«… ԸՍՏ ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ՕՐԻՆԱՑՆ ԱՐՔՈՒՆԻ ԱՐԿԱՆԷՐ ԶՊԱՏՈՒԱԿԱՆ ՀԱՆԴԵՐՁՆ»…

Հնագույն ժամանակներից ի վեր՝ «ի փառս և ի պատիւ»՝ արքունական նշաններ՝ հագուստի, զարդի բազում տարբերանշաններ են կիրառվել՝ որպես ցուցիչ այն կրող անձի «բարձի և աստիճանի» կարգի:
«Իբրև զմարգարիտն կամ զականք պատուական», որ վայելչագեղ զարդարում են թագավորների՝ փողփողացող վերջավորությամբ արտախույրը և շքեղաշուք թագը՝ «ինչպէս ճաճանչ լուսոյ»…
Բաբկեն Առաքելյանն իր՝ «Հայկական պատկերաքանդակները 4-7-րդ դարերում», (Երևան, 1949թ.) արժեքավոր ուսումնասիրության մեջ գրում է.
«4-7-րդ դարերի կիրառական արվեստներից մեզ համարյա ոչինչ չի հասել, թեև նրանց վերաբերյալ պահպանվել են բավական ընդարձակ մատենագրական վկայություններ ժամանակակից և հետագա հեղինակների մոտ:
Իշխանական ոսկեհուռ, ոսկեճամուկ զգեստներ, թագեր, ու խույրեր, զարդեր, զարդարուն զենքեր, զինանշաններ, եկեղեցական սպասներ, սեղանի գործածության իրեր — գավաթներ, թասեր, ափսեներ, տնային գործածության մանր իրեր, տան և եկեղեցու գեղեցիկ դրվագավոր կահկարասի, ջահեր, կանթեղներ, գրքերի փղոսկրյա և մետաղե կազմեր. այս ամենի պատրաստումը կիրառական արվեստների ճյուղին է պատկանում:
Հայկական արքայական և իշխանական թագերն ու խույրերը պատրաստվում էին ազնիվ մետաղներից և ընդելուզվում էին մարգարիտներով և այլ ակներով: Ագաթանգեղոսը վկայում է, թե բազմաթիվ «մեծագնաց թանգարք»՝ կտրելով ծով և ցամաք, իրենց կյանքը վտանգի ենթարկելով՝ վաճառականությամբ էին պարապում և անգամ Հնդկաստանից բերում էին մարգարիտներ և զանազան պատվական ակներ, գույնզգույն կերպասներ, որոնցով զարդարում էին թագավորներին, նրանց խույրերը. «ականք պատուականք ի Հնդկային աշխարհէն, որ ի վայելչութիւն զարդու ի խոյր պսակի զարդարիցեն զթագաւորս» (Ագաթանգեղայ «Պատմութիւն Հայոց», Տփղիս, 1909, էջ 6): Կամ թագերը զարդարող ականց լուսո ճաճանչը «զթագաւորս շքեղացուցանէ ի նմանութիւն արտախոյրն պսակի ի վերջաւորն փողփողելոյ» (Ագաթանգեղայ Պատմութիւն Հայոց, Տփղիս, էջ 7):

Տիգրանի դրամների վրա մեզ հասած հայկական թագը, որը պահպանված է եղել նաև հետագայում, զարդարված է մարգարիտներով և խույրի վերին ճառագայթների ծայրերին հագցված են խոշոր գոհարներ:
Դրանով հասկանալի է դառնում «արտախոյրն պսակի ի վերջաւորն փողփողելոյ» արտահայտությունը:

Ղազար Փարպեցին մեծ համակրանքով է խոսում քարերի և մետաղների հանույթով, նրանց մշակմամբ պարապող և գեղարվեստական իրեր պատրաստող արվեստավորների աշխատանքի մասին:
«Որք (արուեստաւորք) ոչ միայն երևելութեամբն ցուցանեն, վերաբերեալ զշահաւորութիւն օգտից մարդկան, այլ առաւել հորդախոյզ աշխատողացն՝ զառ ընդ երկրաւ ծածկեալ օգուտս ուսուցանեն, գանձել անձանց շահս և զվայելս այսր աշխարհիս ի մեծութիւն թագաւորաց և ի հարստութիւն հարկահանաց, զոսկի և զպղինձ և զերկաթ և զպատուական քարինս. զոր ընկալեալ արուեստող ձեռաց՝ զարդարեն զթագաւորս մեծատեսիլ զարդեօքն յորինուածովքն, զոր ի խոյրսն և ի թագսն և ի հանդերձսն յոսկեհուռս պաճուճեալս ընդելուզանեն» (Ղազարայ Փարպեցւոյ «Պատմութիւն Հայոց», Տփղիս, 1904 թ., էջ 10):
Այս վկայության մեջ մեծ արժեք է ներկայացնում այն, որ արհեստները թագավորների շքեղության ու վայելքի և հարկահանների հարստացման աղբյուր էին հանդիսանում:

