«ՈՐ Է ՓԱՌՔ ԱԶԳԻՍ ՄԵՐՈՅ ԵՒ ԿԵՑՈՒՑԻՉ»…

Հին աշխարհի բնագետներն իրենց զգայարանք էին կրթում տիեզերաց ծածկախորհուրդ գաղտնիքների վերծանման համար, իրենց ականջներն էին սրում «հիւլէական շարժմանց ձայներն իրարից զանազանելու», նրանց նշանակությունը հասկանալու համար… Եվ փառաբանում էին Արեգական ճառագայթի զորությունը, գովերգում Երկրին լույս, լիություն ու բարեկեցություն պարգևողին, բարեբանում նրա ջերմության ազդեցությամբ և Բնության մյուս տարրերի փոխներգործությամբ ծնունդ առած Կյանքը։
Խորախորհուրդ անցյալում իմաստուն Քրմերը խոսում, հաղորդակցվում էին Բնության հետ, նաև «խոսեցնում էին» պերճաշուք Բնությանն ու անհուն Տիեզերքին։
Հին ճշմարտություններն այսօր նորովի են լուսավորում մարդկությանը։
Եվ վաղնջական տոներն ու ծեսերը Հայկեան Միաբանութեան Քրմերի մեկնաբանություններով, վերստին հառնում են իրենց իրական իմաստով՝ յուրաքանչյուրն իր առանձնահատկություններով։
Բնության ներդաշնակ մի մասնիկն է Մարդը:
Ինքնապաշտպանական բնազդով նա հակված է ապահովել իր գոյությունը՝ խուսափելով այն ամենից, ինչը սպառնում է իր կյանքին: Բնականաբար, նա նախընտրում է զարգացնել իր ուժն ու բարեկեցությունը՝ որպես առողջության, լավագույն կենսապայմանների գրավական:
Լինելով բանական էակ՝ անհիշելի ժամանակներից ի վեր Մարդը փորձում է բացատրություններ գտնել իրեն շրջապատող աշխարհում տեղի ունեցող երևույթների մեկնաբանման համար:
Տիեզերքում, Բնության մեջ նյութերի միացման, քայքայման արդյունքում առաջացող փոփոխությունները, Կյանքի ծագումը նա փորձում էր բացատրել բնական, բանական, տրամաբանական հիմնավորումներով:
Տեսնել, ուսումնասիրել, ճանաչել, ըմբռնել երևույթների էությունը և նրանց փոփոխությունների պատճառա-հետևանքային կապը և այդ շղթայում Մարդու տեղն ու դերը՝ որպես առաքինի, արարող, բարիքներ ստեղծող…
Մարդու և Բնության միասնականության, փոխկապակցվածության դրսևորումն են դարավոր ծեսերն ու տոները, որոնք գովերգում են Բնության հավիտենական շրջափուլերը, հետևաբար և Կյանքի հարատևումը։

Նորաբեր, կանաչագեղ, դալարաբույս գարունն ավետում է «նորաբողբոջ բուսովք և ծաղկոք» սքանչելիորեն փթթող Բնության նորագործումը՝ վերստին նորոգումը:
Նորազգեստ՝ նորաբույս, նորափթիթ երկրի «դալարաբեր արմատք, բոյսք, բանջարք» վերընձյուղվում են, սերմերը ծլարձակում, ծաղկում՝ դալարազարդում են և ազդարարում հողի գալիք պտղաբերումը՝ ծաղկումն ու բարգավաճումը:
«Երփնազարդ տունկք կանաչացան կենդանութեամբ»,- հնչում ու սերնդէսերունդ միմյանց են փոխանցվում ուրախ ավետիսները…

Լուսանկարի հեղինակ՝ Arle
Հայկազունիների իմաստնությամբ զորացած մեր Նախնիք՝ «Այրք ծածկամիտ և խորախորհուրդ», Հայկեան արժեհամակարգն իրենց սերունդներին ժառանգելու զանազան միջոցներ են մշակել։
«Իբր գանձք ծածկաթաքոյց» շարունակել են նրանք հավերժացնել «Հայ ազգի և մարդկանց խնամակալ» «Անբիծ և Անարատ Անահիտ Դիցուհուն, որը Հայոց երկրի Փառքն է ու Կենսատուն»՝ բեղմնավորման, սերնդատվության, հողագործության, կենդանիների և բուսականության, Ջրերի հովանավորը, միաժամանակ նաև Ռազմի և Հայոց պետականության հովանավորը։

ԱՆԱՀԻՏԻ տաճարը Պտերիայում
(լուսանկարը՝ Charles Texier -ի, 1882 թ.)
«Մեծն Տիկնոջ»՝ Անահիտ Դիցամոր հովանավորությամբ տոների ժամանակ Անահտական մեծագանձ տաճարների շուրջ խանդավառ տոնախմբություններին մասնակցում էին Քրմերը, թագավորներն իրենց շքախմբերով, Հայոց աշխարհի տարբեր վայրերից դեպի նվիրական պաշտամունքավայրերը ձգվող բազմահազար ուխտավորները…

Հայկեան Միաբանութեան Քրմերի մեկնաբանմամբ՝ Ոսկեմոր՝ Ոսկեծին և Ոսկեհատ Անահիտ Դիցամոր հովանավորությամբ են նշվում՝
- Մայրության տոնը՝ Արեգ ամսվա Անահիտ օրը (ապրիլի 8-ին),
- Մայր Բնության տոնը՝ Ահեկան ամսվա Լուսնակ օրը (մայիսի 13-ին),
- Խաղողօրհնեքը՝ Սահմի ամսվա Աստղիկ օրը (օգոստոսի 24-ին),
- Հացօրհնեքը՝ Սահմի ամսվա Անահիտ օրը (սեպտեմբերի 5-ին):

«ԻԲՐ ԳԱՆՁՔ ԾԱԾԿԱԹԱՔՈՅՑ»՝ այսօր էլ Հայոց ներկայիս ոստանի սրտում՝ քաղաքամայր Երևանում՝ Հայոց պետականության պաշտպանի իր կերպարով հիասքանչ բարձունքից սուրը ձեռքին իր զավակներին է հսկում «ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ»՝ ԱՆԱՀԻՏ ԴԻՑԱՄՈՐ վեհությամբ:

Որպես բերքատվություն, առատ պտղաբերում և բարեկեցություն ապահովող Դիցուհի՝ Հայոց հողի պարգևած բարիքները ձեռքին վսեմ հառնում է նա Հայաստան աշխարհի տարբեր վայրերում՝ ի փառաբանումն և ի հարատևումն Հայկեան սերնդի…

Հ.գ. Հայոց դաշտերի գունագեղ ծաղկանց, Անահիտ Դիցամոր կերպարը խորհրդանշող հիանալի բարձրաքանդակի և Դիլիջանում գտնվող՝ Կ. Նուրիջանյանի քանդակի ընտիր լուսանկարների համար մեծ շնորհակալություն շնորհաշատ հեղինակին՝ Arle-ին:
