«ՄՈԳԱՑ ՀԻՇԱՏԱԿՄԱՆ ՏՈՆԸ»՝ ԳԻՏՈՒԹՅԱՆ, ԻՄԱՍՏՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՄՆԱՑԱՆՆԵՐԻ ՕՐԸ

Տիեզերքի, Բնության գաղտնիքները, օրինաչափությունները բացահայտելու, ըմբռնելու և այդ ոլորտում գիտելիքները զարգացնելու ճանապարհը մարդկությունն սկսել է իր գիտակից կյանքի արշալույսին: Եվ դա բնական է, քանզի մարդու համար կենսական անհրաժեշտություն էր դիմակայել, հարմարվել միջավայրի թելադրած զանազան պայմաններին՝ հանուն իր տեսակի գոյապահպանման:

Առաջին իմաստուններն իրենց դիտողականությամբ՝ շարունակական դիտումներով, փորձերով, հետևողական ուսումնասիրություններով, եզրահանգումներով զարգացնում էին սեփական միտքը, ձգտում էին հարափոփոխ աշխարհում գտնել գոյության սկզբնական տարրերը, որի վրա հիմնված է ողջ տիեզերքը, մեկնաբանել կյանքի իմաստը և իրականության, երևույթների բազմազան դրսևորումները:

Տքնաջան փորձերից ամբարված գիտելիքները՝ գիտական առաջին քայլերից ստացված պտուղները, ժամանակի գիտնականները՝ Մոգերը և Քրմերը, պահում էին գաղտնի՝ որպես սրբազան իմաստնություն՝ այն փոխանցելով սերնդէսերունդ՝ իբրև անգին պարգև՝ հասու միայն ընտրյալ գիտակներին:
Նրանց ցանած իմացության սերմերը ծլարձակեցին հետագայում՝ հիմք հանդիսանալով գիտության առաջընթացին և զարգացմանը:

Հնագիտությունը լույս է սփռում անցյալի, հնագույն ժամանակների կենցաղի, գիտության վրա:
Ճարտարագիտական երբեմնի մեծարժեք կոթողների, շինարարական բարձր նվաճումներով կառույցների փլատակներից բացի հայտնաբերված մետաղագործության նմուշները, բժշկական գործիքները, դեղագործական սարքավորումները վկայում են գիտության տարբեր ճյուղերի բազմահազարամյա ավանդույթների մասին:

Հայկեան Միաբանութեան Քրմերի՝ Քուրմ Հարութ Առաքելյանի և Քուրմ Միհր Հայկազունու հիշեցմամբ, ըստ Հայկյան տոմարի՝ այսօր՝ Տրէ ամսվա Մարգար օրը (սեպտեմբերի 20-ին) Մոգաց հիշատակման օրն է, մեր իմաստուն Նախնիների և նրանց հաջորդող գիտնականների մեծարման, փառաբանման տոնը:

«Դարերի ընթացքում Հայկազուն Արևորդիները հավատարիմ մնացին իրենց Նահապետների հորդորներին՝ կենտրոնացնելով Մոգաց դպրոցները, ստեղծելով այսօր հայտնի «ԱՐԱՄԱԳԻ» Մոգաց դպրոցը՝ այդպիսով նպաստելով Նախնյաց իմաստնության պահպանմանն ու հարատևմանը:
Շնորհավորում ենք Մոգաց հիշատակման օրը, հատկապես «ԱՐԱՄԱԳԻ» Մոգաց դպրոցի ներկայիս հարյուրավոր ուսանողներին, որոնք վառ են պահում իրենց Նախահայրերի գիտությունը»,- գրում է Քուրմ Հարութ Առաքելյանը՝ Հայոց Ազգային հավատամքը ներկայացնող, մեկնաբանող իր հերթական գրառման մեջ
:

Գիտությունն է Հայոց ինքնության, ինքնաճանաչման հիմքը, որը զորացնում է ազգին, նպաստում Հայրենիքի ծաղկմանն ու բարգավաճմանը, և Իմաստնությունն է աղբյուրն ամենայն բարիքի:

Շնորհավորում ենք Իմաստնության, Գիտության բոլոր սերմնացաններին՝ փառաբանելով Հայոց Նախնիներին…