«ԱՆԹԱՌԱՄ ԴԱՓՆԻՆ»
«Հաստատում եմ Կամավորների հարցի կապակցությամբ հոկտեմբերի 6-ի նամակս, որից հետո պաշտոնական հավաստիացում եմ ստացել, որ Դաշնակիցների հաղթանակից հետո մեր ազգային բաղձանքները պիտի գոհացվեն»,- 1916 թվականի հոկտեմբերի 27-ին իր որդուն՝ Առաքել Նուբարին գրում էր Պողոս Նուբարը։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Հայ կամավորականներով Հայկական Լեգիոնի կազմավորման նպատակներն էին’ մասնակցել Կիլիկիայի ազատագրմանը և Հայոց անկախ պետականությունը վերականգնել Հայոց պատմական այդ տարածքում’ դառնալով ապագա Հայկական բանակի միջուկը։
Կահիրեում առաջին օրերին արդեն շուրջ 600 Մուսալեռցիներ և Եգիպտոսում բնակվող 300 Հայեր էին զինվորագրվել:
1916 թվականի վերջերին նրանք մեկնեցին Կիպրոսի Մոնարկա բնակավայր՝ հարյուրավոր այլ Հայ կամավորականների հետ զինավարժությունների:
1917 թվականի սկզբներին Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող Հայերից ավելի քան 5000 երիտասարդներ ցուցակագրվեցին մի քանի օրում: Ամիսներ անց մոտ 10.000 էին արդեն կամավորները:
Փոխադրամիջոցների պակասության պատճառով՝ հունիսից մինչև նոյեմբեր, նրանցից միայն 1200-ն անցան Ատլանտյան օվկիանոսը՝ հասնելով Ֆրանսիա, հիմնականում ապրանքատար նավերով՝ ահավոր անբարենպաստ պայմաններում, յուրաքանչյուրում շուրջ 70-90 մարդ: Մարսելից դեպի Պորտ-Սայիդ՝ ֆրանսիական փոխադրանավում գտնվող Հայորդիք գերմանական սուզանավի հարձակման հետևանքով խորտակված նավից լաստանավերով հաջողությամբ տեղափոխվեցին մի այլ նավի վրա, ի վերջո, 16-օրյա վտանգավոր՝ նեղ ու կեղտոտ նավախցիկներում ճամփորդությունից հետո հասնելով Եգիպտոս, այնտեղից էլ՝ Կիպրոս:
Լեգեոնական Հովհաննես Կարապետյանն իր ինքնակենսագրության մեջ վերհիշում է. «Սեպտեմբերի 18-ին մենք իջանք մեր ամրացված խրամատներն ու սպասեցինք գիշերվան: Առավոտյան ժամը 3:30-ին սկսվեց գրոհը»…
«…Կրակահերթի սարսափելի բախման ձայն էր գալիս, ասես երկինքն ու երկիրն ընդհարվել էին գիշերվա մթության մեջ: Բայց մեզ (Հայ լեգեոնականների) համար սա ասես հարսանեկան խրախճանք լիներ:
Թուրքերի դեմ վրեժխնդրության խոր զգացումներով լի՝ մեզնից յուրաքանչյուրը դարձել էր զոհին փնտրող վայրի առյուծ: Կատարյալ զինված, սվինները հրացաններին ամրացված՝ մեզ համար ասես վախ չկար:
Մեր առաջնային նպատակը Հայերի ցեղասպանության համար թշնամու հետ հաշիվ մաքրելն էր և, որքան հնարավոր է, շատ թուրքերի նկատմամբ արդարադատություն իրականացնելը:
Մինչ թշնամու գնդացրային կրակը թափվում էր մեզ վրա գարնանային կարկուտի պես, մենք անվարան և անվախ առաջ շարժվեցինք:
Ծայրահեղ դժվար պայմաններում, հաճախ կյանքի ու մահվան միջև առկախ, վերջապես հասանք սարի գագաթը, և վերջնական «բլիցկրիգով» գրավեցինք թշնամու ամրությունները՝ անթիվ սպանվածներ թողնելով և 28.000 ռազմագերի վերցնելով:
Երեսուն ժամ տևած գլխավոր ճակատամարտում մենք ունեցանք 24 զոհ և 75 վիրավոր»…
…«Հաջորդ առավոտյան կրկին բարձրացանք սարը և զննեցինք թշնամու խրամատները. դրանք լի էին դիակներով: Նրանք, ովքեր դեռ մահացած չէին, ամենադժբախտներն էին: Երեկվա Ցեղասպանության հիշողությունը (մեր ծնողների, երեխաների, քույրերի, եղբայրների կորուստը) այնքան թարմ էր մեր գլխում, վրեժի ծարավն այնքան խորն էր Հայ լեգեոնականների սրտերում, որ վիրավոր թուրքերը ողորմություն չտեսան:
Նրանց վերջ տվեցինք իրենց խրամատներում:
Այսպիսով, թուրքական կատաղի դիմադրությունն ամբողջովին ջախջախված էր, և թշնամին խառնաշփոթ հետ քաշվեց դեպի երկրի խորքը»…
«Հպարտ եմ, որ իմ հրամանատարության ներքո ունեի Հայկական զորամաս:
Նրանք փայլուն կռվեցին և մեծ դեր խաղացին հաղթանակում»,- հոկտեմբերի 12 -ին գեներալ Ալենբին շնորհավորում էր Պողոս Նուբարին: (Մեջբերումները և լուսանկարները’ Սյուզան Փոլ Փաթիի «Հայ լեգեոնականները» գրքից):
«Համաշխարհային պատերազմի միջոցին Հայ կտրիճներու բոյլին ցոյց տուած դիւցազնական զոհաբերութեան ոգին ամենէն պանծալի դրուագներէն մինն է մեր ցեղին դարաւոր պատմութեան,- գրում է Արշակ Չօպանեանը՝ «Անթառամ դափնին» հոդվածում:
«Փոքր ժողովուրդ մը, հարիւրաւոր տարիներէ ի վեր ծանր լուծերու ենթարկուած, հալածանքով ու ջարդերով կոտորակուած, իրարմէ անջատ ու հեռու բազմաթիւ հատուածներու բաժնուած կրցաւ իր մէջ վերզարթեցնել իր Նախահայրերուն արիութեան խիզախ կորովը և իր տուած հազարաւոր կամաւորներուն սխրալի քաջագործութիւններով իր պատուոյ բաժինն ունեցաւ Ազատութեան և Իրաւունքի անունով մղուած մեծ պայքարի մը մէջ:
Շնորհիւ այդ քաջերու կատարած շքեղ դերին, մեր փոքրիկ ժողովուրդը ցոյց տուաւ անգամ մը ևս, թէ մեծ ազգի մը հոգին ունէր: Ան իր զինւորական կարևոր ճիգով, զոր յամառօրէն շարունակեց մինչև պատերազմին վախճանը, իրմէ թիւով և ուժով անհունապէս աւելի մեծ եղող ազգերու, որ պատերազմը վարող գլխաւոր զօրութիւններն էին՝ կրցաւ նշանակելի ծառայութիւններ մատուցանել և ատիկա խոստովանեցան ու դրուատիքներով հաստատեցին այդ հզօր պետութեանց մեծագոյն ներկայացուցիչները:
Արարայի Հայ կամաւորներուն առիւծասիրտ քաջագործութիւնը այդ Հայկական դիւցազներգութեան ամենէն գեղեցիկ էջերէն մին է: Վճռական յաղթանակին մէջ, զոր դաշնակիցները թուրք բանակին վրայ տարին Պաղեստինի այլևս պատմական դարձած այդ բլուրին շուրջ և որով ջարդարար ցեղին մռայլ ուժը զգետնեցին, մեր քաջերը փայլուն բաժին մը ունեցան իրենց սահմանուած յանդուգն ու դժուարին դերը հոյակապօրէն կատարելով:
Անոնց վերապրող ընկերները իրաւունք ունին ընդ միշտ հպարտութեամբ ու խանդաղատանքով տօնել դիւցազնաբար ինկած այդ աղեւոր երիտասարդներուն լուսեղէն յիշատակը, որուն առջև ամբողջ Հայ ժողովուրդը կը խոնարհի երկիւղած յարգանքով:
Արարայի և բոլոր միւս ճակատներու մեր զինւորներուն ցոյց տուած քաջութիւնը անթառամ դափնի մըն է, որ մեր ազգին անունը անջնջելի փառքով մը կը պսակէ: Շնորհիւ մեր կտրիճներու նուիրական հոյլին՝ մոր ժողովուրդն ալ մասնակցած եղաւ Սուրիոյ, Պաղեստինի, Միջագետքի, Արաբիոյ, ինչպէս և Լեհաստանի, Չեխօսլովաքիայի, Ալզաս-Լօրէնի ազատման արդար գործին և ասիկա ազնիւ հպարտութեան յաւիտենական սրտապնդիչ աղբիւր մը պէտք է ըլլայ մեզի համար:
Ճիշդ է, որ մեծ պատերազմին վախճանէն յետոյ, Արդարութեան պահանջներուն իրականացման պահուն, մեր ժողովուրդը՝ զանազան դժբաղդ ներհակ հանգամանքներու բերմամբ, լքուեցաւ ու անիրաւուեցաւ իր յաղթական մեծ դաշնակիցներուն կողմէն, և ատիկա սև քող մը կը ձգէ փառքի դափնիին վրայ:
Բայց պատմութիւնը փակուած չէ. օրը պիտի գայ, ուր այդ սև քօղը պիտի հալի ու անհետանայ. ամբարիշտ պիտի ըլլար մտածել, թէ մեր քաջերուն զոհաբերութիւնը մեր ժողովրդին համար բացարձակապէս ամուլ մնացած է և կարծել, թէ ան իր լիալիր պտուղը օր մը պիտի չտայ»… (Հատված՝ Արշակ Չօպանեանի «Անթառամ դափնին» հոդվածից):