Ըստ հայկական սովորության՝ թագավորը՝ իշխաններին գործակալական պաշտոնների նշանակելիս կամ նախարարական տան ավագ տանուտեր հաստատելիս նրանց տալիս էր «պատիվներ», որոնք դիադեմայի ձև ունեին, և այդ «պատիվները» իշխանները կրում էին իրենց գլխին:
Դրանցից հնագույնը, որ մեզ հայտնի է գրականությունից՝ Բագարատ թագակապ ասպետի պատիվն է, որը կազմված էր երեք շարք մանր մարգարիտներից, առանց ոսկու և այլ ակների, որ Բագարատը կրում էր արքունիքում շրջելիս: (Մովսիսի Խորենացւոյ «Պատմութիւն Հայոց», Տփղիս, 1913 թ., էջ 110):
Հետագայում իշխաններն էլ երբեմն ճառագայթավոր խույրեր էին ունենում ոսկուց և պատվական քարերով ընդելուզված, ինչպիսին էր Վասակ Սյունու խույրը, որ դնում էր գլխին պատիվը կապելուց հետո: (Եղիշէի «Պատմութիւն Վարդանանց», Թիֆլիս, 1904, էջ 197-198):
Պատմիչները երբեմն նկարագրում են արքունական էթիկետի համապատասխան արքայական կամ իշխանական զգեստներն ու զարդերը, որոնք «ոսկեհուռ էին պաճուճեալ, ընդելուզեալ»՝ արվեստող ձեռքերի շնորհիվ:
Պարթևական Արշակ թագավորն իր որդի փոքր Արշակին նշանակում է Հայոց թագավոր, որին թագադրում է Բագարատ ասպետը:
Պատմիչը նկարագրում է թագադրվողի մի քանի զարդերը:
Երբ Արշակը Հայաստան է գալիս, ապա «սմա ընդ առաջ ելանէ,- ասում է Սեբեոսը,- Բագարատն Փառազեան յորդոցն Արամենակայ, նախարար մեծ հանդերձ զաւրու: Մատուցանէ նմա պատարագ ոսկի և արծաթ. և զարդարէ զնա ի սնդր («սնդր» նշանակում է սաղավարտ, վակաս՝ սաղավարտի ետևից ուսերի վրա կախվող մասը, հեղինակի ծանոթագրությամբ), և ի վակաս. պսակէ զնա ի վերայ ոսկիապատ ականակուռ գահոյիցն. և տայ նմա զդուստր իւր ի կնութեան» (Սեբէոսի եպիսկոպոսի «Պատմութիւն», 1939թ., Երևան, էջ 9):

Պալատական էթիկետի համապատասխան զարդերի և զգեստների առավել լրիվ նկարագրություն գտնում ենք Եղիշեի մոտ:
451 թվին Հայերն ապստամբում են սասանյան Պարսկաստանի տիրապետության դեմ, ապստամբության ճնշումից հետո շատ նախարարներ գերի են տարվում, իսկ Վասակ Սյունին՝ ժամանակի մարզպանը, թագավոր դառնալու ակնկալությամբ պարսից արքունիքն է մտնում՝ կրելով զգեստներ ու արդուզարդ, որ նա ստացել էր նույն պարսկական արքունիքից:
Բերում ենք այդ հետաքրքրական նկարագիրը.
«Եւ նա (Վասակը), ըստ առաջին կարգի օրինացն արքունի արկանէր զպատուական հանդերձն զոր ուներ ի թագաւորէն, կապէր և զպատիւ վարսին և զխոյրն ոսկեղէն դնէր ի վերայ, և կռանակուռ ձոյլ ոսկի կամարն ընդելուզեալ մարգարտով և ակամբք պատուականօք ընդ մէջ իւր ածէր, և զգինդսն յականջսն, և զգումարտակն ի պարանոցին, զսամոյրսն զթիկամբն, և զամենայն օրէնս պատւոյն զանձամբ արկեալ՝ երթայր յարքունիս, շքեղ և երևելի քան զամենեսեան երևէր բազմութեանն» (Եղիշէի «Պատմութիւն Վարդանանց», Տփղիս, 1904, էջ 197-198)»:
(Աշխարհաբարով՝ «Եվ նա (Վասակը)՝ արքունի նախկին կարգերի համաձայն՝ հագավ թագավորից ստացած պատվական հագուստը, կապեց նաև վարսակալը և գլխին դրեց ոսկեղեն խույրը և մարգարտով ու թանկագին ակներով հյուսված կռանակուռ ոսկեձույլ կամարը կապեց մեջքին, գինդերը կախեց ականջներից, և մանեակը՝ պարանոցից, սամույրի մուշտակը գցեց ուսերին և գնաց արքունիք։ Նա բոլորից ավելի շքեղ և երանելի էր երևում բազմության աչքին», Կ. Ա.)։

«Այստեղ մենք գտնում ենք արքունական էթիկետի առաջին կարգի զգեստների և արդուզարդի նկարագիրը, որ ընդունված էր Սասանյան արքունիքում:
Նույնպիսի առաջին կարգի պատիվների արժանացել են նաև Սմբատ Բագրատունի իշխանը, որը 6-րդ դարի վերջերին և 7-րդ դարի սկզբներին Խոսրով Անուշիրվանի մոտ պետական խոշոր պաշտոնյա էր և մեծամեծ քաջություններ ու պետական խոշոր գործչի շնորհքներ էր ցույց տվել, ինչպես և աղվանից նշանավոր իշխան Ջեվանշիրը, որը նույն Խոսրովի ժամանակ Աղվանից աշխարհի կառավարիչն էր:
Խոսրով Անուշիրվանը Սմբատ Բագրատունուն տալիս է ոսկի, թագավորական հանդերձներ, ոսկեզօծ արտախուրակ և զանգապանակ՝ զարդարված ակներով և մարգարիտներով:
Երկրորդ անգամ ևս պատիվներ է շնորհում նրան, որի առթիվ Սեբեոսը գրում է. «… տայ նմա (Սմբատայ) արքայ զտանուտէրութիւնն՝ որ անուանեալ կոչէր Խոսրով Շում, զարդարէ ի չքնաղս, ի գտակ և ի պատմուճան բեհեզեայս ոսկւոյ աւծեալ, մեծացուցանէ ահագին պատուաւք, ի ճամբար ականակապ ի գումարտակ, և ի գահս արծաթիս»: (Սեբէոսի «Պատմութիւն», Երևան, 1939թ., էջ 66):
«…Պատմիչները վկայություններ են պահպանել նաև տեղական գեղարվեստական իրերի և զգեստների վերաբերյալ. Հայ իշխանները հագնում էին կերպասյա ոսկեհուռ հանդերձներ։ Իր կերպասների արտադրությամբ նշանավոր և ոսկու, արծաթի հանքեր ունեցող Հայաստանը, որն իր կերպասները արտահանում էր հարևան երկրները, գեղարվեստական զգեստներ և արդուզարդ արտադրում էր տեղում»…

«… Գահավորակներ (դեսպակ, պատգարակ) և մանավանդ գահերն ու գահույքները Հայկական արքունիքում մեծապես հարգի էին, որքանով բարձր դասի տիկիններին և տիկնանց տիկիններին դեսպակներով փոխադրելը սահմանված էթիկետի մեջ էր մտնում:
Ինչ վերաբերում է գահերին և գահույքներին, ապա նրանց նշանակությունը հայտնի է Հայկական Գահնամակից: Նրանք լինում էին ավելի կամ նվազ բարձր ու շքեղ, ազնիվ մետաղներից պատրաստված և ակնեղենով ընդելուզված, արքայի գահին ավելի մոտ կամ նրանից հեռու՝ ըստ պաշտոնապես սահմանված կարգի և պետության գործակալների ու իշխանների դիրքին ու աստիճանին համապատասխան:
Անգամ պատերազմի երթի մեջ էլ այդ էթիկետը խիստ պահպանվում էր»…

Լուսանկարը՝ Գիյոմ Արալի էջից՝ շնորհակալությամբ:
Տիգրան Մեծի դիմաքանդակով մի բարձրարժեք նմուշ՝ Guillaume Aral-ի անձնական հավաքածուից: