
Երրորդ օր, կէսօրէ վերջ զարնւեցաւ Կորիւն:
Սուգ ու շիւան պատեց Հայ ժողովուրդի սիրտը: Տարօնի հսկան և կռւի վարիչը չկար այլեւս:
Ծայր տւաւ ընդհանուր խուճապ:
Հայերու բախտը գրեթէ որոշւած էր. դիմադրական ոգին կորսնցուցած էր իր թափը: Լուր տարածւեցաւ, որ Ռուբէն Տ. Մինասեան կարգադրած է դիրքերը ամուր պահել մինչեւ մութը կոխէ, որպէսզի ճեղքելով թշնամու շղթան՝ անցնինք դէպի Քան, ուր հաւաքւած է Դաշտի ժողովուրդի կարեւոր մէկ մասը:
Բայց ինքը՝ վերցնելով Փեթարայ Ախօն, Մանուկը և Թաթուլը՝ իրենց տասնեակներով՝ կանցնի Կռշկայ ձոր: Մնացած կռւողներէն Պոլէեան Մճօն, Արշակ, Պօղոս, Շէնըքայ Չոլօն, Կելիէկուզանայ Ղազար, Աւօ տան Կարապետ, Սեմալայ Մանուկ, աղբրեցի Մթօն, խմբապետ Մուշեղ՝ իրենց ոյժերով կ’ուղղւին դէպի Կէփին:
Թշնամին՝ տեսնելով, որ Անտոքի ժողովուրդի մէջ խուճապ ստեղծւած է՝ սկսաւ բորբոքել իր յարձակումի թափը: Թնդանօթի ռումբերը և գնդակները կարկուտի նման կը տեղան ժողովուրդի գլխին:
Երեկոյեան կողմ ժողովուրդը սկսաւ քաշւիլ դէպի Կէլիէ Սան և Կռչկայ ձոր:
Հայկական դիրքերը կը դիմադրեն կատաղի կերպով…
Կռիւը շարունակւեցաւ մինչեւ ուշ գիշեր:
Երբ կռւող ոյժերու խմբապետները դիրքերէն դուրս գալով գացին Ռուբէնի նամակով որոշւած տեղը, տեսան, որ մարդ չկայ:
Բարձրացաւ յուսահատութեան և կատաղութեան ալիք:
Անտոքն ալ կորած էր, մանաւանդ, որ ռազմամթերքն ալ սպառւած էր: Քիչ զինւորներ միայն 20-ական փամփուշտ ունէին:
Խմբապետները վերցուցին մնացած ժողովուրդը և անցան դէպի Յանտանիա:
Ժողովրդի մէկ մասն ալ Պոլէեան Մճօյի հետ ուղղւեցաւ դէպի Կռչիկ:
Մեր տնեցիներէն եղբայրս, քոյրս, մայրս ժողովրդի հետ գացին դէպի Կըլիէ Սան: Ես և հօրեղբօրս տղայ Օհանէս կը սպասինք հօրս: Մեր տղաներէն զինւած են Օհան, Պետօ Խաչօն, Խսմօ Արթին, Համբարձում, Ադամ, Միսաք, Սարգիս, Վարդան:
Մեր գիւղացիներ ունէին 7 «յունան մաւզէր», 3 «սուրմալի», 1 «այնալի»:
Մեզ հետ էր աղբրեցի Մթօն, որ թուրքական լաւ «չափլի» մը ձեռք բերած էր քիւրտերէն՝ իրենց գիւղի կռւին: Բաւական սպասելէ վերջ, կէս գիշեր անց՝ մենք ալ հետեւեցանք ժողովուրդին դէպի Կըլիէ Սան: Ժողովուրդի մէկ մասը ջուրը անցած էր, միւսը դեռ Անտոքն էր — տասնեակ հազար բազմութիւն:
Արեւ ծագեցաւ. զօրք և քիւրտ խուժան ջրի վրայ կտրեցին մեր առջեւ և սկսան կին ու երեխաներու անխնայ կոտորած: Մթօն առաւ զինւած ոյժեր, իջաւ զօրքի դէմ:
Կռիւ տեւեց մինչեւ իրիկուն:
Ահագին կորուստներ տալով՝ ժողովուրդը, վերջապէս, անցաւ ջուրը:
Իսրօն մնաց Անտոքի գագաթ՝ հոնկէ յաւիտենօրէն հսկելու դիւցազնական Տարօն աշխարհին վրայ:
Շուտով ժողովուրդի գլխին պայթեցաւ նոր մեծ կորուստի կսկիծ:
Կռիչիկի կողմ մղւած կռւի մէջ զարնւած էր ե՛ւ Պոլէեան Մճօն:
Անգլխութիւնը այլեւս կատարեալ էր, մանաւանդ, որ Սասունցի և Մշեցի բազմաթիւ ուրիշ հերոսներ ալ արդէն փակած էին իրենց աչքերը:
Քան երթալու ծրագիրը վիժեցաւ: Յետոյ իմացանք, որ հոն յաջողած էր հասնիլ Ռուբէն Տէր Մինասեանը՝ քանի մը տասնեակ կռւողներով:
Ժողովուրդը մասերու բաժնւած՝ լեցւեցաւ զանազան թաքստոցներ և դիմեց ինքնասպանողական մասնակի կռիւներու:
Ահագին բազմութիւն մը, մենք ալ հետ, Աղբի գիւղի վրայով անցաւ մեր գեղ և լեցւեցաւ Յանդանիայի անտառները:
Երրորդ օրը Անտոքէն վերադարձող զորքը կրակ տւաւ արտերը և անտառները: Արտերը վառեցան, անտառները՝ ոչ:
Նորէն կռիւ սկսաւ:
Սեմալցոց դիրքի մէջ քաջաբար նահատակւեցաւ Աստուրը: Անոր զէնքը առաւ իր մայր Խզամը, որ մեր գիւղացի Ռշօի քոյրն էր:
Խզամ կռւեցաւ մինչեւ վերջի փամփուշտը և 12 կիներու հետ նահատակւեցաւ թուրք զինւորներու սւիններով:
Տեսարանը կը դիտեմ 15 — 20 քայլ հեռաւորութենէն, թաւուտքի մէջէն:
Այդ կռւին սպանւեցան նաև մեր գիւղացի Խմօն, Սարգիս, Համբարձում:
Թուրքերը առին իրենց սպանւածները և երեկոյեան կողմ քաշւեցան դէպի Կուլտիկ, անցնելով Մուշ:
Այլեւս զօրք չեկաւ մեզ վրայ:
Մօտ 5 հազար ժողովուրդ ենք. անօթի, ծարաւ, մերկ կը թափառինք անտառներու մէջ:
Ամեն օր կռիւ է քիւրտերու և ոստիկաններու հետ — կը կոտորեն չու կը կոտորւին:
Նոյնն է դրութիւնը նաև մնացեալ վայրերու մէջ: Դեռ կենդանի են մօտաւորապէս 15.000 Սասունցիներ:
Աշնան վերջի ամսին թուրք կառավարութիւնը՝ տեսնելով, որ ելք չկայ, սուտ «ներում» հռչակեց:
Բռնւած Հայերը այլեւս չեն սպաներ, այլ հագուստ և հաց տալով կուղարկեն լեռները քարոզելու, թէ կառավարութեան քաղաքականութիւնը փոխւած է:
Մենք արդէն ամիսներու անօթութենէն ուժասպառ՝ ստիպւեցանք յանձնւիլ:
Մեզ հաւաքեցին Տափըկ գիւղ:
Քանի մը օր շատ լավ պահեցին: Յետոյ ոստիկանական ջոկատ մը եկաւ և մեզ տեղափոխեց Մուշ: Երբ քաղաք հասանք՝ տղամարդիկ զատեցին կիներէն և երեխաներէն: Մաս մը տարան ճամբաներու վրայ աշխատեցնելու, իսկ մեծամասնութիւնը առաջնորդեցին դէպի Արածանի գետը:
Քիչ անց՝ աշխատողներն ալ բնաջնջեցին:
Մնացինք քանի մը հարիւր պատանիներ, բաւական թիւով երեխաներ և կիներ: Ձմրան՝ սկսան «մաքրել» նաև մեզ:
Հինգ անգամ բռնեցին զիս, բայց ամեն անգամ ալ քաղաքի ծայրէն փախայ:
Վեցերորդ անգամ թաղի մուխթար Ալի Պալօ պատմեց ոստիկաններուն, թէ ես քանիերորդ անգամ փախած եմ: Ոստիկան մը դաշոյնի երկու հարւածով զիս գետին փռեց: Անցան գնացին: Քիչ յետոյ ուշքի գալով՝ ոտքի ելայ և տուն գացի: Վերքերը մահացու չէին և երկու շաբաթէն առողջացայ՝ առանց բժշկի և դեղի:
Յունւար 29-ին, յանկարծ խուճապ սկսաւ թուրքերու մէջ: Փետրւար 1-ի գիշերը սկսաւ փախուստը:
Մուխթար Ալի Պալօն 2 ոստիկաններով եկաւ զիս բռնեց: — «Այս անգամ ու՞ր պիտի փախչիս»:
Տարաւ ոստիկանատուն: Ձիւն կը տեղայ. ժողովուրդը իրար խառնւած է, մեր զմանուկ կ’ուրանայ…
Այդտեղէն ալ փախայ…
Կը թափառիմ ամայի փողոցները. ու՞ր երթամ… Դուրսը՝ գայլերէն կը վախնամ, քաղաքի մէջ՝ թուրքերէն: Կ’ըսեն, որ ռուսը հասած է Ցխաու: Բայց ճամբաներ չեմ գիտեր:
Վերջապէս խառնւեցայ գաղթող թուրք ժողովուրդին: Գնացինք դէպի Ջրիկ. մինչև առաւօտ հազիւ հասանք Աճմանուկ: Հոդ՝ պոլսեցի թուրք սպայ մը վեց ոստիկաններով հանդիպեցաւ ինձ: Հասկցաւ Հայ ըլլալս և ըսաւ. «Քեզ Պոլիս կը տանիմ եւ ինձ զաւակ կը դարձնեմ»:
Այդ պահուն եկան Մշեցի թուրքերը և ըսին, որ ես «իրենց» Հայն եմ: Կռիւ ծագեցաւ ատոնց միջև:
Դիմեցին զէնքի, և մէկ կողմը միւսին կըսէ. — «Եթե քեզ հետ գայ՝ կը սպանեմ»: Ես մոլորւած մնացած եմ մէջտեղ. չեմ գիտեր ո՞ր կողմ երթամ: Վերջապէս, Մշեցիք զօրաւոր դուրս եկան: Առին զիս: Շարունակեցինք ճամբան դէպի Շէխլան:
Գաղթականութիւնը այդ գիշեր մնաց Շէխլան: Առաւօտ անցանք Արածանին (Մուրատ գետ)՝ բռնելով Զիարաթա ճամբան: Ժողովուրդի կէսը դեռ անցած չէր գետը, երբ թուրք զինուորները խուճապահար ետ դարձան: Ժողովուրդը կոխկրտելով անոնք կը փախչին դէպի Մուշ: Լուր տարածուեցաւ, որ ռուսը նահանջի ճամբան կտրած է: Ամբոխի մէջ բարձրացաւ վայնասուն. կիներ կը ճչան. մարդիկ աննպատակ ճամբայէն դուրս կը փախչին եւ վայնասունով կը թափուին ձիւնին վրայ: Տեսարանը ինծի համար հարսանիք է. կը վերյիշեմ Կլիսէանը: Աչքերս յառած եմ Ս. Կարապետի ճամբուն, ուրկէ սրտատրոփ կը սպասեմ սուսերամերկ վրիժառու Հայ կամաւորներու եւ ռուսներու երեւելքը:
Հիմա, հիմա կը լուծուի Կլիէսանի վրէժը…
Բայց աւաղ, երազս երազ մնաց: Հայհոյելով ու պոռպոռալով՝ նահանջողներու ետեւէն հասան խումբ մը թուրք ձիաւորներ եւ ըսին. — «Ճամբան բաց է, կեավուր չկայ»: Հանդարտեցաւ ահաբեկած ժողովուրդը եւ շարունակեց ճամբան:
Հասանք Զիարաթ: Հոս՝ կրկին հաւաքեցին թուրք գաղթականներու մէջ եղած Հայերը եւ կոտորեցին:
Մշեցի Տատուլա Նազօ Օղլու անունով ոստիկան մը զէնքը ինձ ուղղեց: Քանի մը կիներ բռնեցին, չձգեցին: Անոնց շնորհիւ ես ազատեցայ դաշտի մէջ եղած Հայկական այս վերջին կոտորածէն:
Գիշերը մնացինք Զիարաթ: Քուն չունիմ: Անհամբեր կը սպասեմ ֆետայիներու յարձակումին: Թուրք գաղթականները սարսափի ու դողի մէջ են:
Լոյսը բացուեցաւ եւ ամէն ինչ խաղաղ էր:
Մենք ուղղուեցանք դէպի Ճապաղջուր:
Հոդկէ ալ բռնեցինք Հայնէի ճամբան: Երբ մօտեցանք այս աւանին՝ տեսանք ոստիկանական խումբեր կեցած ճամբուն վրայ: Անոնք մէկիկ — մէկիկ կը զատէին Հայերը եւ տեղն ու տեղը կը սպաննէին:
Երբ ես կանցնէի՝ ճանապարհի եզրին թափուած էին արդէն երեսուն դիակներ:
Բախտ ունեցայ չդառնալ մարդասպաններու հետաքրքրութեան առարկան:
Երեք օր վերջ կառավարութիւնը հրաման հանեց, որ եկող գաղթականներէն Հայ պահողները մահուամբ կը պատժուին՝ եթէ չյանձնեն:
Շատերը տարին յանձնեցին, զիս պահեցին: Հինգ գարուն անցուցի անվտանգ:
Օր մը, երբ տուն գացի, ինծի ըսին. «Գլխիդ ճարը տես: Նոր խիստ հրաման ելած է, այլեւս չենք կրնար քեզ պահել: Ստիպուած ենք յանձնել կառավարութեան»:
Այս խոսքերով՝ դուռը ցոյց տուին ինձ:
Դուրս ելայ, գնացի շուկայ՝ բաղդակիցներ գտնելու, որպէսզի միասնաբար ելք մը գտնենք:
Այդ օր ահագին բազմութիւն խռնուած էր շուկային մէջ. շրջակայ գիւղերէն, երբ գաղթական թուրքերը առեւտուր կ ‘ընէին, իսկ ոստիկանները ամբոխին մէջ Հայ կը փնտռէին:
Այն օրը մինչեւ ուշ երեկոյ մնացի լեռ. գիշերը քաղաք իջայ. ինձ հայրենակից՝ Շուշնամերկ գիւղէն տղայ մը կար Մշեցի տաճիկի մը մօտ: Գացի անոր քով. խորհուրդ ըրի փախչիլ դէպի Մուշ: Կ’ըսեն, որ Հայեր եկած են դէպի Մուշ:
Ճամբայ ինկանք, քալեցինք մինչեւ երեկոյ, հանդիպեցանք քիւրտ կարավանորդներու:
Մեզ միւհաճիր կարծեցին, իրենց հետ շարունակեցինք ճամբան դէպի Լճէ:
Առաւօտ արդէն Գողմէի գաղութն ենք: Քիւրտերը կ’երգէին, եւ ես ոտքս կախ ձգելով դարձայ դէպի աղօթարան, խաչ հանելու եւ վերջին «մնաս բարով» ըսելու Հայրենի երկրին՝ իմ կրած ամբողջ տանջանքները, տեսածս զարհուրանքները՝ մէկ կողմ, այդ պահը՝ մէկ, երբ տեսայ Տարօնի խորհրդաւոր դաշտը եւ անոր շուրջը իրենց վիթխարի գագաթները՝ արեւով օծած Սիփանը, Նեմրութը, Գրգուռը, տիեզերքի բոլոր գաղտնիքները, կեանքի բոլոր խորհուրդները վերածուեցան բաժանումի ցաւի եւ այնպէ՜ս ճմլեցին սիրտս, որ ես խորտակւած գետին ինկայ…
Որքա՛ն մնացի այդ վիճակին մէջ՝ չե՛մ գիտեր:
Ոսուլ անունով քիւրդը վերադարձաւ եւ, հասկնալով, թէ չհասկնալով ցաւիս եւ ողբիս իմաստը, թելադրեց, որ ոյժերս հաւաքեմ եւ ոտքի ելլեմ, որովհետեւ կարաւանը բաւական ճամբայ կտրած է:
Ելայ եւ հայեացքս դարձուցի դէպի հարաւ ու արեւմուտք, նետեցի քանի մը քայլ…
Յանկարծ առջեւս ցցուեցաւ Անտոքը, քարացած կեցայ տեղս…
Քիւրտը ապշահար ինծի կը նայի. «Ի՞նչ եղաւ քեզ կրկին»:
Հայեացքս սեւեռած Անտոքի՝ ըսի՝ «Ոյժ չունիմ քալելու, դուն գնա՛, ես կը մնամ»…
Քիւրտը նստեցաւ ինձ սպասելու:
Հոգիով տեղափոխուած եմ Անտոք եւ կարօտիս ամբողջ ուժով կը համբուրեմ այն ժայռերը, որոնց կատարէն Կորիւնը կը հսկէ Հայոց որբացած աշխարհին վրայ…
Ի՞նչ եղաք, ՏԱՐՕՆ — ՍԱՍՈՒՆԻ հսկաներ…
Բայց այսօր չկայ առասպելական ՍԱՍՈՒՆԸ, չկայ Տարօն աշխարհի զօրահրաշ Սուրբերը եւ դիւցազնական ժողովուրդը…
Ինչպե՞ս եղաւ՝ մեր սուրբերը թշնամու փոխարէն մեր ձեռքերը կապեցին:
Բայց մենք տեսանք դիւցազնական կռիւներ եւ հերոսական մահը անզէն ժողովուրդի՝ ոգին՝ անյաղթ, ձեռքը՝ դատարկ:
Ինչե՜ր կրնար ընել Տարօն աշխարհի հերոսական ժողովուրդը, եթէ զինքը զինաթափ վիճակի մը մոլորանքի մէջ պահող ղեկավարները չ’ըլլային:
Դեպքերու արդիւնքի եւ ժողովուրդի ոգիի կարողութեան միջեւ սարսափելի հակասութիւն մը կը տեսնեմ:
Մեռնելիք ցեղ չէինք, բայց մոխիր դարձանք:
Եւ այդ մեծ ողբերգութիւնը մղեց ինձ, ՈՐ ԳՐԻ՛ ԱՌՆԵՄ ԻՄ ԱՊՐԱԾՆԵՐԸ:
ՂԱԶԱՐ ՍԱՐԳԻՍԵԱՆ